«Ահա՛ Գառն Աստծոյ, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Յվհ. 1:29)
Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ,
Այսօրվա ավետարանական ընթերցվածի մեջ ականջալուր ենք լինում Հովհաննես ավետարանիչի այն խոսքերին, որ վերաբերում են Հովհաննես Մկրտչի վկայությանը. «Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, ինչպէս ասաց Եսայի մարգարէն»: Եւ եկողները փարիսեցիների կողմից էին: Նրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթէ դու չես Քրիստոսը, ոչ էլ՝ Եղիան եւ ոչ էլ՝ մարգարէն»: Յովհաննէսը ի պատասխան ասաց նրանց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով. ձեր մէջ կայ մէկը, որին դուք չէք ճանաչում, որ գալու է իմ յետեւից, եւ որի կօշիկների կապերը արձակելու արժանի չեմ ես» (Յվհ. 1:23-27):
Երեւակայեք, սիրելի՛ ժողովուրդ, թե ինչպիսի ուրախություն է ապրում Հովհաննես Մկրտիչը, երբ իրեն ընդառաջ եկող ժողովրդի բազմության մեջ տեսնում է մեկին, ով ոչ մի բանով չէր տարբերվում, ով, ըստ երեւույթին ոտաբոբիկ եւ խոնարհությամբ մոտենում եւ խնդրում է, որ Հովհաննեսն իրեն նույնպես մկրտի, ինչպես մյուսներին: Ինչպիսի զարմանք է ապրում «վերջին մարգարեն», երբ տեսնում է իրեն ընդառաջ եկող Աստծո Որդուն: Սիրելինե՛ր, մեր կյանքի մեջ էլ, շատ հաճախ, Տեր Հիսուս Քրիստոս այսպես ընդառաջ է գալիս մեզ:
Տեսե՛ք, Հովհաննես Մկրտիչը մի անձ էր, ով սպասում էր, որ դեպի իրեն եկող մարդիկ զղջան իրենց գործած մեղքերի համար, դարձի գան, դառնան դեպի Աստված եւ մկրտության միջոցով ապրեն Նրա սերը:
Մենք էլ, մեր փոթորկալից կյանքի ընթացքում, նույնպիսի իրավիճակում ենք հայտնվում, երբ սպասում ենք, թե ով կարող է մեր փոխարեն կատարել այնպիսի մի գործողություն, որը մեզ կտա այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ մեր կյանքը ավելի բարելավելու եւ բարեկեցիկ դարձնելու համար: Այսպես, ամեն օր եւ ամեն ժամ Հիսուս մեզ ընդառաջ է գալիս՝ մտահոգվելով մեր կյանքի համար:
Ինչպիսի՞ն էր Հովհաննես Մկրտիչ մարգարեի առաջին արձագանքը. «Ահա՛ Գառն Աստծոյ, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Յվհ. 1:29), – ապա՝ խոստովանում է. «Եւ ես չէի ճանաչում նրան, բայց որպէսզի յայտնի լինի Իսրայէլին, դրա համար ես եկայ ջրով մկրտելու» (Յվհ. 1:31): Տեսե՛ք բարեկամներ, այն Հովհաննեսը, որը ունեցավ բազում հետեւորդներ, այն Հովհաննեսը, որ մինչ Քրիստոսի հայտնությունը պարծանքն ու փառքն էր ամբողջ Իսրայելի ժողովրդի, խոնարհվում է, որովհետեւ տեսավ Աստծուն եւ Նրա խոնարհությունը համայն մարդկության հանդեպ: Ինչպիսի՜ բերկրանք ու ինչ ուրախություն էր ապրում այդ պահին Մկրտիչը, ով մկրտելու էր մեկին, որ աշխարհի Արարիչը եւ համայն մարդկության փրկչագործական խորհուրդը կատարող Անձն էր:
Հանդիպումը, որ տեղի ունեցավ Հիսուսի եւ Հովհաննեսի միջեւ, կարճ էր, բայց՝ չափազանց բովանդակալից: Շփոթահար Հովհաննես Մկրտիչը հետեւյալ խոսքերն է ասում. «Ես չէ, որ քեզ պիտի մկրտեմ» եւ Հիսուս պատասխանում է. «Պիտի պահվի ամեն արդարություն»: Սիրելինե՛ր, նկատի առնենք, որ Հիսուս առաջին հերթին ուզում է խոնարհություն եւ արդարություն: Եթե Աստծո որդին իր ամբողջ կյանքի ընթացքում ապրեց խոնարհությամբ եւ պահեց արդարությունը, ապա, պետք է հիշենք, որ նույնը պահանջում է նաեւ մեզանից:
Գիտե՞ք, երբեմն կարծում եմ, որ քրիստոնյան նման է Մովսեսին, երբ առաջին անգամ Տիրոջ հրեշտակը երեւաց նրան մորենու միջից կրակի բոցով. «Մովսէսը տեսնում էր, որ մորենին հրով վառւում է, բայց չի այրւում: Մովսէսն ինքն իրեն ասաց. «Գնամ տեսնեմ այս մեծ տեսարանը: Ինչպէ՞ս է, որ մորենին չի այրւում»: Երբ Տէրը նկատեց, որ Մովսէսը տեսնելու համար մօտ է գնում, մորենու միջից ձայն տուեց նրան ու ասաց. «Մովսէ՛ս, Մովսէ՛ս»: Սա ասաց. «Ի՞նչ է»: Աստուած ասաց. «Մի՛ մօտեցիր այստեղ: Կօշիկներդ հանի՛ր քո ոտքերից, քանզի այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է»: Եւ աւելացրեց. «Ես քո հօր Աստուածն եմ, Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը ու Յակոբի Աստուածը» (Ելք 3:2-6): Այն ժամանակ Մովսեսը շրջեց իր երեսը, որովհետեւ վախենում էր նայել Աստծուն, այնինչ, Աստված ինքն էր իջել իր ժողովրդի մեջ եւ ցանկանում էր, որ բոլորը նայեն Իրեն եւ Իր կատարած հրաշագործությունների միջոցով գտնեն փրկության ճանապարհը:
Այսօր էլ նույն Աստվածը այստեղ է՝ այս երկրի վրա եւ անտեսանելի Իր սիրո հուրը փորձում է տարածել մեր սրտերի մեջ: Ես, դու եւ մենք բոլորս արդյո՞ք ցանկանում ենք ընդունել այդ սիրո հուրը մեր մեջ, թե, Մովսեսի նման՝ լսելով Տիրոջ ձայնը, մեր երեսը պիտի դարձնենք՝ անվստահ ու վախվորած: Ուրիշ առիթներով եւ ամեն անգամ այս պատգամն է հնչել. «Խստասիրտ մի՛ դարձրեք ձեր սրտերը, ապրե՛ք հավատքի, հույսի եւ սիրո մեջ, եւ կենդանի Աստված ձեզ հետ կլինի այժմ եւ միշտ եւ հավիտյանս, հավիտենից. Ամեն»:
Տեր Գրիգոր Ավագ Քհն. Մկրտչյան՝
Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Առաջնորդանիստ Եկեղեցու ժողովրդապետ
20.04.2020