• Տերն օգնության է հասնում մեզ հոգևոր ճանաչողության ճանապարհին

    «Հոգևոր ճանաչողության նպատակն է տեսնել այն փրկությունը, որը Տերն իրականացրել է մեր կյանքում»:


    Դեկտեմբերի 21-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը հոգևոր ճանաչողության վերաբերյալ՝ խորհրդածելով այն անհրաժեշտ օգնության մասին, որը կարող է ստանալ ամեն մի քրիստոնյա:

     

    Նորին Սրբությունը, դիմելով Պողոս VI սրահում ուխտավորներին, ընդգծեց, որ հոգևոր խորաթափանցությունը կարող է թվալ դժվարին գործընթաց, սակայն կյանքն ինքնին բարդ է, քանզի այն մեզ միշտ ընտրության առաջ է կանգնեցնում և «եթե մենք գիտակցաբար ընտրություն չենք կատարում, ապա ի վերջո կյանքն ինքն է ընտրում մեր փոխարեն՝ հանգեցնելով անցանկալի արդյունքների»։

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ «ճանաչողությունը միայնակ չի արվում», և որ հավելյալ օգնություն միշտ անհրաժեշտ է ճիշտ որոշումներ կայացնելու համար. ամենից առաջ առաջարկված ընտրությունը պետք է համադրել Աստծո Խոսքի և Եկեղեցու ուսմունքի հետ: Այն օգնում է կողքից տեսնել, թե ինչն է իսկապես հուզում մեզ և առոջնորդում մեր սրտին, օգնում է լսել Աստծո ձայնը և անտեսել այն կպչուն ձայները, որոնք ի վերջո շփոթեցնում են մեզ: Եղիա մարգարեի պատմության մեջ, ով աստվածաշնչյան մի գեղեցիկ կերպար է (տես՝ Գ Թագավորաց 19.11-12), Տերն իրեն բացահայտում է «ոչ թե ուժեղ քամու մեջ, որը փուլ է տալիս ժայռերը,  ոչ թե կրակի կամ երկրաշարժի մեջ, այլ՝ մեղմ օդի ձայնի մեջ»: Նա Ինքն Իրեն չի պարտադրում, Նրա խոսքերը հարգում են լսողին և լցնում խաղաղությամբ, որն անհրաժեշտ է «ճշմարիտ ցանկությունները ճանաչելու համար, որոնք Տերն է դրել մեր սրտերում»: Նույնիսկ ամենակարճ աստվածաշնչյան հատվածները կարծես «Աստծո փոքրիկ հեռագրեր լինեն, որոնք մեր սրտերին են հասնում»։ Հավատացյալի համար Աստծո Խոսքը կենարար ներկայություն է, Սուրբ Հոգու արարք, Որը մխիթարում է և խրատում, պարգևում՝ լույս, զորություն, ապրելու կամք: «Հենց դա իրական դրախտ է», – ընդգծեց Նորին Սրբութոյւնը՝ կոչ անելով քրիստոնյաներին իրենց մոտ միշտ ունենալ գրպանի Ավետարան և կարդալ այն օրական առնվազն մի քանի րոպե:

     

    Հոգևոր ճանաչողության ճանապարհին երկրորդ օգնությունը խորը, նվիրական հարաբերություներն են Տեր Հիսուսի հետ: Երբեմն կարող է լինել «Աստծո մասին խեղաթյուրված պատկերացում՝ որպես խոժոռ և խիստ դատավորի, ով պատրաստ է բռնել մեզ հանցանքի վայրում», սակայն Տեր Հիսուսը, ընդհակառակը, «բացահայտում է Աստծուն՝ լի գթասրտությամբ և քնքշությամբ, պատրաստ զոհաբերել Ինքն Իրեն՝ մեզ հետ հանդիպելու համար, ինչպես որ հայրն է անում անառակ որդու մասին առակում (տես՝ Ղկ. 15,11-32)»: Նա, ով կանգնած է Խաչյալի առջև, «միանգամայն նոր խաղաղություն է զգում, սովորում է Աստծուց չվախենալ, որովհետև Խաչի վրա գտնվող Հիսուսը ոչ մեկին չի վախեցնում, Նա կատարյալ անզորության և միևնույն ժամանակ ամենակատարյալ սիրո կերպար է, Ով մեզ համար ունակ է դիմակայել ցանկացած փորձության»։ Սրբերը միշտ մեծ սիրով են վերաբերվել Խաչյալին, հիշեցրեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Հիսուսի չարչարանքների պատմությունը չարին դիմակայելու հիմնական միջոցն է: Այս պատմության մեջ չկա ոչ դատապարտություն, ոչ էլ կշտամբանք, քանի որ այնտեղ կա Զատկի լույսը, որը հնարավորություն է տալիս սարսափելի գործերի մեջ տեսնել մեծ ծրագիր, որը ոչ մի խոչընդոտ, արգելք կամ ձախողում չի կարող կանխել»:

     

    Հրաշալի է Տիրոջ հետ կյանքը պատկերացնել որպես օրեցօր ամրապնդվող բարեկամություն, որն ընդունակ է փոխել սիրտը, ընդգծեց Նորին Սրբությունը: Աստծո ողորմածությունը թույլ է տալիս հասկանալ Նրա քնքուշ հայրությունն ու սերը, որին ոչինչ չի կարող դիմակայել. «Երբ մենք դա զգում ենք, մեր սիրտը խանդավառվում է, և ցանկացած կասկած, վախ, անարժանության զգացում նահանջում է»:

     

    Ըստ Սրբազան Քահանայապետի՝ սա հիշեցնում է երրորդ մեծ օգնությունը՝ Սուրբ Հոգու պարգևը, որը խրատում է, կենդանացնում է Աստծո ընթերցված Խոսքը, առաջարկում է նոր իմաստներ, բացում է նախկինում փակ դռները, «ցույց է տալիս կյանքի ճանապարհ այնտեղ, որտեղ թվում էր միայն խավար է և շփոթություն»: Սուրբ Հոգին «հոգևոր զատորոշումն է գործողության մեջ», Աստծո ներկայությունը մեր մեջ, դա ամենամեծ պարգևն է, որը Երկնային Հայրը տալիս է նրանց, ովքեր դա խնդրում են (տես՝ Ղկ. 11.13):

     

    Այս փրկության աղերսանքը անզուսպ խնդրանքն է. «Շտապի՛ր, Աստված, փրկե՛լ ինձ։ Շտապի՛ր, Տե՛ր, օգնե՛լ ինձ»,- հիշեցրեց Նորին Սրբությունը: Մենք ջերմեռանդորեն աղաղակում ենք Աստծո օգնությունը, քանի որ միայնակ չենք կարող առաջ գնալ, չենք կարող սիրել և ապրել, փրկության անկասելի աղոթքը «գալիս է մեր էության խորքից» և երկխոսություն է փնտրում Սուրբ Հոգու հետ:

     

    «Հոգևոր ճանաչողության նպատակն է տեսնել այն փրկությունը, որը Տերն իրականացրել է մեր կյանքում». մենք երբեք միայնակ չենք, և եթե պայքարում ենք, ապա միայն այն պատճառով, որ պայքարի արդյունքը շատ կարևոր է: «Աստծո նման օգնությամբ մենք ոչ մի բանից չպետք է վախենանք», – խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց