• Հարցազրույց դիվահանի (exorcist) հետ

    Ճակատամարտ՝ սատանայի դեմ


    Հ. Գարի Թոմասը Կալիֆորնիա նահանգի Սան Խոսե կաթողիկէ թեմում լիազորված դիվահան (exorcist)  է (դիվահան կամ exorcist` նշանակում է դևերով բռնված մարդկանցից դևերին հալածող, հանող): 2005թ. եպիսկոպոս Պատրիկ Ջոզեֆ Մակգրաֆը նրան առաջարկեց Հռոմում դիվահանություն սովորել: Այնտեղ Հ. Թոմասին դասավանդում էր Հ. Կարմինա դե Ֆիլիպսը, ով փորձառու իտալացի դիվահան էր և սեփական աչքերով էր տեսել չար իրականությունը: Նա իր ուսուցումը նկարագրել է 2010թ. հրապարակված «The Rite: The Making of a Modern Exorcist» գրքում (Ծիսակարգը. Ժամանակակից դիվահանի գործը), իսկ 2011թ. էկրաններին հայտնվեց այդ գրքի վրա հիմնված «Ծիսակարգը» ֆիլմը, որում գլխավոր դերակատարը Էնթոնի Հոփքինսն էր:

     

    2012թ. վերջին Catholic Answers Live ալիքի ռադիոհաղորդավար Պատրիկ Քոֆֆին Հ. Թոմասի հետ անցկացրեց հեռախոսային հարցազրույց:

    Ահա՛ այդ հարցազրույցը:

     

    Պատրիկ Քոֆֆի. Կարող է արդյո՞ք աատանան կարդալ մեր մտքերը:

     

    Հ. Գարի Թոմաս. Սատանան որոշակի պատկերացում ունի մեր մտքերի և զգացմունքների մասին, սակայն Սատանան մեզ չի ճանաչում այնքան լավ, որքան մենք ճանաչում ենք ինքներս մեզ: Եվ նա չի կարող գուշակել ապագան:

     

    Արդյո՞ք ճիշտ է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Սատանայի ակտիվությունն աճել է:

     

    Այսօր ավելի շատ մարդիկ՝ քան քսան կամ քսան հինգ տարի առաջ, տարվում են (և ոչ միայն տարվում են) կռապաշտությամբ և հեթանոսությամբ: Դա վերաբերում է և՛ նրանց, ովքեր մկրտվել են Կաթողիկէ Եկեղեցում, և՛ նրանց, ովքեր չեն մկրտվել: Բենեդիկտոս XVI-ը ասում էր. «Երբ հավատքը մարում է, սնահավատությունն աճում է»: Ես այսպես կշարունակեի այս միտքը. «Երբ հավատքը մարում է, խավարը մեծանում է»: Լինելով հոգևոր էակներ՝ մենք իմաստ ենք փնտրում և եթե չենք գտնում այդ իմաստը, որը մեզ առաջարկում է Եկեղեցին, ապա մենք սկսում ենք ինքնուրույն որոնել: Մեր մեղսավոր բնույթի պատճառով հաճախ այնպիսի ճանապարհով ենք գնում, որը, արդյունքում, ավելի շատ չարիք է բերում, քան բարիք:

     

    Ե՞րբ եք առաջին անգամ լսել դիվահանության մասին և որոշել այն ուսումնասիրել:

     

    Դիվահանությունն ի՛նքն ինձ գտավ: Առաջին քահանան, ում եպիսկոպոսը առաջարկեց զբաղվել սրանով, իմ քահանայական աջակցության խմբում էր և մենք կարծում էինք, որ նա է լավագույն թեկնածուն այս առաքելության համար: Սակայն մեկ ամիս անց նա որոշեց հրաժարվել: Ինչ-որ առումով ես սա նախախնամություն եմ համարում և ասացի. «Ես կզբաղվեմ դրանով: Ես կարող եմ դիվահան դառնալ»: Այդ ժամանակ ես պատրաստվում էի արձակուրդ գնալ և եպիսկոպոս Մակգրաֆն ասաց. «Հռոմում կան դասընթացներ, դու կարող ես այնտեղ սովորել», իսկ մնացածը նկարագրված է իմ գրքում:

     

    Հռոմում ինձ տրված շնորհը ազատ ժամանակի առկայությունն էր և այն հանգամանքը, որ ես հանդիպեցի հարուստ դիվահանական պրակտիկա ունեցող քահանայի հետ: Ես կարդալու, աղոթելու, օրագիր պահելու և Հ. Կարմինայի հետ զրուցելու ժամանակ ունեի: Առանց այդ ուսուցման ես չէի կարողանա զբաղվել դիվահանությունով:

     

    Եկեք խոսենք սատանայի գործունեության տարբեր մակարդակների մասին՝ սկսելով ամենաստորին մակարդակից: Ի՞նչ է  նշանակում «վարակվել»:

     

    Վարակումը ավելի շուտ վերաբերում է իրերին կամ առարկաներին: Օրինակ, դևը կամ անմարմին ոգին կարող է կառչել տանից: Դա կարող է տեղի ունենալ, օրինակ, եթե այնտեղ անցկացվել է սատանայական ծես կամ էլ երկար ժամանակ երկրպագել են ինչ-որ կուռքի:

     

    Անդրադառնալով սատանայի գործունեության առավել բարձր մակարդակին՝ խոսենք դևերի հարձակման մասին: Սրբերի կյանքը լի է նման երևույթների նկարագրությամբ:

     

    Այո՛, «հարձակում» բառն իրականում նկարագրում է ընկճվածության ինչ-որ տեսակ, երբ մարդն անհանգիստ է և հաճախ է զգում դատարկություն և լքվածություն: Այս երևույթը բնորոշող մյուս բառը «դիվահարությունն»  է, երբ մարդուն պարուրում է կամ կլանում է այն միտքը, որ սատանան ներկա է իր կյանքում: Սակայն երկու դեպքում էլ մարդն ունակ է նորմալ գործել և դուք հազիվ թե նկատեք, որ նրա հետ ինչ-որ դիվային բաներ են տեղի ունենում, մինչև ինքը ձեզ չպատմի որոշ բաներ:

     

    Սխալ է այն միտքը, թե դևը գտնվում է ինչ-որ մեկի մեջ: Երբեմն դևերը կարող են կառչել որևէ մեկից, գործել մեկի միջոցով և լինել մեկի կողքին, սակայն պետք չէ բառացիորեն հասկանալ, որ նրանք հենց մարդու մեջ են:

     

    Եկե՛ք անդրադառնանք ազդեցության առավել արտասովոր և հազվագյուտ տեսակին, որը դիվահարությունն է կամ գերությունը սատանայի կողմից, երբեմն հայտնի է նաև որպես ակամա մոլեգնություն: Արդյո՞ք սատանան ունի լիակատար վերահսկողություն անձի նկատմամբ այն աստիճան, որ մարդ դառնա խամաճիկ նրա ձեռքերում:

     

    Սատանան չի կարող իրեն ենթարկել մարդու հոգին, նա միայն կարող է վերահսկել մարմինը: Սակայն մարդու կամքն այստեղ բարդ դեր է կատարում, քանի որ, ըստ իս, կամքն ամբողջովին կապված է հոգու հետ: Նաև կարծում եմ, որ երբ մարդը մոլեգնության մեջ է, ապա նրա կամքը գտնվում է ազդեցության տակ և նրա ազատության մակարդակը զգալիորեն նվազում է: Մենք անվանում ենք «ինտեգրացում» այն դեպքերը, երբ մարդն ի՛նքն է կապնվում սատանայի հետ, մինչդեռ մոլեգնությունը կանխամտածված չէ: Ամեն դեպքում ամբողջովին մոլագար մարդն ի վիճակի չէ որոշումներ կայացնել:

     

    Դուք տեսե՞լ եք լիովին դիվահարված մարդկանց:

     

    Այո, մի քանիսին Հռոմում և մեկին ԱՄՆ-ում:

     

    Ձեր գրքում գրի առնված պատմություններից մեկն ինձ ապշեցրել է, որը վերաբերում է մի միանձնուհու, ով ինը տարի շարունակ ստիպված է եղել հանդիպել դիվահանի հետ: Երբ մարդիկ նման բան են լսում, ապա մտածում են՝ արդյո՞ք միանձնուհին չպետք է ունենա հատուկ շնորհ: Ինչպե՞ս կարող է Աստծուն նվիրյալ կյանքով ապրող մարդը լինել մոլագար:

     

    Հ. Կարմինային շատ միանձներ և միանձնուհիներ են այցելել: Մենք նաև ունեցել ենք այնպիսի դեպքեր, երբ աղջկա ծնողները եղել են իսկական սատանիստներ, սակայն նա թողել է այդ պաշտամունքը, մկրտվել ու դարձել միանձնուհի: Ես այլ դեպք էլ գիտեմ, երբ մայրը իր արգանդում գտնվող փոքրիկին նվիրաբերել է սատանային, քանի որ նրան չի հաջողվել աբորտ անել, սակայն հետագայում երեխան վանական է դարձել:

     

    Կարող է արդյո՞ք լիակատար դիվահարությունը լինել անեծքի կամ կախարդանքի արդյունք, որը հատուկ արել են տվյալ մարդու նկատմամբ:

     

    Ես չեմ կարծում, որ անեծքը կարող է դառնալ լիակատար մոլեգնության պատճառ, սակայն ենթադրում եմ, որ հմուտ օկուլտիստի կամ սատանայապաշտի կողմից արված անեծքը կարող է առաջացնել հարձակում կամ մոլեգնություն առաջացնել: Մինչ դևին հեռացնելը անհրաժեշտ է ազատվել անեծքից:

     

    Ցանկանում եմ իմանալ դիվահարության տիպիկ ախտանիշների և այն հոգեկան շեղումներից տարբերակելու մասին:

     

    Տիպիկ ախտանիշներից կարող է լինել աչքերի բիբերի պտտելը կամ փախնելը, սովորաբար, երբ խուսափում են սուրբ առարկաներից: Երբ ինչ-որ մեկը մտնում է եկեղեցի, ապա նա ի վիճակի չէ նայել խաչին, կամ էլ չի կարողանում եկեղեցում մնալ, իսկ եթե մնում է, ապա շատ դժվարությամբ, քանի որ այնտեղ առկա են Խաչը, Սուրբ Կույս Մարիամի արձանիկը կամ էլ այլ սրբազան առարկաններ:

     

    Ախտանիշ է համարվում նաև գերբնական գիտելիքների իմացությունը: Օրինակ, երբ մարդը գիտի մի այնպիսի բան, որը ոչ մի դեպքում իմանալ չէր կարող կամ էլ գուշակում է ապագան:

    Մյուս հավանական ախտանիշը համարվում է օտար լեզվով խոսելը, որին մարդը չի տիրապետում: Սովորաբար  նման բան տեղի է ունենում աղոթքի կամ էլ ծիսական դիվահանության ժամանակ:

    Դիվահարության ախտանիշ է մարդու մոտ գերբնական ֆիզիկական ուժի առկայությունը, որը հաճախ է տեղի ունենում դիվահանության ժամանակ այն դեպքերում, երբ սատանան առավել դաժան է իրեն պահում:

    Մարդու մոտ կտրուկ փոխվում են դիմագծերն ու ձայնը: Երբեմն ամբողջ մարմինը՝ ներառյալ նաև դիմագծերը, սկսում են նմանվել սողուններին կամ օձին: Ես նման բան շատ եմ տեսել:

     

    Այսինքն մենք խոսում ենք ֆիզիոլոգիական փոփոխությունների մասին, որոնք պարզապես տարօրինակ երևույթներ չեն, որոնք մարդը կարող է անել բերանով կամ լեզվով, այստեղ խոսքը գնում է նաև ոսկրայի՞ն համակարգի ժամանակավոր փոփոխությունների մասին:

     

    Այո՛, հասկանում եմ, որ սա տարօրինակ է հնչում, սակայն իրականում ականատես եմ եղել այնպիսի դեպքերի, երբ մարդու դիմագիծը փոխվել է: Կցանկանայի այդ երևույթն ավելի լավ նկարագրել, ես նման երևույթների բազմիցս եմ ականատես եղել:

     

    Ուրիշ էլ ի՞նչ փոփոխություններ կան:

     

    Ընդհանուր առմամբ խոսքը վերաբերում է նրանց ձեռքերի ու ոտքերի շարժմանը քահանայի աղոթքի ժամանակ: Ամեն մի աղոթքի ժամանակ նրանք ձեռքերը բռունցք են անում կամ էլ փորձում են վնասել ինձ կամ էլ շուրջը հավաքված մարդկանց: Այս ամենը միգուցե ձեզ ծանոթ լինի:

     

    Պետք է տեսնել աղոթքի թողած ազդեցությունը: Ծիսակարգի ընթացքում՝ սրբերի կանչման, սատանային անմիջականորեն դիմելու ժամանակ, դևերը կարող են իսկապես մեծ ցավ զգալ: Մարդու վրա սուրբ ջուր ցողելուց կամ նրա վրա խաչը դնելուց հետո կարող է առաջանալ այրոցի զգացում:

     

    Արդյո՞ք լատիներենով, թե խոսակցական լեզվով են ասվում  աղոթքներն ու ամբողջ ծեսը:

     

    Անգլալեզու երկրներում դրանք ընթերցվում են լատիներենով:

     

    Որքա՞ն է տևում ամբողջ ծեսը, եթե ձեզ չեն ընդհատում:

     

    Մոտ երեսունհինգ կամ քառասունհինգ րոպե: Սակայն իրականում այն ավելի երկար է տևում, քանի որ դուք պետք է հետևեք այն ամենին, ինչ տեղի է ունենում: Պետք է հետևել, թե ինչպես է մարդն արձագանքում աղոթքին, որպեսզի հասկանաք՝ արդյոք այն ազդում է դևի վրա:

     

    Կարելի՞ է սա համարել մարտ, երբ դուք փորձում եք առավելության հասնել և ձեր հաղթանակը ապացուցող նշաններ եք փնտրում:

     

    Կարծում եմ, դա բավականին ճիշտ համեմատություն է: Ամբողջ ծեսի ընթացքում իրար են հաջորդում «Հայր Մեր», «Ողջույն քեզ, Մարիամ» և այլ աղոթքների ընթերցումը, որոնք անմիջապես ուղղված են դևին: Նայելով դևի արձագանքին, որը դրսևորվում է մարդու վարքագծում, փնտրում ենք առավել արդյունավետ միջոց:

     

    Պատմեք ծիսակարգի նախապատրաստական աշխատանքների մասին:

     

    Երբ մարդն առաջին անգամ ինձ մոտ է գալիս, ես նրան խնդրում եմ ինձ հետ աղոթել՝ ասելով, որ ուզում եմ նրա մասին ավելին իմանալ: Ես միշտ փորձում եմ լսել ակնարկներ այն մասին, թե ինչպես է դևը եկել, ներթափանցել, օրինակ՝ հիշողություն օկկուլտիստական ծեսերում մասնակցության կամ սեռական բռնության մասին: Ինձ մոտ եկած մարդկանց ութսուն տոկոսը մանկության տարիներին ենթարկվել է սեռական բռնության: Սակայն, ես նաև պետք է այնպիսի հարցեր տամ, որոնք վերաբերում են պոռնոգրաֆիային կամ թմրադեղեր օգտագործելուն, կամ ինչպիսի պայմաններում է մեծացել, ընտանիքում տիրող մթնոլորտի մասին, հոգեկան ցնցումներ, օրինակ՝ ինչ-որ մեկի ինքնասպանությունը, ես չէի բացառի որևէ ցնցում, որ կարող է դուռ բացել դևերի համար:

     

    Այնուհետև ես կարող եմ խնդրել մարդուն դիմել մեր կլինիկական հոգեբանին: Եթե նա արդեն իսկ ստանում է բուժումներ հոգեբույժից, ապա կարող եմ խնդրել, որպեսզի նրան հետազոտի նաև մեր հոգեբույժը: Եթե ես նրանց պահվածքում տարօրինակ բան եմ նկատում, որը մինչ այդ չկար, ապա նրանց ուղարկում եմ մեր բժշկի մոտ: Եթե մենք գալիս ենք այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կատարել դիվահանության կարգ, ապա կարգը սկսելուց շատ առաջ ես խնդրում եմ մեր աղոթող խմբին, որպեսզի խմբի անդամներն ուղղակի աղոթեն ինձ և այդ մարդու համար:

     

    Արդյո՞ք ծիսակարգն անցկացվում է տանը կամ եկեղեցում:

     

    Ես ծեսն անցկացնում եմ միայն եկեղեցում, քանի որ դա սուրբ վայր է և ես ցանկանում եմ, որ լինեմ Սուրբ Հաղորդության մոտ: Բացի այդ, եկեղեցում մենք ավելի շատ վերահսկողություն ունենք, օրինակ մենք կարող ենք փակել դռները:

     

    Մենք մեր խմբի հետ հանդիպում ենք եկեղեցում, որտեղ շատ ազատ տարածություն կա: Եթե անհրաժեշտություն կա, որ մարդը հատակին պառկի, ապա նա կարող է դա անել: Ես բոլոր մասնակիցների վրա, նաև այդ մարդու, սուրբ ջուր եմ շաղ տալիս: Մենք ծեսը սկսում ենք Աստծուն փառաբանող աղոթքներով, ասելով, որ հենց Նա է հիմա գործելու: Այս բոլոր քայլերն անհրաժեշտ է անել դիվահանության բուն կարգը սկսելուց առաջ: Սա հստակ ահազանգ է դևին, թե նա ինչ կարող է անել կամ չանել: Նաև հայտարարում եմ, որ ես եպիսկոպոսից ստացած իշխանություն ունեմ, ինչը շատ կարևոր է ինձ համար, անգամ եթե դևերը դա չեն ընդունում, դա պետք է բարձրաձայնել: Այդ դեպքում դևերը չեն կարող վնասել ներկաներին և ոչ էլ որևէ մեկին համայնքում կամ էլ հենց այն մարդուն, ում համար անելու ենք կարգը: Այս ամենն արվում է ծեսից անմիջապես առաջ:

     

    Ինչպե՞ս եք իմանում, որ չար ոգին հեռացել է:

     

    Դիվահանությունն ավարտված է համարվում, եթե թվարկված բոլոր նախանշաններն անհետանում են: Սակայն դուք չենք դադարում աղոթել, քանի որ դևերը կփորձեն մեզ հիմարացնել, որպեսզի մենք մտածենք, որ իբր նրանք հեռացել են: Մենք բավական երկար ժամանակ շարունակում եք աղոթել, անգամ եթե դևն իր ներկայության մասին այլևս ոչ մի ազդանշան չի տալիս, և եթե ոչ մի բան տեղի չի ունենում, ապա մենք կարող եք ենթադրել, որ դևերն իսկապես հեռացել են: Ես հարցնում եմ մարդուն «Դուք ինչ-որ բան զգու՞մ եք»: Որոշ ժամանակ ստիպված ենք լինում ապավինել տվյալ մարդուն և մեր սեփական դիտարկումներին:

     

    Արդյո՞ք համացանցում պոռնոգրաֆիայի հասանելիությունն առնչություն ունի այն բանի հետ, որ դևերը ներթափանցում են մարդու մեջ:

     

    Մկնիկի ընդամենը մեկ սեղմում և պոռնոգրաֆիայի հեռավորությունն արդեն իսկ հաղթահարված է: Ես կարծում եմ, որ այն կախվածություն առաջացնելու մեծ ուժ ունի: Ես կարծում եմ, որ դա նշանակում է մարդուն վերածել առարկայի: Երբեմն այնտեղ ցուցադրվում է անհավատալի դաժանություն: Ես կարծում եմ, որ մարդու գիտակցությունը մթագնում է՝ դիտման հաճախականությունից կախված: Եվ, մարդն, իհարկե, հանգամանորեն թաքցնում է նման բանի մեջ ներգրավված լինելու հանգամանքը, ինչպես և դևը, որը թաքնված է. ըստ իս, դա դռներ է բացում դիվային ուժերի համար:

     

    Եկե՛ք խոսենք մեր զենքի՝ լույսի, հույսի և ուրախության մասին, որը մենք կարող ենք գտնել Հիսուս Քրիստոսի հետ ապրելով:

     

    Այդպիսի զրահ ունենալու համար մարդը պետք է բարոյական կյանք վարի, հավատքով և աղոթքով ապրի, մասնակցի եկեղեցու խորհուրդներին: Այսպիսով, շատ կարևոր նշանակություն ունի, թե ինչպիսի կյանք ենք մենք վարում, ինչպես ենք շփվում նրանց հետ և ծառայում: Քանզի մկրտված քրիստոնյաների պարտականություններից է նաև միմյաց ծառայելը:

     

    Արդյո՞ք դուք խորհուրդ եք տալիս զարգացնել աղոթական հարաբերություններ Սուրբ Կույս Մարիամի հետ:

     

    Այո՛: Նա է առաջին աշակերտը, Նա առաջինն ասաց «այո՛» Աստվածաշնչում, Նա՛ է Եկեղեցու առաջին անդամը, Ով արձագանքեց Տիրոջ կոչմանը, Նա Տիրոջ Խոսքի կրողն է: Ըստ դիվահանի, սատանան և դևերը ավելի շատ են ատում Սուրբ Կույս Մարիամին, քան Հիսուս Քրիստոսին: Եվ հաճախ «Ողջու՜յն, քեզ Մարիամ» աղոթքը կարող է առավել արդյունավետ լինել, քան հենց դիվահանության կարգի աղոթքները:

     

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

    Աղբյուր՝ Просто Католик

Օրացույց

Օրացույց