• Քրիստոնյան պարտավոր է սիրտը բաց պահել յուրաքանչյուրի համար

    «Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ. ի՞նչն է իմ մեջ հակառակ Ավետարանին: Ի՞նչ է Հիսուս ցանկանում, որ մենք կտրենք, հեռացնենք մեր կյանքից»


    Ուրիշներին դատապարտելու փոխարեն, մենք պետք է ուշադիր լինենք մեր արարքներում, որպեսզի չլինենք անողոք այլ մարդկանց նկատմամբ և ներողամիտ՝ ինքներս մեր նկատմամբ, նախազգուշացրեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը սեպտեմբերի 26-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:

     

    Օրվա ավետարանական հատվածը Հիսուսի և Հովհաննես առաքյալի միջև տեղի ունեցած երկխոսությունն էր: Խոսելով բոլոր աշակերտների անունից՝ Հովհաննեսը պատմում է Ուսուցչին, որ նրանք տեսել են մի մարդու, ով Աստծո անունով դևեր է հանում և արգելել են իրեն դա անել, քանի որ նա  նրանց շարքերում չէ: Ի պատասխան՝ Հիսուսը կոչ է անում չխանգարել բարիք գործողներին, քանի որ նրանք Աստծո ծրագիրն են իրականացնում (տես՝ Մկ. 9,38-41), այնուհետև ասում է. մարդկանց բարու և չարի միջև դասակարգելու փոխարեն, մենք բոլորս պետք է հետևենք մեր սրտերին՝ չարին չտրվելու և չարախոսության պատճառ չդառնալու համար (տես՝ Մկ. 9,42-45, 9, 47-48):

     

    Աշակերտները ցանկանում էին խանգարել բարի գործ անողին՝ միայն այն պատճառով, որ նա իրենց հետ չէր: Նրանք երևակայում էին, որ իրենք ունեն «բացառիկ իրավունքներ՝ Հիսուսի նկատմամբ», և որ միայն իրենց է թույլատրվում աշխատել Աստծո արքայության համար: Նրանք իրենք իրենց համարում են ընտրյալներ, իսկ մյուսներին դիտում որպես օտարների՝ նրանց մեջ թշնամիներ տեսնելով: Հենց այդ գայթակղությունն էր մատնանշում Հիսուս աշակերտներին՝ փակվածության մասին զգուշացնելիս: «Ցանկացած տեսակի փակվածություն, ըստ էության, հանգեցնում է նրան, որ մենք խուսափում ենք նրանցից, ովքեր մեզ հետ համակարծիք չեն, չեն կիսում մեր հայացքները, իսկ դա, ինչպես մենք բոլորս գիտենք, պատմության մեջ բոլոր չարիքների արմատն է. օրինակ, միահեծանությունը կամ աբսոլյուտիզմը, որի ծագման հիմքը հաճախ դիկտատուրան է և բռնությունն այլ կերպ մտածողների նկատմամբ, – պարզաբանեց Նորին Սրբությունը:

     

    Սակայն, մենք նաև պետք է զգոն լինենք Եկեղեցու հանդեպ դրսևորվող փակվածության նկատմամբ, քանի որ սատանան՝ խռովություն սերմանողը, ամեն ինչ անում է, որպեսզի մարդիկ միմյանց նկատմամբ լինեն կասկածամիտ՝ նրանց հեշտությամբ բաժանելու և հեռացնելու համար: Նա փորձում է դա անել խորամանկությամբ: Մեզ հետ նույնպես կարող է պատահել այն, ինչ տեղի ունեցավ աշակերտների հետ. նրանք հասան այն բանին, որ նույնիսկ դևեր հանողներին էին մերժում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Երբեմն, մենք նույնպես, խոնարհության և վստահության համայնքներ լինելու փոխարեն, մեզ պահում ենք որպես «դասարանի լավագույն» աշակերտներ՝ ուրիշներին հեռավորության վրա պահելով: Բոլորի հետ միասին չենք քայլում, այլ պարծենում ենք մեր «վկայականներով». «Ես հավատացյալ եմ, ես կաթողիկէ եմ, ես պատկանում եմ այս կամ այն ​​ասոցիացիային, իսկ մյուսները՝ ոչ»: Ուրիշներին դատապարտելու և մերժելու համար «հավատքի վկայականներով» պարծենալը մեղք է, ընդգծեց Նորին Սրբությունը, կոչ անելով աղոթել՝ ուրիշներին դատելու և տեսակավորելու գայթակղությունը, ինչպես նաև «տոհմային» մտածելակերպը հաղթահարելու համար, երբ մենք նախանձախնդրությամբ կառչում ենք այն մարդկանցից, ում լավն ենք համարում՝ չշփվելով ուրիշների հետ և թույլ չտալով նրանց մտնել մեր շրջապատ: «Այս ամենը կարող է քրիստոնեական համայնքները վերածել պառակտման վայրի: Սուրբ Հոգին չի ուզում փակվածություն: Նա ցանկանում է տեսնել բաց, ուրախ համայնքներ, ուր տեղ կա բոլորի համար», – ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Մեզ հորդորելով չհաշտվել չարի հետ՝ Հիսուսն օգտագործում է տպավորիչ պատկերներ. «Եթե ​​ձեր մեջ ինչ-որ բան ձեզ տանում է դեպի կործանում, ապա կտրե՛ք այն»: Նա չի ասում. «Մտածե՛ք դրա մասին, մի փոքր բարելավեք …»: Ո՛չ. «Անմիջապես կտրե՛ք»: Հիսուսն արմատական ​​է, պահանջկոտ, բայց որպես լավ բժիշկ, նա մեր լավն է ուզում: Ամեն մի կտրվածքը, ամեն մի հատումը ավելի լավ աճելու և սիրո մեջ պտուղներ տալու համար է:  Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ. ի՞նչն է իմ մեջ հակառակ Ավետարանին: Ի՞նչ է Հիսուս ցանկանում, որ մենք կտրենք, հեռացնենք մեր կյանքից:

     

    Խորհրդածության ավարտին, Սրբազան Քահանայապետը կոչ արեց աղոթել Սուրբ Կույս Մարիամին, որպեսզի Նա օգնի մեզ «լինել սիրալիր ուրիշների և պահանջատեր ինքներս մեր նկատմամբ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց