• Պատերազմի խելագարության մեջ դարձյալ Քրիստոս խաչվում է

    Աստված կարող է ներել ցանկացած մեղք, հաղթահարել ցանկացած հեռավորություն և ցանկացած վիշտ վերածել ուրախության:


    Բռնություն գործելով և անհեթեթ դաժանություն դրսևորելով՝ մարդն այլևս չի ցանկանում որևէ բան իմանալ Աստծո՝ իր Հոր և այլ մարդկանց՝ իր եղբայրների մասին: Մենք դա տեսնում ենք պատերազմի խելագարության մեջ, որտեղ դարձյալ Քրիստոս խաչվում է, ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Ծաղկազարդի կիրակիի օրը:

     

    Համավարակից երկու տարի անց Նորին Սրբությունը կրկին Պատարագ մատուցեց Սուրբ Պետրոսի հրապարակում։ Ծաղկազարդի կիրակիի օրը հազարավոր հավատացյալներ ամբողջ աշխարհից հավաքվել էին Վատիկանի բազիլիկայի առաջ՝ ձիթենու ճյուղերով զարդարված:

     

    Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Ղուկասի Ավետարանում նկարագրված Հիսուսի չարչարանքների մասին (Ղկ. 22,14-23.56): Գողգոթայում «բախվեցին երկու տարբեր մտածելակերպ». Ավետարանում խաչված Հիսուսի խոսքերը ներման մասին կտրուկ հակադրվում են Նրան խաչողների խոսքերին. նրանք բոլորը տարբեր ձևերով նույն բանն էին կրկնում Քրիստոսին. «Փրկի՛ր Ինքդ Քեզ»: Ի պատասխան այս ծաղրանքների՝ Հիսուս չի պաշտպանվում և Ինքն Իրեն չի արդարացնում. Նա աղոթում է Հորը Իր դահիճների համար և ողորմություն շնորհում խելամիտ ավազակին: Իր չարչարանքների «ամենաուժեղ ֆիզիկական ցավի ժամանակ» Նա ասում է. «Հա՛յր, ների՛ր դրանց» (տես՝ Ղկ. 23,34): Աստված նույն կերպ է վարվում մեզ հետ, պարզաբանեց Նորին Սրբությունը. «Երբ մենք մեր արարքներով վիրավորում ենք Նրան, Աստված տառապում է, սակայն Նա միայն մեկ ցանկություն ունի՝ ներել մեզ»: Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին մտահայել Հիսուսին Խաչի վրա և շնորհակալություն հայտնել Նրան սիրո համար, չէ որ «մենք երբեք չենք տեսել ավելի քնքուշ ու կարեկցող հայացք» և առավել քնքուշ գրկախառնություն, քանզի այնտեղ, «խաչված լինելով՝ ամենածանր պահին, Հիսուս կատարում է Իր ամենադժվար պատվիրանը. սեր թշնամիների հանդեպ»:

     

    Սակայն մենք հաճախ մեզ այլ կերպ ենք պահում, շարունակեց Նորին Սրբությունը. շատ ենք մտածում նրանց մասին, ովքեր վիրավորել կամ հիասթափեցրել են մեզ, ովքեր զայրացրել են կամ չեն հասկացել մեզ: Մենք խորասուզվում ենք այդ վիրավորանքների մեջ և ամոքում մարդկանց, կյանքի, պատմության հասցրած վերքերը։ Այսօր, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, Հիսուս մեզ սովորեցնում է չմնալ այդ վիճակի մեջ, այլ գործել՝ արատավոր շրջանակի չարիքն ու վիշտը կոտրելու համար. կյանքի մեխերին սիրով պատասխանել, իսկ ատելության հարվածներին՝ ներողամտությամբ։

     

    Հիսուսին պատկանելու մեր նշանն այն է, թե ինչպես ենք մենք վարվում նրանց հետ, ովքեր վիրավորել են մեզ, շարունակեց Նորին Սրբությունը. «Տերը խնդրում է մեզ չպատասխանել այնպես, ինչպես մենք ենք ուզում կամ վարվել այնպես, ինչպես ուրիշները, այլ անել այնպես, ինչպես Նա է անում մեզ, Ով աշխարհ եկավ մեղքերի թողություն բերելու համար: Աստված կարեկցող և ողորմած է բոլորի հանդեպ, քանզի Նա յուրաքանչյուր մարդու մեջ տեսնում է որդի կամ դուստր: Նա մեզ չի բաժանում լավերի ու վատերի, ընկերների ու թշնամիների։ Մենք ենք դա անում՝ ստիպելով Նրան տառապել: Մենք բոլորս Նրա սիրելի երեխաներն ենք, Նա ցանկանում է գրկել և ներել մեզ», – ասաց Ֆրանցիսկոս Պապը՝ ընդգծելով. Աստծուց պետք է անդադար ներում խնդրել, ընդունել Նրան և վկայել Նրա մասին։ Մեզանից յուրաքանչյուրին տրվել է սիրված լինելու, ներվելու արտոնություն:

    «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում». Այս խոսքերը շուրթերին և սրտում՝ Հիսուս ժամերով մնաց Խաչի վրա, շարունակեց Նորին Սրբությունը. «Աստված չի հոգնում ներել: Մենք դա պետք է հասկանանք ոչ միայն մտքով, այլ՝ նաև սրտով. Աստված չի հոգնում ներել, այլ մենք ենք հոգնում Նրանից ներողություն խնդրել, իսկ Նա երբեք չի հոգնում ներել»:

     

    «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում». Հիսուս ոչ միայն խնդրում է ներել, այլ նաև ասում է ինչու. ներիր, որովհետև չգիտեն, թե ինչ են անում: Նրանք, ովքեր խաչել էին Քրիստոսին, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, նախապատրաստել էին Նրա սպանությունը, կազմակերպել Նրա ձերբակալությունն ու դատավարությունը, այժմ կանգնած են Գողգոթայում, որպեսզի ականատես լինեն Նրա մահվանը։ Սակայն Հիսուս արդարացնում է այդ դաժան մարդկանց՝ ասելով, որ «չգիտեն, թե ինչ են անում»: Հենց այդպես է Հիսուս մեզ հետ վարվում. Նա դառնում է մեր պաշտպանը: Նա մեր դեմ չէ, այլ՝ մեր մեղքի:

     

    «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում». շատերն են լսում Հիսուսի այս խոսքերը, սակայն միայն մեկ մարդ է արձագանքում Հիսուսի այս կոչին. թողնել անցյալը և սկսել նորից: Այդ մարդը Հիսուսի կողքին խաչված չարագործն է, Նորին Սրբությունը հիշեցրեց. «Խելամիտ չարագործն ընդունեց Աստծուն, երբ նրա կյանքն ավարտվում էր, և այդպիսով նրա կյանքը նորից սկսվեց: Այս աշխարհի դժոխքում նա տեսավ բացվող դրախտը. ‘Այսօր Ինձ հետ դրախտում կլինես’»: Սա Աստծո ներման հրաշքն է, որը «մահապատժի դատապարտված մարդու վերջին խնդրանքը վերածեց պատմության մեջ առաջին սրբադասմանը»:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին վստահ լինել, որ «Աստված կարող է ներել ցանկացած մեղք, հաղթահարել ցանկացած հեռավորություն և ցանկացած վիշտ վերածել ուրախության». Աստծո հետ մենք միշտ կարող ենք կյանք վերադառնալ: «Նայելով մեր դաժան ու տանջված աշխարհին, – ասաց Ֆրանցիսկոս Պապը, – Հիսուսը չի հոգնում կրկնել. ‘Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում’»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց