«Ո՜վ Յիսուս, Աղբիւր ջրոյ կենդանւոյ, առ Քեզ ծարաւիմ, Քեզ փափագիմ, Քեզ տռփամ, տու՜ր իմ ծարաւեալ ոգւոյս զՔեզ զովացումն: Ծարաւիմ ըմպել ի կրկին վտակաց կողիդ, որով եւ արբեալ սիրով զմայլիմ», Սբ. Ներսես Լաբրոնացի
Տիրոջ Սուրբ Սիրտը «կենաց աղբիւր» է, ըստ Լիթանիայի բառերի, հավերժահոս աղբյուր, որտեղից բխող ջուրը աստվածային սիրո և ողորմության հեղումն է՝ աշխարհի վրա: Հովհաննեսի ավետարանի 7-րդ գլխում կարդում ենք, որ Տաղավարահարաց տոնի վերջին օրը Հիսուս կանգնած էր և աղաղակում էր. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի», (Հվհ. 7, 37): Սամարացի կնոջ հետ զրուցելիս՝ ջրհորի մոտ, Հիսուս ևս խոսում է այն ջրի մասին, որ Ինքն է տալիս. «…ով խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, հավիտյան չպիտի ծարավի: Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կդառնա բխող ջրի աղբյուր՝ հավիտենական կյանքի համար» (Հվհ. 4, 13-14): Հիսուս այս ասում էր այն տոնի ժամանակ, երբ հրեաները հիշում էին Եգիպտոսի գերությունից հետո իրենց անապատային տարիները: Եվ այդ տարիներին էր, որ Մովսեսն աղոթեց Տիրոջը, ձեռքի գավազանով հարվածեց ժայռին, և ջուր բխեց (Թվ. 20, 7-13): Հիսուս՝ խոսելով իր մասին՝ որպես ջրի աղբյուրի, ինքն իրեն բացահայտում է որպես ճշմարիտ ժայռ, որից բխում է դեպի հավիտենական կյանք տանող ջուրը: Եվ այդ ջուրը Տիրոջ Սուրբ Սրտից հեղվում է յուրաքանչյուրիս սրտի մեջ, ով նրան մոտենում է՝ դարձի եկած այն սամարացի կնոջ խոսքերը սրտում պահած և որպես աղոթք՝ իր շուրթերի վրա. «Տե՛ր, տու՛ր ինձ այդ ջուրը, որպեսզի չծարավեմ» (Հվհ. 4, 15): Հիսուս Իր Սրտում կատարում է մարգարեությունները. «Դուք ուրախությամբ ջուր կվերցենք Փրկչի աղբյուրից», Ես. 12, 3, «և Գառը … կհովվի նրանց ու կառաջնորդի նրանց դեպի կյանքի աղբյուրը», Հյտն. 7, 17, «Հրեշտակն ինձ ցույց տվեց նաև բյուրեղի պես մաքուր կենդանի ջրի մի գետ, որ բխում էր Աստծո և Գառան գահից, այն հոսում էր քաղաքի հրապարակների միջով…», Հյտն. 22, 1:
Տիրոջ Սուրբ Սրտից բխող կենդանի ջրի ամենակատարյալ պատկերն ավետարանում, թերևս, Հովհաննեսի մոտ նկարագրվող խաչելության դրվագն է, երբ զինվորը տեգով խոցեց խաչյալ Հիսուսի կողը, և «իսկույն արյուն և ջուր ելավ» (Հվհ. 19, 34): Եկեղեցու հայրերի համար Հիսուսի տեգով ծակված կողից հոսող ջուրը և արյունը Նրա Սուրբ Սրտից առատորեն հոսող սիրո բխումն է, որից սկիզբ է առնում և սնվում, լիառատ ողողվում Տիրոջ Սուրբ Եկեղեցին՝ Քրիստոսի խորհրդավոր Մարմինը: Հիսուսը խաչվեց, որից հետո՛ միայն Իր Սիրտը առատորեն բացեց՝ որպես կենդանի և անսպառ ջրի աղբյուր՝ ամբողջ աշխարհի համար, ըստ ավետարանչի խոսքերի. «Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: Նա այս խոսքերն ասում էր Հոգու մասին, որն ընդունելու էին Իրեն հավատացողները, քանի որ Հոգին դեռևս չունեին, որովհետև Հիսուսը դեռ փառավորված չէր» (Հվհ. 7, 38-39): Հիսուսի փառավորու՛մը եղավ Իր խաչելության ժամը, որի լրումն էր, կարծես, զինվորի տեգով կողի խոցվելը, որտեղից Իր Հոգին՝ ջրի և արյան տեսքով, հոսեց ու ողողեց իր առաքյալներին և բոլոր Իրեն հավատացողներին: Այս պատկերը նաև եղավ բացատրությունը Կանայի հարսանիքի հրաշքի, երբ Հիսուս տաշտակների ջուրը գինի դարձրեց՝ ի կանխանշումն իր կողից հեղվելիք ջրի և արյան, Սուրբ Հոգու հեղման, որ լիուլի լցնում է բոլոր հավատացյալների հոգիներն ու սրտերը, ինչպես ընտիր գինին արբեցրեց Կանայի հարսանքավորներին: Ուրեմն, Տիրոջ տիգախոց Սիրտը դարձավ ակունքը՝ Սուրբ Հոգու հեղման, որ Ամենասուրբ Երրորդության մեջ հավիտենապես գոյություն ունեցող Սերն է, ըստ առաքյալի խոսքի. «Աստված սեր է» (Ա Հվհ. 4, 16), որը լցվում է մեր մեջ. «Աստծո սերը լցվում է մեր սրտերում՝ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ» (Հռմ. 5, 5):
Սուրբ Երրորդության հավիտենական սիրով, որ բխում է Հիսուսի Սուրբ Սրտից և Հոգով լցվում մեր մեջ, մենք կայանում ենք որպես Տիրոջ մեկ ընտանիք, մեր խորհրդավոր Մարմին, որտեղ կոչված ենք արտացոլելու Սուրբ Երրորդությունը՝ որպես սիրո ամենակատարյալ համայնք: Սա՛ է տանում դեպի սրբություն՝ Աստծո սերը, սա՛ է մեր սրտերը ձգում դեպի աստվածային Սուրբ Սիրտը, ըստ Իր խոսքի՝ «երբ բարձրանամ երկրից, բոլորին կձգեմ դեպի ինձ»: Հիսուս իր Խաչի վրայից մեզ ձգում է դեպի Իր տիգախոց Սիրտը և տալիս է ու սովորեցնում ի սպառ սեր, որ սրբացնում է մարդուն, ինչպես Հիսուս Ինքն Իրեն սրբացրեց մեզ համար. «Եվ ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ», Հվհ. 17, 19: Հիսուս Հոր աջ կողմում է և մեզ բոլորիս ձգում է դեպի Երկինք՝ ճշմարտության Հոգով, որ առաջնորդում է մեզ դեպի սրբություն:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
16 հունիսի, 2020