• Հիսուսի Սուրբ Սրտից՝ խաղաղություն մեր սրտերին

    «Եւ նա Հիսուսի կրծքին ընկնելով՝ հարցրեց նրան. «Տեր, ո՞վ է»», Հվհ. 13, 25


    Հովհաննեսի ավետարանի 13-րդ գլխում, ոտնլվայի խորհրդավոր տեսարանից հետո Հիսուս իր աշակերտներին ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկն ինձ մատնելու է»: Աշակերտները իրար էին նայում՝ մտածելով, թե ով է մատնիչը: Նրանք ոչ միայն կասկածում էին միմյանց, այլեւ, ներքուստ, հավանաբար, մտածում էին, թե գուցե, հենց իրենք են մատնիչը:

     

    Այդ միտքը չէր կարող չտանջել աշակերտներին, որ կիսել էին Հիսուսի առաքելությունը, տեսել Նրա սրբությունը, հավատացել Նրան, սովորել Նրանից, բայց նաեւ ներքուստ հասկանում էին, թե որքա՛ն թույլ են իրենք՝ առանց Հիսուսի, հասկանում էին, թե որքա՛ն մեղավոր են իրենք Հիսուսի առջեւ, թե որքա՛ն փխրուն է իրենց հավատքը եւ քաջությունը, նույնիսկ, Հիսուսի ներկայությամբ: Հիշենք՝ ինչպես էին նրանք վախեցել, երբ նավարկում էին փոթորկված ծովում, մինչդեռ Հիսուս իրեց հետ էր եւ քնած էր նավակի մեջ, ինչպես Պետրոսը վախեցավ՝ ջրի վրա քայլելիս՝ դեպի Հիսուսը, թե ինչպես նույն Պետրոսը, որ պատրաստ էր իր կյանքը տալ Հիսուսի համար (Հվհ. 13, 37), երեք անգամ ուրացավ նրան, եւ թե ինչպես բոլոր աշակերտները թողեցին Հիսուսին եւ փախան մատնության գիշերը և այլ բազում դրվագներ, երբ Հիսուս նախատում էր իրենց՝ չտարբերելու համար կարևորը երկրորդականից: Նրանք հասկանում էին սեփական թուլությունը եւ վախենում էին դրանից, մանավանդ, Պետրոսը, որ այնքա՛ն սիրում էր Տիրոջը եւ իրեն տանջում էր այդ միտքը, թե մատնիչը կարող է լինել եւ ինքը: Հենց Պետրոսը նշան արեց Հովհաննեսին, «որին Հիսուսը սիրում էր եւ որը նստել էր նրա մոտ», ինչպես կարդում ենք ավետարանում, իմանալ, թե ով է մատնիչը: Եվ Հովհաննեսը «Հիսուսի կրծքին ընկնելով՝ հարցրեց նրան. «Տեր, ո՞վ է»», Հվհ. 13, 25: Հովհաննեսն ինքն էլ տանջվում էր եւ ուզում էր այդ հարցի պատասխանը իմանալ, որովհետեւ Հիսուս սիրում էր իրեն յուրահատուկ կերպով եւ պետք է մտածենք, որ իր ամենամեծ փափագն էր հանկարծ չվշտացնել Վարդապետին և չվիրավորել նրա սերը իր հանդեպ:

     

    Եկե՛ք ավելի հանգիստ մտածենք այս վսեմ պատկերի մասին՝ Հովհաննեսը հենվեց Հիսուսի կրծքին. այդպես անելով՝ Հովհաննեսը նախ ուզեց օգտվել իր «արտոնյալ վիճակից» եւ իմանալ բոլորին ամենաշատ տանջող այդ հարցի պատասխանը, բայց նախևառաջ՝ իմանալ, թե արդյոք ինքը չէ այդ մատնիչը:

     

    Տեսե՛ք, թե ինչպես է ուզում իմանալ Հովհաննեսը՝ Տիրոջ կրծքին ընկնելով: Սա պարզապես սիրո մի արտահայտություն չէ. Հովհաննեսն ինքն իրեն ամբողջովին հանձնեց Տիրոջ Սուրբ Սրտին, իր ողջ կյա՛նքը վստահեց Տիրոջ սիրույն, Տիրոջ բարությանը, անսահման համբերատարությանը: Հիսուսի Սուրբ Սրտի Լիթանիայում աղոթում ենք. «Սիրտ Հիսուսի, լի բարությամբ եւ սիրով… երկայնամիտ եւ բազումողորմ», ըստ սաղմոսի խոսքերի: Հովհաննեսն իր թույլ, իր մեղավոր մարդկային բնությունը ամբողջովին դրեց Տիրոջ կրծքին, մոտեցրեց Տիրոջ Սուրբ Սրտին, որպեսզի Տերն օգնի նախևառաջ իրեն՝ երբեք չգնալ մատնության: Հովհաննեսը հասկանում էր, որ ի՛նքը կարող էր լինել առաջին մատնիչը եւ իր հարցի պատասխանը իմանալուց առավել՝ ուզում էր նախ ինքն իրեն հանձնել Տիրոջ կամքին, Տիրոջ պաշտպանությանը, որպեսզի այդ հարցադրման պատասխանի մեջ երբեք չլիներ իր անունը, որ Տերը նախապես ներելով իրեն՝ հետ պահեր իրեն այդ ահավոր սխալը գործելուց, որ Տերը բուժեր իր բոլոր թուլությունները. չէ՞ որ Տերն ամեն ինչ գիտեր:

     

    Մեզանից յուրաքանչյուրս սիրելի ենք Հիսուսի համար, ինչպես Հովհաննեսը: Երբ երկմտում ենք, վախենում ենք կամ խռովված ենք, եկե՛ք փարվենք Տիրոջ Սուրբ Սրտին, որտեղ լիառատ սփոփանք եւ խաղաղություն կա բոլորիս համար:

     

    Հիսուսի Սուրբ Սրտից խաղաղվում են մեր սրտերը.

     

    «Թող չխռովվեն ձեր սրտերը, հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք եւ ինձ», Հվհ. 14, 1:

     

     

    Տ. Հովսեփ Գալստյան

     

    Սիրով՝ Ռադիո Վատիկանի հայկական բաժնի համար, Ռոբեր Ադդարյանի խնդրանքով

    1 հունիսի, 2020

Օրացույց

Օրացույց