«Ահա՛ մի իսկական մարդ, որի մեջ նենգություն չկա»
2021թ. հոկտեմբերի 31-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր տաճարում Սուրբ Պատարագ մատուցեց Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամեն. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը: Սա Հոգևոր Տիրոջ հրաժեշտի կամ իր՝ որպես Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ, 10-ամյա գահակալության ամփոփիչ Սուրբ Պատարագն էր: Ամեն. և Գերջ. Հոգևոր Տերն իր հայրապետական քարոզում ասաց հետևյալը.
«Սիրելի՛ հավատացյալներ, քույրեր և եղբայրներ, շնորհակալ եմ Աստծուն՝ ինձ այս առիթը պարգևելու համար, որ ձեզ հետ միասին Պատարագ եմ մատուցում առ Աստված՝ ձեր, ձեր հարազատների, ներկաների և բացակաների, մեր համայնքի և համայն հայ ժողովրդի բարօրության համար, որ ամենաբարի Աստված հեռացնի մեզանից այս բոլոր ախտերը և հիվանդությունները, որ համակել է ամբողջ աշխարհը։ Աստծո Աջը հովանի թող լինի մեր վրա, որպես պահապան և մեզանից հեռացնի բոլոր վտանգները։ Մենք խնդրում ենք սա, բայց միևնույն ժամանակ, պետք է մեր կողմից էլ քայլ կատարվի, եթե ուզում ենք, որ Աստված Իր հովանին մեր վրա պահի, պետք է ձեռքներս մեկնենք առ Աստված, սրտով մոտենանք Աստծուն, ասենք, որ մենք էլ Քեզ հետ ենք և Քո ողորմության կարիքն ունենք։ Ինձ համար սա նաև հրաժեշտի առիթ է, որովհետև Աստված ինձ տվեց ուրիշ առաքելություն, որից, սակայն, ձեզ դուրս չի թողել, այլ ձեզ հետ միասին, տարբեր երկրների շարքում մեր հայ կաթողիկէները և հայերն ընդհանրապես Նրան ծառայեն, որպեսզի այն, ինչն արեցինք հայրենիքում, նույն էլ անենք սփյուռքում։ Սակայն այս ամենի համար անհրաժեշտ է մի մեկնակետ, մի հանք, քանզի մարդիկ հաճախ մտածում են իրենց կյանքում ոսկե հանք ունենալ, բայց մենք ցանկանում ենք աղոթքի հանք ունենալ․ աղոթե՛նք մեզ համար, որպեսզի կարողանանք հավատարմությամբ ծառայել և աղոթել մեր եղբայրների ու քույրերի համար, քանզի մեզ միացնողը աղոթքն է։ Մեր անունն ու ազգանունը չի փոխում մեր միասնականությունը և միությունը Քրիստոսի մեջ։ Դա մեզ դարձնում է եղբայրների ու քույրերի մեկ ընտանիք, որտեղ մեր հայրն Աստված է և մայրն՝ Աստվածամայրը։ Նրանք մեզ միավորում են, որպեսզի մենք կարողանանք հավատարմորեն շարունակել այն ժառանգությունը, որ ստացել ենք մեր նախահայրերից։
Քրիստոնեությունը, Քրիստոսի հետ կապակցությունը մեր մեջ պետք է արտացոլվի, պետք է արտահայտվի, պետք է վկայվի։ Մեզ առիթ է տրված, որ Աստծո խոսքը քարոզվի, մեզանից խնդրվում է, որ այս վկայությունը կարողանանք տալ։ Ես վստահ եմ, որ ձեր հարազատներին, ընտանիքին կհաղորդեք Քրիստոսասիրության, Աստծո հավատքի ամրապնդման այս պատգամը, քանզի սրանք են մեր զենքերը, որոնց միջոցով կարողանանք մեզ համար բերել Աստվածային առատ շնորհները։
Այս խոսքերս, որ փոխանցում եմ ձեզ, պարզապես քարոզելու նյութ չէ, այլ համոզում է, որ եթե մենք գիտակցությամբ հավատացինք Քրիստոսին, ուրեմն պարտավորություն ունենք Նրա մասին վկայելու։ Եթե Ավետարանում կարդաք, ապա կտեսնեք այդ հրաշքները, որ Հիսուս կատարում էր և ասում հրաշքը ստացողին՝ «ոչ ոքի չպատմես», սակայն նրանք անմիջապես վկայում և բոլորին պատմում էին․ ես հիվանդ էի և բժշկվեցի, ես կույր էի և տեսնում եմ, ես կաղ էի և ուղիղ քայլում եմ, ես մեռած էի և հարություն առա։ Աստված վկայության կարիք չունի, սակայն մեր ազնվությունն է, որ պահանջում է մեզանից արված այդ շնորհների արտահայտությունը, որ ամեն օր մենք ընդունում ենք։ Մենք միայն դժվարին ժամանակներում ենք գնում Եկեղեցի, աղոթում ենք և մտածում, որ այդ շնորհը կունենանք՝ մոռանալով, որ ամեն օր, ամեն րոպե Աստված մեզ հետ է և մեզ շնորհում է այս բոլոր ողորմությունները՝ սեր, գուրգուրանք, ուստի այսօրվա այս խորհրդածությունը թող լինի մեկնակետ, վերանորոգում մեր սրտի, որ կարողանանք ավելի մտերիմ, ավելի հարազատ, ավելի ազնիվ կերպով մեր կյանքը վարել Քրիստոսի հետ։ Ամեն»։
Գյումրիի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանը շնորհակալական խոսք ուղղեց Կաթողիկոս Պատրիարքին.
«Այսօր մեզ համար մեծ պատմական օր է, որովհետև բոլորիս համար աղոթեց, սրբացրեց և Հիսուսի Մարմինն ու Արյունը բաշխեց մեր նախկին թեմի առաջնորդը, որ տաս տարի հովվեց մեզ, ձեզ համար գուցե անտեսանելի, մեզ համար տեսանելի ձևով։ Այս տարիների իր բեղուն գործունեությունը բազմաթիվ Եկեղեցիների վերակառուցումն ու կառուցումն էր, հազարավոր տնանկ և աղքատ մարդկանց իր ցուցաբերած մարդկային մոտեցումն էր։ Մեզ՝ որպես հոգևոր դասի ներկայացուցիչների, որ երբեմն սայթաքել ենք, երբեմն նեղ վիճակում ենք գտնվել, երբեմն անառակ որդու նման ենք եղել, նա իր ձեռքն է մեկնել սիրող հոր նման և պահել է՝ որպես Եկեղեցու զավակների։ Իսկապես մենք ուրախ ենք, որովհետև մեր թեմի առաջնորդն ընտրվեց ամբողջ աշխարհի հայ կաթողիկէների հովվապետ։ Վստահ եմ՝ ինչպես այստեղ, այս տաս տարիների ընթացքում հովվեց մեզ և իր գործունեությամբ ծաղկեցրեց Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Արևելյան Եվրոպայում մեր հայ կաթողիկէ համայնքը, այդպես էլ պետք է առաջնորդի նաև համայն հայ կաթողիկէ համայնքը։
Հիմա մեզ համար ուրախություն է, որ Հոգևոր Տերը՝ Կաթողիկոս Պատրիարքը, իր օրհնությունը շնորհեց ձեզ և դեռ պիտի շնորհի։ Իմ խնդրանքը ձեզ հավատացյալներիդ՝ որպես ձեր զավակ և նաև հայր, այս է, որ ձեր աղոթքներում միշտ հիշեք Հոգևոր Տիրոջը, ինչպես ինքն է հիշել մեզ այս տարիների ընթացքում։ Մեր խորին շնորհակալությունը և երախտագիտությունն ենք հայտնում՝ ձեզ տասը տարիների ընթացքում մեզ հետ լինելու, մեզ առաջնորդելու համար։ Վստահ եմ, որ նույն Աստվածահաճո գործունեությունը կծավալեք նաև ամբողջ աշխարհում։ Ուզում եմ խոսքս ավարտել Տիրոջ խոսքերով, որ ասաց իր աշակերտներից Նաթանայելին. «Ահա՛ մի իսկական մարդ, որի մեջ նենգություն չկա»:
Ամենապատիվ Կաթողիկոս Պատրիարքն ի պատասխան այս խոսքին հավելեց.
«Շնորհակալ եմ։ Մեկ նախադասությամբ կպատասխանեմ ձեզ բոլորիդ․ անպիտան ծառա էի, ինչ որ պարտական էի անելու ջանացի անել»։
Նաիրա Բաղդասարյան
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան