«Խաչի մեջ քաղցրություն կա, Խաչի մեջ սիրո իմացություն կա»
Խաչի Խորհուրդը մարդկության կյանքում շատ դժվար է ընդունվում, քանի որ կապված է տառապանքի եւ մահվան հետ, որից վախենում ենք: Խաչը պետք է դիտարկել միայն Հիսուս Քրիստոսի Հարության տեսանկյունից:
Խաչելությունը մահապատժի ամենամոթալի տեսակներից էր, որին արժանանում էին ամենավատ հանցագործները: Տերն ինքնակամ Իր վրա վերցրեց ամոթանքն ու անպատվությունը՝ մարդկության գործած մեծաթիվ հանցագործությունների պատճառով՝ դառնալով քավության Զոհ՝ յուրաքանչյուր մարդու գործած մեղքերի համար, բոլոր ժամանակներում: Այսպիսով, Խաչը դարձավ խորան, որի վրա Հիսուս Ինքն Իրեն զոհ մատուցեց՝ յուրաքանչյուր մեղավորի հանդեպ ունեցած սիրո համար, որպեսզի մեր մեղքերը մեզ ներվեն, իսկ հոգիները լվացվեն Իր արյամբ եւ փրկվեն հավիտենական դատապարտությունից: Խաչը մահվան գործիք լինելուց դարձավ մարդու հանդեպ բարձրագույն սիրո խորան, զոհասեղան:
Միայն Աստվա՛ծ կարող է ամենամեծ չարիքից դուրս բերել բարձրագույն բարիք: Սուրբ Հովհան Ոսկեբերանն իր «Զատկական ճառում» ասում է, որ սատանան, որն ուզում էր սպանել Փրկչին եւ ոչնչացնել Նրա մարդկության փրկության ծրագիրը, վերջնականապես պարտվեց Խաչի վրա եւ Քրիստոսին տալով մահվան թույնը՝ ինքը խմեց այն: Քրիստոս հարյավ, եւ մահը հաղթահարված է, իսկ դժոխքն ավերվեց:
Այսպես, Խաչը դարձավ հավիտենական կյանքի ծառը, որի պտուղը Քրիստոսն էր՝ նրա աղբյուրը: Մեզանից յուրաքանչյուրի կյանքում էլ խաչ կա եւ այն տարբեր է ամեն մեկի համար, սակայն յուրաքանչյուրի համար այն ծանր է: Եթե մենք ընդունենք մեր խաչը, որը պետք է կրենք եւ որի վրա պետք է մեռնենք՝ նայելով Հիսուսին եւ այն տանելով Նրա հետ միասին, ապա այն մեզ համար կդառնա ոչ միայն տառապանքի առարկա, այլեւ՝ սիրո խորան, կենաց ծառ, զորության աստվածային մխիթարության աղբյուր:
«Խաչի մեջ զովություն կա, Խաչի մեջ քաղցրություն կա, Խաչի մեջ սիրո իմացություն կա: Ով բացահայտի Խաչը, նա չի ընկնի սրտին հասած ցավի պատճառով». սրանք բառերն են մի լեհական երգի, որ գրվել է XIX դարում, մի հայ քահանայի կողմից:
Կա մի այնպիսի ցավ, որ սիրուց է ծնվում: Դա տառապանքն է, բայց՝ քաղցր տառապանքը, որը նաեւ թեւեր է տալիս: Խաչը «անեծքից» կարող է վերածվել «օրհնության», Տիրոջ հետ միասնության աղբյուրի, ճանապարհի եւ Դրախտի բանալու: Սակայն արդյո՞ք մենք կընդունենք այն որպես շնորհ եւ դեղ՝ Աստծո հանդեպ սիրով, թե անընդհատ կտրտնջանք եւ կփորձենք մերժել այն: Խաչի իմացությունն ու սերը Սուրբ Հոգու հատուկ շնորհն է: Միայն դա կարող է մեզ բացահայտել Խաչի գեղեցկությունը, զորությունը եւ քաղցրությունը:
Եկե՛ք աղոթենք Սուրբ Հոգուն, որ կարողանանք կրել մեր խաչը Հիսուսի հետ միասին՝ հավատքով եւ սիրով, որպեսզի այն չդառնա մեզ կործանող ժայռ, այլ՝ լինի զորացման ու վեհացման վեմ, լեռ, որտեղ մենք կհանդիպենք ու կբացահայտենք Սիրո Աստծուն: Հիսուսի Խաչի ճանապարհին Նրա հետ էր Սուրբ Կույս Մարիամը, Ով մխիթարում էր Նրան Իր ներկայությամբ՝ կարեկցանքով, աղոթքով եւ սիրով: Մեր խաչի ճանապարհին Նա եւս մեզ հետ է: Թող Տիրամոր լուռ ներկայությունն ու աղոթքը մեզանից յուրաքանչյուրի համար դառնա սփոփանք եւ ոգեշնչում:
Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը