• Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապը և Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոսը պատարագել են միասին՝ ի նշան եկեղեցական ամբողջական Հաղորդության

    «Հաղորդություն» հասկացողությունը խոր իմաստ է կրում իր մեջ Եկեղեցու կյանքի առաջին դարերից սկսած


    «Հաղորդություն»՝ նշանակում է միություն կյանքի բոլոր հարթակներում։ Ջերմեռանդական մի զգացում» չէ լոկ։ Այսօր մանավանդ, լիիրավ հաղորդությունը նշանակում է կյանքի բաժնեկցություն, «կանոնների» և ապրելաոճի որոշ միաձևություն։ Այսօրվա հասկացողությամբ, ամբողջական հաղորդության մեջ լինելը պահանջում է կանոնական ընդհանուր հարթակ, որը միաժամանակ կոգևորվի սիրով։ Մոտավորապես այսպիսի խոսքերով է, որ Արևելյան Եկեղեցիների Ժողովը բացատրեց չորեքշաբթի երեկոյան՝ Տեառնընդառաջի տոնին, Սուրբ Պետրոսի սրահում մատուցված Քահանայապետական Պատարագի ժամանակ կայացած արարողության իմաստն ու խորհուրդը։

     

    Արդարև, Տյառնընդառաջի տոնին և Նվիրյալ կյանքի համաշխարհային օրվա առթիվ մատուցված Սուրբ Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը և Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը Գոհության Սուրբ խորհրդի փոխանակումով հաստատեցին Եկեղեցական ամբողջական Հաղորդությունը իրար միջև։ Այս լիիրավ հաղորդության գրավոր տարբերակը ստորագրված էր Նորին Սրբության կողմից՝ 2021թ. սեպտեմբերի 23 կոնդակով, որի մեջ հաստատվում է Հռոմի Եկեղեցու և Հայ Կաթողիկէ նորընտրյալ Կաթողիկոս Պատրիարքի և նրա նախագահած Նվիրապետության ու նրա ժողովրդի միջև Սուրբ Հաղորդությունը, որը Հռոմի Եպիսկոպոսը գլխավորում է սիրո մեջ։

     

    Հիշեցնենք, որ եկեղեցական ավանդության համաձայն, նորընտիր Կաթողիկոս Պատրիարքն իր ընտրության օրը Քահանայապետին ներկայացրել է «Եկեղեցական Հաղորդություն» շնորհելու խնդրանք։

     

    Ավանդությունը նախատեսում է, որ Եկեղեցական Հաղորդությունը իր գագաթնակետին  է հասնում Սուրբ Պատարագի հրապարակային արարողությամբ, որին մասնակցում են Սրբազան Քահանայապետն ու Կաթողիկոս Պատրիարքը կամ Քահանայապետի նշանակած պատվիրակը։

     

    Արդարև, Խորանի վրա Քահանայապետի մոտ նորընտիր Պատրիարքի ներկայությունը, Նվիրյալ Կյանքի Ժողովի կառավարիչ և Արևելյան Եկեղեցիների Ժողովի կառավարիչ կարդինալների հետ միասին, արտայայտությունն է նաև արևմտյան ոճով և արևելյան ավանդությամբ զանազանված նվիրյալ կյանքերի միասնական վկայության։

     

    Սուրբ Զոհի ընթացքում կատարվեցին որոշ ծիսական գործողություններ, որոնք խորհրդանշում են եկեղեցական Հաղորդության իմաստը. Նորին Սրբությունը Հիսուսի Մարմինը վեր բարձրացնելուց հետո՝ այսինքն Սուրբ Հաղորդությունը կրող պնակը, այն մատուցեց Պատրիարքին և երկուսը միասին, չորս ձեռքերով բարձրացրեցին այն, ապա դրեցին խորանի վրա և նույնը արեցին Հիսուսի Արյունը խորհրդանշող Գինու բաժակով, այնուհետև Քահանայապետը Պատրիարքին տվեց Հիսուսի Մարմինն ու Արյունը, և երկուսը միասին ճաշակեցին։

     

    Այս Եկեղեցական Հաղորդությունը մերօրյա քրիստոնյաների համար և ամբողջ աշխարհի դիմաց մեծ վկայության մարտահրավեր է։ Այս Հաղորդությունը միության և սիրո մեջ եթե ծաղկի, ապա պիտի լինի մտքի և հոգու լույս բոլոր նրանց համար, ովքեր կճաշակեն այդ հաղորդության մասնիկից։

     

    Վատիկան Նյուզ,

    արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց