«Արածացրու՛ Իմ ոչխարներին» (Հվհ. 21, 15-19)
Այս հարցը տարբեր պատասխաններ կարող է ունենալ: Փորձեմ պատասխանել այնպես, ինչպես ես եմ հասկանում, չնայած որ, իրականում դա խորհուրդ է: Նախ, քահանան մարդ է՝ իր բարի հատկություններով, դաստիարակությունով և թերություններով հանդերձ: Եբրայեցիներին ուղղված թղթում հեղինակն ասում է, որ քահանան, «մարդկանց միջից ընտրվելով, պաշտոն ունի մարդկանց կողմից Աստծո հետ հարաբերության մեջ լինելու» (Եբր. 5,1):
Երկրորդ, քահանան մարդ է, ով, միգուցե, ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից կամ համայնքի անդամներից: Պարզապես, նրան Աստված ընտրել է՝ Եկեղեցում հատուկ առաքելություն կատարելու՝ Աստծո և մարդկանց համար: Աստծո համար, որպեսզի քահանան Տիրոջը սիրի ամբողջ սրտով, սերտ հաղորդության մեջ լինի Նրա հետ՝ որպես ընկեր և զինակից, լցվի Աստծո սիրով, լույսով և Աստծուն փոխանցի մյուսներին, որպեսզի Քրիստոսի անունով և Նրա իշխանությամբ, զորությամբ, քահանան կատարի Քրիստոսի Զոհաբերությունը Խաչի վրա՝ Սուրբ Պատարագ մատուցելով, հաշտեցնի մարդկանց Աստծո հետ Ապաշխարության Խորհրդի միջոցով, հոգեպես վերածնի Մկրտությամբ և կերակրի այլ Խորհուրդներով և Աստծո Խոսքով:
Իսկ մարդկանց համար քահանայի առաքելությունն է՝ մարդկանց առաջնորդել դեպի Քրիստոս, ծառայել նրանց՝ մատակարարելով Եկեղեցու Սուրբ Խորհուրդները և բարեխոսելով իր հավատացյալների համար: Սուրբ Հովհանննես Ոսկեբերանն իր «Խոսք քահանայության մասին» գրքում ասում է, որ քահանայի կարևորագույն պարտականությունը հանդիսանում է հովվական հոգատարությունը իր հոգևոր հոտի նկատմամբ: Քրիստոս, մեռյալներից Հարություն առնելուց հետո, հարցրեց Պետրոսին. «Սիրու՞մ ես ինձ ավելի, քան դրանք» և դրական պատասխան ստանալով, դիմեց Պետրոսին՝ ասելով. «Արածացրու՛ Իմ ոչխարներին» (Հվհ. 21, 15-19): Ահա՛, թե ինչ է ամենից առաջ Քրիստոս սպասում քահանայից: Հավատավոր գառների նկատմամբ հովվական հոգատարության ժամանակ դրսևորվում է քահանայի՝ բոլոր առաքինությունները գերազանցող սերը դեպի Քրիստոս: Նեապոլում՝ Թեատինյան հայրերի վանքում, նրանց հիմնադիր Սուրբ Կաէտանի գերեզմանին գրված է. «Hic est, qui multum orat pro populo»՝ «Ահա՛ նա, ով շատ էր աղոթում ժողովրդի համար»:
Սա քահանայական կոչման և ծառայության ևս մի կարևոր հատկանիշ է՝ աղոթել քեզ վստահված ժողովրդի համար, հոտի և աշխարհի փրկության համար՝ աղոթքին ավելացնելով անձնազոհությունը, զրկանքները և ներքին պայքարը: Լինել հայր և ուսուցիչ, սակայն, միևնույն ժամանակ, լինել կարեկից եղբայր՝ մարդկանց թուլության, տկարության ու գայթակղության մեջ, քանզի քահանան ևս զուրկ չէ դրանցից:
Հ. Պետրոս Եսայան