«Ու՞ր է քո եղբայրը, Կայե՛ն»
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան տոնը Եկեղեցական տարվա թե ամփոփն է և թե սկիզբը: Հավատացյալի համար տարին սկսվում և ավարտվում է Հիսուս Քրիստոսով: Ամբողջ տարվա ընթացքում քրիստոնյան Եկեղեցում վերապրում է Քրիստոսի կյանքի բոլոր դրվագները, նրա հետ վերածնվում, իր սրտում տեղ տալիս մանուկ Հիսուսին, մեծանում նրա հետ միասին հավատքի և բարի գործերի մեջ՝ սնվելով Տիրոջ խոսքով, ապա չարչարանակից լինելով Տիրոջը, նրա հետ մեռնելով և հարություն առնելով՝ ամեն անգամ նորոգելով մեր «ներքին մարդուն», ինչպես գրում է Պողոս առաքյալը և մեկ քայլով ևս գերազանցելով մեր իսկ հոգևոր նկարագիրը մինչև Քրիստոսի կատարյալ հասակին հասնելը: Սբ. Ծննունդը ազդարարում է աստվածային խաղաղության մուտքը եկրային կյանք, որը եղավ Հիսուս Քրիստոսի մարդեղությամբ: Քրիստոս աշխարհին բերեց խաղաղության բոլորովին նոր մի ընկալում, որը մարդու փրկության և ներքին ու արտաքին ներդաշնակության միակ գրավականն է և որին առանց Տիրոջ հանդեպ հավատքի և առանց Տիրոջ կամքին հնազանդվելու հնարավոր չէ հասնել: Պապական քարոզիչ, ֆրանցիսկայն միաբան, աստվածաբան Ռանիերո Քանթալամեսսան իր Սբ. Ծննդյան թեմայով իր քարոզում խոսում է հորիզոնական և ուղղահայաց խաղաղության մասին, առաջինը Աստուծոյ հետ մարդու խաղաղությունն է, որից կախված են խաղաղության բոլոր մյուս ձևերը՝ խաղաղությունը մարդու հոգում և մարդու և մյուս արարածների միջև: Երբ Ադամն ու Եվան հաշտ էին Աստուծոյ հետ, նրանք խաղաղ էին նաև իրենք իրենց մեջ, նրանց հոգին ու մարմինը հաշտ էին իրար հետ, այսինքն՝ մեր էին և չէին ամաչում, բացատրում է քարոզիչը, Ադամն ու Եվան հաշտ էին նաև իրար հետ և բոլոր արարածների հետ, իսկ երբ ապստամբեցին Աստուծոյ դեմ, ամեն բան նրանց համար վերածվեց պայքարի, կորավ խաղաղությունը: Բայց Քրիստոսի մարդեղությամբ ոչ թե մարդը հաշտություն խնդրեց Աստծուց, այլ Աստված ինքը խնդրեց մարդուն՝ հաշտվել Իր հետ, վերադառանալ իր հայրական գիրկը Քրիստոսի մեջ և Սուրբ Հոգու միջոցով: Խաղաղության միակ ու կատարյալ աղբյուրը, գերագույն օրինակը Սբ. Երրորդությունն է, բացատրում է Քանթալամեսսան և օրինակ բերում Անդրեյ Ռուբլյովի «Երրորդություն» սրբապատկերը, որից, քարոզչի խոսքերով, ճառագում է խաղաղության մի անբացատելի զգացում: Երբ Պողոս առաքյալը կոչ է անում հաշտվել Տիրոջ հետ, նա ի նկատի ունի Աստուծոյ պատկերի վերականգնումը մեր մեջ, որն աղավաղվել է մեղքի պատճառով: Աստուծոյ պատկերը մեր մեջ վերականգնելու համար պետք է հասկանանք, թե արդյոք ճիշտ պատկերացում ունենք Աստուծոյ մասին, աշխարհի ընկալումներով ենք վերաբերում Աստծուն, թե Հիսուսի պես՝ որպես սիրող ու բազումողորմ Հոր, թե պատժող ու մեզ հետ առևտուր անող Աստծու: Պետք չէ մտածել, որ Աստված մեզ պետք է խաղաղություն տա մեր արած գործերի քանակի արդյունքում, պետք է հասկանալ, որ Աստված մեզ խաղաղություն է տալիս ձրիաբար, իր շնորհով՝ եթե Իր առաջ ներկայանում ենք Քրիստոսով, որպես որդի, ոչ թե որպես ստրուկ:
Տիրոջ խաղաղությունն ունենալը մեծագույն ուրախությունն է, որը կարող ունենալ քրիստոնյան: Սբ. Ծննդյանը նախորդող երրորդ կիրակի օրվա խորհուրդը հենց ուրախությունն է, որով քրիստոնյան հոգեպես պատրաստվում է ընդունելու Հիսուսի վերստին ծնունդն իր սրտում: Աստծուն մոտ լինելու, նրա ներկայությունը մշտապես զգալու մեծագույն ուրախության մասին է խոսքը, բացատրում է Սրբազան Քահանայապետը իր կիրակնօրյա քարոզում (14.12.2014թ.): Բոլոր քրիստոնյաներս կոչված ենք վերագտնելու Հիսուսի ներկայությունը մեր կողքին և օգնելու ուրիշներին, որ նրանք էլ վերագտնեն: Պետք է ուրիշների համար մատնացույց անենք ոչ թե ինքներս մեզ, այլ՝ Հիսուսի կենդանի ներկայության ուրախությունը: Ուրախության առաքյալներ լինելը մեզ կօգնի ներքին խաղաղություն գտնել ու հաղթահարել մեր ամենօրյա դժվարությունները: Ճշմարիտ քրիստոնյան գիտի ինչպես ուրախ լինել Քրիստոսով՝ նույնիսկ ամենադժվարին պահերին: Տխուր դեմքով սուրբ երբևէ չի եղել.շեշտել է Քահանայապետը: Սբ. Ծնունդը մեզ հրավիրում է վկայելու, որ Քրիստոս անցյալին չի պատկանում, որ շարունակում է մեզ ազատել ներքին ու արտաքին ստրկությունից, որը խաղաղության և ուրախության մեծագույն թշնամին է: Բոլոր տեսակի ստրկությունները, որոնք օր օրի ավելի սարսափելի ձևեր են ընդունում ներկայիս աշխարհում՝ դիմացինի մեջ եղբորը կամ քրոջը տեսնելու աստվածային կոչումը մերժելու հետևանք է.գրում է Քահանայապետը 2015թ. հունվարի 1-ի խաղաղության համաշխարհային օրվան նվիրված իր տարեկան ուղերձում: Եղբայրասիրության մերժման և եսակենտրոնության առաջին քայլն արեց Կայենը, երբ սպանեց եղբորը: Այդ պատմությամբ սկսվեց մարդկանց օտարացումն Աստծուց, Աստված այլևս չէր ընկալվում որպես հայր, իսկ մերձավորն այլևս եղբայր չէր: Այսպես ծնվեց ստրկացման մշակույթը՝ իր բոլոր հետևանքներով, մարդկանց հիմնարար իրավունքների ոտնահարում, հաստատուն անհավասարություն, պատերազմներ և այլն: Ուստի հարկ է վերադառնալ Նոր Ուխտին, որ Աստված կապեց մարդկանց հետ՝ խաչի վրա իր Որդու Զոհաբերությամբ: Միայն մարդկանց հանդեպ Աստուծոյ անսահման սերը հասկանալով և Ավետարանին հետևելով կարելի է վերագտնել եղբայրության և Աստծոյ որդեգրության երանելի վիճակը, բացատրում է Քահանայապետը: Աստված, ի վերջո, մեզ է ուղղելու այն հարցը, որ տվեց Կայենին.«Ու՞ր է քո եղբայրը»: Իսկ մենք չպետք է պատասխանենք Կայենի նման, այլ եղբայրաբար պետք է հոգ տանենք մեր եղբայրների և քույրերի մասին: «Անտարբերության գլոբալացումը, որն այսօր ծանրացնում է մեր բազմաթիվ եղբայրների և քույրերի կյանքը, պահանջում է, որ մենք ստեղծենք մի նոր համաշխարհային…եղբայրություն, որն ի զորու կլինի նրանց նոր հույս տալու՝ օգնելով նրանց քաջությամբ առաջ շարժվել իրենց դժվարությունների մեջ, դեպի այն նոր հորիզոնները, որոնք Աստված հանձնում է մեր ձեռքը».գրված է Քահանայապետական ուղերձում: Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետը իր գահակալության առաջին օրվանից գրեթե ամեն օր տարբեր առիթներով և տարբեր ատյաններում բարձրաձայնում է համատարած այդ անտարբերության զոհերի խնդիրների մասին՝ մատնացույց անելով նրանց դրությունը թեթևացնելու միակ բանալին՝ Ավետարանը և սերը: Քահանայապետի այս կեցվածքը ավելի քան տեղին է այս օրերին, նաև Հայաստանում ապրողներիս համար, երբ գրեթե ամեն ժամ բարձրանում են առաջնային սպառման ապրանքների գները, խորանում է աղքատությունը, ահագնանում արտագաղթը, ոտնահարվում մարդկային արժանապատվությունը՝ հուսալքության, հոգևոր արժեքների անկման, աղոթքի պակասի ընդհանուր ֆոնի վրա: Հարկ է միայն, որ մի պահ կտրվենք առօրյա հոգսերից և ուշադրություն դարձնենք, թե ինչ լուծում է այս ամենի համար առաջարկում Եկեղեցին:
Աղոթենք ջերմեռանդորեն, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան այս տոնի խորհրդի մասին խորհրդածելիս Աստված մեզ պարգևի ներքին խաղաղության շնորհը, որպեսզի կարողանանք Ավետարանի խաղաղությունը սփռել նաև մեր շուրջը: