• Ն.Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետի ուղերձը հիվանդների 30-րդ համաշխարհային օրվա առիթով

    11 փետրվարի, 2022

    «Ողորմած եղեք, ինչպես ձեր Հայրն է ողորմած» (Ղուկաս 6:36):
    Կանգնեք նրանց կողքին, ովքեր տառապում են և ունեն օգնության կարիք


    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

     

    Երեսուն տարի առաջ Սուրբ Հովհաննես Պողոս II-ը սահմանեց Հիվանդների համաշխարհային օրը՝ խրախուսելու Աստծո ժողովրդին, Կաթողիկէ առողջապահական հաստատություններին և քաղաքացիական հասարակությանը՝ ավելի ուշադիր լինել աղքատների և նրանց մասին հոգացողների նկատմամբ:

     

    Մենք երախտապարտ ենք Տիրոջը՝ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող Եկեղեցիներում տարիների ընթացքում գրանցված առաջընթացի համար:

     

    Այս տարիների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել , սակայն դեռ երկար ճանապարհ կա անցնելու՝ ապահովելու, որ բոլոր հիվանդները, նրանք, ովքեր ապրում են աղքատության և ծայրաստիճան վատ իրավիճակներում, ստանան անհրաժեշտ առողջապահական ծառայությունները, ինչպես նաև հովվական խնամք, որը կարող է օգնել նրանց զգալ իրենց հիվանդությունը՝ խաչված և հարություն առած Քրիստոսի հետ միության մեջ:

     

    Թող հիվանդների երեսուներորդ համաշխարհային օրը, որի փակման տոնակատարությունը, համաճարակի պատճառով, տեղի կունենա ոչ թե Պերուի Արեկիպա քաղաքում, այլ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, օգնի մեզ մոտ լինել հիվանդներին և ծառայելու նրանց և իրենց ընտանիքներին։

     

    1. Ողորմած Հոր պես

    Հիվանդների այս երեսուներորդ համաշխարհային օրվա համար ընտրված թեման՝ «Ողորմած եղեք, ինչպես ձեր Հայրն է ողորմած» (Ղուկաս 6:36), ստիպում է մեզ նախ մեր հայացքն ուղղել դեպի Աստված, որը «ողորմությամբ հարուստ է» (Եփես. 2. 4), նա միշտ հսկում է իր երեխաներին հայրական սիրով, նույնիսկ երբ նրանք երես են թեքում նրանից: Ողորմությունը Աստծո անունն է գերազանցապես. ողորմությունը, որը հասկացվում է ոչ թե որպես երբեմն-երբեմն սենտիմենտալ զգացում, այլ որպես մշտապես ներկա և ակտիվ ուժ, արտահայտում է Աստծո էությունը:

     

    Այն համատեղում է ուժն ու քնքշությունը։ Այդ իսկ պատճառով մենք կարող ենք զարմանքով և երախտագիտությամբ ասել, որ Աստծո ողորմությունը ներառում է և՛ հայրությունը, և՛ մայրությունը (տես 49:15): Աստված հոգ է տանում մեր մասին հոր ուժով և մոր քնքշությամբ. նա անդադար ցանկանում է մեզ նոր կյանք տալ Սուրբ Հոգով:

     

    2. Հիսուս` Հոր ողորմածության արտահայտությունը

    Հիվանդների հանդեպ Հոր ողորմած սիրո գերագույն վկան նրա միածին Որդին է: Որքան հաճախ են Ավետարանիչները պատմում Հիսուսի հանդիպումները տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց հետ։ Նա «շրջում էր ամբողջ Գալիլեայում, ուսուցանում էր նրանց ժողովարաններում և քարոզում թագավորության ավետարանը և բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու բոլոր թուլությունները» (Մտթ. 4:23):

     

    Լավ կլինի, որ ինքներս մեզ հարցնենք, թե ինչու Հիսուսը այդքան մեծ մտահոգություն դրսևորեց հիվանդների հանդեպ, այնքան, որ նա այդ առաջնային համարեց առաքյալների առաքելության մեջ, որոնք ուղարկվել էին Վարդապետի կողմից Ավետարանը քարոզելու և հիվանդներին բժշկելու համար (տես Ղուկ. 9։2)։

     

    Քսաներորդ դարի մի փիլիսոփա առաջադրում է պատճառ դրա համար. «Ցավը մեկուսացնում է բացարձակ կերպով, իսկ բացարձակ մեկուսացումը առաջացնում է մյուսին դիմելու, մյուսին կանչելու անհրաժեշտությունը»: Երբ անհատները հիվանդության հետևանքով զգում են թուլություն և տառապանք իրենց մարմնում, նրանց սրտերը ծանրանում են, վախը տարածվում է, անորոշությունները բազմապատկվում են, և նրանց կյանքում տեղի ունեցողի իմաստի վերաբերյալ հարցերը դառնում են ավելի հրատապ: Ինչպե՞ս կարող ենք մոռանալ, այս առումով, բոլոր այն հիվանդներին, ովքեր համաճարակի այս ժամանակաշրջանում իրենց երկրային կյանքի վերջին հատվածն անցկացրել են մենության մեջ, վերակենդանացման բաժանմունքում՝ առատաձեռն բուժաշխատողների աջակցությամբ, սակայն հեռու իրենց սիրելիներից և հարազատներից։ Սա օգնում է մեզ գիտակցել, թե որքան կարևոր է Աստծո գթության վկաների ներկայությունը մեր կողքին, ովքեր, հետևելով Հիսուսի օրինակին, Հոր ողորմածությանը, մխիթարության բալասան և հույսի գինի են լցնում հիվանդների վերքերի վրա։

     

    3. Դիպչել Քրիստոսի տառապյալ մարմնին

    Հոր պես ողորմած լինելու Հիսուսի հրավերը առանձնահատուկ նշանակություն ունի բուժաշխատողների համար։ Ես մտածում եմ բոլոր այն բժիշկների, բուժքույրերի, լաբորատոր տեխնիկների, աջակցող անձնակազմի և հիվանդներին խնամողների, ինչպես նաև բազմաթիվ կամավորների մասին, ովքեր իրենց թանկագին ժամանակը նվիրաբերում են տառապողներին օգնելու համար:

     

    Հարգելի բուժաշխատողնե՛ր, ձեր ծառայությունը հիվանդների կողքին՝ սիրով և գործի իմացությամբ, անցնում է ձեր մասնագիտության սահմանները և դառնում առաքելություն։ Ձեր ձեռքերը, որոնք դիպչում են Քրիստոսի տառապյալ մարմնին, կարող են լինել Հոր ողորմած ձեռքերի նշան: Ձեր մասնագիտությունը, որքան արժանապատիվ, այնքան պատասխանատու է:

     

    Եկեք շնորհակալություն հայտնենք Տիրոջը այն առաջընթացի համար, որ ունեցել է բժշկական գիտությունը հատկապես վերջին ժամանակներում. նոր տեխնոլոգիաները թերապիաների միջոցով հնարավորություն են տվել հիվանդներին բարելավել իրենց կյանքի որակը, հետազոտությունները շարունակում են արժեքավոր ներդրում ունենալ հին և նոր պաթոլոգիաների վերացման գործում, վերականգնողական բժշկությունը զգալիորեն ընդլայնել է իր փորձն ու հմտությունները: Սրանցից ոչ մեկը, սակայն, չպետք է ստիպի մեզ մոռանալ յուրաքանչյուր հիվանդի յուրահատկությունը, նրա արժանապատվությունն ու թուլությունները: Հիվանդները միշտ ավելի կարևոր են, քան նրանց հիվանդությունները, և այդ պատճառով ոչ մի թերապևտիկ մոտեցում չի կարող խանգարել լսել հիվանդին, նրա պատմությունը, անհանգստություններն ու վախերը։ Նույնիսկ այն դեպքում, երբ բուժումը հնարավոր չէ, միշտ կարելի է խնամք ցուցաբերել: Միշտ կարելի է մխիթարել, միշտ էլ կարելի է ստիպել մարդկանց զգալ մտերմությունը, և օգնել զգալ որ իրենք ավելի կարեւոր են, քան նրանց ախտորոշումը: Այդ իսկ պատճառով, ես հուսով եմ, որ բուժաշխատողներին տրվող վերապատրաստումը կարող է նրանց հնարավորություն ընձեռել զարգացնել ուրիշներին լսելու և շփվելու ունակությունները:

     

    4. Խնամքի կենտրոնները՝ որպես «ողորմության տներ»

    Հիվանդների համաշխարհային օրը նաև լավ առիթ է՝ մեր ուշադրությունը կենտրոնացնելու խնամքի կենտրոնների վրա: Դարերի ընթացքում կարիքավորներին ողորմություն ցուցաբերելը ստիպեց քրիստոնեական համայնքին բացել անթիվ «բարի սամարացու իջեւանատներ», որտեղ սեր և հոգատարություն կարելի է ցուցաբերել տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց, հատկապես նրանց, ում առողջական կարիքները չեն կարող բավարարվել աղքատության, սոցիալական մեկուսացման կամ որոշակի պաթոլոգիաների բուժման հետ կապված դժվարությունների պատճառով: Այս իրավիճակներում ամենից հաճախ ծանր գին վճարում են երեխաները, տարեցները և ամենաթույլները:

     

    Հոր պես ողորմած անթիվ միսիոներներ միավորվելով Ավետարանում առկա գաղափարների շուրջ՝ միջոցներ են ձեռնարկում հիվանդանոցների, բուժարանների և խնամքի տների կառուցման համար:

     

    Սրանք թանկարժեք միջոցներ են, որոնց միջոցով քրիստոնեական գթությունը տեսանելի ձև է ստացել, և Քրիստոսի սերը, որը վկայում են նրա աշակերտները, դարձել է ավելի վստահելի: Ես հատկապես մտածում եմ մեր մոլորակի ամենաաղքատ շրջանների մարդկանց մասին, որտեղ երբեմն անհրաժեշտ է լինում երկար ճանապարհ հաղթահարել՝ բուժման կենտրոններ գտնելու համար, որոնք, թեև սահմանափակ ռեսուրսներով, առաջարկում են այն, ինչ հասանելի է: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որոշ երկրներում համարժեք խնամքի հասանելիությունը մնում է շքեղություն: Մենք դա տեսնում ենք, օրինակ, աղքատ երկրներում Covid-19-ի դեմ հասանելի պատվաստանյութերի սակավությունը, բայց նաև՝ շատ ավելի պարզ դեղամիջոցներ պահանջող հիվանդությունների բուժման բացակայությունը:

     

    Այս համատեքստում ես ցանկանում եմ վերահաստատել կաթողիկէ առողջապահական հաստատությունների կարևորությունը, դրանք թանկարժեք հարստություն են, որը պետք է պահպանվի, նրանց ներկայությունը առանձնացրել է Եկեղեցու պատմությունը՝ ցույց տալով նրա մտերմությունը հիվանդների և աղքատների և այլոց կողմից անտեսված մարդկանց նկատմամբ։ Քանի՜ կրոնական ընտանիքների հիմնադիրներ են լսել իրենց եղբայրների և քույրերի աղաղակը, ովքեր չունեն խնամքի հասանելիություն կամ վատ են խնամվում, և իրենց առավելագույնը տվել են նրանց ծառայելուն: Այսօր, նույնիսկ ամենազարգացած երկրներում, դրանց առկայությունը օրհնություն է, քանի որ բացի անհրաժեշտ գիտելիքներով մարմինը խնամելուց, միշտ կարող են բարեգործության նվեր մատուցել, որը կենտրոնանում է հենց հիվանդների և նրանց ընտանիքների վրա: Մեր օրերում, երբ սպառողական մշակույթը տարածված է, և միշտ չէ, որ կյանքը արժեք ունի, այս կառույցները, ինչպես «ողորմության տները», կարող են օրինակելի լինել՝ ողջ կյանքը պաշտպանելու և հոգալու համար, նույնիսկ ամենափխրունը` իր սկզբից մինչև բնական ավարտը։

     

    5. Հովվական ողորմությունը՝ ներկայություն եւ մոտիկություն

    Անցած երեսուն տարիների ընթացքում հովվական խնամքը նույնպես իր անփոխարինելի ծառայությունն է մատուցել ու ավելի է ճանաչվել: Եթե ​​աղքատների, այդ թվում՝ հիվանդների, առողջական վիճակը պատճառ է դառնում խտրականության, հոգևոր ուշադրության պակասի, այնուամենայնիվ, մենք չենք կարող չառաջարկել նրանց Աստծուն մոտ լինել, Նրա օրհնությունն ու Խոսքը, ինչպես նաև սուրբ խորհրդակատարություններին մասնակցությունը, որը հավատքի աճի և հասունացման ճանապարհորդության հնարավորություն է: Այս առումով, ես կցանկանայի հիշեցնել բոլորին, որ հիվանդների հետ մտերմությունը և նրանց հովվական խնամքը միայն հատուկ նշանակված սպասավորների խնդիրը չէ. հիվանդներին այցելելը հրավեր է, որը Քրիստոսն ուղղում է իր բոլոր աշակերտներին: Քանի՞ հիվանդ ու տարեց մարդիկ են ապրում տանը և սպասում այցելության։ Մխիթարության ծառայությունը յուրաքանչյուր մկրտված մարդու խնդիրն է՝ հիշելով Հիսուսի խոսքը. «Ես հիվանդ էի, և դուք այցելեցիք ինձ» (Մտ 25:36):

     

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, Մարիամի՝ Տկարների Առողջության, բարեխոսությանն եմ վստահում բոլոր հիվանդներին և նրանց ընտանիքներին։ Թո՛ղ, որ նրանք գտնեն իմաստ, մխիթարություն ու վստահություն՝ աշխարհի ցավը կրող Քրիստոսի հետ միասին։ Ես աղոթում եմ ամենուր բուժաշխատողների համար, որպեսզի նրանք, հարուստ ողորմությամբ կարողանան հիվանդներին առաջարկել համապատասխան խնամքի հետ մեկտեղ իրենց եղբայրական մտերմությունը:

     

    Բոլորին ի սրտե փոխանցում եմ իմ Առաքելական օրհնությունը:

    Ֆրանցիսկոս

    Հռոմ, Սուրբ Հովհաննես Լաթերան, 

    10 դեկտեմբեր, 2021, Լորետոյի Տիրամոր հուշահամալիր

     

    Թարգմանեց` Անուշ Հարությունյանը 

     

     

Օրացույց

Օրացույց