
Սրբության անմար մի լույս՝ հայ իրականության մեջ
Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանն իր մասնակցությունը բերեց Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հուշադրամի ներկայացման և Մխիթարյան Միաբանության ցուցահանդեսի բացման արարողությանը, որը տեղի ունեցավ Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանում՝ 2026թ. մարտի 28-ին: Սրբազան Հորն ուղեկցում էր Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանը: Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն տկն. Սուսաննա Խոջամիրյանը, որից հետո իր շնորհավորական ուղերձով ներկաներին դիմեց Սրբազան Հայրը և ասաց հետևյալը.
«Մեծ հուզումով է, որ այսօր ձեզ հետ եմ՝ այսպիսի մեծ անձնավորության նվիրված այսօրվա միջոցառմանը: Չգիտեմ, թե վերջին երեք հարուր տարիներին ուրիշ ում մասին է այսքան հիշատակվում հայ ազգի հավաքական հիշողության մեջ, որքան Մխիթար Սեբաստացի Աբբահոր: Այս անձը յուրահատուկ է, որ այնպիսի մի դրոշմ է թողնել այս երեք հարյուր տարիների ընթացքում, որ միշտ հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնում է: Բայց ես այսօր ուզում եմ առավել ձեր ուշադրությունը հրավիրել Մխիթար Սեբաստացու սրբության վրա, քան թե նրա թողած հսկայական մշաակութային ժառանգության վրա: Գիտեք, որ Կաթողիկէ Եկեղեցին հատուկ մի գործընթաց ունի՝ որևէ անձի Ընդհանրական Եկեղեցու սուրբ հռչակելու համար, և հիմա Մխիթար Աբբահոր սրբադասման գործընթացը բավական լավ է առաջ ընթանում: Հուսանք, որ մոտ ապագայում դա անպայման տեղի պիտի ունենա: Կուզենայի ասել, որ մեր հավաքական գիտակցության մեջ սուրբի և սրբության գաղափարը միշտ ընկերանում է հատուկ կարողության, օրինակ՝ հիվանդություններից բուժման հրաշքներին: Մխիթիար Աբբահոր պարագայում հիվանդությունների բուժման հիշատակություններ չկան, բայց ինքը և իր ընկերակից միաբանները, նրա աշակերտները ժրաջան մշակներն ու պահապանները եղան հայ մշակութային հսկա ժառանգության: Սա ևս սրբության հռչակման մի ճանապարհ է, որ Եկեղեցին անշուշտ ի նկատի առնում է մեծ ուշադրությամբ և սիրով: Անհերքելի է նաև Մխիթար Աբբահոր անձնական կյանքի սրբությունը, սրբակեցություն, որը լռության մեջ է մինչ օրս, չի բարձրաձայնվում մխիթարյան հայրերի կողմից: Բայց պետք չէ, որ մեր տեսադաշտից հեռու մնա այս թաքնված սրբությունը՝ հայ մշակույթին նվիրված խոնարհ անձի սրբությունը: Մխիթար Աբբահայրը սրբի տիպար է, որը պետք է ընդունել որպես կտակ և առատացնել, շարունակել: Նաև հատկանշական է, որ իր ամբողջ սուրբ առաքելությունը կատարել է օտար ափերում՝ աննկարագրելի դժվարություններով: Չգիտեմ, թե ուրիշ ինչ ժողովուրդ կա աշխարհում, որ հայի չափ պաշտամունք է ունեցել իր ու գրականության և այդ ոլորտի մշակների նկատմամբ: Հուսով ենք, որ Մխիթարյան Միաբանության վանքերում դեռ պիտի լինեն շատ երիտասարդեր, ովքեր կհագնեն Մխիթար Աբբահոր սքեմը և գոտին և կանցնեն ծառայության հայ ազգին և Աստծուն»:
Ելույթներ ունեցան նաև ՀՀ-ում Իտալիայի դեսպան պրն. Ալեսսանդրո Ֆերրանտին, ով գեղեցիկ արտահայտությամբ բնորոշեց, թե Մխիթար Աբբահայրը մի տեսակ կամուրջ է Հայաստանի և Իտալիայի միջև: Նա շեշտեց, որ Սեբաստացին նորություն բերեց հայ մշակույթի զարգացման մեջ, որի մասին խոսում են ոչ միայն հայերը, այլև իտալացիները: Իտալացիները Հայաստանը ճանաչում են նաև Մխիթար Աբբահոր միջոցով: Դեսպանը եղել է Սուրբ Ղազար կղզում և ճանաչել է Մխիթարյան հայրերի ժառանգությանը, որը հայկական խոր հետք է Իտալիայում:
Դեսպանից հետո ներկաներին իր խոսքով դիմեց նաև Մխիթարյան միաբան Գերպ. Հ. Գևորգ Վրդ. Սարգսյանը, ով կազմակերպել է միաբանության ցուցահանդեսը: Նա անդրադարձավ, թե Մխիթարը՝ որպես Աստծո մարդ, իր կյանքն ապրեց մեկ նպատակի՝ Աստծո փառքի և իր ազգին ծառայելու համար: Մխիթար Աբբահայրը նպատակադրվեց ազգի լուսավորության համար նախևառաջ գրքեր հրատարակելու: Առաջին գիրքը, որ հրատարակեց շատ դժվարին պայմաններում, «Նմանություն Հիսուսի» գրքի հայերեն թարգմանությունն էր՝ 1700թ. Պոլսում: Հետագա տարիներին՝ 1715թ.-ից հետո, երբ արդեն միաբանությունը հաստատվեց Վենետիկում, մինչև իր կյանքի ավարտը հրատարակել է 54 գիրք, որից 14-ն իր անձնական աշխատություններն են, օրինակ՝ Աստվածաշունչը, Հայկազյան բառագիրքը, Քերականությունը և այլն: Մխիթար Աբբահայրն ունի նաև անտիպ գործեր, որոնցից մի քանիսն այս տարի մխիթարյան հայրերն ուզում են հրատարակել: Հայր Սուրբը շեշտեց, որ Մխիթար Սեբաստացին իսկապես սիրահարված էր Քրիստոսին և այդ սիրուց մղվելով է, որ նա կարողացավ ծառայել հայ ազգին և այդպիսով՝ Քրիստոսի Եկեղեցուն: Նա իր աշակերտներին սովորեցնում էր, որ եթե չձգտեն նմանվել Քրիստոսին, ապա չեն կարող լինել նաև իր աշակերտները:
Միջոցառման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից ներկաներին խոսք ուղղեց նաև Հ. Ասողիկ աբեղա Կարապետյանը, ընթերցվեց նաև Հայաստանում և Վրաստանում Պապական Նվիրակ Արքեպիսկոպոս Արհ. Տ. Անտե Յոզիչի խոսքը, քանի որ դեսպանն անձամբ չկարողացավ ներկա գտնվել:
Կենտրոնական բանկի կառավարչի խորհրդական պրն. Դավիթ Նահապետյանը ներկայացրեց Մխիթար Սեբաստացու պատկերով նորահատ հուշադրամը, որից մեկ օրինակ Հ. Գևորգ Վրդ. Սարգսյանը նվիրեց նաև Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանին:
Պաշտոնական ելույթներից հետո տեղի ունեցավ երաժշտական մասը. երգվեցին Մխիթար Սեբաստացու տաղերը՝ 1․ Գովեալ դասուց, 2․ Անճառին խորան, 3․ Երանուհի և Մխիթարյան Հայր Վահան Հովհաննիսյանի իտալերեն լեզվով գրված Testamento (կտակ) երգը, որը հնչեց առաջին անգամ, կատարող՝ ՀՀ վաստակաւոր արտիստ, օպերային երգչուհի՝ Մագդա Մկրտչյան, դաշնակահարուհի՝ Ռուզաննա Բաբայան:
Ապա տեղի ունեցավ Մխիթարյան Միաբանության պատմությանը, Մխիթար վարդապետի հրատարակություններին և վերջին 70 տարիներին միաբանության հատած մեդալների հավաքածուին նվիրված ցուցահանդեսի բացումը։
Մարտի 31-ին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը, Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանի հետ միասին այցելեց ՀՀ Կենտրոնական բանկ և իր երախտագիտությունը հայտնեց Մխիթար Սեբաստացու հուշադրամի հատման համար բանկի ղեկավարության ցուցաբերած սիրահոժար պատրաստակամության համար՝ այն համարելով կարևոր քայլ Մխիթարյան Միաբանության և Հայ Կաթողիկէ Եկեղեցու հոգևոր-մշակութային ժառանգությունը արժևորելու համատեքստում: Կենտրոնական բանկի ղեկավարությունը ևս Սրբազան Հորը նվիրեց Մխիթար Սեբաստացում հուշադրամը:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
30 մարտի, 2026թ.




