• Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը նշվեց հոգևորականների միասնական աղոթքով՝ Գյումրիի Կաթողիկե Մայր տաճարում

    «Այսպէս, մարդիկ թող համարեն մեզ իբրեւ սպասաւորներ Քրիստոսի եւ տնտեսներ Աստծու խորհուրդների» (1Կոր.4:1)»


    Փետրվարի 22-ին Հայ Կաթողիկե եկեղեցին նշեց Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը: Գյումրիի Սուրբ Նահատակաց եկեղեցում քահանաների տոնի առթիվ Առաջնորդական Տեղապահ Գերհ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսեփյանի և Գյումրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանի նախաձեռնությամբ վարդապետները և քահանաները համախմբվել էին միասին նշելու և աղոթելու Ղևոնդյանց քահանաների հիշատակության և բոլոր քահանաների օրը: Մատուցվեց Սբ. Պատարագ՝ ձեռամբ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի և առընթերակայությամբ Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանի, Արժ. Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանի:

    Ներկա էին նաև Անարատ Հղության հայ քույրերը և Գյումրիի հավատացյալների մի խումբ: Առաջնորդական Տեղապահ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփիանը հանդես եկավ ուղերձով.

    «Սիրելի՛ եղբայրներ, ուրախ եմ այսօր ձեզ հետ միասին Եկեղեցւոյ հարկի տակ տօնելու Ղեւոնդեանց Քահանայից տօնը: Այսօր, եւս մէկ անգամ հաղորդ ենք դառնում Ղեւոնդեանց Քահանայից խորհրդին եւ ոգեշնչւում ենք նրանց կերպարով, որը դրսեւորուեց, երբ մեր ազգն ու Եկեղեցին հայտնուեցին հաւատուրացութեան եւ ազգուրացութեան վտանգի առջեւ: Ինչպէս վկայում է պատմութիւնը՝ հայ ժողովուրդը յաճախ է յայտնուել նմանատիպ փորձութիւնների առջեւ, սակայն, շնորհիւ Հայ Եկեղեցու եւ հոգեւորականների, ովքեր ոգի, կամք եւ արիութիւն են ներշնչել՝ կարողացել են պայքարել «Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»՝ դիմակայելով ծանր փորձութիւններին եւ պահպանելով մեր հայրերի սուրբ ժառանգութիւնը:

     

    Սուրբ Ղևոնդյանք զոհաբերեցին իրենց կյանքը՝ ի շահ ժողովրդի: Սա է յուրաքանչյուր քրիստոնյայի սրբազան պարտականությունը. դավանել քրիստոնեական հավատքը: Քահանաները կարիք ունեն ներշնչվել Ղևոնդյանց Քահանայի ոգով, որն էլ նրանց ուժ կտա պայքարել ներկայիս ժամանակակից աշխարհի մարտահրավերների դեմ:

    Մենք՝ իբրեւ քահանաներ, կոչուած ենք Եկեղեցու նահատակների կեանքը որպէս օրինակ վերցնելու՝ մեր գործելակերպի եւ առաքելութեան իրագործման մէջ: Ժողովրդի խնամատարութիւնը, որ մեր ուսերին է՝ լաւագոյն կերպով պիտի կատարենք եւ նրանց առաջնորդենք դէպի Աստուած ու Եկեղեցի:

    Ինչպէս Ներսէս Շնորհալին է ասում.

    «Դուք մեր ժողովրդի կեանքում լոյս եւ ճրագ պիտի լինէք, որպէսզի իրենց կեանքը եւ ճանապարհը լուսաւորէք»:

    Հայր Գառնիկը, անդրադառնալով քահանայի կոչմանը, ներկայացրեց Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից առաջադրված այն յոթ կարևոր կետերը, որոնց պետք է հետևի յուրաքանչյուր քահանա: Նա կարևորեց ողորմությունն ու կարեկցությունը, ներողամտությունն ու այն հայացքը, որը պիտի ուղղված լինի դեպի Աստծո Արքայություն:

    Հավատարմությունը և իմաստությունը այն երկու կարևոր առաքինություններն են, որոնցով պետք է օժտված լինի քահանան: Եզրափակելով խոսքը՝ Հայր Գառնիկը հարկ համարեց աղոթել ննջեցյալ քահանաների հոգիների հանգստության և խաղաղության համար:

    Շնորհավորական խոսքեր ասաց նաև Գյումրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանը՝ ամփոփելով հայ ժողովրդի անցած ճանապարհին եկեղեցու և հավատի մեծ ու կարևոր դերը.

     

    «Իրապես, այսօր գեղեցիկ տոն է մեզ՝ քահանաներիս համար: Գնալով մի քանի դար առաջ՝ 451 թվական, Ավարայրի ճակատամարտ՝ վասն հավատքի և վասն հայրենյաց Ղևոնդ Երեցը, որն ամենամեծն էր տարիքով, ուղղորդում էր բոլոր քահանաներին, զորքերին և թեև պարտություն կրեց այդ անհավատ Հազկերտից, այնուհանդերձ նրանք եղան հավատ ներշնչողները, որ պայքարեցին մինչև վերջ՝ հանուն իրենց հավատի»:

    Տ. Գրիգորը համոզված է, որ շատ թարմ օրինակներ կան, երբ քահանաները հետևել են և շարունակում են հետևել Ղևոնդ Երեցի օրինակին, ըստ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքի՝ երբ ասում էր՝ «Ես եմ լավ Հովիվը. լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար»:

    Տ. Գրիգորը խոսեց նաև այս տոնին միասին հավաքվելու փորձառության մասին.

    «Սա առաջին անգամ է, որ մենք քահանաներով հավաքվում ենք: Այս փորձառությունը չի եղել, հավաքվել ենք սուրբ Պատարագով նշելու այս հիասքանչ տոնը: Մենք վստահ ենք, որ Աստված մշտապես մեզ կուղեկցի մեր բոլոր դժվարությունների մեջ և պատվով դուրս կբերի»:

     

    Արժ. Տ. Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանը նաև շնորհակալություն հայտնեց Առաջնորդական Տեղապահ Հ. Գառնիկին՝ այս գեղեցիկ միասնական հանդիպման կազմակերպման, կաթողիկէ համայնքների առաջնորդությունը որպես տեղապահ կատարելու համար և հույս հայտնեց, որ այս միասնական հանդիպումները կլինեն շարունակական:

    Սուրբ Պատարագից հետո հոգևոր հայրերը միասին աղոթեցին Վեցերորդ ժամի ժամերգությունը, որից հետո Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը եղբայրակից քահանաներին և վարդապետներին նվիրեց ձեռաց խաչեր՝ Ղևոնդյանց տոնի առթիվ:

    Հանդիպումը եզրափակվեց միասնական սիրո ճաշով և ջերմ զրույցներով:

     

     

    Ազատուհի Հովակիմյան

     

Օրացույց

Օրացույց