• Սուրբ Հոգու շնորհիվ հավատքը երբեք չի ծերանում

    Կարող է ստեղծվել տպավորություն, որ Ավետարանի և առօրյա կյանքի միջև կա մի անհաղթահարելի անդունդ, քանզի Հիսուս ապրել է երկու հազար տարի առաջ, երբ ժամանակներն ու իրավիճակները լրիվ այլ էին:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Հոգեգալստյան տոնին կարդալով «Երկնային Թագուհի» աղոթքը՝ հիշեցրեց, որ այն քրիստոնեության գլխավոր տոներից է և նվիրված է առաքյալների վրա Սուրբ Հոգու «իջնելու» կրոնական ավանդությանը, որը տոնվում է Զատկից 50 օր հետո:

     

    «Հիսուս դա մի քանի անգամ խոստացավ, – պարզաբանեց Նորին Սրբությունը: –  Այսօրվա ավետարանական ընթերցման մեջ կարդում ենք այդ խոստումներից մեկը, երբ Հիսուս ասում է Իր աշակերտներին. «Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ձեզ ասացի» (Հվհ. 14, 26): Ահա թե ինչ է անում Աստծո Հոգին. Նա սովորեցնում է Քրիստոսի խոսքերը և հիշեցնում դրանց մասին: Եկե՛ք մտածենք այդ երկու գործողությունների մասին. ուսուցանել և հիշեցնել, քանի որ հենց այդպես է Նա ճանապարհ բացում մեր սրտերի համար դեպի Հիսուսի Ավետարանը»:

     

    Ամենից առաջ, Սուրբ Հոգին մեզ սովորեցնում և օգնում է հաղթահարել այն պատնեշը, որն առաջանում է հավատքի փորձառության ճանապարհին, շարունակեց Սրբազան Քահանայապետը. «Կարող է ստեղծվել տպավորություն, որ Ավետարանի և առօրյա կյանքի միջև կա մի անհաղթահարելի անդունդ, քանզի Հիսուս ապրել է երկու հազար տարի առաջ, երբ ժամանակներն ու իրավիճակները լրիվ այլ էին: Այդ իսկ պատճառով Ավետարանը կարող է թվալ հնացած, ոչ պիտանի ներկայիս խնդիրներն ու հոգսերը հաղթահարելու համար: Մեզ նույնպես հուզում է այդ հարցը, թե ի՞նչ կարող է ասել Ավետարանը համացանցի, գլոբալացման այս դարում։ Ինչպե՞ս կարող է Նրա խոսքը ազդել իրավիճակի վրա»:

     

    Սուրբ Հոգին կարող է հաղթահարել այդ պատնեշը՝ Հիսուսի ուսմունքը կապելով յուրաքանչյուր դարաշրջանի և ամեն մի կոնկրետ անձի հետ, քանզի Սուրբ Հոգու զորությամբ Քրիստոսի խոսքերը կենդանանում և արդիական են դառնում նաև մեր օրերում, ընդգծեց Նորին Սրբությունը: Սուրբ Գրքի միջոցով Նա խոսում է մեզ հետ և ուղղորդում, քանի որ Սուրբ Հոգին չի վախենում դարերի փոփոխությունից, ընդհակառակը, Նա հավատացյալներին դարձնում է ուշադիր տվյալ ժամանակի խնդիրների և իրադարձությունների նկատմամբ, քանզի երբ Սուրբ Հոգին սովորեցնում է, Նա նորոգում է հավատքը՝ այն հավիտյան երիտասարդ պահելով: Մինչ մենք հավատքը թանգարանային նմուշի վերածելու վտանգի առաջ ենք կանգնած՝ Սուրբ Հոգու շնորհիվ այն գործում է մեր մեջ, քանզի Աստծո Հոգին Իրեն չի կապում անցնող դարաշրջանների և նորությունների հետ, այլ ներկա է բերում հարություն առած, կենդանի Հիսուսի այժմեականությունը:

     

    Սուրբ Հոգին օգնում է մեզ հիշել և մեր սրտերով վերադառնալ դեպի Ավետարանը, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը: Այդպես եղավ նաև առաքյալների հետ. նրանք շատ էին լսել Հիսուսի խոսքը, սակայն քիչ բան էին հասկացել, նման մի բան էլ մեզ հետ է տեղի ունենում: Աշակերտները Հոգեգալստյան և հետագայում Սուրբ Հոգու շնորհիվ հիշում և հասկանում են:

     

    Նրանք ընկալում են Նրա խոսքերը և Տիրոջ հետ սկսում կենդանի, ուրախ հարաբերություններ: Դա Սուրբ Հոգին է անում, որպեսզի մենք անհատապես ճանաչենք Հիսուսին և փոխենք մեր կյանքը:

     

    Առանց Քրիստոսին հիշեցնող Սուրբ Հոգու՝ հավատքը զրկվում է հիշողությունից, ասաց Նորին Սրբությունը և հորդորեց մտածել. արդյո՞ք մենք հիշողությունից զրկված քրիստոնյաներ չենք, ովքեր մոռանում են Հիսուսի սերը և ամեն անգամ ընկնում կասկածանքների ու վախերի մեջ, երբ ինչ-որ անհաջողություն է պատահում: «Դրա դեղամիջոցը Սուրբ Հոգուն կանչելն է,- եզրափակեց Նորին Սրբությունը,- հատկապես կարևոր պահերին՝ դժվար որոշումներ կայացնելուց առաջ: Եկե՛ք Ավետարանը վերցնենք մեր ձեռքը և կանչենք Աստծո Հոգուն: Կարող ենք այսպես ասել. «Արի՛ Սուրբ Հոգի, հիշեցրու՛ Հիսուսի մասին, լուսավորի՛ր իմ սիրտը»: Ապա բացենք Ավետարանը ու մի հատված կարդանք, և Սուրբ Հոգին կօգնի Նրան խոսել մեր կյանքում»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց