• Սուրբ Սարգիսը և երիտասարդական ընդհանուր հավաքը՝ Տիրամայր Հայաստանի կենտրոնում

    Եկե՛ք յուրաքանչյուրս ինքներս մեզ ասենք. «Ես կարո՛ղ եմ լինել սուրբ»


    Նահատակ, երիտասարդների հովանավոր, ամուր հավատքի պաշտպան Սուրբ Սարգսի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինակիցների տոնն այս տարի Աշոցքի մեր հինգ կաթողիկէ գյուղերի՝ Մեծ Սեպասարի, Բավրայի, Ղազանչիի, Սիզավետի և Սարագյուղի երիտասարդների համար նշանավորվեց մի օգտակար հավաքով, որ կազմակերպեցինք Գյումրիում՝ Տիրամայր Հայաստանի կենտրոնում, Անարատ Հղության հայ միաբան քույրերի հետ միասին: Հավաքին մասնակցեցին 13-30 տարեկան 70 պատանիներ և երիտասարդներ:

     

    Նախ մատուցեցինք Սուրբ Պատարագը՝ երիտասարդների դիտավորությամբ և խնդրելով Սուրբ Սարգսի, նրա որդու և զինակիցների բարեխոսական աղոթքները նրանց համար: Քարոզիս ընթացքում պատմեցի Վարք Սրբոցի ավանդական վկայությունը՝ այս սրբերի մասին, հատուկ ուշադրություն հրավիրեցի Սուրբ Սարգսի՝ հավատքի մեջ անխախտ լինելու, հեթանոսական աշխարհում համարձակ վկայելու և մինչև վերջ Քրիստոսի սիրույն հավատարիմ մնալու սկզբունքայնության պատմական փաստի վրա, որի մասին մտածելը շատ կարևոր է մեր օրերում, երբ այնքա՜ն պակասում է արմատականությունը և անսասանությունը՝ հավատքի և հոգևոր արժեքների մեջ: Ս. Պատարագի ավարտին խնդրեցինք օրվա սրբերի աղոթքները երիտասարդների համար, որպեսզի նրանք առաջադիմեն աղոթական ջերմեռանդության մեջ, սրբակեցության մեջ, զարդարվեն աստվածային շնորհներով և առաքինություններով, ամեն ժամ լինեն ավելին Աստծո առաջ, ըստ առաքյալի խոսքի, իսկ նրանք, ովքեր անտարբերության թմբիրի մեջ են, արթնանան քնից և սկսեն ապրել թարմ հոգևոր կյանքով:

     

     

    Ս. Պատարագից հետո երիտասարդների հետ միասին Տիրոջը գոհություն հայտնելով՝ ըմբոշխնեցինք քույրերի և նրանց խոհարակական դպրոցի սաների հյուրասիրած ճաշատեսակները:

     

    Ապա տեղի ունեցավ հետաքրքիր մի զրույց-քննարկում՝ «Երիտասարդների դերը՝ համայնքի հոգևոր զարգացման մեջ» թեմայով: Նախ ներկայացրեցի մի խորհրդածություն՝ Հովհաննես Ավետարանչի ընդհանրական թղթի հետևյալ համարի շուրջ՝ «Երիտասարդներ, գրեցի ձեզ, որովհետև դուք ուժեղ եք, և Աստծո Խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին», Ա Հվհ. 2, 14: Ուշադրություն հրավիրեցի այս համարի երեք մասերի վրա՝ առանձին-առանձին՝ շեշտադրելով հետևյալը.

     

    «Դուք ուժեղ եք.

    -աստվածային շնորհով,

    -Քրիստոսի ներկայությամբ ձեր մեջ,

    -սրբությամբ»:

    Խոսեցինք, հատկապես, սրբության համընդհանուր առաքելության և աստվածային հրավերի մասին՝ հղում անելով նաև սրբերի մի քանի մտքերի.

     

    -Աստված քեզ ստեղծել է իր պատկերով և նմանությամբ

    և կամենում է,

    որ դու լինես սուրբ:

     

    «Սրբությունը շքեղություն չէ՝ նախատեսված միայն քչերի համար: Դա յուրաքանչյուրի պարտականությունն է՝ քոնը և իմը», Մայր Թերեզա:

     

    Չարին կարելի է հաղթել միայն աստվածային շնորհի օգնությամբ, սրբակենցաղ վարքով և Աստծո խոսքը մարմնավորելով՝ անհատական և հասարակական վարքագծում: Այս վերջին կետի շուրջ ծավալեցինք քննարկում:

     

    Քույր Մարիամ Հարությունյանը, ով մեր համայնքներում կանոնավոր կերպով ինձ հետ միասին աշխատում է պատանիների և երիտասարդների հետ, խոսեց երիտասարդների՝ անտարբերության տրամադրությունից դուրս գալու և եկեղեցական կյանքում ակտիվ դերակատարություն ստանձնելու անհրաժեշտության մասին: Ք. Նարինեն պատմեց մեր համայնքներում իր աշխատանքային փորձառության մասին և մի քանի օգտակար խորհուրդներ տվեց: Երիտասարդները ևս արտահայտեցին իրենց կարծիքներն ու առաջարկությունները, թե ինչպես կարելի է առավել զարգացնել անհատական և համայնքային հոգևոր կյանքը: Պետք է ասեմ, որ յուրաքանչյուր առաջարկություն մեզ համար շատ արժեքավոր է, և միասին աստիճանաբար կիրականացնենք և կհարստացնենք բոլոր օգտակար առաջարկները:

    Չէինք կարող չհիշել և մեր նահատակ ընկերներին. երիտասարդներից մեկը՝ Կատյան, հիշեց նաև 2020թ. արցախյան պատերազմում զոհված մեր նահատակ երիտասարդներից Գնելին, որ երեք տարի առաջ Բավրայում երիտասարդական միջոցառման ժամանակ կատարում էր Սուրբ Սարգսի դերը և նրա նման դարձավ մի նահատակ զինվոր:

     

    Հոգևոր իմաստով կառուցողական այս զրույցից հետո առավել անմիջական զրույց ծավալվեց թեյի և սուրճի սեղանի շուրջ, լսեցինք նաև Տիրամայր Հայաստանի կենտրոնի սաների պատրաստած խոսքը՝ Սուրբ Սարգսի տոնի մասին:

     

     

    Քույր Մարիամը երիտասարդների համար կազմակերպեց նաև հաճելի միասնական խաղեր, երգի մրցույթ, որով և եզրափակեցինք մեր հանդիպումը: Շարունակությունը ծրագրում ենք իրականացնել ավելի փոքրաթիվ, բայց տևական հոգևոր հավաքների տեսքով:

     

    Շնորհակալություն՝ Անարատ Հղության հայ քույրերին, մասնավորապես, ք. Մարիամ Հարությունյանին և երիտասարդներին՝ այս գաղափարի իրականացմանը սիրով աջակցելու համար:

     

     

    Աստված օրհնի բոլորիս՝ նոր ստեղծարար մտահղացումներով, որոնք, վստահ եմ, ահռելի շատ կլինեն, քանի որ մենք մենակ չենք. Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ դեպի նոր հորիզոններ:

     

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց