• Տիրոջ Սուրբ Սիրտը՝ «բորբոքեալ հնոց սիրոյ»

    «Արա՛ զսիրտ մեր ըստ սրտին քում», Լիթանիա Սուրբ Սրտին Յիսուսի


    Տիրոջ Սուրբ Սիրտը «սիրո բորբոքեալ հնոց» է, ինչպես աղոթում ենք Սուրբ Սրտի Լիթանիայում, մի հնոց, որից Տերը սիրո հուր գցեց այս աշխարհի վրա, ըստ Իր խոսքերի. «Երկրի վրա կրակ գցելու եկա, եւ որքա՛ն եմ ուզում, որ արդեն իսկ բորբոքված լիներ», Ղկ. 12, 49:

     

    Սիրո հուրը ճարակել է Տիրոջ Սուրբ Սիրտը եւ սպառվել (Յվհ. 13, 1) մարդու համար՝ առանց ավարտվելու, առանց այրվելու, ինչպես Քորեբ լեռան վրա Տիրոջ հրաբորբ ներկայությունից այրվում էր եւ չէր մոխրանում անկեզ մորենին, որին մոտեցավ Մովսեսը (Ելք 3): Նա հանեց իր կոշիկները, տեսավ Տիրոջ ամենաճարակ սիրո հուրը, շլացավ հրեղեն լույսով, ընդունեց այն իր սրտի մեջ, խանդավառվեց այդ հրով եւ բոցավառվեց ամբողջ էությամբ, սրտով ու մտքով եւ գնաց այդ հուրը փոխանցելու Տիրոջ ժողովրդին, այդ հրով առաջնորդեց նրանց անապատի միջով՝ մինչեւ երկիրն ավետեաց: Այդ հուրը Արարիչն Հայր Աստծո՝ մարդու նկատմամբ ծնողական ի սպառ սիրո հուրն էր, որ ճարակեց Մովսեսին եւ ուղարկեց նրան՝ այդ հուրը տարածելու՝ որպես սիրո հրձիգ. երբ Մովսեսն իջնում էր Սինա լեռան վրայից, նրա դեմքը ճառագում էր լույսերով, եւ նա քողարկում էր, որ ժողովուրդը չսարսափի այդ տեսարանից (Ելք 34, 29-35): Աստծո սիրո հուրը պահանջկոտ է. այն պահանջում է նույնպիսի ի սպառ, ինքնազոհաբերության պատրաստ փոխադարձ սեր՝ Աբրահամի նման, եւ կտրուկ հրաժարում մեղավոր կյանքից, ինչին իսրայելացիները պատրաստ չէին, իսկ մե՞նք…

     

    Աստված իր ժողովրդին մշտապես հրավիրում է իր հետ մտերմիկ զրույցի, ինչպես Մովսեսին, ում հետ «խոսում էր շրթունք-շրթունքի, բացահայտ եւ ոչ թե առակներով» (Թվ. 12, 8). սա զրույց է Սրտից դեպի սիրտը, ինչպես մեկը կխոսի իր բարեկամի հետ, բացատրում է Սուրբ Գիրքը:

    Հիսուս իր Սուրբ Սրտի սիրո հրով ուղեկցում էր Տիրոջ ժողովրդին անապատում, լուսավորում էր գիշերվա խավարի մեջ, որ նրանք կարողանային առաջ ընթանալ (Ելք 13, 21-22):

     

    Այդ նույն սիրո հրով Տերը մաքրեց Եսայի մարգարեի շուրթերը, որոնք պիտի քարոզեին ապաշխարություն՝ մեղավոր ժողովրդին. «Եւ ահա ինձ մոտ ուղարկվեց սերովբեներից մեկը՝ ձեռքին այրվող ածուխ բռնած, որ ունելիով վերցրել էր զոհասեղանից: Բերեց դիպցրեց իմ բերանին եւ ասաց. «Ահա՛ այդ դիպավ քո շուրթերին. դա կհանի քո անօրենությունները, եւ քո մեղքերը կսրբի քեզանից»», Ես. 6, 6:

    Տիրոջ Սրտից բխող սիրո հուրը Տիրոջ Խոսքն է, որ առաջնորդում է իր ժողովրդին, Տիրոջ սրտից խոսում է իր ժողովրդի սրտի հետ, Տիրոջ շրթունքներից հոսում է առատորեն իր սիրելիների շրթունքների մեջ, մաքրում պղծություններից եւ ուղարկում առաքելության՝ արիաբար տարածելու այդ սերը եւ Աստծո Խոսքը:

     

    Սուրբ Սրտի հրավառ սիրո պատկեր է ներկայացնում նաեւ այն կրակի հնոցը, որտեղ նետվեցին Դանիելի երեք ընկերները, որոնք հնոցում իրենց աղոթքի մեջ ապաշխարեցին Իսրայելի ամբողջ ժողովրդի փոխարեն՝ իրենք իրենց մատուցելով որպես ողջակեզ՝ որպես նախապատկեր Աստծո Որդու ողջակիզման՝ Խաչի վրա. «Թող այդպես լինի մեր զոհաբերությունն այսօր՝ քո առաջ՝ կատարյալ լինելու… որովհետեւ քեզ հուսացողներս ամոթով չենq մնում: Արդ գալիս ենք քո հետեւից ամբողջ սրտով…», Դն. 3, 40-41: Տեր Հիսուս Քրիստոսն Ինքը իջավ այդ հնոցի մեջ՝ մեզ բացատրելու համար Իր՝ սիրո հնոցում այրվելու իմաստը. ապշած Նաբուգոդոնոսորը բացականչեց. «Ես տեսնում եմ արձակված չորս մարդու, քայլում են կրակի մեջ եւ ոչ մի վնասվածք չկա նրանց վրա, իսկ չորրորդի տեսքը նման է Աստծո Որդուն», Դն. 3, 92: Այդ երեք երիտասարդները Տիրոջ սիրո հնոցում ապաշխարեցին նաեւ չարի մարմնավորում Նաբուգոդոնոսորի համար, եւ սա դարձի եկավ:

     

    Տեր Հիսուս Քրիստոսի սիրո հրի մեջ Տիրոջ հետ միասին քայլելը ապաշխարություն է, նոր կյանքի սկիզբ եւ ճշմարիտ մկրտություն, ինչպես գոչում էր Հովհաննես Մկրտիչը. «…նա ով գալիս է ինձնից հետո… կմկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով», Մտթ. 3, 11:

     

    Հիսուս՝ իր սիրո կրակո՛վ է ամեն ինչ համեմում, մաքրազտում. «ամեն ինչ կրակով պիտի աղվի», Մրկ. 9, 49:

     

    Եվ ի վերջո, Ի՛նքն իսկ այրվում է Իր ի սպառ սիրո հնոցի մեջ՝ տառապանքների, Գողգոթայի ճանապարհի հնոցի մեջ, բարձրանում է Խաչի հնոցը, որից դուրս է գալիս անվնաս. ինչպես հնոցից դուրս բերեց երեք երիտասարդներին, այդպես էլ Հայր Աստված Իր Որդուն դուրս բերեց որդիական ինքնանվեր սիրո հնոցից՝ անվնաս, անապական, հարուցյալ, փառավորյալ մարդկային Մարմնով եւ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի հետ միասին եւ այդ Մարմնի մեջ, որ Եկեղեցին է, մեր բոլորիս մարդկային մարմիններն անցկացնելով իր հայրական սիրո հնոցի միջով եւ հրով աղելով դրանք՝ դուրս է բերելու հաղթական այս աշխարհում եւ անապական հարուցյալ մարմիններով՝ Ահեղ դատաստանից հետո:

     

    Ուստի սիրելինե՛ր, եկե՛ք ինքներս մեզ ամբողջ սրտով, մտքով, էությամբ եւ զորությամբ նետե՛նք Տիրոջ եւ մարդու հանդեպ ի սպառ կիզող սիրո հնոցը, որպեսզի Տիրոջ հետ միասին դուրս գանք՝ սրբագործված, համեմված, վերանորոգ մարդկային սրտով՝ նման Հիսուսի Սուրբ եւ բոցակեզ Սրտին.

     

    «Արա՛ զսիրտ մեր ըստ սրտին քում», Լիթանիա Սուրբ Սրտին Յիսուսի:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Վատիկան նյուզի հայկական բաժնի համար

    08 հունիսի, 2020

Օրացույց

Օրացույց