• Անարատ Հղության տոնին Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոսը Սբ. Պատարագ մատուցեց Տիրամայր Հայաստանի կենտրոնում

    «Թող օրհնի՛ ձեզ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին ամենայն հոգևոր օրհնությամբ»


    2021թ. դեկտեմբերի 9-ին՝ Սուրբ Կույսի Անարատ Հղության շնորհաբեր տոնին Ամեն. և Գերջ. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը Սուրբ Պատարագ մատուցեց Անարատ Հղության հայ քույրերի միաբանության Գյումրիի տանը: Անարատ Հղության տոնը նաև միաբանության հիմնադրման տոնն է, ամեն տարի այս տոնին միաբան քույրերը նորոգում են իրենց ուխտերը՝ ժամանակավոր կամ մշտնջենական: Քույրերն այս տոնին միշտ պատրաստվում են մի քանի օր տևող հոգևոր կրթությամբ: Այս տարի ուխտերի նորոգումը տեղի ունեցավ Կաթողիկոս Պատրիարքի ներկայությամբ և նրա հայրական օրհնությամբ: Սբ. Պատարագին Պատրիարք Հոր առընթերականերն էին Առաջնորդական Տեղապահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը և Գերպ. Հ. Նարեկ Վրդ. Մնոյանը: Ներկա էին Տիրամայր Նարեկի հիվանդանոցի տնօրեն Հ. Մարիո Կուկարոլլոն, քույրերի այս տարվա հոգևոր կրթության կրթիչ Գերպ. Հ. Պերճ Վրդ. Սապեն, Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանը, Գերպ. Հ. Պետրոս Վրդ. Մարաշլյանը, Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը, Արժ. Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանը, Հայկական Կարիտասի աշխատակիցներ, քույրերի ցերեկային հոգածության կենտրոնի տարեցներ, քույրերի սաները և կենտրոնի աշխատակիցները:

     

    Ամեն. Հոգևոր Տերն իր քարոզում ասաց հետևյալը.

     

    «Սիրելի՜ քույրեր, այսօր ձեր տոնն է, մեր բոլորի տոնն է, Աստվածամոր Անարատ Հղության տոնն է, որի առթիվ ձեզ ի սրտե շնորհավորում եմ։ Աստվածամոր Անարատ Հղությունը, կարելի է ասել մենք՝ որպես Հայ Եկեղեցի, առաջին Եկեղեցին ենք, որ հռչակել ենք որպես տոն, մենք արդեն իսկ մեր շարականներում երգել ենք Աստվածամոր Անարատ Հղությունը։ Անարատ Հղության խորհրդում տեսե՛ք, թե ի՜նչ գեղեցիկ, քա՜ղցր խոսքերով են արտահայտվում Սուրբ Կույս Մարիամի՝ Եղիսաբեթին այցելության մասին։ Նրա մեջ շեշտվում է նախ Աստծո կամքը, երբ իր սիրո և գուրգուրանքի համար ընտրում է Աստվածամորը, որպեսզի կարողանա իր արգանդում կրել Աստծուն, Նրան ընտրեց, որպես մաքրամաքուր, անարատ հղացյալ ի ծնե։ Քանզի շատ անգամ անարատ հղություն ասելիս՝ մենք շփոթում ենք և կարծում, որ Հիսուսի հղությունն է անարատ, որ է՛, և սակայն Աստվածամայրն էլ է ուղղակի Աստծո ներշնչումով է եկել այս աշխարհ, որպեսզի ընդունի Քրիստոսին, Փրկչին, բայց ինչպիսի՜ խոնարհությամբ, պարզությամբ և Աստվածային ողորմությամբ։ Այս պատկերը պետք է հասկանալ որպես պատգամ, որ Աստված Աստվածամոր միջոցով մեզ է հաղորդում՝ խոնարհություն, պարզություն և Աստծո շնորհի ընդունում, որ մեզ տալիս է ձրիաբար։ Դու՛ք, սիրելի քույրեր, ընտրել և ընդունել եք այդ շնորհը, այդ օրհնությունը, Աստծո և Սուրբ Հոգու այդ ներկայությունը, որպեսզի դուք կարողանաք վկայել աշխարհի դիմաց ձեր առաքելությամբ և ձեր առաքինությամբ։ Ես վստահ եմ, որ այս միաբանությունն իր առաջին օրվանից միչև այսօր այս հոգին որդեգրած՝ առաջ է գնացել։ Մաղթանքս է, որ Աստծո շնորհը առատորեն ձեր վրա լինի և միևնույն ժամանակ բազմանան կոչումները։ Որովհետև այսօր Աստծո կոչը պահանջում է մի ազնիվ պատասխան․ ճիշտ է, որ մեզանից յուրաքանչյուրը հատուկ կոչում ունի իր կյանքի ընթացքում, բայց նաև Աստծո ժողովրդի և հոգիների փրկության ծառայության դուռը լայնորեն բաց է՝ ընդունելու այն բոլոր անձանց, ովքեր ազնվություն ունեն համապատասխանելու կամ ականջալուր լինելու Աստծո հրավերին և ընդունելու այս առաքելությունը, այս հատուկ կոչումը, որպեսզի վկայեն աշխարհին այս նվիրումով ծառայությունը ձրիաբար․ ծառայել և՛ տարեցներին, և՛ երիտասարդներին, և՛ մանուկներին։ Ինչպիսի՜ վսեմ առաքելություն․ ես ինձ նվիրում եմ համայն աշխարհի ցավերը, և փոխանակ ադ նվիրումին, կա ներքին ուրախություն, ներքին մխիթարություն և միևնույն ժամանակ հասարակական կյանքի գեղեցկություն։ Այսօր հատուկ կերպով ի սրտե աղոթում եմ ձեզ հետ միասին, որպեսզի Ամենակալ Աստծո Որդին Իր Մոր ձեռքով և ներկայությամբ օրհնի մեզ ամենքիս, պահի մեզ իր կոչումի մեջ և տա մեզ ուժ, որ կարողանանք մեր կյանքով վկայել և հրավիրել շատ շատերին շարունակելու մեր առաքելական կյանքը։ Աստծո օրհնությունը ձեզ։ Ամեն»։

     

    Պատարագի ընթացքում Հոգևոր Տիրոջ առջև միաբան քույրերն, ըստ միաբանության ավանդության, ծունկի եկած նորոգեցին իրենց ուխտերը և Հոգևոր Տերն աղոթեց նրանց համար.

     

    «Թող օրհնի՛ ձեզ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին ամենայն հոգևոր օրհնությամբ, որպեսզի Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ մոր՝ Սրբուհի Մարիամի զգեստի ներքո հավերժ մնաք անապական, անեղծ և անարատ»:

     

Օրացույց

Օրացույց