• Ուխտագնացություն դեպի Պրահա.հայ երիտասարդները մասնակցել են միջհարանվանական հանդիպմանը

    Ուխտագնացություն դեպի Պրահա.հայ երիտասարդները մասնակցել են միջհարանվանական հանդիպմանը


    2014թ. դեկտեմբերի 29-ից 2015թ. Հունվարի 2-ը Գյումրիի հայ կաթողիկե համայնքի երիտասարդների մի փոքրիկ խումբ հնարավորություն ունեցավ մասնակցելու Թեզե համայնքի կողմից Պրահայում կազմակերպված երիտասարդական միջհարանվանական ամենամյա հանդիպումներին և միասնական աղոթքներին: Թեզեի հանդիպումները քրիստոնյա երիտասարդներին միավորող, Քրիստոսի հիմնած Մեկ Եկեղեցին վերստին իրականություն դարձնելու, եղբայրության միջոցով խաղաղություն հաստատելու ուղղությամբ անփոխարինելի մեծ քայլ է, իսկ հայ երիտասարդի համար այդ հանդիպումներին մասնակցելը եզակի փորձառություն է և լիցք՝ կառուցելու սեփական հոգևոր ներքին մարդուն:

     

    Թեզե համայնքը և երիտասարդական հանդիպումների նախաձեռնությունը

     

    Թեզե (Taize) համայնքը քրիստոնեական տարբեր հարանվանություններից սերող վանական եղբայրների միություն է: Հիմնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին, Ֆրանսիայում, եղբայր Roger Schutz-ի կողմից, ով սերում էր բողոքական ընտանիքից և սկզբում նպատակ էր դրել պարզապես օգնել պատերազմից տուժածներին և քարոզել Ավետարանը: Ֆաշիստական ռեժիմի տարիներին նրա կողքը համախմբվեցին ևս մի քանի նվիրյալներ: Այսպես, 1949թ.ձևավորվեց Թեզեի փոքրիկ եղբայրությունը: Եղբայր Ռոժեն ստեղծեց եղբայրության կանոնադրությունը, բոլորն ուխտեցին չամուսնանանալ և իրենց կյանքը նվիրել Քրիստոսին, բոլոր հավատացյալներին ի Քրիստոս միավորելու միասնական ջանքերին և աղոթքին: Անցյալ տասնամյակների ընթացքում Թեզեի եղբայրների թիվն անցավ 100-ից, նրանց շարքերում կան տարբեր քրիստոնեական հարանավանությունների և ազգությունների ներկայացուցիչներ, ապրում են էկումենիզմի ոգով՝ իրենց շարքերում հարթելով հարանվանական տարբերությունները և շեշտելով այն ամենն, ինչ միավորում է: Միաբանության ներկայիս առաջնորդը եղբայր Ալոիսն է (Alois), սերում է կաթողիկե ընտանիքից: Եղբայր Ալոիսը երկար տարիներ կազմակերպել է հարյուր հազարավոր ուխտավոր երիտասարդների  այցելություններ դեպի Թեզե, միասնական աղոթքներ ու երկխոսության զարգացմանը նպաստող միջոցառումներ: Ամեն տարի Թեզեում են հավաքվում և միասին աղոթում են 100.000-ից ավելի երիտասարդներ ոչ միայն զարգացած այլև զարգացող երկրներից, աշխարհի բոլոր մայրցամաքներից: Տարեվերջին կազմակերպվում է նաև հանդիպումներ այլ երկրներում.2014-2015թթ.հանդիպումը, ինչպես նշեցի, կազմակերպվեց Չեխիայում:

     Մեզ՝ հայերիս համար մեծ երջանկություն էր լինել մի մասը Պրահայում միասնական աղոթքի համար հավաքված մոտ 23.000 երիտասարդների, կիսել միասնության, եղբայրության և համերաշխության այն ոգին, որը տիրում էր Պրահայի լայնարձակ տաճարներում և դահլիճներում, չեխի, գերմանացու, պորտուգալացու, ռուսի, գերմանացու, ֆրանսիացու, աֆրիկացու, չինացու և այլ ազգերի ներկայացուցիչերի, բողոքականի, ուղղափառի հետ միասին աղոթել ու խորհրդածել Ավետարանի մասին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանների մասին, միասին զրուցել ու խորհել խաղաղության հաստատման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության, ընդհանուր խնդիրների, ընդհանուր կրոնական ու մշակութային ժառանգության մասին, ի վերջո, հասկանալ, թե ով է դիմացինը, ինչ է մտածում նույն Տիրոջ մասին, նույն Եկեղեցու մասին, ինչպես է իր կյանքում ապրում Ավետարանը, ինչպես է կարողանում հետևել ավետարանական պատվիրաններին ներկայիս բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում, որոնք շատ դեպքերում ընդհանուր են: Ավետարանի հատվածների և եղբայր Ալոիսի խոսքերի քննարկման համար կազմվում էին առանձին խմբեր, որտեղ երիտասարդները քննարկում էին ամենատարբեր հարցեր, գալիս ընդհանուր եզրակացությունների և պարզապես անմիջականորեն շփվում միմյանց հետ: Պորտուգալացի մի խումբ երիտասարդների հետ, օրինակ, ջերմ հարաբերություններ հաստատվեցին և որոշեցինք համացանցի միջոցով մշտապես մտքեր փոխանակվել և քայլեր ձեռնարկել ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ՝ առաջարկներով և քարոզչությամբ: Սա Թեզեի նպատակաների մի մասն է՝ երիտասարդների համար ստեղծել երկխոսության պարարտ հող, որը կօգնի հաղթահարել տարբերությունների բացասական երանգավորումները և ուղիներ փնտրել դեպի միասնությունը: Եղբայր Ալոիսը 2015թ. հունվարի 1-ի իր խորհրդածության մեջ ասում էԻնչպե՞ս կարող ենք միավորվել մեկ տանիքի տակՏեղի համայնքներում կարող ենքմիասին աղոթել, միմյանց օգնել, միմյանց ավելի լավ ճանաչելՅուրաքանչյուր համայնք այլ հարանվանության քրիստոնյաների հետ միասին պետք է անի այն ամենն, ինչ հնարավոր է անել միասին…Միասին ապրելով և աղոթելով՝ առանձին աստվածաբանական հարցերն էլ այլ կերպ կդիտվեն»: Ալոիսը շեշտում է նաև Սրբազան Քահանայապետի առանձնակի դերի մասինՀաղորդութենական միության ծառայությունը համաշխարհային մակարդակում միշտ կապված է Հռոմի Եպիսկոպոսի հետ: Արդյո՞ք նա չի կարող ճանաչվել որպես մի սպասավոր, ով հոգում է իր եղբայրների և քույրերի համաձայնության մասին: Արդյո՞ք եկեղեցիների համար հնարավոր չէ այդ ծառայությանը վերաբերվելու այլ ճանապարհներ պատկերացնել»:

     Թե աղոթքների և թե խորհրդածությունների ժամանակ միշտ կարևորվում էր Հիսուսի հետևյալ խոսքերը.«Դու՛ք եք երկրի աղը»: Երիտասարդի համար, ով աղոթում է այլազգի և այլ հարանվանության տարեկիցներին հետ միասին,  դա շատ հստակ ուղերձ է՝ դուրս գալու հարմարավետության և եսակենտրոնության միջավայրից և պատասխանատվություն ստանձնելու՝  որպես ճշմարիտ քրիստոնյա, որպես Հիսուսի ճշմարիտ աշակերտ՝ հասկանալով իր առաքելական կոչումը, այն ինչ Աստված ակնկալում է յուրաքանչյուրից՝ իր անսահման սիրո և գթասրտության փոխարեն, իր պարգևած շնորհների փոխարեն:

     

    Ի՞նչ է նշանակում աղոթել Պրահայում

     

     Այս հարցին պատասխանելու համար մի փոքր պատմական անդրադարձ է հարկավոր Չեխիայի մասին: Մինչև 1945թ. կոմունիստական կուսակցության միահեծան տիրապետության տակ անցնելը Չեխիան (կամ՝ Բոհեմիայի թագավորությունը), որը մի մասն էր Հռոմեական Սրբազան Կայսրության, Ավստրո-Հունգարիայի կայսրության, հյուծվել էր քաղաքացիական պատերազմներից ու միջհարանավանական հակամարտություններից, որոնք պարտադրվում էին կայսրերի և բողոքական ծայրահեղական բարեփոխիչների կողմից՝ սկսած հատկապես 15-րդ դարից, երբ երկրում սկսվեց Յան Հուսի և նրա հետևորդների գլխավորած հեղափոխությունը: Եղբայրասպանությունը՝ կրոնական քողի տակ խլեց հազարավոր կյանքեր, նսեմացրեց հավատքի կյանքը, ծնեց հավատքի նահատակներ, սրբեր, որոնց մինչ օրս հիշում է չեխ ժողովուրդը: Քամված և ամայացած հոգևոր ներաշխարհով չեխ ժողովուրդը 1945-1989թթ.հարկադրվեց իր ուսերին կրելու կոմունիստների անաստվածության ծանր բեռը՝ հավատքի դաժան հալածանքներ, հոգևորականների ու վանականների աքսոր, որի հետևանքը եղավ այսպես կոչված «ստորգետնյա եկեղեցու» ձևավորումը: Չեխոսլովակիայում կոմունիստները գործում էին նույն ձեռագրով, ինչ Հայաստանում կամ նույն ճամբարի ցանկացած այլ երկրում: Այդ իմաստով հայերիս համար առավել հետաքրքիր էր տեսնել այդ ամենի հետևանքները և գտնել համանմանությունները Հայաստանի հետ՝ ավելի լավ հասկանալով չեխ ժողովրդի հոգեբանությունը, սպիներն ու մի ստվար խմբի անհավատության բուն պատճառները: Գեղեցիկ հին գոթական տաճարներից մի քանիսը այդ տարիներին փորձ է արվել փակել նորակառույց տգեղ շինություններով: Հոգևորականներին, վանական եղբայրներին ու միանձնուհիներին աքսորել են երկրից՝ որպես «ժողովրդի թշնամիներ» կամ հարկադրել աշխատել ծանր ֆիզիկական աշխատանքներում: Բենեդիկտյան միաբանության մեծավորը պատմեց, թե իրենց եղբայրներին հարկադրել են աշխատել հարևան թաղամասի բնակելի շենքերի շինարարության վրա, իսկ միաբանության շենքը դարձրել ոստիկանության շենք: Կաթողիկե հոգևոր ճեմարանի շենքում այդ տարիներին տեղակայված է եղել ՊԱԿ-ի գրասենյակը, իսկ հիմա շենքում դարձյալ ճեմարան է և աստվածաբանության ֆակուլտետ: Սեմինարներից մեկի ժամանակ պատմաբանը պատմեց, որ գաղտնի Եկեղեցին Պրահայում գոյատևել է գերմարդկային ճիգերի շնորհիվ.քահանաները ծպտված են եղել, Պատարագ մատուցել են գաղտնի, ինչպես հռոմեական կատակոմբերում: Բանտային պայմաններում սուրբ խորհուրդները մատուցելու համար ձեռնադրվել են նաև ամուսնացյալ քահանաներ, ինչը Չեխիայի կաթողիկե եկեղեցում արգելված է եղել և այսօր էլ արգելված է.պարզապես կոմունիստները չէին ստուգում ամուսնացած տղամարդկանց: Նույնիսկ 5 կամ 6 կին քահանաներ են ձեռնադրվել մի եպիսկոպոսի կողմից՝ կանանց բանտում սուրբ խորհուրդներ մատուցելու համար: Այդ կանայք ռեժիմի փլուզումից հետո այլևս չեն քահանայագործել: Ուրեմն, աղոթել Պրահայում՝ նշանակում է աղոթել՝ ի գիտություն ընդունելով այդ հալածանքներին զոհ դարձած հազարավոր քրիստոնյաների տառապանքները, հասկանալով դրանք և վերապրելով որպես հայ, որպես մասնիկը մի ժողովրդի, ով ևս, կրելով անաստվածության հալածանքների հարվածները, այսօր հոգևոր վերելք է ապրում: Աղոթել Պրահայում՝ նշանակում էր աղոթել, որ այդ հազարավոր հալածյալների տառապանքները ի զուր չանցնեն, աղոթել, որ Չեխիայի քրիստոնյաները ևս կարողանան վերակերտել իրենց հոգևոր տաճարը, որ նրանց եկեղեցիները դարձյալ լցվեն ոչ միայն հազարավոր օտարազգի ուխտավորներով, այլև՝ տեղի հավատավոր բազմությամբ, որ վերջապես կարողանան հաղթահարել միջհարանվանական ատելության դարավոր պատնեշը և կարողանան կառուցել մեկ և միասնական Եկեղեցի:

     Քայլում էինք Պրահայի այն նույն փողոցներում, որտեղ 1989թ. նոյեմբերին տեղի ունեցավ Թավշյա Հեղափոխությունը և հիշում նույն թվականին Հայաստանում ծավալված հեղափոխական տրամադրությունը: Չեխիայում ևս, ինչպես Հայաստանում, փոփոխությունը սկսեցին ազատամիտ, կամ կոմունիստական տերմինով «դիսիդենտ» մտավորականները, որոնցից էր Չեխիայի առաջին նախագահ, գրող, մարդու իրավունքների պաշտպան Վացլավ Հավելը: Բայց հեղափոխությունը կատարեցին և երկիրը, հոգևոր մթնոլորտը այլ ուղիների վրա դրեցին նոր հույսով ու ավյունով լի երիտասարդները: Հեղափոխությունը սկսվեց համալսարաններում և թատրոններում: Երբ կարդում ես այդ հեղափոխական երիտասարդների օրագրերը և հասկանում, թե ինչ մեծ ակնկալիքներով և ինչ վճռակամության էին նրանցից յուրաքանչյուրը սկսում փոխել իրենց ու իրենց երկրի ապագան, ուզում ես, նույն ավյունով այսօր էլ ձեռնամուխ լինել դեպի լուսավոր հորիզոններ տանող մի նոր՝ ներքին հեղափոխության, հոգևոր հեղափոխության՝ ոգեշնչված Ավետարանով, Աստուծոյ Արքայության ուրախությամբ: 1989թ. իր ապագայի համար ոտքի ելավ թե չեխ երիտասարդը և թե հայը, մեկը՝ Պրահայի փողեցներում, մյուսը՝ Երևանի, երկուսն էլ ազատություն էին տենչում և երկուսն կարողացան հասնել իրենց նպատակին.բայց ի՞նչ մնաց նրանց կառուցած ազատությունից.հոգևոր զարթոնքը արգելակվում է բարոյալքմամբ, հոգևոր արժեքների ոտնահարմամբ, հուսահատությամբ, անհատապաշտության մոդեռն հոսանքների ազդեցությամբ, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով, որոնք հետևանք են կոռուպցիայի և շահամոլության արմատացման: Հայ և չեխ երիտասարդները այսօր կանգնած են պատասխանատվություն ստանձնելու պարտադիր ընտրության առջև՝ պատասխանատվություն ստանձնել որպես քրիստոնյաներ, որպես Քրիստոսի Բարի Լուրի ավետաբերներ, որպես Ավետարանի ուրախության քարոզիչներ, ովքեր իրենց ժողովրդի փրկությունը տեսնում են միա՛յն Աստուծոյ հանդեպ անվերապահ սիրո և վստահության մեջ:

     

    Շնորհակալություն ենք հայտնում Պրահային մերձակա Ռոստոկի համայնքի անդամներին և ժողովրդապետ Հ. Պյոտր Բուբենիչեկին՝ հայ ուխտավորներիս տրանսպորտի և բնակության ծախսերը հոգալու և ջերմորեն հյուրընկալելու համար, ինչպես նաև՝ Տ. Գրիգոր ավհն. Մկրտչյանին՝ հայ երիտասարդներին նման հնարավորություն ընձեռելու համար:

    Լևոն Գալստյան

    640px-Saint_Vitus_Cathedral_in_Prague 640px-St_Vitus_Cathedral_from_south  10406579_767349003351728_8956054762380760241_n 10515117_767349300018365_4153448005702953363_o 1280px-St_Vitus_stained_glass 10710377_767349443351684_5582784530666438126_o 10818227_768800803206548_233276013046863841_o 10835359_768799896539972_5548339784927814678_o 10887106_767351650018130_5349922386978195896_o 10896174_408244616005423_2936052909829847260_o 10896202_767350220018273_2728637219549833191_o 10903877_768800839873211_125409057927559417_o 10904109_768805863206042_5070506975345902749_o 10906042_768800576539904_6708475172143374258_n 10906216_768800806539881_246233409963505261_n

     

Օրացույց

Օրացույց