• Քահանայական նոր ձեռնադրություն. Հ. Կարապետ Վրդ. Գլնճյան

    «Սիրու՞մ ես ինձ: Այո՛, Տեր, Դու գիտես, որ սիրում եմ Քեզ»


    Փետրվարի 16-ին Հռոմի Սբ. Մարուն եկեղեցում տեղի ունեցավ Հ. Կարապետ Վրդ. Գլնճյանի քահանայական ձեռնադրությունը՝ ձեռամբ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդի: Ձեռնադրության խարտավիլակն էր Զմմառու Կղերի Պատրիարքական Փոխանորդ եւ Զմմառի վանի ընդհանուր մեծավոր Գերհ. Հ. Գաբրիել Թ.Ծ.Վ. Մուրադյանի, առընթերականեր էին  Զմմառի կղերի միաբանութեան դպրեվանքի փոխ-տեսուչ Հոգշ. Հ. Տիգրան Վրդ. Փիլիպպոսյանի և Բեյրութի Ս. Եղիա և Ս. Գրիգոր Լուսավորիչ Աթոռանիստ եկեղեցու փոխժողովրդապետ՝ Հոգշն. Հ. Ղազար Վրդ. Պետրոսեանը: Արարողությանը ներկա էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը, Բերիայի և Բարձր Ջեզիրեի թեմի Առաջնորդ Արհ. Տ. Պետրոս Արքեպս. Միրիաթյանը, Ֆրանսայի թեմի վաստակավոր Առաջնորդ՝ Արհ. Տ. Հովհաննես Եպս. Թեյրուզյանը, Փանիկի Ս. Աստվածածին եկեղեցու ժողովրդապետ՝ Գերհ. Գառնիկ Ծ.Վ. Հովսեփյանը, Երևանի Սրբոց Հրեշտակապետաց Միացյալ Հոգևոր Ճեմարանի Մեծավոր և Երևանի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու ժողովրդապետ Հոգշն. Մաշտոց Վրդ. Զահթերյանը, Բոսթոնի Ս. Խաչ եկեղեցու ժողովրդապետ Հոգշն. Հ. Միքայել Վրդ. Բասալեն, Անթիլիասի միաբան՝ Հոգշն. Հ. Պսակ Վրդ. Դեբիրճյանը, Անարատ Հղության միաբանության հայ քույրերը, Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, նորօծ Վարդապետի ծնողները և Հռոմի հայ կաթողիկէ հավատացյալները, Իտալիայում սովորող հայ ճեմարանականները:

     

    Սրբալույս Մյուռոնի բերման թափորը գլխավորում էր Գերհ. Հ. Գառնիկ Ծ.Վ. Հովսեփյանը:

     

    Նորօծ քահանա Հ. Կարապետ Վրդ. Գլնճյանը ծնվել է 1991թ. մարտի 11-ին, Հասաքեում: 2010թ. մտել է Զմմառու Պատրիարքական կղերի Միաբանության Դպրեվանք, ապա 2011թ. ընդունվել է Հռոմի Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարան և հաճախել է Հիսուսյան հայրերի Գրիգորյան Համալսարան՝ հմտանալով իմաստասիրության մէջ:

     

    Կրկին անգամ վերադառնալով Զմմառ՝ իր աստվածաբանական ուսումը շարունակել է Պողոսյան հայրերի կաճառում։ Ապա մեկ տարի նախապատրաստական շրջան անցնելուց հետո՝ 2019թ. սեպտեմբերի 14-ին, ձեռնադրվել է սարկավագ:

     

    Սրբազան արարողության ընթացքում արտասանած իր քարոզի մեջ Ամենապատիվ Հոգևոր Տերը խոսքն ուղղելով նորօծ քահանային ասաց.

     

    «Սիրելի՛ Հայր Կարապետ ինը տարի ի վեր պատրաստվում ես ընդունելու համար այս մեծ շնորհքը, որի համար Աստված քեզ կոչեց։ Թեև բոլոր մկրտյալները կոչված են մասնակցելու Հիսուսի Քահանայությանը, բայց Նա միայն մի քանիսին է ընտրում, որպեսզի իր առաքելությունը շարունակեն։ Եվ Դու նրանցից մեկն ես։ Անշուշտ, մեծ ուրախությամբ, մեծ գոհունակությամբ և մեծ երախտագիտությամբ ես ընդունում այս շնորհքը, որ այսուհետ պետք է ապրես որպես սկսյալ հիմա որ ամբողջովին Քրիստոսին ես նվիրված: Միակ վարդապետը, միակ Քահանան, միակ Հովիվը ինքն է՝ Հիսուս Քրիստոսը, և դու քահանայական առաքելությունդ պետք է ապրես Քրիստոսով, Քրիստոսի խոսքը տարածելով ու հավատարիմ մնալով այդ խոսքին։ Եղի՛ր Քրիստոսի նման, որ եկավ ոչ թե ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու, քեզ հանձնված հոտի մեջ, աղքատի, հիվանդի, դյուրաբեկի մեջ տեսնելով Քրիստոսին, և նրանց ծանոթացնելով Քրիստոսի սրտի ու ողորմության հետ»։

     

    Գրիգոր Պետրոս Ի կաթողիկոս Պատրիարքը քարոզն ավարտեց մաղթելով, որ Հայ ժողովուրդը, որին նորօծ քահանան հովիվ պետք է դառնա, երբեք չհուսալքվի։ «Քաջությու՛ն քեզ, հարատևություն, հավատարմություն և սեր» ասաց Հայրապետն ավարտելով իր քարոզը։

     

    Հ. Կարապետին ևս տվեց հնարավորություն՝ իր խոսքն ասելու:

     

    Նա ասաց, որ որպես իր քահանայության բնաբան ընտրել է «Սիրու՞մ ես ինձ: Այո՛, Տեր, Դու գիտես, որ սիրում եմ Քեզ: Արածացրու իմ ոչխարներիս» ավետարանական տողերը, որ ներկայացնում է մի երկխոսություն՝ Հիսուսի և Պետրոս առաքյալի միջև: Հ. Կարապետը բացատրեց. «Ինը տարի նորընծայության շրջան ապրելուց հետո, սկսում եմ մի նոր վազք: Ինը տարի Պետրոսի նման պատասպանում էի Տիրոջը. «Այո՛, Տեր, սիրում եմ Քեզ»: Ահա՛ եկավ պահը՝ այս «այո» ն խոսքից գործի վերածելու: Այլևս ես իմ անձիս համար չէ՛ որ ապրում եմ, այլ ապրու՛մ եմ բոլոր նրանց համար, որոնց հոգիներն ինձ են հանձնված։ Այսուհետ ես կամուրջ և միջնորդ են դառնում Աստծո և իր ժողովրդի միջև։ Կամուրջ, որը հաստատ և կայուն մնալու համար կարիք ունի հիմնվելու մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խոսքերի վրա։ Աղոթե՛ք ինձ համար, որպեսզի կարողանամ միշտ հաստատ մնալ կոչմանս մեջ, բոլորին ծառայել անխտիր և Աստծուն փառաբանել մշտապես». ասաց Հայր Կարապետ Գլնճյանը։

     

    Թղթակցությամբ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի

    Radio Vatican, Հայկական Բաժին

    Լևոնյան հայ վարժարանի ֆեյսբուքյան էջ

    Տ. Հովսեփ Գալստյան

    Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց