«Հաշմանդամությունը ողբերգություն չէ, եթե հաշմանդամը զարգանալու հնարավորություններ ունի»
Դեկտեմբերի 3-ը սահմանափակ կարողություններով անձանց միջազգային օրն է՝ հաստատված ՄԱԿ-ի կողմից՝ 1992թ.: Ամեն տարի այդ օրը առիթ է խոսելու հաշմանդամների բազմատեսակ խնդիրների, ձեռքբերումների մասին, կազմակերպելու մշակութային միջոցառումներ՝ հաշմանդամների մասնակցությամբ: Այս տարի Գյումրիում գործող հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները հաշմանդամների միջազգային օրը հիշարժան դարձրեցին միասնական նոր նախաձեռնությամբ՝ ստորագրելով մի հուշագիր՝ հաշմանդամների խնդիրներով զբաղվող կազմակերպություների ցանց ստեղծելու մասին: Ի՞նչ է դա ենթադրում: Ըստ նախաձեռնողների, այդ ցանցի առաքելությունը Գյումրիում բնակվող հաշմանդամների խնդիրների լուծմանը նպաստելն է միասնական ջանքերով, միմյանց հետ համագործակցելով, հաշմանդամների խնդիրների մասին մատչելի տեղեկատվություն ապահովելով, տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելով, հաշմանդամների շահերի պաշտպանությամբ, նրանց խնդիրների մասին բարձրաձայնելով և դրանց կոնկրետ լուծումներ տալով, ակտիվորեն մասնակցելով հաշմանդամների խնդիրների լուծմանն առնչվող քաղաքականությանը, իրականացմանն ու վերահսկմանը: Ցանցի հիմնադիրներն են Հայկական Կարիտաս ԲՀԿ, «Փյունիկ» ՀԿ, «Վորլդ Վիժն» Գյումրի ՏԶԾ, «Հաշմանդամների մարզամշակությային կենտրոն» ՀԿ, «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն» ՀԿ, «Անի» մանկուց հաշմանդամ երեխաների ՀԿ, «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն»-ը, Գյումրու հաշմանդամների միությունը:
Այս կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին Գյումրիում ապրող հաշմանդամների խնդիրների մասին, որոնք ընդհանուր են բոլոր այն քաղաքներում և հասարակություններում, որտեղ հաշմանդամները լիարժեք ուշադրության կենտրոնում չեն և նրանց իրավունքները հիմնականում ոտնահարված են: Աշխատանքի բացակայություն՝ հաճախ գործատուների խտրական մոտեցման հետևանքով, լիարժեք կրթություն ստանալու սահմանափակ հնարավորություններ՝ ուսումնական հաստատություններում հարմարությունների և հատուկ մասնագետների բացակայության պատճառով, տեղափոխման դժվարություններ և այլ բազում խնդիրներ, որոնք բարդացնում են հաշմանդամների առանց այդ էլ ծանրաբեռնված ու խնդիրներով լի հոգեկան աշխարհը, նրանց ինտեգրումը հասարակական կյանքում և զարգացումն ու կայացումը՝ որպես լիարժեք անհատներ: Այդ խնդիրները աշխատում են լուծել հասարակական կազմակերպությունները, ամեն մեկն իր կարողությամբ ու ծրագրերի շրջանակներում: Այդ աշխատանքների արդյունքն էր՝ հուշագրի ստորագրման արարողությունից հետո տարբեր կազմակերպությունների շահառու երեխաների ելույթները երաժշտական համարներով, բանաստեղծություններով, որոնք շատ հուզիչ էին ու տպավորիչ: Իսկ վերջում տարբեր տարիքի հաշմանդամների մասնակցությամբ բեմականացվեց մի թատերական ներկայացում՝ Գյումրիի պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, ռեժիսոր Նառա Սանթոյանի բեմադրությամբ: Հաշմանդամների այդ թատերական խումբը ձևավորվել է Նառա Սանթոյանի նախաձեռնությամբ և ՀՀ Մշակությի նախարարության աջակցությամբ: Ներկայացման ընթացքում հաշմանդամները խոսում էին իրենց խնդիրների մասին՝ գեղեցիկ թատերական սյուժեով և արտիստիկ մատուցմամբ:
Հայկական Կարիտասը ներկայացնում էին «Արեգակ» բազմակի հաշմանդամությամբ երեխաների ցերեկային հոգածության կենտրոնի սաները: Ստորև կարող եք դիտել մասնակիցների ելույթները.