• Ի Տեր հանգչեց ք. Զոյա Պոզոյանը՝ Հիսուսին ծառայող քույրը Սբ. Հաղորդության մեջ

    Բարձրացնենք մեր աղոթքները առ Հիսուս, Ով թաքնված է Սբ. Հաղորդության Խորհրդում, որպեսզի Նա Ինքը լինի հավերժական Պարգև՝ ք. Զոյայի համար


    Ք. Զոյա Պոզոյանը ծնվել է 09.02.1933թ. Վրաստանում, Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում, հավատացյալի ընտանիքում: Նրա պապը՝ Մկրտիչ Պոզոյանը, եղել է հայ կաթողիկէ քահանա։ Սբ. Զոյայի ծնողները՝ Անտոն Պոզոյանը և Երան Սարուխանյանը ունեցել են երեք դուստր և մեկ որդի: Դպրոցն ավարտելուց հետո Զոյան սովորել է բժշկական ուսումնարանում և 30 տարի աշխատել որպես բուժքույր՝ հայրենի գյուղում։

     

    Ք. Զոյան անդամակցեց «Սբ. Հաղորդության մեջ Հիսուսին ծառայող քույրերի միաբանությանը» 1980թ.՝ գաղտնի ձևով՝ ընդհատակում: Նա իր առաջին ուխտն արել է  Վիլնյուսում՝ 14.07.1983թ., իսկ իր մշտնջենական ուխտը՝ 14.07.1986թ-ին: Խորհրդային տարիների հալածանքների և ապա կրոնական ազատության ժամանակ ք. Զոյան իր համագյուղացի երկու այլ քույրերի՝ ք.  Համասփյուռ Արսենյանի և ք. Աննա-Մարիա Մովսեսյանի հետ շատ է օգնել քահանաներին. քարոզները թարգմանել է հայերեն և մարդկանց նախապատրաստել է Սուրբ Խորհուրդներին, ինչպես իր հայրենի գյուղում, այնպես էլ հայկական և վրացական այլ գյուղերում:

     

    2004թ-ին ք. Զոյային Վրաստանից տեղափոխեցին Ռուսաստան, երբ փակվեց Սուխլիսի քույրերի տունը: Նա մի քանի ամիս անցկացրեց Մարքսում, և 2005թ. տեղափոխվեց Տոմսկ: Չնայած իր զառամյալ տարիքին, շատ տնային գործեր էր անում, կոկիկ ու մաքրասեր էր։ Իր ազատ ժամանակը սովորաբար անցկացնում էր մատուռում կամ հոգևոր գրականություն էր կարդում։

     

    Տոմսկում ք. Զոյան սկսեց առաքելական գործունեությամբ զբաղվել, հատկապես հայերի շրջանում. դասեր էր վարում նրանց համար, երգում հայկական Պատարագին։

     

    Ք. Զոյային սիրում և հարգում էին ոչ միայն հայերը։ Պատարագից հետո նրան տաճարից տուն ուղեկցելու, իրենց խնդիրներով կիսվելու և նրա խրատները լսելու մարդկանց պակաս չկար: Ք. Զոյան աչքի էր ընկնում խոհեմությամբ, շատ էր աղոթում ուրիշների համար և զգայուն էր այլ մարդկանց կարիքների նկատմամբ:

     

    Վերջին տարիներին ք. Զոյայի մոտ առաջացել էին սրտի և ճնշման հետ կապված խնդիրներ: Սակայն, նա փորձում էր հնարավորինս օգնել քույրերին տնային գործերում, չէր ուզում բեռ լինել ուրիշների համար: 2021թ. նոյեմբերի սկզբին նա հիվանդացավ  կորոնավիրուսով, նոյեմբերի 13-ին թոքերի ծանր ախտահարմամբ տեղափոխվեց հիվանդանոց, իսկ նոյեմբերի 18-ին՝ վերակենդանացման բաժանմունք։ Խիստ կարանտինի պատճառով քույրերը չէին կարող տեսակցել ք. Զոյային հիվանդանոցում։ Նոյեմբերի 23-ին քույրերին ի վերջո հաջողվեց վերակենդանացման բաժանմունք հրավիրել քահանայի, և ք. Զոյան ընդունեց հիվանդաց օծման Խորհուրդը և ընդունեց Սբ. Հաղորդություն: Նոյեմբերի 25-ին նա մահացավ:

     

    Ռաֆայել Պետրոս XXI Կաթողիկոս Պատրիարքի և հ. Պետրոս Եսայանի ցավակցական խոսքերը

     

    Առաքինազարդ մայր Թերեզային՝

    Սբ. Հաղորդության մեջ Հիսուսին ծառայող քույրերի միաբանության

    Ընդհանուր մեծավորուհու պատվիրակին,

    ՄարքսԿարագանդա

     

    Առաքինազարդ մայր,

    Ամենապատիվ Ռաֆայել Պետրոս XXI Կաթողիկոս Պատրիարքի, անձամբ իմ, ինչպես նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու հավատավոր զավակների անունից ընդունեցե՛ք խորին ցավակցություններ և կարեկցանք ք. Զոյա Պոզոյանի մահվան կապակցությամբ:

     

    Նա, լինելով Հայ Կաթողիկե Եկեղեցու դուստր, երկար ժամանակ ծառայել է ինչպես քահանաներին, այնպես էլ Սուխլիսի, Կրասնոդարի, Տոմսկի հավատացյալներին. ուր Տերն էր ուղարկում նրան։ Նա հայերեն է թարգմանել քարոզներ, սովորեցրել է Քրիստոնեական Ուսմունքը, երգել է Պատարագին, կիսվել է իր հավատքի փորձառությամբ՝ շատերին դաստիարակելով որպես կաթողիկէ հավատացյալներ։ Ես անձամբ ծանոթ եմ եղել նրա հետ:

     

    Քույր Զոյան հեռացավ կյանքից՝ Տիրոջ հետ խաղաղությամբ ընդունելով Սուրբ Խորհուրդները: Նա մահացավ՝ քույրերի, հարազատների ու քահանաների աղոթքներով շրջապատված: Փա՜ռք Տիրոջը նրա կյանքի և ծառայության համար:

     

    Բարձրացնե՛նք մեր աղոթքները առ Հիսուս, Ով թաքնված է Սբ. Հաղորդության Խորհրդում, որպեսզի Նա Ինքը լինի հավերժական Պարգև ք. Զոյայի համար և ձեր սիրելի Միաբանությանը շնորհի նոր սուրբ կոչումներ:

     

    Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան

    Առաջնորդական Փոխանորդ Կաթողիկէ Հայոց Մոսկվայի և Ռուսաստանի, Ժողովրդապետ Մոսկվայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ համայնքի

     

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց