• «Սուրբ Հովսեփի երազները». հունվարի 26-ի ընդհանուր ունկնդրության քարոզը

    «Սբ․ Հովսեփ երազատես, սովորեցրո՛ւ մեզ վերագտնել հոգևոր կյանքը՝ որպես մի տարածք, որտեղ Աստված բացահայտում է Իրեն և փրկում մեզ»


    Հունվարի 26-ին Վատիկանում կայացած ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Սուրբ Հովսեփի երազների մասին, ով գիտի, ինչպես հասկանալ Աստծո ձայնը և գործել ըստ դրա:

    Աստվածաշնչում և հնագույն մշակույթներում, պարզաբանեց Նորին Սրբությունը, Աստված երազների օգնությամբ էր Իրեն բացահայտում մարդկանց: Երազը խորհրդանշում է մեզանից յուրաքանչյուրի հոգևոր կյանքը, այն ներքին տարածությունը, որտեղ Աստված բացահայտում է Իրեն և հաճախ խոսում։ Սակայն մեզանից յուրաքանչյուրի մեջ չի հնչում միայն Աստծո ձայնը, մենք ուրիշ ձայներ էլ ենք լսում. մեր վախերի, մեր անձնական փորձառության, մեր հույսերի ձայները, լսում ենք նաև չարի ձայնը, որն ուզում է մեզ խաբել: Դրա համար էլ պիտի կարողանանք ճանաչել Աստծո ձայնը այլ ձայների մեջ:

     

    Սբ. Հովսեփը գիտեր անհրաժեշտ լռությունը պահպանել և ճիշտ որոշումներ կայացնել՝ միայն լսելով այն խոսքը, որով Տերը դիմում էր իրեն: Ավետարանը մեզ պատմում է Սբ. Հովսեփի տեսած չորս երազների մասին: Առաջին երազում հրեշտակն օգնում է նրան հաղթահարել այն խռովությունը, որը մոլեգնում էր իր մեջ, երբ իմացավ Մարիամի հղիության լուրը. «Մի՛վախեցիր քեզ մոտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է: Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին՝ իր մեղքերից» (Մտթ. 1,20-21): Հովսեփն անմիջապես պատասխանեց. «Քնից արթնանալով՝ արեց, ինչպես հրամայել էր իրեն Տիրոջ Հրեշտակը»:

     

    Հաճախ մեր կյանքում այնպիսի իրավիճակներ են լինում, որոնք անելանելի են թվում և մենք չենք հասկանում ինչու, ասաց Սրբազան Քահանայապետը։ Նման պահերին աղոթելը նշանակում է թույլ տալ, որ Տերը մեզ ուղղորդի և ասի, թե ինչ պիտի անենք:

     

    «Տերն երբեք չի առաջադրի այնպիսի խնդիրներ, որոնց լուծումն ու ելքը մենք չենք ունենա, քանզի Նա կտա մեզ անհրաժեշտ գիտելիքներ՝ դրանց դիմագրավելու համար: Տերը մեզ միայնակ չի գցում վառարանի մեջ, Նա մեզ մենակ չի թողնում գազանների հետ։ Ո՛չ. Տերը, մատնացույց անելով խնդիրը, միշտ տալիս է ինտուիցիա, օգնություն, Իր ներկայությունը, որպեսզի մենք կարողանանք դուրս գալ տվյալ իրավիճակից և լուծենք այն»:

     

    Երկրորդ երազը Սբ․ Հովսեփը տեսնում է այն ժամանակ, երբ մանուկ Հիսուսի կյանքին վտանգ է սպառնում. «Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց Հովսեփին ու ասաց․ «Վե՛ր կաց, վերցրու՛ այդ մանկանը և նրա մորը ու փախի՛ր Եգիպտոս, և այնտեղ մնա՛ մինչև որ քեզ ասեմ, քանի որ Հերովդեսը փնտռում է այդ Մանկանը կորստյան մատնելու համար» (Մտթ․ 2,13)։ Մենք բոլորս կարող ենք հայտնվել այնպիսի իրավիճակներում, երբ մեր կամ մեր սիրելիների կյանքին վտանգ է սպառնում։ Նման իրավիճակներում աղոթել՝ նշանակում է «լսել մի ձայն, որը կարող է արթնացնել մեր մեջ այնպիսի քաջություն, որով մենք կնմանվենք Սբ․ Հովսեփին», – ընդգծեց Նորին Սրբությունը։

     

    Եգիպտոսում Սբ․ Հովսեփը Տիրոջից տուն վերադառնալու նշանի է սպասում, որն էլ երրորդ երազն է։ Հրեշտակը հայտնում է նրան, որ նրանք, ովքեր ուզում էին սպանել Մանկանը, արդեն մեռած են, և ասում, որ հայրենիք վերադառնան։ Սակայն հենց այդ ճանապարհորդության ժամանակ Սբ․ Հովսեփն իմանում է, որ «Արքեղայոսը թագավորում է Հրեաստանի վրա իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախենում է գնալ այնտեղ։ Եվ չորրորդ երազը տեսնելով՝ հրաման է ստանում և գնում Գալիլիայի կողմերը և բնակվում Նազարեթ կոչվող քաղաքում» (տես՝ Մտթ․ 2, 19-23)։

     

    «Տերը մեզ չի խոստանում, որ մենք երբեք չենք վախենա, այլ խոստանում է, որ Իր օգնությամբ վախը չի ազդի մեր որոշումների վրա: Սբ․ Հովսեփը վախենում է, սակայն Աստծո առաջնորդությամբ  հաղթահարում է այդ վախը»։

     

    Սրբազան Քահանայապետը խրախուսանքի խոսքերով դիմում է բոլոր ծնողներին, ովքեր վախենում են չհաղթահարել երեխաների հետ կապված խնդիրները. լուրջ հիվանդություններ, սեռական կողմնորոշում, դժբախտ պատահարներ, բանտարկում: Նորին Սրբությունը կոչ արեց «երբեք չքննադատել սեփական երեխաներին», այլ Տիրոջից խնդրել այն քաջությունը, որը Նա Սբ․ Հովսեփին էր պարգևել։ Այնուամենայնիվ, աղոթքը երբեք չի կարող լինել «վերացական կամ էլ ինտիմիստական ​​ժեստ, ինչպես կուզենային որոշ ոգեպաշտական շարժումներ, որոնք ավելի գնոստիկական են, քան քրիստոնեական»․ աղոթքն անքակտելիորեն կապված է սիրո հետ: Միայն սիրով աղոթելու դեպքում մենք կհասկանանք Տիրոջ պատգամները, ընդգծեց Նորին Սրբությունը և աղոթեց Սբ․ Հովսեփին․

     

    «Սբ․ Հովսեփ երազատես, սովորեցրո՛ւ մեզ վերագտնել հոգևոր կյանքը՝ որպես մի տարածք, որտեղ Աստված բացահայտում է Իրեն և փրկում մեզ: Մի՛ թող մենք մտածենք, որ աղոթքն ապարդյուն մի բան է, օգնի՛ր մեզանից յուրաքանչյուրին արձագանքել Տիրոջ հրահանգներին: Սուրբ Հոգու փայլով լուսավորի՛ր մեր վախերը, Քո զորությամբ ամրացրու՛՛ մեր սրտերը, Քո ողորմությամբ փրկիր մեզ մեր վախերից։ Ամեն»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց