• Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարությու՛ն արեք

    Մյուս այտը մոտեցնելը պարտվածի նահանջը չէ, այլ ներքին զորություն ունեցող մեկի գործողությունն է: Մյուս այտը մոտեցնել նշանակում է չարին բարով հաղթել, ճեղքել թշնամու սիրտը՝ ցույց տալով նրա ատելության ողջ անհեթեթությունը։


     

     

    Որքա՜ն ցավալի է, երբ իրենց քրիստոնյա լինելով հպարտացող մարդիկ և ժողովուրդները ուրիշների մեջ թշնամիներ են տեսնում և մտածում միմյանց դեմ պատերազմ սկսելու մասին, ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:

     

    Օրվա ավետարանական ընթերցման մեջ Հիսուս աշակերտներին մի քանի կարևոր ուղեցույցներ է տալիս, հիշեցրեց Նորին Սրբությունը. «Տերը նկատի ունի ամենադժվար իրավիճակները, որոնք փորձություն են մեզ համար, երբ մենք բախվում ենք մեր նկատմամբ թշնամաբար և ոչ բարյացակամ տրամադրված մարդկանց, ովքեր անընդհատ ցանկանում են մեզ վնասել: Նման դեպքերում Հիսուսի աշակերտը չպետք է տրվի բնազդին և ատելությանը, այլ պետք է առաջ ընթանա՝ հաղթահարելով բնազդի պոռթկումները, զսպելով ատելությունը»: Հիսուս ասում է. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարությու՛ն արեք» (Ղկ. 6, 27): Իսկ ավելի կոնկրետ. «Ով խփում է քո ծնոտին, նրան մյուսն էլ մոտեցրու» (տես՝ Ղկ. 6, 29): Սա լսելիս մեզ թվում է, թե Տերն անհնար բան է ուզում: Ավելին, ինչու՞ սիրենք մեր թշնամիներին: Չէ որ, եթե նրանց հակահարված չտաս, ապա «կանաչ լույս» կտրվի բռնությանը, որն անարդար է:

     

    «Արդյո՞ք դա այդպես է: Արդյո՞ք Տերը պահանջում է մեզանից որևէ անհնար և նույնիսկ անարդար բան», – հարցրեց Սրբազան Քահանայապետը՝ կոչ անելով խորհրդածել այս ամենի մասին և առաջարկեց հետևյալը.

     

    «Եկե՛ք հաղթահարենք անարդարության զգացումը՝ մյուս այտը մոտեցնելով: Եկե՛ք մտածենք Հիսուսի մասին: Տանջանքների և քահանայապետի առաջ անարդար դատի ժամանակ, ինչ-որ պահի ծառայողներից մեկը ապտակում է Նրան։ Ի՞նչ է Նա անում: Նա չի վիրավորում, ո՛չ, այլ ասում է ծառայողին. «Եթե վատ խոսեցի, վկայի՛ր վատի մասին, իսկ եթե լավ՝ ինչու՞ ես Ինձ խփում» (Հվհ. 18, 23): Նա պահանջում է պատասխան Իրեն պատճառած չարիքի համար: Մյուս այտը մոտեցնելը ամենևին չի նշանակում լուռ տառապել՝ թույլ տալով անարդարություն»:

     

    Հիսուսն իր հարցով դատապարտում է անարդարությունը: Սակայն Նա դա անում է առանց զայրույթի, բռնության, քանզի Նա չի ցանկանում վիճաբանություն հրահրել, այլ՝ լարվածությունը մեղմել, պարզաբանեց Նորին Սրբությունը. «Սա կարևոր է. միասին կասեցնել ատելությունն ու անարդարությունը՝ փորձելով վերադարձնել մեղավոր եղբորը: Դա հեշտ չէ, սակայն Հիսուս դա արեց և ասում է մեզ, որ մենք նույնպես պետք է դա անենք»: Ահա թե ինչ նշանակում «մոտեցնել մյուս այտը». Հիսուսի հեզությունն ավելի ուժեղ պատասխան է, քան Նրա ստացած ապտակը։ Մյուս այտը մոտեցնելը պարտվածի նահանջը չէ, այլ ներքին զորություն ունեցող մեկի գործողությունն է: Մյուս այտը մոտեցնել նշանակում է չարին բարով հաղթել, ճեղքել թշնամու սիրտը՝ ցույց տալով նրա ատելության ողջ անհեթեթությունը։ Մենք մեր այտը չպետք է մոտեցնենք ինչ-որ գաղտնի մտադրությամբ կամ հակակրանքով, այլ՝ սիրով. «Այս անշահախնդիր և անարժան սերը, որը մենք ստանում ենք Հիսուսից, օգնում է մեզ վարվել այնպես, ինչպես Ինքն է վարվում՝ մերժելով վրեժը: Իսկ մենք սովոր ենք վրեժխնդիր լինել. «Ես քեզնից վրեժ կլուծեմ»,- ասում ենք մենք՝ մեր սրտերում ոխ պահելով»։Հնարավոր է արդյո՞ք, որ մարդը սիրի իր թշնամիներին: Եթե դա միայն մեզանից կախված լիներ, ապա անհնար կլիներ: «Սակայն եկե՛ք հիշենք, երբ Տերն ինչ-որ բան է խնդրում, Նա դա ցանկանում է տալ, – պարզաբանեց Սրբազան Քահանայապետը: Երբ Նա ասում է սիրել թշնամուն, Նա ցանկանում է մեզ տալ դա անելու ունակությունը: Առանց այդ ունակության մենք չէինք կարողանա, սական Նա ասում է «սիրիր քո թշնամուն» և մեզ սիրելու ունակություն է տալիս: Լսեք Օգոստինոս Երանելիի գեղեցիկ աղոթքը, ով միշտ այսպես է աղոթել. «Տե՛ր, տուր այն, ինչ հրամայում ես, և հրամայի՛ր այն, ինչ ցանկանում ես» (Խոստովանություն, X, 29.40), քանզի Դու դա տվել ես ինձ նախկինում»: Մենք պետք է խնդրենք Աստծուն, որպեսզի մեզ սիրելու զորություն տա, որը Սուրբ Հոգին է, շարունակեց Նորին Սրբությունը. «Հիսուսի Հոգով մենք կարող ենք չարին բարով պատասխանել, սիրել նրանց, ովքեր նեղացնում են մեզ: Հենց այդպես են վարվում քրիստոնյաները»:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը հորդորեց մտածել, թե ինչպես ենք վարվում այն ​​իրավիճակներում, երբ պետք է մոտեցնել մյուս այտը և սեր ցուցաբերել թշնամու հանդեպ. «Երբ մեկը մեզ վատություն է անում, սովորաբար, մենք անմիջապես դրա մասին պատմում ենք ուրիշներին՝ մեզ զոհ համարելով: Եկե՛ք կանգ առնենք և աղոթենք Տիրոջը այդ մարդու համար, որպեսզի Նա օգնի նրան, և այդ ժամանակ վիրավորանքը կփարատվի: Չարիքը բարու վերածելու առաջին քայլը աղոթելն է: Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը օգնի մեզ լինել խաղաղարար բոլորի նկատմամբ, հատկապես նրանց, ովքեր թշնամաբար են տրամադրված և տհաճ են մեզ»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց