«Հավասարություն կյանքի բոլոր բնագավառներում»
Անձի գաղտնիության իրավունքով պայմանավորված՝ հոդվածում երեխայի անունը փոխված է (պայմանականորեն նրան կանվանենք Արամ): Արամի մասին հոդված պատրաստելիս՝ զրուցել ենք նրա մայրիկի հետ: Հոդվածը Արամի մեծ կամքի ուժի, երբեք չհանձնվող ու կարծրատիպերը կոտրող տեսակի մասին է:
Մենք բոլորս տարբեր ենք. տարբեր ենք բնավորությամբ ու արտաքնապես: Մեզանից մեկն ավելի ուժեղ է, մյուսը՝ խելացի, երրորդը՝ աշխատասեր: Տարբեր են մեր ձգտումներն ու նպատակները… մենք միմյացից այնքա՜ն տարբեր ենք…սակայն, այս տարբերություններով հանդերձ, մենք բոլորս այս մեծ աշխարհի մի մասն ենք՝ ամենքս մեր առանձին դերով ու առաքելությամբ. մենք այստեղ ենք՝ աշխարհն ավելի գեղեցիկ դարձնելու համար:
«Հավասարություն կյանքի բոլոր բնագավառներում». սա այսօրվա հասարակությունում ամենաշատը պրոպագանդվող հասկացություններից մեկն է: Մենք բոլորս ունենք հավասար իրավունքներ, անկախ մեր ունեցած առանձնահատկություններից: Հենց այս հատկանիշների պահպանումն է գիտակից հասարակություն ձևավորելու գլխավոր նախապայմանը:
Յուրաքանչյուրս մեր օրինակով կարող ենք փաստել. հաճելի չէ, երբ դու անտեսված ես, երբ քեզ չեն հասկանում: Հասարակությունում ընդունված ու հասկացված լինելն է՛լ ավելի է բարդանում, երբ դու նման չես մյուսներին: Չէ՜, առաջին հայացքից դու նույնն ես. տեսնում ու լսում ես բոլորի նման, անասելի շատ սիրում ես աշխարհը, բոլորի պես դու էլ ապրել ես ուզում: Բայց նաև «ուրիշ» ես, ավելի ճիշտ, դու «յուրահատուկ» ես: Մոտավորապես հենց այսպիսին է Արամը՝ գեղեցիկ ու յուրահատուկ, պայծառ ու կյանքով լեցուն: Աշխարհում նա միայն բարին է տեսնում. նրան խորթ են չարությունն ու անարդարությունը (այս հարցում, գուցե, նրա բախտը մեզանից ավելի շատ է բերել):
Աուտիզմ ունեցող երեխայի համար հաճախ դժվար է հարմարվել հասարակությունում, բարդ է շփման եզրեր գտնել մյուսների հետ: Բայց վստահորեն կարող եմ փաստել, որ այս հարցում ևս Արամը մյուսներից մեկ քայլ առաջ է կանգնած: Այստեղ, իհարկե, միջավայրը ևս իր անգնահատելի ներդրումն ունի՝ բոլորը նրան ընդունում են բոլորի նման, իր համայնքում նա տարբեր չէ, այնտեղ նա բոլորից մեկն է: Ինչպես նրա մայրն է փաստում, Արամը ճիշտ է տարբերվում է մյուսներից, բայց շրջապատում նա շատ հաճախ այդ տարբերությունը չի էլ նկատում, մարդիկ նրա նկատմամբ հոգատար են. Արամն, ապրելով այդ միջավայրում, հասարակության լիարժեք անդամ է դարձել: Նա սովորում է իր հասակակիցների հետ, մյուսների պես ինքն էլ իր նախասիրություններն ունի, սիրած ու չսիրած առարկաները դպրոցում, նախընտրելի ու ոչ այնքան սիրած բակային խաղերը: Իր համայնքում Արամը սիրված է բոլորի կողմից, անընդհատ նոր բաներ է սովորում, օրեցօր ավելի է կատարելագործվում: Նա Աստծո ստեղծած առեղծվածն է, և ամեն անգամ նրա մեջ նորը բացահայտելով, մարդիկ էլ ավելի լավն են դառնում:
Տպավորություն է, թե նա իր «յուրահատուկ աշխարհը գրկած» անընդհատ փորձում է իր տեղը գտնել այս մեծ աշխարհում… ու անպայման կգտնի, այդ հարցում նրան օգնողները շատ են…
Նիկոլ Մարգարյան
Լրագրող
Սույն հոդվածը գրվել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական, համապատասխան և որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է՝ բարձրացնել հասարակության իրազեկությունը՝ ներառականության վերաբերյալ: