«Օ՜, արի մեզ մոտ, Սուրբ Հոգի,
և երկնային շող ուղարկիր մեզ»
Նոյեմբերի 10-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը եզրափակեց Սբ. Պողոս առաքյալի Գաղատացիներին ուղղված նամակի հրապարակային մեկնաբանությունների շարքը, նշելով, որ նախորդ ունկնդրությունների ժամանակ իր ասածներն, անշուշտ, չեն հակասում այս տեքստի բովանդակությանը: Այնտեղ առաքյալը խորհում է որպես ավետարանիչ, աստվածաբան և հովիվ։
Նորին Սրբությունը վկայակոչեց Իգնատիոս Անտիոքացուն, ով գրում էր. «Միայն Ուսուցիչը, Ով ասաց, և կատարվեց, և այն, ինչ Նա արեց լռության մեջ, արժանի է Հորը»: Կարելի է ասել, որ Պողոս առաքյալը կարողացավ ձայն տալ Աստծո այս լռությանը, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը: Պողոս առաքյալի շնորհիվ մենք բացահայտում ենք «զարմանալի նորություններ, որոնք թաքնված են Հիսուս Քրիստոսի հայտնության մեջ»: Առաքյալն իսկական աստվածաբան էր, ով մտահայեց Քրիստոսի խորհուրդը և այն փոխանցեց իր ստեղծագործ մտքի միջոցով: Նա իր «հովվական առաքելությունն էր իրականացնում շփոթված համայնքում, և դա անում էր տարբեր մեթոդներով՝ երբեմն հեգնանքով, երբեմն խստությամբ, երբեմն մեղմորեն: Նա ցույց էր տալիս իր առաքելական հեղինակությունը, բայց միաժամանակ չէր թաքցնում իր բնավորության թույլ կողմերը։
Քրիստոնեությունը Պողոսի ընկալմամբ երբեք հեգնական չի եղել: Նա միշտ գիտակցել է քրիստոնեական ազատության վտանգները և հիշեցրել հավատացյալներին, որ ազատությունը անառակություն չէ: Պողոսն այդ ազատությունը ներկայացրեց սիրո հովանու տակ և դրանով իսկ հավատացյալների առջև բացեց Սուրբ Հոգով կյանքի հորիզոնը՝ թույլ չտալով նրանց վերադառնալ մեղքի ստրկությանը: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ մեզ միշտ ուղեկցում է հետ գնալու գայթակղությունը, սակայն քրիստոնյաները դեպի հետ գնացող մարդիկ չեն։ Խոսքը հենց գայթակղության մասին է. ցանկանում ես հետ դառնալ, որովհետև այնտեղ քեզ ավելի վստահ ես զգում, հետ գնալ դեպի Օրենքը՝ անտեսելով Սուրբ Հոգով նոր կյանքը:
Գաղատացիներին ուղղված Պողոս առաքյալի նամակի մասին խորհրդածությունները հանգեցնում են երկու բանի, շարունակեց Նորին Սրբությունը: Առաջինը խանդավառությունն է, որը խրախուսում է մեզ գործել Սուրբ Հոգով, իսկ երկրորդը մեր սահմանափակության գիտակցումն է: Հաճախ է հոգնածությունը խանգարում մեր ավյունին: Դժվարին պահերին մենք նման ենք փոթորիկի ժամանակ նավակի մեջ գտնվող աշակերտներին, և միակ բանը, որ կարող ենք անել «Քրիստոսին արթնացնելն է», Ով արդեն մեր մեջ է, սակայն «քնած է» նավակի մեջ:
Այնուհետև Սրբազան Քահանայապետը կոչ արեց աղոթել Սուրբ Հոգուն: Անհրաժեշտ է որքան հնարավոր է հաճախ կանչել Սուրբ Հոգուն, օրինակ հայտնի աղոթքի խոսքերով, որն Եկեղեցին ասում է Հոգեգալուստին.
«Օ՜, արի մեզ մոտ, Սուրբ Հոգի,
և երկնային շող ուղարկիր մեզ:
Օ՜, արի որբերի Հայր,
Օ՜, արի օրհնություն շնորհող,
Օ՜, արի սրտի լույս։
Իսկական մխիթարիչ,
Խոնարհ հոգիների լուսավոր հյուր
և քնքուշ ուրախություն»:
Միայն Սուրբ Հոգու ներկայությամբ մենք կարող ենք պահպանել մեր ազատությունը և լինել ազատ քրիստոնյաներ՝ «որևէ կապ չունենալով անցյալի հետ՝ այդ բառի բացասական իմաստով»: Սուրբ Հոգուն ուղղված աղոթքը կօգնի մեզ, որովհետև Սուրբ Հոգին իր հետ բերում է ուրախություն, ավարտին ասաց Նորին Սրբությունը և օրհնեց բոլոր ներկաներին:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան