Չարի ժամանակավոր հաղթանակը և հոգևոր վերապրումի ընձյուղները
Ղազանչի գյուղի հոգեւոր պատմության մասին տեղեկություններ գտնելը շատ բարդ է՝ հաշվի առնելով այն փաստը, որ ներկայիս ավագ սերունդները շատ քիչ բան են հիշում իրենց ծնողների եւ պապերի պատմածներից, պատմական տեղեկություններ էլ կամ չկան, կամ պետական արխիվներում են եւ սպասում են պատմաբանների ուսումնասիրությանը: Այս գրությանս համար որպես հիմնական աղբյուր ծառայել են ղազանչեցիների բերանացի փոխանցվող պատմությունները:
Ինչպես հարեւան շատ այլ գյուղեր, Ղազանչին եւս հիմնադրվել է 19-րդ դարում Արեւմտյան Հայաստանից գաղթած հայերի կողմից, բայց՝ ոչ թե 1829-31թթ., այլ՝ ավելի ուշ՝ 1850-ականներին: Գյուղի հիմնադիրները Արեւելյան Հայաստան գաղթել են հիմնականում Էրզրումի նահանգի Ալաշկերտ գավառից եւ, մանավանդ, կաթողիկէ Իրիցու գյուղից՝ դեռեւս նախքան Մեծ Գաղթը՝ 1820-ականների սկզբներին, հաստատվել են նախ Տաշիրի տարածաշրջանի Շահնազար՝ ներկայիս Մեծավան, գյուղում, ապա մի մասը տեղափոխվել են Փալթլի, որ ներկայիս Արփենին է, իսկ մյուս մասը հաստատվել են Ղազանչիի տարածքում գտնվող բնակավայրում, որ ունեցել է «Աշոցք» անունը եւ պատմականորեն եղել է Աշոտ Երկաթի ամառանոցը: Գաղթած ընտանիքներից էին, օրինակ, Յազիչյանները՝ ականավոր մի տոհմ, որից սերել են անվանի քահանաներ եւ վարդապետներ, որոնք առաջնորդել են նորահաստատ գյուղերի կազմավորումը. Սարգիս Վարդապետ Ղազիչյանը առաջնորդել է Շահնազար գյուղի հիմնադրումը, Տ. Հովհաննես Քահանա Յազիչյանը՝ ծնված 1790թ. Իրիցու գյուղում, ծառայել է Փալթլի գյուղում, նրա որդին՝ Տ. Միքայել Քահանա Յազիչյանը՝ ծնված 1825թ. Շահնազարում, առաջնորդել է Ղազանչի հիմնումը, որտեղ էլ թաղված է: Տ. Միքայելի կողքին է թաղված նաեւ նրա որդին՝ Տեր Հովհաննես կրտսերը, որը, սակայն, կրում է արդեն ոչ թե Յազիչյան, այլ՝ Տեր-Միքայելյան ազգանունը՝ հոր անունով: Նրա գերեզմանաքարի վրա գրված են ծննդյան եւ մահվան թվերը՝ 1855-1933, եւ քահանայական ձեռնադրության տարեթիվը՝ 1888: Նրա հաջորդները պատմում են, որ հայր եւ որդի քահանաների գերեզմանները նախապես եղել են հին գյուղի տարածքում՝ եկեղեցու բակում, եւ գերեզմանատուն են տեղափոխվել գյուղի՝ նոր տարածք տեղափոխվելու եւ եկեղեցու ավերումից հետո, հավանաբար՝ 1960-ականներին:
Հին եկեղեցին եւ «Սուրբ Աստվածածին» մատուռը
Հին գյուղի տարածքում, որտեղ հիմա մնացել են միայն ավերակներ եւ տեղադրված են Գյումրիին ջուր մատակարարող ջրի պոմպերը, հավանաբար, 1850-60-ականներին, Յազիչյան քահանաների առաջնորդությամբ կառուցվել է եկեղեցի, որից, ցավոք, այժմ պահպանվել են միայն հիմքերը: Դժբախտաբար, այժմ արդեն չեն հիշում նույնիսկ, թե որ թվականին է ավերված եկեղեցին կառուցված եղել, ովքեր են կառուցել, ինչ է եղել եկեղեցու անունը, բայց պապերի ու պատմություններից հիշում են, որ եկեղեցում եղել է կանոնավոր աղոթասածություն, Սուրբ Պատարագ է մատուցվել: Ղազանչին տարածքի այն երջանիկ գյուղերից է, որտեղ քահանայական տոհմ է ապրել, քահանաներ, որոնք նաեւ հովվել են շրջական գյուղերը, երբ այդ գյուղերում բնակվող քահանաներ չեն եղել: Իսկ այսօր նույնիսկ եկեղեցին չի պահպանվել: Սրտի խոր կսկիծով եմ լսում պատմություններ՝ այն մասին, թե ինչպես են կոմունիստական տարիներին բնակիչներից ոմանք ավերված եկեղեցու քարերը տարել եւ նոր գյուղում իրենց տները կառուցել: Գյուղը հայտնի է եղել իր ավանդապահությամբ եւ հավատավոր ընտանիքներով, բայց կոմունիստական ,հալածանքների տարիներին եկեղեցին պահել, ցավոք, չեն կարողացել: Եկեղեցին, ըստ ենթադրությունների, վնասվել է դեռեւս 1926-ի երկրաշարժի հետեւանքով եւ հետագայում փուլ է եկել խմելու ջրի հորատանցքերի պայթեցումներից առաջացած ցնցումների հետեւանքով, բայց սա հստակ չէ: Այնուամենայնիվ, փաստ է, որ կոմունիստական ռեժիմի պայմաններում եկեղեցին չի նորոգվել եւ չի ամրացվել, այլապես, գոնե մասամբ, կանգուն կլիներ:
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը, ով ուսումնասիրում է Ալեքսանդրապոլի գավառի պատմությունը, վերջերս ինձ տրամադրեց այս վերեւում տեղադրված լուսանկարը, որը, ամենայն հավանականությամբ, արվել է Ղազանչում՝ 1934թ., նկարում ուրախություն է, զինվորները պարում են, իսկ հետեւի պլանում երեւում է գյուղի հին եկեղեցին՝ խոնարհված զանգակատնով: Լուսանկարի հեղինակը Պետրոս Միկոյանն է, որ արհեստավարժ լուսանկարիչ էր եւ ունի բազմաթիվ այլ լուսանկարներ, որոնց մի մասը ապակու վրա են՝ շատ հին տեխնոլոգիայով եւ լուսահանված չեն: Այդ լուսանկարների արխիվը գտնվում է նրա թոռնուհիներից մեկի՝ այժմ վախճանված Պերճուհի Հակոբյանի տանը, ով ծնվել է Արփենիում, որտեղ, ինչպես գրեցինք, հաստատվել են Իրիցուից գաղթած հայերի մի մասը, եւ պատմում էր, որ իր լուսանկարիչ պապը ապրել եւ աշխատել է Ղազանչիում: Այս մասին վկայում է նաեւ Պետրոս Միկոյանի որդու՝ Շիրակի պատմության թանգարանի նախկին տնօրեն Մկրտիչ Միկոյանի արխիվից մի գրություն՝ Ղազանչիում արված իր գծանկարի մասին: Այդ գրությունը կնկերկայացնենք այս հոդվածից առանձին:
Գյուղի հին եկեղեցին գոյություն չունի, բայց փոխարենը, մինչեւ այսօր կանգուն է գերեզմանատան տարածքում կառուցված Սուրբ Աստվածածին մատուռը, որի պատին գրված է նաեւ կառուցման թիվը՝ 1878: Կա եւս մեկ թիվ՝ հավանաբար, նորոգման թիվ է՝ 1950: Մատուռը գյուղի հին տարածքում չէ, գուցե, դա է պատճառը, որ պահելն ավելի դյուրին է եղել: Սուրբ Աստվածածին մատուռը, որին գյուղում նաեւ անվանում են «Վանք», կառուցել են մեծահարուստ Հովսոյանները: Մատռան համար այն բավական մեծ է, ունի աբսիդավոր խորան եւ փայտե Սեղան: Վանքում աղոթում ենք ոչ միայն հուղարկավորվող ննջեցյալների համար, այլեւ մատուցում ենք Սուրբ Պատարագ՝ ննջեցյալների համար, հավատացյալները միշտ գալիս են են կատարում իրենց առանձին աղոթքները՝ մոմավառությամբ, այստեղ են բերում իրենց տների հին սրբապատկերները, խաչելության պատկերները, Վարդարանների համրիչները, նաեւ նոր պատկերներ՝ որպես նվեր Վանքին, ինչպես գրված է շատերի վրա: Մատռան կտուրը եւ մուտքի դուռը մի քանի անգամ նորոգվելեն եւ լավ վիճակում են, իսկ ներսից պատերը հիմնանորոգման կարիք ունեն, որին, հուսով եմ, ձեռնամուխ կլինենք մոտ ապագայում:
Տ. Հովհաննես Տեր-Միքայելյանը ծնել է ութ որդի, որոնցից մեկը եւս քահանա եղավ՝ Տեր Անտոնը, որը սակայն, ըստ երեւույթին, գյուղում չի ծառայել: Բայց գյուղում ծառայել է մեկ այլ Տեր Անտոն՝ Պետոյանների կամ Պետրոսյանների տոհմից: Տեր Անտոնին եւ նրա որդուն կոմունիստներն աքսորել են 1930-ականների վերջերին: Այդ թվականներին հայ կաթողիկէ հոգեւորականներից շատերն աքսորվեցին, ոմանք նահատակվեցին անաստված ռեժիմի կողմից. Նրանց գործունեությունը սովետական միության ողջ տարածքում արգելվեց, թույլատրվում էր միայն հայ առաքելական հոգեւորականների ծառայությունը: Տեր Անտոնի աքսորից հետո այլեւս գյուղում քահանաներ չեն եղել, կանոնավոր աղոթական կյանքը դադարել է, ինչպես հարեւան մյուս կաթողիկէ գյուղերում: Վերջերս Տեր Անտոն Պետոյանին եւ նրա որդուն նվիրված մի գեղեցիկ խաչքար գերեզմանատանը կանգնեցրեց նրա թոռներից մեկը՝ Համիկը: Սուրբ Աստվածածին մատռան մեջ դրված է եւս մեկ հոգեւորականի՝ Հ. Սարգիս Վրդ. Հովսոյանի խունացած դիմանկարը՝ 1873-1918 թվականներով, բայց հայտնի չէ, թե որ թվականներին է ծառայել Ղազանչիում, կամ, գուցե, ծառայել է ուրիշ համայնքում, բայց փաստ է, որ մատուռը կառուցող Հովսոյանների տոհմից է:
Այստեղ ուզում եմ երկու խոսքով անդրադառնալ դարձյալ Յազիչյանների տոհմին, որից սերեցին, ինչպես ասացի, գյուղը հիմնող նշանավոր քահանաները: Յազիչյան ազգանունը ճյուղավորվեց երկու մասի՝ Միքայելյանների եւ Հարությունյանների: Նրանց մեջ կային ոչ միայն հոգեւորականներ, այլեւ՝ նշանավոր գիտնականներ. կոմունիստական հալածանքների պայմաններում աստվածատուր տաղանդներն ու հոգեւոր-մշակութային արժեքները դրսեւորվեցին գիտության բնագավառում: Միքայելյաններից է հայտնի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդգես Միքայելյանը (1924-2005թթ.), որ պատմական հիմնարար ուսումնասիրություններ կատարեց Ղրիմի հայ գաղթօջախի, Հայոց Ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ հավաքելով պատմական մեծ կշիռ ունեցող փաստաթղթեր, նյութեր, որոնք ակադեմիական մեծ արժեք են ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ միջազգային հանրության համար: Վարդգես Միքայելյանն ունի նաեւ որոշ դեռ չհրապարակված գրություններ՝ Ղազանչիի պատմության մասին, որոնք սակայն, դեռեւս իմ տրամադրության տակ չեն:
Հարությունյուններից է դարձյալ ակադեմիկոս, բանասիրության դոկտոր պրոֆեսոր Սարգիս Հարությունյանը (1928-1919թթ.), որ կարեւոր ուսումնասիրություններ է կատարել հայ առասպելաբանության, բանահյուսության, ժողովրդական աղոթքների ոլորտներում եւ ունի ծանրակշիռ աշխատություններ:
Հին Աշոցք հնավայրի հարստությունները
1992թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ղազանչիի տարածքում՝ պատմական հին Աշոցքում, հնագիտական պեղումներ կատարեց հնագետ Գրիգոր Կարախանյանի արշավախումբը եւ հայտնաբերեց արժեքավոր պատմական հարստություն: Այսօրվա գերեզմանատան տարածքում, որը նախկինում կոչվել է «Ուռումի գերեզմաններ», քանի որ այստեղ հնում բնակվել են Պոնտոսից գաղթած հույներ՝ ուռումներ, գտնվել է 10-11-րդ դարերում կառուցված եւ ապա ավերված եկեղեցու հիմքեր՝ պահպանված աննշան չափով: Հայտնաբերված նյութերը, ըստ Կարախանյանի դաշտային օրագրի տեղեկությունների, վկայում են հին Աշոցքում Անիի Բագրատունյաց շրջանի եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ կատարյալ ձեւեր: Ավելին, Եկեղեցու ավագ Խորանը պեղելիս հայտնաբերվել են նաեւ 5-7-րդ դարերի հայ եկեղեցական քանդակագործությանը բնորոշ պատկերազարդ կոթողների նմուշներ: Հնագետները գտել են ավելի քան 20 կոթողների բեկորներ՝ կանաչ ֆելզիտ քարից: Կոթողների վրա պահպանվել են հավասարաթեւ խաչի, վարդյակների պատկերների կտորներ: Բեկորների վրա կան նաեւ մարդկային ֆիգուրներ՝ սրբերի անունների գրառումներով, որոնք հնագետերին հիմք են տալիս ենթադրելու, որ պատմական Աշոցքում գոյություն է ունեցել ուրույն քանդագործության դպրոց կամ ոճ:
Թուրքական ջարդերը
Ղազանչին Ալեքսանդրապոլի գավառի շատ այլ գյուղերի նման ենթարկվել է Օսմանյան Թուրքիայի թե 1918թ. զորքերի վեցամսյա օկուպացիային եւ թե, հատկապես, 1920թ. դեկտեմբեր եւ հունվար ամիսների թալանին, սպանություններին, սոցիալական դժվարությունների, ֆիզիկական եւ այլատեսակ բռնությունների: Իրենց հայրենի երկրից արտաքսվելուց ինը տասնամյակ անց սիզավետցիները դարձյալ վերապրեցին թուրքական գազանությունների հետեւանքները՝ նոր նահատակներով հանդերձ: Հայաստանի Ազգային արխիվի տեղեկությունները փաստում են հետեւյալը. «Թուրքական բանակում «այլասերումը մեծ չափեր» էր ընդունել: Թուրքերն ամենուր իրենց պահում էին անասելիորեն սանձարձակ: Ժամանակակիցը վկայում է, որ Խոտայ Խարաբա (Բավրա), Դարակեյ (Սարագյուղ), Կոր-Աղբյուր (Սիզավետ), Կոյակուլի-Ղազանչի եւ Շիշթափա (Սեպասար) հայկական գյուղերում կանայք եւ աղջիկները ենթարկվել են բռնարարքների, նրանց մի մասին առեւանգել են տաճիկները, իսկ մի մասին էլ՝ հարեւան Աղաբաբայ գյուղի թուրքերը: Այդ գյուղերում պատկերը շատ ծանր էր. ամեն ինչ կամ ավերված էր, կամ էլ վառված, ամենուր ընկած էին տասնյակ դիակներ, պատահում էին նաեւ կիսամեռ եւ սովահար եղած երեխաներ ու ծերեր» (Հ. Բ. Աբրահամյան, «Ալեքսանդրապոլյան իրադարձությունների շուրջ, 1920թ. նոյեմբեր-1921թ. ապրիլ»): Թուրքերն անխնա թալանում էին ամեն ինչ՝ տան կահույքը, նույնիսկ վառարանները, ի սպառ ունեզրկում բնակիչներին, տանում էին հացահատիկի բերքը, անասունները, «բայրա» կոչված հարկ պահանջում գյուղացիներից, ովքեր հրաժարվում էին կատարել իրենց պահանջները, գաղտնի սպանում էին, հիմնականում գիշերները:
Հավատքի գոյապայքարը խորհրդային տարիներին եւ
հոգեւոր-մշակութային կյանքի վերածնունդը
Խորհրդային տարիներին ղազանչեցիները իրենց հավատքի կյանքն ապրել են առանց քահանաների, բայց գյուղում միշտ եղել են աղոթասեր անձինք, ովքեր աղոթել են համագյուղացիների համար, մկրտություններ կատարել, աղոթել թաղումների ժամանակ, օրինակ՝ Ստեփանոս Ղալաչյանը, որին Տեփանոս կամ Տեփուշ են ասել: Հիշում են, որ Տեփուշը նույնիսկ, երբեմն, դիտողություն էր անում թաղումների ժամանակ գյուղ հրավիրվող առաքելական քահանաներին՝ արարողության ինչ-որ մաս լավ չկատարելու համար: Հիշում են նաեւ Մանիկ Դոյդոյանին, որ Սուրբ Ծննդյան տոնին կատարել է խաչալվայի արարողությունը եւ աղոթել հիվանդների, վախեցածների, ծննդկանների համար:
1990-ականների երկրորդ կեսից, երբ խորհրդային իշխանությունն այլեւս գոյություն չուներ եւ հայ կաթողիկէ հոգեւորականները 1991թ.-ից ի վեր վերսկսել էին իրենց ծառայությունը անկախ Հայաստանում, Ղազանչի սկսեցին այցելել հայ կաթողիկէ հոգեւորականները եւ կազմակերպել աղոթական կյանքը, եկեղեցական սրբազան խորհուրդների մատուցումը: 2000-ականների սկզբներին Հայ Կաթողիկէ Առաջնորդարանը գնեց գյուղի մանկապարտեզի լքված շենքը, որի առաջին հարկի սրահներից մեկը դարձավ մատուռ: Տ. Գրիգոր Քհն. Մկրտչյանի եւ Տ. Նարեկ Քհն. Թադեւոսյանի ջանքերով, Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության հովանավորությամբ եւ գյուղապետարանի աջակցությամբ սկսեց գործել մանկապարտեզի ծրագիրը, որն իրականացվում է միայն վեց ամիս՝ շենքի ջեռուցման բացակայության պատճառով: Այս կարեւոր կազմակերպչական հարցերում հոգեւորականներին մեծ աջակցություն ցուցաբերեցին համայնքի բնակիչներից Ստեփան Մխիթարյանը, որ գյուղապետ էր եւ Տ. Անտոն Քհն. Պետոյանի թոռներից է, Սամվել Ղազարյանը, որ մանկապարտեզի համակարգողն էր, ապա՝ գյուղապետ եւ մեծապես աջակցեց նաեւ մանկապարտեզի շենքի նորոգության, գյուղում Կարիտասի ծրագրերի իրականացման, երիտասարդական զարգացողական ծրագրերի իրականացման նպատակով Առաջնորդարանի կողմից գյուղի դպրոցի կիսավեր շենքի ձեռքբերման եւ նոր կառուցվելիք եկեղեցու շինարարության մեկնարկի աշխատանքներին, Մեխակ Մխիթարյանը, որ մինչ օրս մեծ նվիրումով հոգ է տանում մանկապարտեզի շենքի մասին եւ աջակցում ինձ հոգեւոր կազմակերպչական հարցերում: Հոգեւոր ձեռնարկների կազմակերպմանն աջակցում է նաեւ գյուղի ներկայիս վարչական ղեկավար Լուսինե Սիմավոնյանը, ում օգնությամբ, Հայկական Կարիտասի դրամաշնորհով եւ բելգիահայ կանանց միության աջակցությամբ 2018-ին նորոգվեցին մանկապարտեզի շենքի առաջին հարկի երկու սենյակները, որոնցից մեկը դարձրեցինք պարի դասասենյակ, իսկ մյուսը՝ մարզասրահ: Պարի խմբակի պարապմունքները վարելու հրավիրեցինք պարուսույց Մեծ Սեպասարից, իսկ մարզասրահը կահավորեցինք դարձյալ Կարիտասի եւ գյուղի բնակիչների աջակցությամբ: շատ բաներ երիտասարդներն իրենց ձեռքով են պատրաստել՝ գյուղատնտեսական տեխնիկայից: Մարզասրահում 2019ի նոյեմբերից սկսեց գործել երիտասարդական-պատանեկան մարզական ակումբ: Նույն թվականին, դիմելով իտալական Կարիտասին, ամբողջությամբ նորոգեցինք նաեւ մանկապարտեզի շենքի տանիքը, իսկ ներսը մասնակի նորոգվեց մանկապարտեզի ծրագրով: Դիմել ենք նաեւ շենքի ամբողջական ջեռուցման համար արեւային էլեկտրաէներգիայի հզոր մարտկոցների տեղադրման ծրագրով, սպասում ենք հաստատմանը. ընթացքը հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Մանկապարտեզի շենքում վերջին երկու տարիներին կանոնավոր աղոթքներից բացի կազմակերպում ենք նաեւ քրիստոնեականի դասընթացներ, երիտասարդական փոքրիկ միջոցառումներ: Նախատեսում ենք կազմակերպել նաեւ սեմինարներ՝ հոգեւոր եւ կրթական տարբեր թեմաներով: Դրանք առայժմ կազմակերպում ենք Գյումրիում՝ Ղազանչիի եւ հարեւան մյուս գյուղերի երիտասարդների մասնակցությամբ:
Այսպիսով, մեր աղոթքներով եւ միասնական ջանքերով աստիճանաբար իրականություն է դառնում մանկապարտեզի շենքում բազմագործառույթ երիտասարդական-պատանեկան զարգացման կենտրոն ունենալու ծրագիրը, որը կնպաստի ոչ միայն երեխաների, պատանիների եւ երիտասարդների հոգեւոր նկարագրի, ստեղծարարական եւ սոցիալական հմտությունների զարգացմանը, այլեւ՝ ոչ հեռու ապագայում, համայնքի հոգեւոր եւ ամբողջական զարգացմանը:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան