• Հավատքը ոչ թե գիտելիքի, այլ սիրո հարց է

    «Հոգնածության, հիասթափության, գուցե նաև ծուլության պատճառով մեզ սպառնում է Տիրոջ մասին մոռանալու վտանգը»:


    2022թ. մայիսի 1-ին խորհրդածելով օրվա ավետարանական ընթերցման շուրջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց Հարուցյալ Հիսուսի երրորդ հայտնությունը առաքյալներին, ապա կարդաց «Հրեշտակ Տեառն» աղոթքը:

     

    Այդ հանդիպումը տեղի է ունենում Տիբերիայի ծովեզերքի մոտ (Հվհ. 21,1-19), որտեղ ներկաների շարքում հատուկ տեղ է զբաղեցնում Սիմոն Պետրոսը: Ամեն ինչ սկսվում է այն ժամանակ, երբ առաքյալն  ասում է մյուս աշակերտներին. «Գնում եմ ձուկ որսալու», պարզաբանեց Նորին Սրբությունը: Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա ձկնորս Պետրոսի խոսքերում, սակայն, հանդիպելով և հետևելով Հիսուսին, նա հենց այս լճի ափին թողեց իր այդ զբաղմունքը: Եվ ահա, Հուրցյալին սպասելիս, միգուցե մի փոքր հիասթափված, Պետրոսն առաջարկում է մյուսներին վերադառնալ նախկին կյանքին, և բոլորը համաձայնվում են նրա հետ: Սակայն այդ գիշեր նրանք «ոչինչ չեն որսում»:

     

    Նման բան կարող է նաև մեզ հետ պատահել, շարունակեց Սրբազան Քահանայապետը. «Հոգնածության, հիասթափության, գուցե նաև ծուլության պատճառով մեզ սպառնում է Տիրոջ մասին մոռանալու վտանգը՝ անտեսելով այն կարևոր որոշումները, որոնք մենք ինքներս ենք կայացրել և բավարարվել մեկ այլ բանով»: Օրինակ, ընտանիքի անդամների հետ շփվելու փոխարեն մենք նախընտրում ենք մեր անձնական նախասիրությունները, մոռանում ենք աղոթքի, ողորմության գործերի մասին՝ անելով այն, ինչն այդ պահին ավելի կարևոր է թվում մեզ: Սակայն, այդպես վարվելով մենք ի վերջո հիասթափվում ենք. հենց նման վրդովմունք զգաց Պետրոսը, երբ ջրից դուրս բերեց դատարկ ցանցերը: Այս ճանապարհը հետ է տանում և բավարարվածություն չի պատճառում, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Այդ ժամանակ Հիսուս վերադառնում է լճի ափ, որտեղ Նա ընտրել էր  Պետրոսին, Անդրեասին, Հակոբոսին և Հովհաննեսին, շարունակեց Սրբազան Քահանայապետը: Տերը չի հանդիմանում աշակերտներին, այլ քնքշանքով դիմում է նրանց. «Տղաներ» (տես՝ Հվհ. 5): Նա ասում է նրանց, ինչպես նախկինում, ուռկանը գցել ջուրը, և նրանք հազիվ են կարողանում դուրս քաշել ձկների այդ բազմությունը.

     

    «Եղբայրնե՜ր, քույրե՜ր, երբ մենք դուրս ենք բերում դատարկ ցանցերը, ապա ինքներս մեզ խղճալու և հին սովորություններին վերադառնալու ժամանակը չէ: Այլ Հիսուսի հետ կրկին ճանապարհ ընկնելու, ամեն ինչ նորից քաջաբար սկսելու և Նրա հետ դեպի խորքերը նավարկելու ժամանակն է: Կրկին ճանապարհ ընկնել, նորից սկսել, լողալ դեպի խորքերը. հենց դա մենք պետք է անենք՝ հիասթափվելիս կամ կյանքի իմաստը կորցնելիս: Հիսուս սպասում է մեզ, Նա մտածում է միայն ձեր, իմ և մեզանից յուրաքանչյուրի մասին»:

     

    Պետրոսին հենց այս «սթափեցումն» էր պետք: Լսելով, թե ինչպես է Հովհաննեսն աղաղակում. «Տերն է» (տես՝ Հվհ. 7), առաքյալն անմիջապես նետվում է ջուրը և լողում դեպի Հիսուսը: «Դա սիրո ժեստ էր, – պարզաբանեց Նորին Սրբությունը, – քանի որ սերը դուրս է գալիս օգտակարի, հարմարավետի և պատշաճի սահմաններից, այն առաջացնում է զարմանք և ներշնչում նոր բան ստեղծագործել: Մինչ Հովհաննեսը՝ բոլորից փոքրը, ճանաչում է Տիրոջը, Պետրոսը՝ բոլորից մեծը, շտապում է Նրա մոտ: Այս ընկղմումն արտացոլում է Սիմոն Պետրոսի ողջ խանդավառությունը, որը նա վերստին գտավ»: «Սիրելի՜ եղբայրներ և քույրեր, այսօր մենք կանչված ենք մի նոր խոյանքի. խորասուզվել բարության մեջ և չվախենալ ինչ-որ բան կորցնելուց, քանզի մենք չենք կարող սպասել մինչև ուրիշները կսկսեն, – ասաց Սրբազան Քահանայապետը: – Հիսուսին ընդառաջ գնալու համար մենք պետք է դուրս գանք մեր սովորությունների և հետաքրքրությունների շրջանակներից: Եկե՛ք ինքներս մեզ հարց տանք. արդյո՞ք մենք ընդունակ ենք առատաձեռնության ինչ-որ պոռթկումի, թե՞ զսպում ենք մեր սրտի ցանկությունները՝ կառչելով մեր սովորություններից և վախերից: Նետվել ջուրը. ահա օրվա խոսքը Հիսուսից»:

     

    Այնուհետև Հիսուս երեք անգամ հարցնում է Պետրոսին. «Սիրու՞մ ես ինձ» (տես՝ Հվհ. 21,15-16): Հարուցյալ Տերն այսօր մեզանից յուրաքանչյուրին տալիս է այս հարցը. «Սիրու՞մ ես ինձ»: Հիսուս ցանկանում է, որ այս զատկական պայծառ օրերին վերածնվեն նաև մեր սրտերը, քանի որ հավատքը ոչ թե գիտելիքի, այլ սիրո հարց է, ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «‘Սիրու՞մ ես ինձ’ – Հիսուս հարցնում է նրանց, ովքեր ունեն դատարկ ցանցեր և վախենում են ամեն ինչ նորից սկսելուց, ովքեր ջուրը նետվելու քաջություն չունեն և կորցրել են իրենց վճռականությունը: ‘Սիրու՞մ ես ինձ’ –հարցնում է Հիսուսը: Այդ պահից Պետրոսն ընդմիշտ թողեց ձկնորսությունը և իր ողջ կյանքի ընթացքում ծառայեց Աստծուն և իր եղբայրներին, ընդհուպ մինչև այն աստիճան, որ իր կյանքը տվեց այնտեղ, որտեղ մենք հիմա ենք: Արդյո՞ք ուզում ենք սիրել Հիսուսին»:

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը, ով պատրաստակամորեն պատասխանեց Տիրոջը համաձայնությամբ, օգնի մեզ վերագտնելու բարիք գործելու մղումը», – խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց