• Սլովակիայի Շաշտին քաղաքում Պապը կոչ արեց հաղթահարել հավատքի «անշարժ» վիճակը

    «Սուրբ Մարիամը մեր կոչման սրբապատկերն է, քանզի մենք, ինչպես և Նա, կանչված ենք լինելու սուրբ և մաքուր սիրո մեջ՝ դառնալով Քրիստոսի պատկերը»


    Սեպտեմբերի 14-ին՝ լատինածես օրացույցով Ցավագին Տիրամոր տոնին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն այցելեց Աստվածամոր սրբավայրը Շաստինում (Սլովակիա), որը նվիրված է այս երկրի երկնային բարեխոսին՝ Յոթ Վերքերի Սուրբ Մարիամ Աստվածածնին: Մենք երկրպագում ենք Աստվածամորը, քանի որ Նա մեզ պարգևեց Հիսուսին և առաջընթաց ունեցող, մարգարեական, կարեկցող հավատքի օրինակ է, պարզաբանեց Նորին Սրբությունը: Հենց նման հավատքի կարիք ունի ներկայիս Սլովակիան:

     

    Տեղի եպիսկոպոսների հետ համատեղ աղոթքից հետո Սրբազան Քահանայապետը Սուրբ Պատարագ մատուցեց Աստվածամոր սրբավայրի մոտ և իր քարոզում ընդգծեց. «Մենք պատվում ենք Սուրբ Մարիամ Աստվածածնին, քանի որ Նա մեզ պարգևեց Հիսուս Քրիստոսին: Նորին Սրբությունն ընդգծեց Սուրբ Կույս Մարիամի հավատքին բնորոշ երեք հատկանիշներ.

     

    Առաջին հատկանիշը հավատքն է, որը միշտ ճանապարհին է: Հրեշտակից ստանալով Բարի լուրը՝ Սուրբ Կույս Մարիամն անմիջապես գնաց Եղիսաբեթի մոտ՝ կիսելով Աստծո անհամբերությունը, որով Իր փրկությամբ Նա ցանկանում է հասնել բոլոր մարդկանց: Ավետարանում մենք ևս տեսնում ենք, ինչպես է Նա գնում Երուսաղեմ Սբ. Հովսեփի հետ միասին՝ Հիսուսին Եկեղեցի բերելու համար: Նրա ամբողջ կյանքը ճանապարհ է Որդու հետևից՝ մինչև Գողգոթա, դեպի Խաչի ստորոտ:

     

    Դիմելով սլովակ հովիվներին, Սրբազան Քահանայապետը կոչ արեց Տիրոջը փնտրելու ուխտագնացության ճանապարհին երբեք կանգ չառնել.

     

    «Ճանապարհին դուք կկարողանաք հաղթահարել «անշարժ» հավատքի գայթակղությունը, որը բավարարվում է որոշակի ծեսերով կամ հին ավանդույթով: Դուք կկարողանաք հաղթահարել ինքներդ ձեզ՝ ուսապարկում կրելով ուրախություն և վիշտ, որպեսզի կյանքը դառնա Աստծո և եղբայրների հանդեպ սիրո ուխտագնացություն»:

     

    Սուրբ Կույս Մարիամի հավատքին բնորոշ երկրորդ հատկանիշը մարգարեությունն է: Սուրբ Աստվածածնի ամբողջ կյանքը մարգարեություն է՝ պատմության մեջ Աստծո արարքների, Նրա ողորմածության մասին, որը շուռ է տալիս այս աշխարհի տրամաբանությունը՝ բարձրացնելով խոնարհներին և տապալելով հպարտներին:

     

    «Սուրբ Մարիամը մեր կոչման սրբապատկերն է, քանզի մենք, ինչպես և Նա, կանչված ենք լինելու սուրբ և մաքուր սիրո մեջ՝ դառնալով Քրիստոսի պատկերը»:

     

    Աստվածամոր միջոցով կատարվեց Իսրայելի մասին մարգարեությունը, ամբողջությամբ և վերջնականորեն իրականացավ Աստծո ծրագիրը՝ ծերունի Սիմեոնի խոսքերի համաձայն.

     

    «Ահա՛ սա նա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակության» (Ղկ. 2,34): Հավատքը չի կարելի իջեցնել կյանքը քաղցրացնող շաքարավազի մակարդակի, ընդգծեց Նորին Սրբությունը: Հիսուսը հակառակության նշան է:

    «Ընդունել Նրան՝ նշանակում է համաձայնվել, որ Նա բացահայտի մեր սեփական հակառակությունները, մեր կուռքերը և չարի գայթակղությունները և դառնա մեր հարությունը»:

     

    Այսօրվա Սլովակիային անհրաժեշտ են մարգարեներ, շարունակեց Սրբազան Քահանայապետը, քրիստոնյաները կանչված են աշխարհում հակառակության նշան լինելու համար՝ կյանքով ցույց տալով Ավետարանի գեղեցկությունը:

     

    Սուրբ Կույս Մարիամի հավատքի երրորդ հատկանիշը Նրա կարեկցող Մայր լինելն է։ Նրա հավատքը լի է կարեկցանքով․ մայրական հոգատարությամբ Նա անհանգստանում է, որ Կանայում հարսանիքն ավարտվեց առանց գինու, Նա սիրով կիսում է Որդու հետ Նրա փրկության առաքելությունը՝ հասնելով Խաչի ստորոտին: Այդ անասելի ցավի պահին նա հասկանում է Սիմեոնի մարգարեության իմաստը. «Քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի»։

     

    «Նա չի փախչում, չի փորձում փրկել ինքն իրեն, չի օգտվում մարդկային գյուտարարությունից և հոգևոր անզգայացնող միջոցներից՝ ցավից խուսափելու համար։ Մնալ Խաչի ստորոտին․ հենց սա՛ է ցավակից լինելու վկայությունը»։

     

    Նայելով Կարեկցող Մարիամ Աստվածածնին՝ մենք բացվում ենք հավատքի առջև, որը դառնում է կարեկցանք և կիսում է վիրավորների և տառապյալների ցավը։

     

    «Այդ հավատքը չի մնում վերացական ձևով, այլ ստիպում է մեզ դիպչել իրականությանը և միանալ կարիքի մեջ ապրողների հետ»:

     

    Պատարագից հետո ազգային սրբավայրում Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց եպիսկոպոսներին՝ ընդունման և այցի նախապատրաստության համար, կրկին շնորհակալություն հայտնեց Սլովակիայի նախագահին ու կառավարությանը, և ողջունեց Պատարագին ներկա գտնվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատվիրակներին։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց