• Փոքր կարգերի տվչություն և կիսասարկավագական ձեռնադրություն`Հռոմում

    Աղոթե՛նք նորընծաների քահանայական առաքելության համար


    2022թ. փետրվարի 19-ին, երեկոյան ժամը 18:00-ին, Հռոմի Սբ. Վլաս Հայ Կաթողիկէ Եկեղեցում Հայրապետական Ս. Պատարագ մատուցեց Ամեն. և Գերերջ. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը, որի ընթացքում տեղի ունեցավ քահանայական փոքր կարգերի տվչություն ու կիսասարկավագական ձեռնադրություն՝ Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ ձեռամբ: Սուրբ Պատարագի սկզբում ճեմարանականներ Եղբ. Գրիգոր Բոյաջյանը (Բեյրութի Պատրիարքական Թեմի ճեմարանական), Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդության ճեմարանականներ Եղբ. Իշխան Պողոսյանը, Եղբ. Արտյոմ Հովհաննեսյանը, Եղբ. Վարդան Հայկյանը և Եղբ. Սիմավոն Մկրտչյանը ստացան դպրության կարգ։ Տվչությունից հետո՝ Ս. Պատարագի ընթացքում, Եղբ. Գրիգորը, Եղբ. Իշխանն ու Եղբ. Արտյոմը ձեռնադրվեցին կիսասարկավագ։ Ճեմարականների խարտավիլակ եղավ՝ Երևանի Սրբոց Հրեշտակապետաց Միացյալ Հոգևոր Ճեմարանի Մեծավոր և Երևանի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու ժողովրդապետ Գերպ. Հ. Մաշտոց վրդ. Զահթերյանը։

     

    «Տեր ու՞մ մոտ գնանք։ Դու ունես հավիտենական կյանքի խոսքերը»: Սուրբ Պետրոսի Հիսուսին ուղղած խոսքերն են սրանք, երբ Տերը առաքյալներին հարց է տալիս, թե արդյոք նրանք էլ կցանկանան թողնել Իրեն ու հեռանալ, ինչպես արեցին շատ աշակերտներ՝ Նրա ասած խոսքերը «խիստ» համարելով։ Հիսուս արդարև ասել էր. «Ճշմարիտ ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք Մարդու Որդու մարմինը և չճաշակեք Նրա արյունը, ապա կյանք չեք ունենա ձեր մեջ» հավելելով. «Նա, որ ուտում է իմ մարմինը և ճաշակում իմ արյունը, հավիտենական կյանք ունի, և նրան հարություն պիտի տամ վերջին օրը» (Հվհ․ 6, 58 – 71)։

     

    «Տեր ու՞մ մոտ գնանք։ Դու ունես հավիտենական կյանքի խոսքերը»:  Հռոմի Սուրբ Վլաս Հայ Կաթողիկէ Եկեղեցում անցած շաբաթ օրը՝ երեկոյան ժամերգությունից հետո, որոշ իմաստով այս խոսքերն արտասանեցին փոքր կարգերի ու կիսասարկավագության աստիճանի արժանացող հինգ ճեմարանականները, որոնք հոժարակամ ընդունեցին մոտենալ Սուրբ Խորանին և Պատարագը մատուցող Ամեն. և Գերերջ. Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքի ձեռամբ ընդունեցին վերոնշյալ կարգերը` ի պատրաստություն ավելի մեծ ծառայության և առաքելության, որն է դառնալ այլ ոմն Քրիստոսներ, այսինքն՝ քահանաներ։

     

    «Սա Սուրբ Խորանին մոտենալու և Աստծո տան մեջ սպասավորվելու առաջին քայլն է», ասաց Ամեն. և Գերերջ. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը՝ ընդգծելով հավատք ունենալու կարևորությունը։

     

    «Դուք մնացիք Քրիստոսի հետ Նրա մեջ տեսնելով հավիտենական կյանքի խոստումը», ասաց Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը՝ վստահեցնելով, որ պիտի շարունակի աղոթել նրանց համար, որպեսզի չսայթաքեն և միշտ ապրեն Աստծո շնորհքի մեջ, լինել պարզ, խոնարհ, եղբայրասեր, զիջող ու ծառա։ Սրանք պիտի լինեն ձեր զենքերը՝ ձեր կոչումը պահպանելու և խորանի սպասավորությունը նվիրումով կատարելու համար, Քրիստոսի Ավետարանը համայն աշխարհում տարածելու համար՝ մնալով Քրիստոսի հետ մինչեւ խաչելություն և հարություն», ասաց Ամենապատիվ Հոգևոր Տերը։

     

    Հոգեպարար արարողություններին ներկա էին հայ կաթողիկէ և լատինածես եկեղեցիների Արհիապատիվ եպիսկոպոսներ, Գերհարգելի և Գերապատիվ հայ ու լատինածես վարդապետներ, Անարատ Հղության Առաքինազարդ քույրերը՝ միաբանության ընդհանուր մեծավոր Մայր Արուսյակ Սաճոնյանի գլխավորությամբ և հավատացյալներ։

     

    Իսկ փետրվարի 20-ին նոր ձեռնադրյալ ճեմարանականները կատարեցին Սուրբ Սեղանի սպասավորությունը՝ Լևոնյան վարժարանի Ս. Նիկողայոս Թոլենդինացի Եկեղեցում, ձայնավոր սուրբ և անմահ Պատարագի ընթացքում։

     

    Փոքր կարգերն ու կիսասարկավագութեան աստիճանը ընդունող ճեմարանականների հակիրճ կենսագրական տվյալները:

     

    Եղբ. Իշխան Պողոսյան – ծնվել է 1996թ․  սեպտեմբերի 30-֊ին, Շիրակի մարզի Աշոցքի շրջանի Սիզավետ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում։ 2014թ․ ընդունվել է Ղազախստանի Հանրապետության Կարագանդա քաղաքի Միջ-Ժողովրդապետական Մարիամ Մայր Եկեղեցու բարձր Հոգևոր ճեմարան, որտեղ ստացել  է փիլիսոփայական կրթություն։ 2015 – 2017թթ. կատարած է իր զինվորական ծառայությունը։ 2019թ. ընդունվել է Իտալիայի Արեցցո քաղաքի Եպիսկոպոսական ճեմարան, ուր շարունակում է իր Աստվածաբանական ուսումները։

     

    Եղբ. Գրիգոր Պետրոս Բոյաջյան – ծնվել է 1994թ․ նոյեմբերի 14-ին Բեյրութում, Լիբանան: Նա միջնեկն է իր եղբայրների մեջ։ 2006թ․ սեպտեմբերին մուտք է գործել Զմմառու Ս. Միքայել ընծայարան և իր նախնական ուսումը ստացել է Բուրջ Համուդի Մեսրոպյան հայ կաթողիկէ բարձրագույն վարժարանում: 2013թ․ սեպտեմբերին Զմմառու կղերի միաբանության վարչությունը նրան ուղարկեց  Հռոմ՝ Քահանայապետական Լևոնյան վարժարան, ուր վեց տարի շարունակ Հիսուսյան հայրերի Գրիգորյան համալսարան հաճախելուց հետո 2016թ. ստացավ փիլիսոփայության վկայականը, իսկ 2019թ․՝ աստվածաբանական վկայականը:

     

    Եղբ. Սիմավոն Մկրտչյան – ծնունդով Շիրակի մարզի Ազատան համայնքից է (ծն. 05.11.1998): 2018թ․ ընդունվել է Երևանի Սրբոց Հրեշտակապետաց հայ կաթողիկէ միացյալ հոգևոր ճեմարանը։ 2021թ․ մեկնել է Հռոմի Լևոնյան Քահանայապետական հայ կաթողիկէ վարժարան՝ շարունակելու փիլիսոփայության և աստվածաբանության բարձրագույն ուսումը` Գրիգորյան Քահանայապետական Համալսարանում։

     

    Եղբ. Արտյոմ Հովհաննիսյան – Ծնվել է 1997թ․ հունվարի 29-ին։ 2014թ․ օգոստոսի 28-ին մեկնել է Ղազախստան և սովորել Մարիամ Մայր Եկեղեցու բարձր հոգևոր ճեմարանում։ 2015թ․ վերադառնալով հայրենիք՝ մեկնել է պարտադիր զինվորական ծառայության։ Մասնակցել է քառօրյա պատերազմին։ 2017թ․ ավարտելով զինծառայությունը դարձյալ մեկնել է Ղազախստան՝ ուսումը շարունակելու համար, և ավարտել փիլիսոփայության բաժինը։ 2019թ․ հոկտեմբերին ընդունվել  է Իտալիայի Արեցցո քաղաքի Եպիսկոպոսական ճեմարանում շարունակել ուսումնասիրել աստվածաբանություն։

     

    Եղբ. Վարդան Հայկյան – ծնվել է 1998թ․ հունիսի 14-ին Ազատան գյուղում։ Հիմնական կրթություն ստացել է գյուղի միջնակարգ դպրոցում, հաճախել է նաև Գյումրու արհեստագործական ուսումնարան։ 2016 – 2018թթ․ ծառայել է հայոց բանակում, որից հետո սովորել է Երևանի Սրբոց Հրեշտակապետաց Միացյալ հոգևոր ճեմարանում։ Մեկ տարի անց մեծավորների քաջալերանքով մեկնել է Իտալիայի Արեցցո քաղաք և Եպիսկոպոսական ճեմարանում շարունակել է ուսումնասիրել փիլիսոփայություն։

     

    Վատիկան նյուզ, հայկական բաժին

    Լևոնյանարժարանի ֆբ  էջ

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

     

     

Օրացույց

Օրացույց