• Տարեցները սովորեցնում են երիտասարդներին արդարություն փնտրել

    Մեր ամբողջ առաջընթացով և բարգավաճմամբ մենք դարձել ենք «հոգնածության հասարակություն»:


    Մայիսի 25-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանաայապետը հիմք ընդունելով «աստվածաշնչյան մարգարիտ»՝ Հին Կտակարանի Ժողովող գիրքը՝ շարունակեց խորհրդածել ծերության մասին:

     

    Առաջին անգամ ընթերցելիս այս կարճ գիրքը շփոթության մեջ է գցում իր հայտնի կրկնատողով՝ «ամեն ինչ ունայնություն է». վազվզուք քամու հետևից, մշուշ ու դատարկություն: Սակայն, ընդգծեց Նորին Սրբությունը, «Ժողովողի մշտական կասկածանքները կյանքի իմաստավոր և անիմաստ լինելու մասին հանդիսանում են կյանքի իմացության հեգնական արտացոլումը, որն արդարության ծարավ է և որի երաշխավորը Աստծո դատաստանն է»։ Գիրքն իր վերջին էջերում ցույց է տալիս փորձության ելքը. «Վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր Նրա պատվիրանները, ահա այս է մարդն ամբողջովին» (Ժող. 12,13):

     

    Դժվարին իրադրությունների ժամանակ մենք նույնպես կասկածում ենք, հիասթափվում և «գրեթե անխուսափելիորեն» դա տեղի է ունենում ծերության ժամանակ: Սակայն, եթե տարեցներն իրենց ողջ կենսափորձով «պահպանում են արդարության հասնելու բուռն ցանկությունը, ապա սիրո և հավատքի հույս կա», ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Ժամանակակից աշխարհի համար այս ճգնաժամը դարձավ որոշիչ, քանի որ «մշակույթը, որը չափում և շահարկում է ամեն ինչ, արդյունքում հանգեցնում է իմաստի, սիրո, բարության հավաքական բարոյալքմանը»՝ զրկելով գործելու ցանկությունից: «Մարդկանց բարոյականությունից ազատագրող գիտելիքը սկզբում ազատության և էներգիայի աղբյուր է թվում, սակայն շուտով վերածվում է կաթվածահար հոգու»։

     

    Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, Ժողովողն իրեն բնորոշ հեգնանքով բացահայտում է այդ ճակատագրական գայթակղությունը՝ «ամենագիտության փսիխոզը», որը ծնում է կամքի անզորություն։ Հին վանականները «ակեդիա» բառով ճշգրիտ սահմանում են տվել այդ հոգեկան հիվանդությանը. դա պարզապես ծուլություն կամ ընկճվածություն չէ, այլ ավելի շուտ «հրաժարում է աշխարհը ճանաչելուց, արդարության հասնելու  նախանձախնդրության և հետագա գործողությունների բացակայություն է»:

     

    Անիմաստության և անզորության կասկածանքը, որն ի հայտ է գալիս  ցանկացած էթիկական պատասխանատվության մերժումից, «անհետևանք չի մնում», ընդգծեց Նորին Սրբությունը. նրանք դուռ են բացում չարի ագրեսիվ ուժերի առաջ։ Խոսքը «մթագնած բանականության ուժի մասին է, որն անպատկառ է դարձել գաղափարախոսության գերառատության պատճառով»։ Մեր ամբողջ առաջընթացով և բարգավաճմամբ մենք դարձել ենք «հոգնածության հասարակություն», որ կոչված ենք հասնելու համընդհանուր բարեկեցության, կառուցելու անսասան աշխարհ, մենք ավելի ու ավելի շատ անողոք պատերազմներ ենք տեսնում անպաշտպանների դեմ: «Գիտությունը զարգանում է, և դա լավ է: Բայց կյանքի իմաստությունը բոլորովին այլ է, և այն կարծես կանգ է առել»:

     

    Վերջապես, «այս անզգա և անպատասխանատու բանականությունը ճշմարտության իմացությունից խլում է իմաստն ու էներգիան»: Պատահական չէ, որ սա սուտ լուրերի, հավաքական սնահավատությունների և կեղծ գիտական ​​ճշմարտությունների դարաշրջան է, – ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Ծերությունը կարող է Ժողովողի հեգնական իմաստությունից սովորել խաբեությունը բացահայտելու արվեստը: Իմաստությամբ և հումորի զգացումով օժտված ծերերը երիտասարդությանը շատ օգուտներ են բերում. փրկում են կյանքի իմաստությունից զուրկ ձանձրալի աշխարհը ճանաչելուց: Ծերերը երիտասարդներին տանում են դեպի Հիսուսի խոստումը. «Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մտթ. 5,6):

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց