• Արտի Տիրոջ բարի սերմերը եւ նախանձ Բանսարկուի չար սերմերը

    «Բամբասել՝ նշանակում է կործանարար չարիք սերմանել: Դա սատանան է միշտ անում, երբ մենք տրվում ենք զրուցելու գայթակղությանը՝ ուրիշներին ոչնչացնելու համար»:


    Աստված և միայն Աստված կարող է պարգևատրել բարիներին ու պատժել չարերին, սակայն Նա համբերատար է բոլորի հետ և չի ցանկանում, որ Իր զավակներից որևէ մեկը մահանա հավերժական կյանքի համար. Տերը մեզ բոլորիս սիրում է հայրական սիրով, ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ 2020թ. հուլիսի 19-ին:

     

    Օրվա ավետարանական ընթերցման հատվածում (տե՛ս՝ Մտթ. 13, 24-43) Հիսուս բազմության հետ առակների օգնությամբ կրկին խոսում է Աստծո Թագավորության մասին, հիշեցրեց Նորին Սրբությունը՝ պարզաբանելով, որ իր խորհրդածության մեջ նա կմեկնաբանի դրանցից առաջինը, որում Հիսուս ցույց է տալիս, թե որքա՛ն համբերատար է Աստված, և որ դա մեզ հույսով է լցնում:

     

    Հիսուս ասում է, որ բարի սերմով ցանված արտում աճեցին նաև որոմներ. այս բառով է Տերն անվանում բոլոր մոլախոտերը, որոնք բուսնում են հողում: Ծառաները գնում են տանտիրոջ մոտ, որպեսզի իմանան, թե որտեղից բուսնեցին որոմները և, ի պատասխան, լսում են հետևյալը. «Թշնամի մարդ է արել այդ» (տե՛ս՝ Մտթ. 13, 28): Նրանք ցանկանում էին գնալ և քաղել հանել այն, քանի որ հողագործը պարտավոր է արտը մաքրել մոլախոտերից, որպեսզի օգտակար բույսերն ավելի լավ աճեն: Սակայն տանտերը նրանց կանգնեցնում է, որպեսզի նրանք մոլախոտերի հետ միասին չքաղեն նաև ցորենը. պետք է սպասել հունձքին, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի մոլախոտերը առանձնացնել ցորենից եւ նետել կրակի մեջ, պարզաբանում է Հիսուսը:

    Այս առակն իրենից ներկայացնում է համաշխարհային հայեցակետ՝ մարդկության պատմության նկատմամբ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Աստծո կողքին, ով միշտ բարի սերմեր է ցանում, կա թշնամի, ով որոմ է ցանում, որպեսզի արգելք հանդիսանա Աստծո սերմի աճին: Աստված՝ արտի տերը, բացահայտ է գործում, և Նրա նպատակն է բարի բերք հավաքել: Մյուսը, ընդհակառակը, օգտվում է գիշերվա խավարից և գործում է նախանձից ու թշնամությունից դրդված, որպեսզի ոչնչացնի ամեն ինչ: Թշնամին անուն ունի՝ սատանան, Աստծո հավերժ թշնամին: Նրա նպատակն է խոչընդոտել փրկության գործին, անել ամեն ինչ՝ Աստծո Թագավորության տարածումը կանխելու համար՝ իր ստոր օգնականների, խռովություն սերմանողների միջոցով: Այսպիսով, բարի սերմն ու որոմը իրենցից ուղղակի բարու և չարի վերացական հասկացություններ չեն ներկայացնում, այլ՝ ներկայացնում են մեզ՝ մարդկանց, ովքեր կարող են հետևել Աստծուն կամ սատանային»:

     

    Այնուհետև Նորին Սրբությունը հիշեցրեց, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ չարախոսությունը, որը մարդկային հարաբերություններում նման է որոմի.

     

    «Մենք հաճախ ենք լսում, որ ինչ-որ ընտանիք ապրում էր խաղաղության մեջ, բայց հետո սկսվեցին պատերազմները, նախանձը, թաղամասն ապրում էր խաղաղության մեջ, և հետո սկսվեցին կռիվները … Սովորաբար մենք ասում ենք. «Այնտեղ ինչ-որ մեկը գժտություն է սերմանել» կամ «ընտանիքում որևէ մեկն իր բամբասանքերով թշնամություն է սերմանում»: Բամբասել նշանակում է կործանարար չարիք սերմանել: Դա սատանան է միշտ անում, երբ մենք տրվում ենք զրուցելու գայթակղությանը՝ ուրիշներին ոչնչացնելու համար»:

    Ծառաներն առաջ են մղվում՝ չարիքը, այսինքն չար մարդկանց վերացնելու համար՝ նրանց հայտնվելուն պես: Սակայն տանտերն իմաստուն է և ավելի հեռուն է տեսնում. ծառաները պետք է համբերել սովորեն, քանզի հետապնդումներին ու թշնամանքին դիմանալու կարողությունը քրիստոնեական կոչման մաս է, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Իհարկե, չարիքը պետք է մերժել, սակայն չարագործները մարդիկ են և նրանց նկատմամբ ևս պետք է համբերատար լինել: Խոսքը չի գնում կեղծավոր հանդուրժողականության մասին, որն իր հետևում թաքցնում է երկերեսանիությունը, այլ՝ ողորմությամբ մեղմացված արդարության մասին: Եթե Հիսուս եկավ փնտրելու մեղավորներին, այլ՝ ոչ թե արդարներին, որպեսզի բուժի հիվանդներին, այլ՝ ոչ թե առողջներին (տես Մտթ. 9,12-13), ապա՝ որպես Նրա աշակերտներ, մեր գործողությունները ևս պետք է ուղղված լինեն ամբարիշտների փրկությանը, այլ՝ ոչ թե նրանց ճնշմանը: Հենց այստեղ է դրսևորվում մեր համբերությունը»:

     

    Այսօրվա Ավետարանը մեզ ներկայացնում է պատմության մեջ գործելու և ապրելու երկու եղանակ, շարունակեց Նորին Սրբությունը: Ծառաները հոգ են տանում այն մասին, որ արտը լինի առանց մոլախոտերի, իսկ տանտերը՝ այն մասին, որ պատահաբար դեն չնետի բարի սերմը՝ փորձելով ազատվել որոմներից: Տերը մեզ կոչ է անում ընդունել Իր եղանակը. կենտրոնանալ բարի սերմի վրա՝ այն մոլախոտերի մեջ պահպանելու համար: «Աստծո լավ աշխատողները չեն զբաղվում ուրիշների մոտ թերություններ փնտրելով, սակայն նրանք ի վիճակի են տեսնել բարին, որը լուռ աճում է Եկեղեցու ու պատմության արտում՝ օգնելով հասունանալ», – իր խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուղի ռուսերեն բաժնից թարգմանեց՝

    Նաիրա բաղդասարյանը

    Սրբագրեց՝ Տ. Հովսեփը

Օրացույց

Օրացույց