• «Գթասիրտ, ողորմած է Տէրը… և բուժում է ախտերը քո բոլոր». խորհրդածություն, Աստվածային ողորմության կիրակի

    «Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, եւ մի՛ մոռացիր բոլոր պարգեւները նրա…». Սղմ. 135


    Այս կիրակին հայ ծեսի մեջ կոչվում է «Նոր Կիրակի», «Կրկնազատիկ» կամ «Կարմիր Կիրակի», իսկ Ընդհանրական Կաթողիկէ Եկեղեցում հռչակված է որպես «Տոն աստվածային ողորմության»: «Կարմիր» կոչվում է այն պատճառով, որ Տեր Հիսուս Քրիստոսի՝ Խաչի վրա թափած կարմիր Արյամբ քրիստոնյան, մաքրվելով իր մեղավոր ընթացքից, նոր կյանք է սկսում՝ Աստծո առաջնորդությամբ եւ Քրիստոսի Խորհրդավոր Մարմնի մեջ, որ Եկեղեցին է, ճիշտ ինչպես հրեաները Եգիպտոսից փախչելիս, անցան Կարմիր ծովի միջով եւ սկսեցին նոր կյանք՝ Աստծո առաջնորդությամբ: Քրիստոսի հեղած անգին արյան շնորհի՛վ է, որ այսօր յուրաքանչյուրս ունենք կարելիությունը՝ մաքրվելու մեղքերից՝ ընդունելով Սուրբ Մկրտության, Ապաշխարության, Սուրբ Հաղորդության խորհուրդները եւ ունենք կարելիությունը ընթանալու սրբության ճանապարհով՝ դեպի Աստծո հետ կատարյալ միություն:

     

    Քրիստոս Իր Սուրբ Արյունը հեղելով յուրաքանչյուրիս համար՝ մեզ ցույց տվեց Աստծո անհատնում ողորմությունը մարդու հանդեպ: Քրիստոս Ինքն Իրեն մահվան մատնելով յուրաքանչյուր մարդու համար՝ ցույց տվեց, թե Աստված որքա՛ն է սիրում Իր ստեղծած ձեռքերի գործը՝ ամբողջ արարչագործությունը եւ դրա գլուխգործոցը՝ մարդուն՝ նրա սահմանափակությամբ, սխալականությամբ, թշվառությամբ հանդերձ, եւ ուզում է, որ մարդը բարձրանա իր անկյալ վիճակից, ոտքի կանգնի եւ հաղթահարի մեղքը եւ մեղքի հետեւանքները: Երբ Կայենը նախանձեց իր եղբայր Աբելին, Աստված խոսեց նրա հետ որպես ողորմած, համբերատար մի ծնող եւ, Եդեմի պարտեզից վտարելուց հետո, առաջին անգամ ցույց տվեց իր հայրական գութը անկյալ մարդու հանդեպ. Աստված ասաց. «Հանգի՛ստ եղիր, մեղքը ուզում է քեզ իշխել, բայց դու պետք է յաղթահարես այն», Ծննդ. 4, 7: Բայց Կայենն Աստծո սիրուն եւ համբերատարությանը պատասխանեց Աբելին սպանելով եւ դարձավ առաջին եղբայրասպանը: Աստված գիտեր, թե ինչ էր անելու Կայենը, բայց Իր սիրով նրան հնարավորություն տվեց փոխվելու: Ճիշտ այդպես է Աստված միշտ վարվում յուրաքանչյուր մեղսագործի հետ եւ համբերությամբ սպասում է նրա վերադարձին, ինչպես անառակ որդու հայրն էր ակնդետ սպասում իր կորած որդու վերադարձին՝ հայացքը հառած նրա ճանապարհին: Աստված «համբերատար է եւ բազումողորմ», սա՛ է պատճառը, որ Աստված չի վերացնում մեղավորներին երկրի երեսից, որովհետեւ Աստված ուզում է, որպեսզի բոլո՛րը փրկվեն եւ հասնեն ճշմարտության գիտությանը, Ա Տիմ. 2, 4: Աստված մշտապես իր ողորմությամբ համբերատար հոր պես առաջնորդեց եւ դաստիարակեց Իր ժողովրդին, որ բազում անգամներ Եգիպտոսից ելքից հետո դավաճանեց իր Տեր Աստծուն եւ պաշտեց կուռքերին: Աստված համբերում էր եւ ուղարկում Իր մարգարեներին, որպեսզի հռչակեն ճշմարտությունը, զգուշացնեն մեղքերից, սովորեցնեն ժողովրդին չչահաշահել Աստծո համբերատարությունն ու ողորմությունը: Սաղմոսերգուն ասում է.

     

    «Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, եւ մի՛ մոռացիր բոլոր պարգեւները նրա, ով քաւութիւն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր: Նա որ քո կեանքը փրկում է ապականութիւնից, քեզ պսակում է ողորմութեամբ եւ գթութեամբ, որ բարութեամբ յագեցնում է ցանկութիւնը քո, եւ քո երիտասարդութիւնը նորոգւում է արծուի պէս: Ողորմութիւն ու արդարութիւն է Տէրը շնորհում բոլոր զրկեալներին… Գթասիրտ, ողորմած է Տէրը, համբերատար ու բազումողորմ: Տէրն ի սպառ չի բարկանում եւ յաւիտեան ոխ չի պահում: Մեր մեղքերի համեմատ չվարուեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրէնութեան համեմատ հատուցեց մեզ: Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորեղ է Տիրոջ ողորմութիւնը Իրենից երկիւղ կրողների վրայ… Ինչպէս որ մի հայր գթում է իր որդիներին, այնպէս Տէրը պիտի գթայ իրենից երկիւղ կրողներին: Նա գիտէ կազմուածքը մեր եւ գիտէ, որ հող ենք մենք», Սղմ. 102, 3-14:

     

    Սուրբ Թովմա Աքվինացին գրում է, թե Աստված իր ամենակարողությունը դրսեւորում է նախեւառաջ եւ հատկապես իր ողորմածության եւ ներողամտության մեջ: Սաղմոս 135-ը, որ կոչվում է «Ալէլուիա», օրհներգում է Աստծո հավերժական ողորմածությունը, որը ծնունդ տվեց ամբողջ արարչագործությանը.

     

    «Գոհութիւն մատուցէ՛ք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը… Միայնակ նա մեծ հրաշագործութիւններ արեց, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: Երկինքն ստեղծեց իր իմաստութեամբ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը: Երկիրը հաստատեց ջրերի վրայ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը… Տէրը մեզ յիշեց մեր թշւառութեան մէջ, քանզի յաւերժ է ողորմութիւնը նրա»:

     

    «Ողորմութիւն» բառը Աստծո սիրո «երկրորդ անունն է», ինչպես սովորեցնում է Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետը (Dives in misericordia (Առատ ողորմությամբ), 7): Հովհաննես ավետարանիչը Աստծուն անվանում է «սէր»՝ համարելով դա Աստծուն բնորոշելու լավագույն բառը եւ արտահայտչաձեւը. «Աստուած սէր է», Ա Յվհ. 4, 8: Ա՛յս է ամենակարեւոր ուղերձը, որ Աստված ի սկզբանե ջանում էր իր մարգարեների միջոցով հասցնել Իրեն չհասկացող, Իրեն մշտապես դավաճանող մարդ արարածին: Ի վերջո, Աստված «այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր Միածին Որդուն տուեց», որպեսզի Իր Որդին մարդ դառնալով, մարդկային լեզվով, մարդկային կյանքով պարզ ու բացահայտ ցույց տա աստվածային ողորմության դեմքը, որ Ի՛նքն է՝ Հիսուս Քրիստոս: Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր կոնդակն այդպես էլ անվանել է. «Հիսուս Քրիստոս Հոր ողորմածության դեմքն է», Misericordiae Vultus (Ողորմության դեմքը), 1:

     

    Հիսուս իր երկրային կյանքի ողջ ընթացում իր ամեն մի շարժումով, խոսքով, բուժումներով միայն դա՛ էր ցույց տալիս՝ այն, որ Հայր Աստված գթասիրտ է եւ սիրում ու ներում է իր յուրաքանչյուր զավակին. «Նրա անձը այլ բան չէ, քան՝ միայն սեր, սեր՝ տրված առատաձեռնորեն: Նշանները, որոնք նա գործում էր, հատկապես մեղավորների, արհամարհվածների, աղքատների, հիվանդների, տառապյալների հանդեպ, բոլորի նպատակը ողորմություն սովորեցնելն էր: Նրա մեջ ամե՛ն ինչ խոսում է ողորմության մասին: Ոչինչ նրա մեջ զուրկ չէ գթությունից», Misericordiae Vultus (Ողորմության դեմքը), 8:

    «Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում եւ գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում Արքայութեան Աւետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները: Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց», Մտթ. 9, 35-36:

     

    «Երբ քաղաքի դարպասին մօտեցաւ, ահա դուրս էր բերւում մի մեռել՝ միակ որդին իր մօր, որ մի այրի կին էր… Երբ Տէրը կնոջը տեսաւ, խղճաց նրան եւ ասաց նրան. «Մի՛ լար»: Մօտենալով՝ դագաղին դիպաւ: Դագաղը տանողները կանգ առան եւ նա ասաց. «Քեզ եմ ասում, ո՛վ պատանի, վե՛ր կաց»: Մեռելը վեր կացաւ, նստեց եւ սկսեց խօսել: Եւ Յիսուս նրան մօրը տուեց», Ղկ. 7, 12-16:

     

    Հիսուս բուժելով հիվանդներին, մեռյալներին կենդանացնելով՝ ցույց էր տալիս, որ Աստծո սերը անբաժան է ներողամտությունից. Աստված ներում է, քանի որ սիրում է միշտ, հետեւաբար մի՛շտ պատրաստ է ներելու, քանի անգամ էլ որ իր զավակը՝ մարդ արարածը, հանցանք գործի: Երբ Պետրոսը Հիսուսին հարցնում է, թե քանի անգամ պետք է ներել եղբորը, մինչեւ յոթն անգա՞մ, Հիսուս պատասխանում է. «Քեզ չեմ ասում, թէ մինչեւ եօթն անգամ, այլ՝ մինչեւ եօթանասուն անգամ եօթը», Մտթ. 18, 22: Այսինքն՝ ներել պետք է միշտ, առանց սահմանների, առանց վերապահումների, ինչպես ներում է Աստված: Հայր Աստված ցույց տվեց որ իր սերը եւ ներողամտությունը մարդու հանդեպ սահմաններ չունի այն աստիճան, որ Իր Որդուն անգամ չխնայեց, այլ մատնեց դաժանաբարո քաղաքական գործիչների, կեղծավոր փարիսեցի առաջնորդների, վայրագ զինվորների եւ ամբոխի ձեռքը, որոնք ամենաանարգ մահով սպանեցին իր որդուն:

     

    Այսքա՛ն, այսինքն՝ առանց քանակի ու չափի է սիրում Աստված իր զավակներին, նաեւ երախտամոռներին, որ Ինքն Իրեն զոհեց՝ նրանց համար: Այսքա՛ն, այսինքն՝ առանց քանակի ու չափի է սիրում Նազովրեցի Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Միածին Որդին, Իր Հորը եւ Իր Հոր յուրաքանչյուր զավակի, որ Իր եղբայրներն ու քույրերն են. «Ի սպառ սիրեց նրանց», Յվհ. 13, 1: Հիսուս սիրելով՝ սպառվեց խաչի վրա: Նրա սիրո անսահմանությունը քանդեց նաեւ մարդկային մարմնի սահմանափակումները, որոնք դրել էր մեղքը եւ մահը, քանդեց մեղքի կապանքները, ավերեց դժոխքի դռները, ճզմեց հինավուրց օձի գլուխը, ըստ Աստծո Խոսքի, որ ասաց օձին (Ծննդ. 3, 15):

     

    Տեր Հիսուս Քրիստոս Խաչի վրա ցույց տվեց Աստծո ողորմությունը մարդկության հանդեպ՝ Աստծո խաչվա՛ծ ողորմությունը, մարդու կողմից անարգվա՛ծ ողորմությունը, ծաղրվա՛ծ ողորմությունը, արհամարհվա՛ծ ողորմությունը:

     

    Բայց Աստված, չնայած մարդկության պատմության դառն ժառանգությանը, շարունակում է լինել համբերատար եւ բազումողորմ՝ միշտ փնտրելով իր մոլորյալ ոչխարներին, միշտ կարոտով սպասելով յուրաքանչյուրի դարձին ու անկեղծ զղջմանը:

    Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Մարմնի յուրաքանչյուր վերքը խոսում է Աստծո ողորմության, սիրո մասին: Խաչյալ Հիսուսի վերքերի մասին խորհրդածելը մեզ օգնում է ավելի լավ հասկանալ Աստծո ողորմածությունը մեր հանդեպ: Երբ հռոմեացի զինվորը խոցեց նրա կողը, արյուն ու ջուր հոսեց. արյունը խորհրդանշում է Տիրոջ մահը եւ Սուրբ Հաղորդությունը, իսկ ջուրը՝ Մկրտությունը եւ Սուրբ Հոգին: Այսպես սկիզբ դրվեց Եկեղեցուն՝ Տիրոջ ողորմության ակունքից:

     

    1931-35թթ. Տերը երեւաց լեհ սրբուհի Ֆաուստինա Կովալսկային եւ նրան պատվիրեց աշխարհին փոխանցել Ողորմության վարդարանը եւ խնդրել Աստծո ողորմությունը՝ աշխարհի խաղաղության համար: «Մարդկութիւնը երբէք խաղաղութիւն չի ունենայ, մինչեւ վստահութեամբ չհայցի Աստուածային Ողորմութիւնը», այսպես ասաց Տերը Ֆաուստինային (Օրագիր Ֆուստինա Կովալսկայի, 132): Հիսուս պատվիրեց Ողորմության Վարդարանի վերջում մշտապես աղոթել. «Հիսու՛ս, վստահում եմ Քեզ»: Կովալսկան՝ Ողորմության 20-րդ դարի առաքյալը, ինչպես անվանում են այս սրբուհուն, Տիրոջը տեսավ՝ սրտից երկու ճառագայթ ճառագելիս, որոնք ներկայացնում էին Հիսուսի կողից հոսող արյունն ու ջուրը: Այդ ճառագայթները ողողում են ամբողջ աշխարհը, բացատրում է Կովալսկան, դրանք Աստծո ողորմության նշաններն են: Երբ 2000թ. ապրիլի 30-ին Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետը սուրբ հռչակեց Ֆաուստինա Կովալսկային, միաժամանակ հաստատեց Աստվածային ողորմության կիրակին տոնել Սբ. Հարությանը հաջորդող յուրաքանչյուր առաջին կիրակին, որպեսզի Սուրբ Հարության տոնի լույսո՛վ հասկանանք աստվածային ողորմության արժեքը յուրաքանչյուրիս կյանքում: Որովհետեւ Տիրոջ Հարության փաստը եւ մեր բոլորիս հարության եւ Աստծո Արքայության հասնելու հույսը Աստծո ողորմածության ամենամեծ արտահայտությունն է:

     

    Աստծո ողորմությունը մեր հանդեպ մեզ համար ոչ միայն մեծ խաղաղություն եւ մխիթարություն է, այլեւ՝ պարտավորություն լինել ողորմած միմյանց հանդեպ.

    «Երանի՛ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն», Մտթ. 5, 7:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

    18 ապրիլի, 2020թ.

     

Օրացույց

Օրացույց