• Երուսաղեմը սկսվում է մեր սրտերից. Ծաղկազարդի տոնը Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցում

    «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն բարձունքներում» (Մատթ. 21, 9):


    Ծաղկազարդը Հայ Եկեղեցու ծիսակարգի ամենակարևոր տոներից մեկն է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այսօր՝ հասնելով Ծաղկազարդի Կիրակիին, բոլորեցինք Մեծ Պահոց քառասնորդաց շրջանը և մուտք գործեցինք Ավագ շաբաթ, որ հիշատակությունն է մեր Աստվածորդու երկրային կյանքի վերջին օրերի, երբ Նա մատնվեց, չարչարվեց, խաչվեց և հարություն առավ: Հանգրվաններ, որոնք մեզ բոլորիս առաջնորդում են դեպի Քրիստոսի Հրաշափառ Հարություն:

     

    10 ապրիլի, 2022 թվական. Ծաղկազարդ: Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Գերպ. Հայր Պերճ Վրդ. Սաբեհի, համապատարագությամբ՝ Տեր Գրիգոր Ավագ Քհն. Մկրտչյանի, ներկայությամբ՝ Հայաստանում և Վրաստանում Պապական Նվիրակ Արհ. Տեր Ժոզե Ավելինո Արքեպս. Բեթանկուրի: Սուրբ Պատարագին ներկա էին Կարիտաս-Արեգակ բարեգործական հիմնադրամի «Էմիլի Արեգակ» կենտրոնի բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաները և երիտասարդները, «Հայկական Կարիտասի» ցերեկային հոգածության կենտրոնի տարեցները, ինչպես նաև հավատացյալների հոծ բազմություն:

     

    Ավետարանական ընթերցվածից հետո՝ մինչ քարոզը սկսելը, Գերպ. Հայր Պերճ Վրդ. Սաբեհը իր խորին երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգոր Ավագ Քհն. Մկրտչյանին՝ հրավերի և Ծաղկազարդի տոնը միասին նշելու այս հնարավորությունն ընձեռելու համար: Անդրադառնալով օրվա խորհրդին՝ վարդապետն իր խոսքը կառուցեց մեր սրտերի Երուսաղեմի գաղափարի շուրջ.

     

    «Հույժ սիրելի՛ եղբայներ և քույրեր,

    Ուրախ եմ, որ այսօր միասնաբար պիտի հիշատակենք մեր Տիրոջ մուտքը Երուսաղեմ, որտեղ ժողովրդի բազմությունը աղաղակներով ողջունում էր Նրան՝ ասելով. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն բարձունքներում» (Մատթ. 21, 9)»:

    Վարդապետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հիսուս Երուսաղեմ մուտք գործեց ոչ թե ձիով, զենքով ու զորքով, ինչպես երկրային թագավորները, այլ՝ ավանակի վրա նստած՝ խոնարհ և հեզ: Սա առանձնահատուկ մի պատգամ է, որով Տերը համայն աշխարհին ցույց տվեց, որ Նա թագավոր է, բայց տարբերվում է երկրային թագավորներից:

     

    «Սիրելինե՛րս, երկրային թագավորներն իրենց զինվորներին են ուղարկում՝ պատերազմելու և հանուն թագավորի ու թագավորության մեռնելու, իսկ այս Թագավորը եկել է մեզ համար մեռնելու: Մինչ երկրային թագավորները ժողովրդի մարմինը և արյունն են պահանջում՝ երկնային Թագավորը իր արյունը և մարմինն է տալիս, որպեսզի մենք կյանք ունենանք: Այսօր այս Թագավորը մեզանից յուրաքանչյուրին հրավիրում է, որպեսզի ընկերանանք Նրան և միասին մտնենք Երուսաղեմ: Տերը մեզ չի խաբում, նա մեզ հարցնում է, ուզո՞ւմ եք ինձ հետ Երուսաղեմ մտնել: Սակայն, պետք է լավ իմանաք, որ Երուսաղեմի մեջ պիտի լինեն մարդիկ, ովքեր իրենց հագուստները կփռեն ձեր ճանապարհին, որպեսզի անցնեք, պիտի լինեն նաև մարդիկ, ովքեր պատրաստ են վիճակ նետելու՝ ձեր հագուստի համար: Երուսաղեմի մեջ պիտի գտնեք մարդիկ, ովքեր ձեր ուսերին պիտի դնեն խաչը, և մարդիկ, ովքեր պատրաստ են ձեզ հետ միասին այդ խաչը տանելու: Երուսաղեմի մեջ պիտի գտնեք մարդիկ, ովքեր պատրաստ են ձեզ չարչարելու, ձաղկելու, ձեր մարմինը հոշոտելու, բայց պիտի գտնեք մարդիկ, ովքեր պատրաստ են ձեր մարմինը անուշ յուղով օծելու: Երուսաղեմի մեջ պիտի գտնեք մարդիկ, ովքեր պատրաստ են ձեզ խաչը հանելու և սպանելու, բայց  լինելու են նաև մարդիկ, ովքեր պատրաստ են ձեր դիակը մասունքի պես առնելու և այն զետեղելու նոր գերեզմանի մեջ: Մեկ խոսքով, սիրելինե՛րս, Երուսաղեմը պատերազմի դաշտ է, որտեղ խավարը պատերազմում է լույսի դեմ, որտեղ խավարն ամեն օր փորձում է լույսը թաղել և, որտեղ ամեն օր լույսը փորձում է հարություն առնել: Սիրելինե՛րս, Տերը ուզում է, որ մենք մտնենք Երուսաղեմ, բայց որտե՞ղ է գտնվում այս Երուսաղեմը: Այս Երուսաղեմը իմ և քո սիրտն է, սիրելի՛ եղբայր: Այո՛, իմ սիրտը, ուր երբեմն զգում եմ, որ լույս եմ, երբեմն՝ խավար: Իմ սիրտը, ուր երբեմն զգում եմ, որ սուրբ եմ, և երբեմն՝ մեղավոր: Այս Երուսաղեմը իմ և քո տունն է, սիրելի՛ քույր և եղբայր, ուր կարող ենք գտնել քայքայված, ընկճված և տխուր ընտանիքներ, ուր եսասիրությունը հալածում է ճշմարիտ սերը, և, անտարբերությունը հալածում է պարտաճանաչությանը: Այս Երուսաղեմը մեր աշխարհն է, որ ավազակները, լումայափոխները և վաճառականները վերածեցին ավազակների որջի, մեր աշխարհն է, ուր որ կեղծավորությունն ամեն օր փորձում է խաչել ճշմարտությունը և ճշմարիտը: Մեր Երուսաղեմը հեռու որևէ տեղ չէ, այն մեր սիրտն է, մեր տունն է ու մեր աշխարհը: Եվ, այսօր Տերը մեզ հրավիրում է վերադառնալ դեպի մեր Երուսաղեմ, դեպի մեր սիրտ: Եվ, եթե ես չմաքրեմ իմ սիրտը Տիրոջ խոսքով, ապա, ո՞վ պետք է փրկի իմ հոգին: Եվ, եթե մենք բոլորս չվերադառնանք մեր սիրելի հայրենիքին և մեր ընտանիքներին, չտանք մեր մարմինն ու արյունը, ապա, ինչպե՞ս պետք է սրբացնենք մեր ընտանիքները, եթե մենք չմեռնենք, ապա, ինչպե՞ս պետք է հարություն տանք մեր հայրենիքին:

