• Սուրբ Հաղորդությունը կյանքի հաց է մեղավորների համար

    Կյանքի Հացը բուժում է քարսրտությունը՝ սիրտը դարձնելով բարի ու հեզ


    «Այսօր մենք ընկալում ենք Աստծո զորությունը՝ մի կտոր հացի մեջ, որը լի է սիրով և ընկերակցությամբ», – ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածելիս՝ հունիսի 6-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հիսուսը հեզ ու խոնարհ վարմունքի միջոցով մեզ պարգևում է Իր ներկայության մեծագույն Խորհուրդը, որը մենք փառաբանում ենք Քրիստոսի Մարմնի տոնի ժամանակ. այս օրը այն նշվում է Իտալիայում և շատ այլ երկրներում: Հաղորդության ժամանակ Հիսուս դառնում է փխրուն, ինչպես բեկանված հացը, սակայն այդ ժեստի մեջ թաքնված է Նրա զորությունը: Այդ փխրունության մեջ սիրո ուժն է, որը դառնում է փոքր, որպեսզի այն առանց վախի ընդունվի: Սիրո ուժ, որը կոտրատվում և փշրվում է, որպեսզի սնուցի և կյանք պարգևի: Սիրո ուժ, որը վերածվում է մանր փշուրների՝ մեզ բոլորիս մեկ ամբողջություն դարձնելու համար:

     

    Եվս մի ուժ կա, որը դրսևորվում է Հաղորդության փխրունության մեջ, շարունակեց Սրբազան Քահանայապետը. ուժը սիրում է նրանց, ովքեր սխալներ են թույլ տալիս: Հենց այդ գիշեր, երբ Նրան դավաճանեցին, Հիսուս Իրեն տվեց մեզ որպես կյանքի հաց: Դավաճանությունը ամենամեծ տառապանքն է նրանց համար, ովքեր սիրում են: Այդ չարիքին Նա պատասխանում է Իր անհուն բարությամբ.

     

    «Հուդայի “ոչ”-ին Նա պատասխանում է ողորմած “այո”: Նա չի պատժում մեղավորին, այլ հանուն նրա Իր կյանքն է տալիս, վճարում է նրա համար: Նույն բանը Հիսուս մեզ հետ է անում, երբ մենք Հաղորդություն ենք ստանում. Նա ճանաչում է մեզ, գիտի, որ մեղավորներ ենք, Նա գիտի, որ մենք շատ սխալներ ենք թույլ տալիս, սակայն Նա չի հրաժարվում Իր կյանքը միավորել մեր կյանքի հետ: Նա գիտի, որ մենք դրա կարիքն ունենք, քանի որ Հաղորդությունը պարգև չէ սրբերի համար, ոչ: Դա մեղավորների՛ հացն է: Ահա թե ինչու է Նա խրախուսում մեզ. “Մի՛ վախեցեք: Ընդունե՛ք և կերե՛ք”»:

     

     

    Ամեն անգամ, երբ մենք ընդունում ենք կյանքի Հացը, շարունակեց Նորին Սրբությունը, Հիսուս նոր իմաստ է տալիս մեր անխուսափելի մարդկային թուլություններին: Նա հիշեցնում է մեզ, որ մենք ավելի արժեքավոր ենք, քան կարծում ենք: Նա կրկնում է, որ Իր ողորմածությունը զորավոր է մեր աղքատությունից: Նա գալիս է սիրով բուժելու այն հիվանդություններից, ախտերից, որոնք մենք ինքներս չենք կարող բուժել. վիրավորանքը նրանց հանդեպ, ովքեր մեզ չարիք են պատճառել, մեր մարդախույս լինելը և ինքնախղճահարությունը:

     

    «Հաղորդությունը արդյունավետ միջոց է նման տեսակ փակվածության դեմ, քանզի Կյանքի Հացը բուժում է քարսրտությունը՝ սիրտը դարձնելով բարի ու հեզ: Հաղորդությունը բուժում է, քանի որ այն մեզ միավորում է Հիսուսի հետ. այն օգնում է ընկալել Նրա կենսակերպը, Իրեն բեկելու, կոտրելու և եղբայրներին տալու, չարին բարությամբ պատասխանելու ունակությունը: Դա մեզ քաջություն է տալիս՝ դուրս գալու մեր սեփական սահմանափակումների շրջանակներից և սիրով խոնարհվելու ուրիշների թույլության առջև՝ այնպես, ինչպես Աստված է վարվում մեզ հետ: Սա է Հաղորդության տրամաբանությունը. մենք ընդունում ենք Հիսուսին, Ով սիրում է մեզ և բուժում է մեր թուլությունները, որպեսզի մենք ևս սիրենք ուրիշներին և օգնենք նրանց տկարության ժամանակ»:

    «Թող Սուրբ Կույս Մարիամը, Ում մեջ Աստված մարդեղացավ, օգնի մեզ երախտապարտ սրտով ընդունելու Հաղորդության պարգևը և մեր կյանքը պարգև դարձնելու ուրիշների համար», – ասաց Սրբազան Քահանայապետը խորհրդածության ավարտին:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց