• 5 պարզ խորհուրդ՝ թե ինչպես սուրբ դարձնել յուրաքանչյուր օրը

    Ահա՛, թե ինչը մեզ կարող է օգնել չմոռանալ Աստծուն՝ օրվա ընթացքում


    Ամեն հաջորդող երկուշաբթի մեզ հիշեցնում է այն մասին, թե որքան արագ է անցնում ժամանակը: Սա նաև առիթ է կյանքի մասին խորհելու և հարցնելու. Արդյո՞ք ես օգտվում եմ Աստծուն մոտ լինելու բոլոր հնարավոր միջոցներից:

     

    Փորձեք հետևյալ խորհուրդները դարձնել սովորություն ձեզ համար և դուք կտեսնեք բարելավում ձեր հոգևոր կյանքում:

     

    Կյանքը լի է անելիքներով: Մենք ամեն րոպե ինչ-որ տեղ ենք շտապում և ունենք մի շարք պարտականություններ. ընտանեկան, աշխատանքային, հասարակական… Թվում է, թե դրանք երբեք չեն վերջանա և, երբ կիրակի գնում ենք Պատարագի, հասկանում ենք, թե ամբողջ շաբաթվա ընթացքում որքան քիչ ենք հիշել Աստծո և մեր հոգու մասին: Ամբողջ օրվա եռուզեռի ընթացքում մոռանում ենք աղոթել, իսկ կյանքը երբեք կանգ չի առնում, որպեզի մեզ թույլ տա լրացնել բաց թողածը: Ի՞նչ անենք՝ հոգևոր առումով օրն առավել արդյունավետ դարձնելու համար:

     

    Ահա հինգ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեր հոգնած հոգուն ժամանակ «շահել» և այն նվիրել Աստծուն:

     

     

    1.Աղոթեցե՛ք արթնանալուց անմիջապես հետո:

     

    Սուրբ Խոսեմարիա Էսքրիվան ասել է. «Սովորություն դարձրեք գալիք օրվա ձեր առաջին միտքը տալ Աստծուն»: Էսքրիվան դա անվանել է «հերոսական րոպե», երբ պետք է վեր կենալ անմիջապես, առանց տատանման՝ աղոթքը շուրթերին հագնվելով.

    «Սա և՛ մարմնամարզություն է, և՛ կամքի ուժեղացում … և անվնաս է առողջության համար: Եթե դուք հաղթահարեք սա, ապա օրվա ընթացքում ձեզ համար հեշտ կլինի մնալ Աստծո ներկայության մեջ: Սա շատ հասարակ միջոց է «ճիշտ ոտքից» օրը սկսելու համար, սակայն միևնույն ժամանակ ամենադժվարներից մեկն է: Գաղտնիք չէ, որ մեզանից շատերը հաճախ օրը սկսում են դժգոհ մտքերով՝ դեպի զարթուցիչը, և առաջին բանը դրանից հետո, որ մենք անում ենք՝ ստուգում ենք մեր սմարթֆոնի վրա եկած ծանուցումները:

     

    Ահա Սուրբ Թերեզայի աղոթքը. Աստծուն որպես ընծա մատուցել օրվա ընթացքում կատարած բոլոր գործերն ու այդ օրվա բոլոր դժվարությունները.

     

    «Աստվա՜ծ իմ, ես Քեզ եմ նվիրաբերում այն ամենը, ինչը այսօր անելու եմ իմ մտադրությունների իրականացման և Հիսուսի Սուրբ Սրտի փառքի համար: Ես ցանկանում եմ սրբագործել իմ սրտի ամեն մի բաբախը, իմ մտքերն ու ամենասովորական աշխատանքը՝ այն միավորելով Նրա անսահման առաքինությունների հետ: Ես ցանկանում եմ ուղղել իմ արատները՝ դրանք գցելով Նրա ողորմած սիրո օջախի մեջ: Աստվա՜ծ իմ: Ես Քեզ խնդրում եմ ինձ և իմ համար թանկ բոլոր մարդկանց պարգևել շնորհ՝ Քո Սուրբ Կամքը կատարելապես իրագործելու համար և Քո հանդեպ ունեցած սիրո շնորհիվ ընդունել այս անցողիկ կյանքի բոլոր ուրախությունները և տխրություններն այնպես, որ հետո մենք կարողանանք միավորվել Երկնքում հանուն հավերժության: Ամեն»:

     

    2.Օրվա ընթացքում առնվազն հինգ րոպե հատկացրեք աղոթքի համար:

     

    Դարձյալ ոչ մի գերբնական բան, սակայն մենք շատ հաճախ մոռանում ենք դա անել: Ամենակարևորը՝ ժամանակ պահել աղոթքի համար: Այն կարող է տևել 5, 15 կամ նույնիսկ 30 րոպե: Ինչ էլ որ լինի, ամենակարևորը ձեր ամենօրյա գրաֆիկում աղոթքի համար ժամանակ հատկացնել և թույլ չտալն է, որ ինչ-որ բան ոտնահարի այն: Դա կարելի է անել աշխատանքի վայրում, ճանապարհին կամ տանը: Կազմեք կարգացուցակը և դարձրեք այն կրկնվող իրադարձություն ամեն օրվա համար: Բացի այդ, հիշե՛ք, որ աղոթք կարող է դառնալ մեր վերաբերմունքը բոլոր նրանց հանդեպ, ովքեր պատահում կամ շրջապատում են մեզ և, իհարկե, ցանկացած բարի գործը: «Ինչ էլ որ անելիս լինեք, լավ բան արեք, դուք դրանով կփառաբանեք Աստծուն», – ասել է Սուրբ Օգոստինոսը, իսկ Սուրբ Հովհաննես Մարիա Վիաննեյը արձագանքել է նրան. «Այն ամենը, ինչը մենք անում ենք առանց Աստծուն նվիրելու, ուղղակի վատնում է»:

     

    3. Աղոթեցե՛ք «Հիսուսի աղոթքը»

     

    Աստծուն ձեր առօրյա կյանքում ընդգրկելու մեկ այլ միջոց է՝ Հիսուսի կարճ աղոթքը կարդալը: Քրիստոնեական ուսմունքնծի ամփոփն այս հին աղոթքը նկարագրում է հետևյալ կերպ. «Հավատքի այս հասարակ կոչը շատ ձևերով զարգացավ Արևելքի և Արևմուտքի աղոթական ավանդույթի մեջ»: Ամենատարածված ձևը Սինայի, Սիրիայի և Աթոսի հոգևոր ճգնավորների փոխանցած բացականչությունն է.

    «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, ողորմիր մեզ՝ մեղավորներիս»:

    Այս աղոթքը Փիլիպ. 2, 6-11-ում գրված քրիստոնեական հիմնը միավորում է մաքսավորների և կույրերի խնդրանքի հետ: Այս աղոթքի միջոցով սիրտը հաղորդակից է դառնում մարդկանց տխրությանը և Փրկչի ողորմությանը» (2667): Դրա շատ կարճ ձևը պարզապես Հիսուսի սուրբ անունն ասելն է:

     

    Այս աղոթքը բազմիցս կրկնելը Աստծո գեղեցկության և ողորմության շուրջ խորհելու հիանալի միջոց է: Այն հազիվ մի քանի վայրկյան տևի, սակայն հսկայական հոգևոր ուժ ունի:

     

     

    4.Ուր էլ որ գնալիս լինեք, ձեզ մոտ Վարդարան ունեցեք

     

    Պարտադիր չէ, որ դուք Վարդարան աղոթեք, պարզապես այն կրեք ձեր գրպանում կամ պայուսակում: Այս ամենը տարօրինակ է թվում, սակայն կարող է ոգեշնչման կամ հանգստության աղբյուր դառնալ ամբողջ օրվա ընթացքում: Դուք ձեր ձեռքը կտանեք ձեր գրպանը բանալին հանելու համար, բայց դրա փոխարեն կհանեք Վարդարանը: Կամ էլ, միգուցե, ինչ-որ բան կփնտրեք պայուսակում և կգտնեք ձեր Վարդարանը: Սա Աստծո մասին պարզ հիշեցում է, որի օգնությամբ դուք կաղոթեք այն պահին, երբ ամենից շատ եք զգում Աստծո կարիքը:

     

    5.Աղոթեցե՛ք քնելուց առաջ

     

    Եթե դուք օրը սկսել եք Աստծո հետ, ապա Նրա հետ էլ պետք է ավարտել: Պարտադիր չէ, որ դրանք լինեն բարդ աղոթքներ, սակայն, որպես կանոն, դրանք կարող են լինել գոհաբանական: Աստծուն շնորհակալություն հայտնեք այդ օրվա համար և վաղը ավելի լավը դառնալու որոշում կայացրեք: Բազմաթիվ սրբեր մեծ փորձառություն ունեն այս առումով, որը շատ օգտակար է եղել նրանց համար: Սբ. Խոսեմարիան ասել է.

    «Գոնե օրը մեկ անգամ մտովի պատկերացրեք ձեր մահը՝ յուրաքանչյուր օրվա իրադարձություններն այս լույսի ներքո տեսնելու համար: Վստահեցնում եմ ձեզ, նման մտորումները կօգնեն ձեզ ձեռք բերել խաղաղության և հանգստության լավ փորձ»:

     

    Ինչպես տեսնում ենք, ցանկության դեպքում այս ամենը կարելի է իրականացնել: Առհասարակ, սրբություն շատ ավելի հեշտ կլինի ձեռք բերել, եթե դադարեք ինքներդ ձեզ վրա ճնշում գործադրել ՝ ցանկանալով մեկ րոպեում արմատապես փոխել ձեր կյանքը: Պարզապես ամեն օր մի փոքր ավելի սրտաբաց եղեք և հիշեք, որ խոհեմորեն օգտագործված ամեն մի պահը, կարող է մեզ տանել դեպի վերջնական նպատակը: Մեր դեպքում՝ դեպի Աստծուն:

     

    Աղբյուրը՝ каталогия ֆեսյբուքյան էջ,

    թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց