Բացե՛նք մեր սրտերի դռները Հիսուսի առջև
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ:
Այսօր բոլորիս համար մեծ ուրախություն է, որովհետև մեզ համար Հիսուս Քրիստոսը ծնվեց։ Այսքան հազարավոր տարիներն անցան և սակայն, Քրիստոսին հավատացողները շարունակում են տոնել Նրա Ծննդյան հիշատակը։ Եւ գիտե՞ք՝ դեռ սկզբից ոչ մեկը չգիտեր, թե ով էր ծնվողը։ Բայց մենք՝ այս ամբողջ անցյալի հարստությամբ, գիտենք, որ Հիսուս Քրիստոսը մեզ փրկելու համա՛ր է եկել։ Բայց տեսե՛ք, թե ինչպես Հիսուս Քրիստոսը աշխարհ եկավ։ Քիչ առաջ Ավետարանում կարդացինք այն հատվածը, որտեղ գրված էր․
«Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելաւ՝ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ Այս առաջին մարդահամարը տեղի ունեցաւ, երբ Կիւրենիոսը կուսակալ էր Ասորիքում։ Եւ բոլորը գնում էին արձանագրուելու մարդահամարի՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։ Յովսէփն էլ Դաւթի տնից եւ ազգատոհմից լինելով՝ Գալիլիայի Նազարէթ քաղաքից ելաւ գնաց դէպի Հրէաստան՝ Դաւթի քաղաքը, որը Բեթղեհէմ է կոչւում, մարդահամարի մէջ արձանագրուելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանուած էր եւ յղի էր։ Եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար». Ղկ. 2,1-7:
Հովսեփն ու Մարիամը իմանալով, որ պահը հասել է ծննդաբերության, փնտրում էին մի համեստ տեղ, որտեղ կարող էին ընդունել Հիսուս Քրիստոսին։ Ծննդաբերության համար անհրաժեշտ են նվազագույն պայմաններ։ Բայց, սակայն ոչ ոք դուռը չբացեց իրենց առջև՝ ո՛չ հարուստները, ո՛չ միջին դասակարգը և ո՛չ էլ անգամ աղքատները, ո՛չ մեկը տեղ չունեին Հովսեփին ու Մարիամին ընդունելու։
Այսօր, տեսնում ենք, թե ի՞նչ է կատարվում ամբողջ աշխարհում։ Եվ ցավոք՝ պատերազմներ, մարդասպանություններ, իսկ եթե գանք մեր անձնական կյանքին, ապա կտեսնենք՝ ոխակալություն, անձնասիրություն, չարություն։ Եվ մենք նմանվում ենք այն մարդկանց, որոնց դուռը փակվեց և Քրիստոսի ծնողները մերժվեցին։ Մեր մտահոգություններով այսօր մենք դուռը փակում ենք Քրիստոսի դիմաց։
Այս օրերին՝ Ծննդյան պատրաստության ընթացքում, բավական խոսեցի Հիսուս Մանկան մսուրի մասին և մինչև այսօր Նրա մսուրը շարունակում է մնալ մեզ համար Տապանակի մեջ՝ Սուրբ Հաղորդությամբ, որը փոխադրվում է տապանակից դեպի ավելի մեծ մսուր՝ մեր մեջ: Եվ տեսե՛ք. մեր սրտի տապանակի դուռը փակ կլինի այն դեպքում, երբ մենք չենք զղջում մեր գործած հանցանքների համար և ավելին, ուզում ենք մնալ մեր գործած մեղքերի մեջ՝ կարծելով թե քաջագործություն եմ անում։
Այս խորհուրդը պատկերացրե՛ք մարդու օրինակով։ Մի հարուստ բարերար, որ տրամադրում է մեզ ամեն ինչ, որ ինքն ունի, իսկ մենք նրա արածի դիմաց մերժում ենք նրան, և դուռը փակում իր առջև։ Եթե կողքից ինչ-որ մեկը նայի, ապա կասի, որ մենք խենթ ենք և չենք հասկանում, թե ինչ հարստություններ կարող ենք վերցնել նրանից։ Նույնն է հոգևոր կյանքի մեջ։ Շատ անգամ և հաճախ մենք, իմանալով հանդերձ հոգեկան հարստությունները, որ կարող ենք ընդունել Հիսուսից, մեկ ամսվա հաճույքի կամ էլ մեկ պաշտոնի համար ուրանում ենք հոգևոր հարստությունները, որ կարող ենք վերցնել Հիսուսից։ Դրա համար այս տոնակատարությունը՝ այս Սուրբ Ծննդյան հիշատակությունը մեզ համար խթան պիտի լինի, որպեսզի մենք կարողանանք անդրադառնալ և, ճշմարտությունը իմանալավ, մեր սրտի դուռը բացենք՝ զղջալով մեր գործած մեղքերի ու հանցանքների համար, նույնիսկ եթե դրանք թեթև են։
Քրիստոսի նպատակը փրկությունն է ամբողջ աշխարհի, մե՛ր փրկությունն է, որ մենք վերադառնանք դեպի Երկնքի Արքայությունը, որ Աստված պատրաստել է մեզ համար։ Եվ որ մահով վերածնվենք հավիտենական կյանքի համար։
Եվ դրա համար մեր պարտականությունը կրկնապատկվում է ոչ միայն երբ մենք մտածում ենք ինքներս մեր մասին, այլ նաև՝ մեր եղբայների ու քույրերի, մեր ծնողների ու հարազատների մասին՝ նրանց հրավիրելով դեպի Քրիստոս, որպեսզի բացեն իրենց սրտի մսուրները և ընդունեն Քրիստոսին։ Չգիտեմ՝ իմ պատգամը կարող եմ հասցնել ձեր սրտերին, թե ոչ, բայց ես կարող եմ ասել, որ որքան էլ փակ լինի մարդու սիրտը, ես վստահ եմ, որ աղոթքի միջոցով կարող ենք խորտակել այդ դուռը և բացել սիրտը, որպեսզի Քրիստոսը կարողանա մտնել այդ սրտի մեջ և այդտեղ գտնի իր հանգիստը, և այդ հանգիստը գտնելով՝ մեզ տանի իր հետ դեպի հավիտենական երջանկությունը։
Մաղթում եմ Ձեզ, որ ամենքդ լինեք ժպտադեմ, ուրախ, զվարթ, և Քրիստոսի ուրախությանը միանալով՝ տոնենք Քրիստոսի Ծնունդը։
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս։
Պատրաստեց՝ Լիլիթ Մկրտչյանը