• Ֆաթիմայի Տիրամօր արձանի ուխտի ճանապարհը

    «Ամէն օր Վարդարան աղօթէ՛ք, որպէսզի աշխարհում խաղաղութիւն հաստատուի ու վէրջ դրուի պատերազմին»


    Պատմական համառօտ ակնարկ.

    Ֆաթիմայի Տիրամօր աստուածային պատկերը նախագծուել է յայտնի քանդակագործ Ժոզէ Թեդիմի կողմից 1947 թուականին: Քոյր Լուչիան անձամբ էր հետեւում Տիրամօր պատկերի նախագծման աշխատանքներին: Աւելի ուշ նա խոստովանել է, որ երբեւէ չի տեսել մէկ այլ պատկեր, որն այնքան նման կլիներ Տիրամօր իրական տեսքին:  Տիրամօր արձանը աւելի քան յոթանասուն տարի իր ուխտի ճանապարհն է անցնում ամբողջ աշխարհում, որպէս խաղաղութեան բարեխօս:

     

    Ֆաթիմայի Տիրամօր արձանի ուխտագնացութեան նպատակը եղել եւ մնում է յոյսի, խաղաղութեան եւ փրկութեան շնորհաբաշխ խորհուրդը միլիոնաւոր մարդկանց, ովքեր գուցէ երբէք հնարաւորութիւնը չունենան անձամբ այցելելու Ֆաթիմայի ուխտավայր:

     

    1947 թուականին հոկտեմբերի 13-ին, Ֆաթիմայում հարիւր հազարաւոր ուխտաւորների ներկայութեամբ արձանը օրհնուեց ձեռամբ Ֆաթիմայի եպիսկոպոսի: Դա երկրորդ «երկուորեակ» արձանն էր, որը պատուիրուած էր որպէս Ուխտագնաց Կոյս, որը Ֆաթիմայի օրհնութիւնները կը տանի դէպի Արեւմուտք (ներառեալ Ամերիկա): Մինչդեռ առաջին արձանը, որը շահագործման է յանձնուել 1947 թուականի մայիսի 13-ին, ուղեւորուելու էր Արեւելք:

     

    Ֆաթիմայի Տիրամօր արձանի ուխտաւոր ճանապարհորդութիւնը Կովկասի տարածաշրջան՝ հոգեւոր վերածնունդի մի նոր շունչ էր քրիստոնեայ ժողովրդի համար:

     

    2022 թուականը նշանաւորուեց Հայաստանի եւ Վրաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու պատմութեան մէջ՝ Ֆաթիմայի Տիրամօր արձանի պատմական այցով: Հոկտեմբերի 22-30-ը արձանն իր հերթական ուխտի ճանապարհն անցավ Հայաստանի Հայ Կաթողիկէ բոլոր համայնքներով: Իւրաքանչիւր համայնքում տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ, Հսկում եւ Վարդարանի Ջերմեռանդութիւն նուիրուած Ֆաթիմայի Տիրամօր այցելութեանը ձեռամբ տեղի ժողովրդապետերի: Հաւատաւոր ժողովուրդը մեծ խանդաւառութեամբ եւ ջերմեռանդութեամբ ընդունեց Տիրամօրը՝ միասնական աղօթք բարձրացնելով եւ հայցելով նրա բարեխօսութիւնը աշխարհի եւ մասնաւորապէս Հայաստանի խաղաղութեան եւ ընտանիքների սրբութեան դիտաւորութեամբ: Արձանին ուղեկցում էին Պորտուգալիայից ժամանած լրագրողներ, ովքեր լուսաբանում էին այս պատմական իրադարձութիւնը, ինչպես նաեւ Հայաստանում եւ Վրաստանում Պապական Նուիրակ Արհի. Տէր Ժոզէ Աւելինօ Արքեպս. Բեթթենկուրը, ով իւրաքանչիւր համայնքում ողջունելով ներկաներին՝ փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնութիւնները, ով հետեւում է այս ուխատագնացութեանը, նշելով, որ մենք բոլորս մեր Երկնաւոր Մօր հետ միասին աղօթելու ենք խաղաղութեան եւ իւրաքանչիւրի դիտաւորութեան համար:

     

    Հայաստանում արձանի այցի վերջին հանգրուանը եղաւ Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցին, որտեղ մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ ձեռամբ տեղի ժողովրդապետ Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհն. Մկրտչեանի եւ ներկայութեամբ Հայաստանում եւ Վրաստանում Պապական Նուիրակ Արհի. Տէր Ժոզէ Աւելինօ Արքեպս. Բեթթենկուրի եւ Աշոցքի հիւանդանոցի տնօրէն Գերպ. Հայր Մարիօ Վրդ. Կուկարելլոյի:

     

    Պատարագի աւարտին հաւատացեալների հոծ բազմութեան ուղեկցութեամբ Ֆաթիմայի Տիրամօր արձանը շարունակեց իր ուխտի ճանապարհը դէպի Վրաստանի Հայ Կաթողիկէ համայնքներ եւ այնտէղ է մնալու մինչեւ նոյեմբերի 5-ը, այնուհետեւ ուղեւորուելու է դէպի Պորտուգալիա:

     

    Դիւան Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան

     

     

Օրացույց

Օրացույց