    Ծաղկազարդը միայն ուրախ տոն չէ, այն նաև կյանքի և մահվան հրավեր է: Սակայն, մի՛ վախեցեք սիրելիներս, քանզի Տերը մեզ սիրում է, Տերը մեզ հետ է: Տերը առանձին մտավ Երուսաղեմ, առանձին չարչարվեց և առանձին մեռավ, սակայն Հարություն առավ բոլորիս համար: Եվ ահա, այսօր Տերը մեզ հետ է, ուստի այսօր բոլորս միասին պիտի աղաղակենք ու ասենք. «Օվսաննա՜ Դավթի Որդուն, որ մեզ պիտի առաջնորդի մեր Երուսաղեմի մեջ, Օվսաննա՜ Դավթի Որդուն, որ Հարություն առավ և ամեն օր հարություն է տալիս մեզանից յուրաքանչյուրին: Ամեն»:

    Պատարագի ավարտին՝ Հայաստանում և Վրաստանում Պապական Նվիրակ Արհ. Տեր Ժոզե Ավելինո Արքեպս. Բեթանկուրն իր ողջույնի խոսքը և Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի օրհնությունը փոխանցեց ներկաներին.

     

    «Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

    Այսօր Սրբազան Քահանայապետի Նվիրակն այստեղ է՝ ձեզ հետ միասին նշելու այս առանձնահատուկ օրը՝ Ծաղկազարդի կիրակին: Նա այսօր այստեղ է հաղորդելու Սրբազան Քահանայապետի ողջույնները և մոտիկությունը բոլոր հավատացյալներին և ձեր միջոցով նաև բոլոր նրանց, ովքեր այս տոնակատարությանը ներկա չեն կարողացել գտնվել: Ավագ շաբաթը շատ կարևոր շաբաթ է հավատացյալների համար: Ինչպես Հայր Պերճը մեզ հիշեցրեց իր քարոզի ընթացքում՝ Երուսաղեմը սկսվում է մեր սրտերից: Աշխարհի այս Երուսաղեմը առանձնակի դժվարությունների ժամանակաշրջան է և, մենք աղոթում ենք Հայաստանում խաղաղության համար, աղոթում ենք աշխարհի խաղաղության համար, աղոթում ենք միմյանց համար, քանի որ մենք բոլորս մեկ ընտանիք ենք և մենք բոլորս շատ մոտ ենք ձեզ: Այս շաբաթվա ընթացքում ես պատրաստվում եմ այցելել հայ կաթողիկէ տարբեր համայնքներ՝ հաղորդելու Սրբազան Քահանայապետի օրհնությունը, միասնաբար աղոթելու և խնդրելու, որպեսզի այս սուրբ շաբաթվա ընթացքում էլ ավելի ջերմեռանդ լինեք ձեր աղոթքների մեջ: Շնորհակալություն ջերմ ընդունելության և ուշադրության համար»:

     

    Այնուհետև կատարվեց ձիթենու և ուռենու ոստերի օրհնության կարգ, ապա, ոստերը բաժանվեցին ժողովրդին: Այսպիսով, ևս մեկ անգամ հիշատակվեց Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ և, թե ինչպես էր ժողովուրդը դիմավորում նրան:

     

    Ապրե՛նք ապաշխարությամբ, Տիրոջ ներումով մաքրագործենք մեր հոգիները և քայլե՛նք դեպի Զատիկ, դեպի լույսի և հավիտենական կյանքի աղբյուր, դեպի Քրիստոս:

     

     

    Դիվան Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդության

     

Օրացույց

Օրացույց