• Սրբազան Քահանայապետի ուղերձը՝ գաղթականների և փախստականների 107-րդ համաշխարհային օրվա առթիվ

    «Այսօր Եկեղեցին կոչված է դուրս գալ փողոցների էքզիստենցիալ ծայրամասեր, որպեսզի բուժի վիրավորներին և փնտրի կորածներին»


    Մայիսի 6-ին Ն․ Ս․ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հրապարակեց ուղերձ՝ նվիրված գաղթականների և փախստականների 107-րդ համաշխարհային օրվան, որն այս տարի կնշվի սեպտեմբերի 26-ին։

     

    Ուղերձի սկզբում Նորին Սրբությունը հույս է հայտնում, որ կորոնավիրուսի համավարակից հետո «մենք կսկսենք ուրիշների մասին մտածել ոչ թե որպես «սրանց» կամ «նրանց», այլ՝ միայն ինչպես «մեր» մասին և վերականգնման ժամանակը չի դառնա խորասուզում «տենդագին սպառողականության և եսասիրական ինքնապահպանման» նոր ձևերի մեջ (Շրջաբերական Fratelli tutti, 35)։ Փաստաթղթի նպատակն է, համաձայն Սրբազան Քահանայապետի, նախանշել մեր ընդհանուր ճանապարհի հստակ հորիզոններն այս աշխարհում, որոնք ի սկզբանե արդեն առկա են եղել Աստծո ծրագրում․ Արարիչը մարդուն ստեղծեց տղամարդ և կին, տարբեր և փոխլրացնող էակներ, ովքեր կոչված են բազմացնելու սերունդները և միասին ձևավորելու «մենք»-ը։ Առերեսվելով մարդու անհնազանդությանն ու մեղքին՝ Աստված հաշտության ճանապարհ առաջարկեց ոչ թե առանձին մարդկանց, այլ՝ ամբողջ մարդկային ընտանիքին։ Այսպիսով փրկության պատմության մեջ «մենք» կանք թե՛ սկզբում և թե՛ վերջում, ընդգծում է Նորին Սրբությունը, իսկ կենտրոնում Քրիստոսի Խորհուրդն է, Ով մահացավ և հարություն առավ, որպեսզի «ամենքը մի լինեն» (Հովհ․ 17,21)։

     

    Ցավոք սրտի, պատմական ճգնաժամերը և համավարակի ներկայիս ժամանակները ցույց են տալիս, որ մարդկային համայնքը կոտրված և մասնատված է, վիրավոր ու այլանդակված. «պարփակված, ագրեսիվ ազգայնականությունը և արմատական անհատականությունը» բաժանում են մարդկանց ինչպես աշխարհում, այնպես էլ Եկեղեցու ներսում, ընդորում ամենաբարձր գինը վճարում են օտարերկրացիները, գաղթականները, լքյալները, էքզիստենցիալ ծայրամասերի բնակիչները: Սակայն «մենք բոլորս մի նավի մեջ ենք», ընդգծում է Սրբազան Քահանայապետը, կոչ անելով քրիստոնյաներին և բոլոր բարի կամքի տեր մարդկանց կառուցել միասնական մարդկություն, որը մասնատված չէ պատնեշներով և ուղղորդվում է դեպի առավել լայն «մենք»-ը։ Այս կոչը պետք է խրախուսի Կաթողիկէ Եկեղեցու անդամներին լինել «առավել հավատարիմ կաթողիկէ ինքնությանը», դառնալ մեկ մարմին և մեկ հոգի՝ որպես մեկ հույս, որի համար կանչված են բոլորը (տես՝ Եփես․ 4,4-5)։

     

    Եկեղեցու կաթողիկէությունը, ընդհանրականությունը անհրաժեշտ է կյանքի կոչել յուրաքանչյուր դարաշրջանում. ստեղծել միասնականություն՝ բազմազանության մեջ՝ ներդաշնակեցնելով տարբերությունները և երբեք չպարտադրելով միօրինակություն, որը դիմազրկում է։ Աստծո Սուրբ Հոգին մեզ ունակ է դարձնում միջմշակութային երկխոսության մեջ ընդունել ցանկացած օտարերկրացու, գաղթականի, փախստականի և դրանով ամրապնդել միսիոներական Եկեղեցին։ Յուրաքանչյուր մկրտված մարդ աշխարհի ցանկացած անկյունում տեղի եկեղեցական համայնքի և միասնական ընդհանրական Եկեղեցու լիիրավ անդամ է, ընդհանուր տան և միասնական ընտանիքի անդամ, ընդգծում է Նորին Սրբությունը․

     

    «Այսօր Եկեղեցին կոչված է դուրս գալ փողոցների էքզիստենցիալ ծայրամասեր, որպեսզի բուժի վիրավորներին և փնտրի կորածներին՝ առանց նախապաշարմունքի և վախի, առանց հավատորսության, սակայն վրան տեղադրելու և բոլորին ընդունելու պատրաստակամությամբ։ Ծայրամասի բնակիչների շրջանում մենք կգտնենք շատ գաղթականների ու փախստականների, ստիպողաբար տեղահանված անձանց և ժամանակակից ստրկավաճառության զոհերի, որոնց Տերը ցանկանում է հայտնել Իր սերն ու հռչակել Իր փրկության մասին»։

     

     

    Ժամանակակից միգրացիոն հոսքերը նոր միսիոներական սահմաններ են՝ Հիսուս Քրիստոսին և Նրա Ավետարանը հռչակելու արտոնյալ հնարավորություն: Այս պարագայում պետք չէ լքել միջավայրը՝ քրիստոնեության մասին վկայելու համար՝ միևնույն ժամանակ խորապես հարգելով այլ կրոնական դրսևորումները. «Հանդիպումները այլ հավատքի և դավանանքի գաղթականների ու փախստականների հետ պարարտ հող է անկեղծ և հարստացնող էկումենիկ և միջկրոնական երկխոսության զարգացման համար»:

     

     

    Սրբազան Քահանայապետը կոչ է անում աշխարհի բոլոր մարդկանց միասին գնալ դեպի առավել լայն «մենք»-ի և նորովի ստեղծել մարդկային ընտանիքը՝ կերտելով արդարության ու խաղաղության ապագա, որտեղ ոչ ոք չի մերժվելու: Սա է բազմազանության և միջմշակութային հարաբերությունների ապագան. ահա թե ինչու այսօր մենք պետք է սովորենք միասին ապրել եղբայրաբար: Կատարյալ է «նոր Երուսաղեմի» աստվածաշնչյան պատկերը (տես՝ Եսայի 60, Հայտն. 21,3), որտեղ բոլոր ժողովուրդները հավաքվում են միասին խաղաղության ու ներդաշնակության մեջ՝ փառաբանելով Աստծուն Իր ողորմածության և արարչագործության հրաշքների համար, գրում է Նորին Սրբությունը․

     

     

    «Այդ կատարելությանը հասնելու համար՝ մենք բոլորս պետք է վճռականորեն քանդենք մեզ բաժանող պատերը և կամուրջներ կառուցենք, որոնք խթանում են հանդիպման մշակույթը՝ գիտակցելով մեր միջև գոյություն ունեցող նվիրական, սերտ փոխադարձ կապերը։ Այս առումով ժամանակակից միգրացիոն գործընթացները մեզ հնարավորություն են տալիս հաղթահարել վախերն ու հարստանալ ամեն մի մարդուն ընձեռնված շնորհների բազմազանությամբ։ Այդ ժամանակ, եթե ցանկանանք, ապա կկարողանանք սահմանները վերածել հանդիպման արտոնյալ վայրերի, որտեղ կարող է աճել ավելի լայն «մենք»-ի հրաշքը»։

     

    Նորին Սրբությունը խնդրում է ժամանակակիցներին բարեխղճորեն օգտագործել Տիրոջ կողմից իրենց վստահված պարգևները՝ Աստծո արարչագործությունը պահպանելու և այն ավելի գեղեցիկ դարձնելու համար: Դրա համար անհրաժեշտ է դառնալ առավել պատասխանատու «մենք»՝ խորը համոզմամբ, որ բոլոր բարի գործերը կատարվում են ներկա և ապագա սերունդների համար։

    Այդ անձնական և կոլեկտիվ պարտավորությունը տանում է դեպի առավել կայուն, հավասարակշռված և ներառական զարգացման՝ տարբերություն չդնելով բուն բնակչության, օտարերկրացիների և հյուրերի միջև։ Խոսքն այստեղ ընդհանուր գանձի մասին է, և ամեն ոք կանչված է հոգ տանել դրա մասին ճիշտ այնպես, ինչպես օգտվում է դրա բարիքներից։

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է․ մենք չպետք է վախենանք միասին երազել «որպես միասնական մարդկություն, որպես մեկ ճանապարհի ճամփորդներ, որպես այս աշխարհի՝ մեր ընդհանուր տան որդիներ և դուստրեր»։

     

    Գաղթականների և փախստականների 107-րդ համաշխարհային օրվա կապակցությամբ ուղերձի ավարտին Նորին Սրբությունը աղոթեց, որպեսզի Տերը օրհնի «հյուրընկալության և օգնության ցանկացած ժեստ, որը վտարանդի մարդուն վերադարձնում է հասարակություն և Եկեղեցի, որպեսզի մեր աշխարհը դառնա բոլոր եղբայրների և քույրերի նախաստեղծ ընդհանուր տունը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց