• Հավատքի հետևողականությունը մեծ տարիքում զորության նշան է

    «Հավատքը մինչև վերջ արժանի է հարգանքի և պատիվի, քանի որ այն փոխել է մեր կյանքը, մաքրել մեր միտքը, սովորեցրել է երկրպագել Աստծուն և սիրել մեր մերձավորին»:


    2022թ. մայիսի 4-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց տարեցների մասին խորհրդածությունը՝ հատուկ շեշտադրելով նրա կապվածությունը հավատքի բարձր պատիվի և հարգանքի հետ: Ունկնդրության սկզբին Սուրբ Պետրոսի հրապարակում հնչեց մի հատված Մակաբայեցիների Երկրորդ գրքից՝ աստվածաշնչյան Եղիազարի հավատքի սխրանքի մասին, ով ապրել է թագավոր Անտիոքոս Եպիփանի հալածանքների ժամանակ:

     

    Դիմելով ուխտավորներին Նորին Սրբությունն ընդգծեց, որ այս բարեպաշտ դպիրը վկայում է մի յուրահատուկ կապի մասին, որը գոյություն ունի ծերության հավատարմության և անբիծ հավատքի միջև: «Հավատքի պատիվը, – ընդգծեց Սրբազան Քահանայապետը, – պարբերաբար ենթարկվում է գերիշխող մշակույթի ճնշմանը, որը ձգտում է նսեմացնել հավատքը՝ այն դիտարկելով որպես հնագիտական ​​գտածո, հնագույն սնահավատություն, ժամանակավրեպ համառություն»:

     

    Աստվածաշնչյան դրվագը պատմում է, թե ինչպես են թագավորի հրամանով հրեաներին ստիպել հրաժարվել իրենց հավատքից. անցումը հեթանոսության նշանավորվել է կուռքերին զոհաբերված միսն ուտելով։ Երբ հերթը հասավ հարգված երեց Եղիազարին, թագավորական պաշտոնյաները բարեկամությունից դրդված նրան խորհուրդ տվեցին ձևացնել, թե իբրև ինքն ուտում է այդ միսը և նման «փոքր, աննշան ժեստով» փրկել իր կյանքը:

     

    Եղիազարի վստահ ու հանգիստ պատասխանը, ընդգծեց Նորին Սրբությունը, հիմնված է մի ապշեցուցիչ փաստարկի վրա. «Հավատքի անարգումը ծերության ժամանակ, հանուն մի քանի օրվա, չի կարող համեմատվել այն ժառանգության հետ, որը նա թողնելու է երիտասարդ սերունդներին»: Իր երկար կյաքնի տարիներին Եղիազարն ապրել է հավատքով, և այժմ, իր վերջի օրերի մայրամուտին, նա նույնիսկ չի էլ ձևացնում, թե հրաժարվում է հավատքից, քանզի հակառակ դեպքում նա կդատապարտեր նոր սերունդներին մտածել, որ իր ողջ հավատքը կեղծիք է եղել, թեթև փաթաթան, որը կարելի է դեն նետել՝ մտածելով այն պահել ներսում: Ըստ Եղիազարի՝ նման ժեստը «հարգանք չի բերում հավատքին՝ նույնիսկ Աստծո առաջ», և որը կործանարար հետևանք կունենա երիտասարդության հոգևոր կյանքի համար, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Այստեղ հենց ծերությունն է հանդես գալիս որպես վճռական և անփոխարինելի վկայություն: Անզոր ծերունին, ով կընդուներ հավատքի հետևողականության անկարևորությունը, կստիպեր երիտասարդներին հավատալ, որ հավատքը ոչ մի կապ չունի կյանքի հետ: Հավատքն հենց ակունքից նրանց կթվար որպես վարքագծի մի ձև, որն անհրաժեշտության դեպքում հնարավոր է կեղծել կամ թաքցնել, քանի որ դրանցից ոչ մեկը կենսական նշանակություն չունի»:

     

    Նորին Սրբությունը հիշեցրեց մի հնագույն գնոստիկական հերետիկոսության մասին, ըստ որի հավատքը վերաբերում է հոգևորությանը, ոչ թե հետևողականությանը՝ այսինքն մտքի ուժին, այլ ոչ թե կենսակերպին: Ըստ գնոստիկների՝ հավատարմությունը և հավատքի հանդեպ հարգանքը կապ չունեն վարքի և խորհրդանշական ժեստերի հետ։ Նման հեռանկարի գայթակղությունը դեռ զորեղ է, քանի որ այն յուրովի է մեկնաբանում անհերքելի ճշմարտությունը. հավատքը երբեք չի կարող համեմատվել «սննդի ռեժիմի» կամ սոցիալական պրակտիկայի հետ: «Դժբախտությունն այն է, որ այս ճշմարտության գնոստիկական արմատականացումը ժխտում է քրիստոնեական հավատքի իրատեսությունը, որը միշտ պետք է մարմնավորվի և ունենա Աստծո կոնկրետ նշանները համայնքի կյանքում»:

     

    Մեր հասարակական և մշակույթային գաղափարական շատ ուղղվածություններում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, «հավատքի հետևողականությունը ցուցադրվում է բացասաբար, երբեմն մշակութային հեգնանքի տեսքով»: Հավատքի հետևողականությունը դիտարկվում է որպես անօգուտ և նույնիսկ վնասակար գործոն, որպես հնագույն մասունք, որպես քողարկված սնահավատություն. այլ կերպ ասած՝ «ինչ-որ բան է ծերերի համար», և «այն ճնշումը, որն այս անհիմն քննադատությունը գործադրում է երիտասարդ սերունդների վրա, շատ ուժեղ է»։ Հայտնի է, որ հավատքի հետևողականությունը կարող է դառնալ անհոգի ցուցափեղկ, սակայն ինքնին ամենևին էլ անհոգի չէ։ «Հնարավոր է, որ հենց մենք՝ ծերերս, – ընդգծեց Նորին Սրբությունը, – պետք է հավատքին վերադարձնենք իր պատիվը: Հավատքի հետևողականությունը մեր թուլության խորհրդանիշը չէ, այլ ավելի շուտ մեր զորեղության նշանն է: Մենք արդեն վաղուց երիտասարդ չենք և կատակում չէինք անում, երբ ընտրում էինք Տիրոջ ճանապարհը»։

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց.

     

    «Հավատքը մինչև վերջ արժանի է հարգանքի և պատիվի, քանի որ այն փոխել է մեր կյանքը, մաքրել մեր միտքը, սովորեցրել է երկրպագել Աստծուն և սիրել մեր մերձավորին: Հավատքը օրհնություն է բոլորի համար՝ ամբողջական հավատքը, ոչ թե դրա մի մասը: Մենք հավատքը չենք փոխի մի բուռ խաղաղ օրերի հետ: <…> Ամենայն խոնարհությամբ և հաստատակամությամբ հենց ծերության ժամանակ ցույց կտանք, որ հավատքը «ինչ-որ բան չէ տարեցների համար»: Ո՛չ: Այն կյանքի համար է: Մենք պետք է հավատանք Սուրբ Հոգուն, որ ստեղծում է նորանոր բաներ և ուրախությամբ կօգնի մեզ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց