• Որոշումների ճշտությունը որոշում է ժամանակը

    «Միայն ազատության մեջ կարող ենք սիրել, որովհետև Տերը մեզ ազատ է ստեղծել»:


    Դեկտեմբերի 7-ին՝ Վատիկանում ընդհանուր ունկնդրության ժամանակ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը հոգևոր ճանաչողության վերաբերյալ: Այս անգամ Նորին Սրբությունը հատուկ ուշադրություն դարձրեց այն «փուլին, որը գալիս է որոշումը կայացնելուց հետո», որպեսզի ճիշտ ընկալվեն այդ որոշման ճշտությունը հաստատող կամ հերքող նշանները:

     

    Միայն Աստված է ժամանակի տերը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, իսկ բարի հոգուն բնորոշ հատկանիշներից է երկարատև ներքին խաղաղությունը, որը բերում է ներդաշնակություն, միասնություն, ավյուն, եռանդ.

     

    «Օրինակ, եթե մենք որոշենք լրացուցիչ կես ժամ հատկացնել աղոթքին, և հետո գիտակցենք, որ օրն ավելի լավ է անցնում, ապա մենք խաղաղվում ենք, ավելի քիչ անհանգստանում, ավելի մեծ հոգատարությամբ և եռանդով աշխատում: Նույնիսկ որոշ մարդկանց հետ դժվարին հարաբերություններն ավելի հեշտ են դառնում. այս ամենը կարևոր նշաններ են, որոնք խոսում են կայացրած որոշման ճշտության մասին: Հոգևոր կյանքը շրջանաձև է. լավ ընտրությունը բարենպաստ ազդեցություն է ունենում կյանքի բոլոր ոլորտների վրա, դա մասնակցությունն է Աստծո ստեղծագործությանը»:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց մի քանի կարևոր ասպեկտներ, որոնք օգնում են տեսնել կատարված ընտրության ճշտության հնարավոր հաստատումը։ Նախ, մեր բարի ընտրությունը պետք է լինի ազատ, երախտապարտ պատասխանը Տիրոջը՝ մեր հանդեպ ցուցաբերած սիրո, բարության և առատաձեռնության համար, քանզի ճիշտ որոշումները չեն կարող թելադրվել «վախով, հուզական սպառնալիքով կամ հարկադրանքով»:

     

    Մյուս շատ կարևոր ասպեկտը դա «կյանքում քո սեփական տեղի գիտակցումն է», առավել մեծ ծրագրերում ներդրում ունենալը և դրա մի մասը դառնալու ցանկությունը։ Մարդը միայն այն ժամանակ է հասկանում, որ գտել է այն, ինչ փնտրում էր, երբ կարգուկանոնը մտնում է իր առօրյա կյանք, աճում է հետաքրքրությունների միջև ներդաշնակությունը, հաստատվում է արժեքների ճիշտ հիերարխիա, իսկ նոր էներգիան ու հաստատակամությունն օգնում են հաղթահարել հաջորդ դժվարությունները։

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց որոշման ճշտությունը հաստատող ևս մի նշան. ազատություն կատարված ընտրության հանդեպ, այն կասկածի տակ դնելու և նույնիսկ դրանից հրաժարվելու պատրաստակամություն՝ «հնարավոր հերքումների դեպքում, երբ մենք փորձում ենք նրանց մեջ գտնել Տիրոջ ենթադրյալ ուսմունքը»: Ոչ թե այն պատճառով, որ Տերն ուզում է մեզ զրկել որևէ թանկ բանից, այլ որպեսզի մենք ապրենք բարու մեջ ազատ, առանց կապվածության: Միայն Աստված գիտի, թե իրականում ինչն է լավ մեզ համար, – ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Հարաբերություններում սեփականատիրությունը բարու թշնամին է, սերը սպանողը: Ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքերը, որոնց մասին, ցավոք, հաճախ ենք լսում լուրերով, գրեթե միշտ առաջանում են ուրիշի սիրուն տիրելու պահանջից, բացարձակ կայունության փնտրտուքից, որը ոչնչացնում է ազատությունը և խեղդում կյանքը՝ վերածելով այն դժոխքի»:

     

    Միայն ազատության մեջ կարող ենք սիրել, որովհետև Տերը մեզ այդպիսին է ստեղծել՝ «ազատ ենք նաև նրան մերժումով պատասխանելու»: Մեր շահերից է բխում Նրան առաջարկել մեր ամենաթանկն ու արժեքավորը, որը մեզ հնարավորություն կտա «վերաբերվել դրան լավագույն ձևով և ազատության ոգով, որպես Աստծո պարգև, որպես Նրա անհատույց բարության նշան՝ իմանալով, որ մեր կյանքը, ինչպես ամբողջ պատմությունը, Նրա բարեհաճ ձեռքերում է»: Աստվածաշունչը դա անվանում է Աստծո երկյուղ, այսինքն՝ խոր հարգանք Աստծո հանդեպ, անհրաժեշտ պայման՝ երկնային Իմաստության պարգևն ընդունելու համար, (տես՝ Սիրաք 1,1-18): Այդ վախը դուրս է մղում մնացած բոլոր վախերը, քանի որ այն ուղղված է Նրան, Ով գոյություն ունեցող ամեն ինչի Տերն է: «Նրա ներկայությամբ ոչինչ չի կարող մեզ անհանգստացնել»։ Այս փաստի ընկալումը շատ կարևոր է ճիշտ որոշումներ կայացնելու համար, քանզի այն խաղաղություն է բերում և ապահովում «այն, ինչը մենք չենք կարող վերահսկել կամ կանխատեսել. առողջություն, ապագա, սիրելիներ, մեր ծրագրերը», իր խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը.

     

    «Կարևոր է մեր հույսը դնել Տիեզերքի Տիրոջ վրա, Ով մեզ անսահման սիրում է և գիտի, որ իր հետ միասին մենք կարող ենք կառուցել ինչ-որ հոյակապ և հավերժական բան: Սրբերի կյանքը դա ցույց է տալիս ամենահիասքանչ կերպով»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց