«Մենք քայլում էինք՝ նայելով միմյանց աչքերի մեջ և լսելով միմյանց անկեղծորեն»
Քրիստոնեության երկու հազարամյա պատմությունը մեզ սովորեցնում է, որ Եկեղեցու վարդապետության զարգացումը միասնության մեջ քայլող ժողովրդի ուղին է: Անցնելով դարերի միջով՝ Եկեղեցին ինչ-որ նոր բան է տեսնում ու սովորում՝ միշտ խորանալով հավատքի մեջ: Այս ճանապարհին ոմանք կանգ են առնում, մյուսները առաջ են վազում, իսկ երրորդները՝ այլ ուղի ընտրում:
Բենեդիկտոս ԺԶ. Եկեղեցու ուսմունքը չպետք է սառեցվի
Այս առումով կարևոր են Բենեդիկտոս 16-րդի խոսքերը՝ 2009թ. ուղերձից, որը նա հրապարակեց՝ չորս եպիսկոպոսների արտաքսման որոշման վերացման առիթով, որոշում, որը կայացրել էր Արքեպիսկոպոս Լեֆեվրը, ով Սուրբ Պիոս Ժ-ի Քահանայական եղբայրության հիմնադիրն է.
«Եկեղեցու վարդապետական հեղինակությունը չի կարող սառեցվել և դա պետք է հասկանալի լինի Եղբայրության համար: Սակայն նրանց, ովքեր իրենց անվանում են Վատիկանի Երկրորդ Ժողովի ընդդիմադիրներ, պետք է հիշեցնել, որ Վատիկանի Երկրորդ ժողովը ընդգրկում է Եկեղեցու վարդապետության ամբողջ պատմությունը: Ով ցանկանում է հնազանդ լինել Ժողովին, ուրեմն պետք է ընդունի դարեր շարունակ դավանած հավատը, և չի կարող կտրել արմատները, որոնք կյանք են պարգևում այս ծառին»:
Ի մի հավաքել հինը և նորը
Անհրաժեշտ է երկու բան հաշվի առնել. չի կարելի սառեցնել կոնկրետ դարաշրջանի ուսմունքը և միևնույն ժամանակ պետք է հավատարիմ մնալ Ավանդույթին: Ինչպես Հիսուս ասում է Ավետարանում. «Դրա համար երկնքի արքայությանն աշակերտած ամեն օրենսգետ նման է տանուտեր մարդու, որ իր գանձերից հանում է նորը ու հինը» (Մտթ. 13.52): Չի կարելի կառչել միայն հնից, ինչպես որ չի կարելի ընտրել միայն նորը՝ այն առանձնացնելով հնից:
Կանգ չառնել տառի վրա, այլ առաջնորդվել Սուրբ Հոգով
Կարևոր է հասկանալ, թե երբ պետք է խոսել Ավանդույթին հավատարիմ վարդապետության մասին: Եկեղեցու պատմությունը ցույց է տալիս, որ պետք է հետևել Սուրբ Հոգուն և ոչ թե՝ տառին: Իրականում, եթե որպես չափանիշ վերցնենք տեքստերի ու փաստաթղթերի միջև հակասության բացակայությունը, ապա դադարում ենք առաջ շարժվել: Չափանիշը գրված տեքստ չէ, այլ ժողովուրդն է, որ առաջ է շարժվում միասնաբար: Կաթողիկէ Եկեղեցու Քրիստոնեականում կարդում ենք. «Քրիստոնեական հավատքը Գրքի կրոն չէ: Քրիստոնեությունը Աստծո Խոսքի կրոնն է, որը պարզապես գրված ու համր խոսք չէ, այլ կենդանի ու մարմնավորված Խոսք է: Որպեսզի Գիրքը չմնա որպես մեռած տառ, անհրաժեշտ է, որ Քրիստոսը՝ Կենդանի Աստծո Հավերժական Խոսքը, Սուրբ Հոգով լուսավորի մեզ՝ Գիրքը հասկանալու համար»:
Երուսաղեմի առաջին Ժողովում արված հզոր առաջընթացը
Առանց այս հոգևոր ու եկեղեցական տեսակետի, ցանկացած զարգացում կդիտվի որպես վարդապետության ոչնչացում և մի նոր Եկեղեցու ստեղծում: Ահա՛ թե ինչու մենք պետք է հիանանք առաջին քրիստոնյաների օրինակով, ովքեր Երուսաղեմի առաջին Ժողովի ժամանակ վերացրեցին թլփատման ավելի քան հազար տարվա ավանդույթը, չնայած որ իրենք հրեաներ էին: Ոմանց համար այս առաջընթացը իսկական ցնցում է եղել: Հավատարմությունը, իրականում, որևէ առանձին օրենքի, կանոնի հետ կապվածությունը չէ, այլ Աստծո ժողովրդի ընդհանուր ճանապարհն է:
Արդյո՞ք չմկրտված երեխաները գնում են Երկինք
Գուցե ամենաակնառու օրինակը չմկրտված երեխաների փրկության հարցն է: Այստեղ խոսվում է հավատացյալ մարդու համար շատ կարևոր՝ հավերժական փրկության մասին: Տրիդենտյան ժողովի քրիստոնեականում կարդում ենք. «Եթե երեխաները մկրտված չեն, ապա փրկվելու ոչ մի հնարավորություն չունեն»: Մեզանից շատերը հիշում են նաև, թե ինչ էր ասվում Սուրբ Պիոս Ժ-ի Համառոտ քրիստոնեականում. «Ու՞ր են գնում չմկրտված երեխաները: Առանց մկրտության մահացած երեխաները ուղարկվում են լիմբ, որտեղ չկան ոչ գերբնական պարգևներ, ոչ էլ պատիժներ. ունենալով միայն ադամական մեղքը՝ նրանք չեն գնում ոչ Երկինք, որ դժոխք և ոչ էլ քավարանի դրություն»:
Վարդապետության զարգացումը՝ Սուրբ Պիոս Ժ-ից մինչև Սուրբ Հովհաննես Պողոս Բ
Տրիդենտյան քրիստոնեականը հրապարակվել է 1566թ-ին, իսկ Սուրբ Պիոս Ժ-ի քրիստոնեականը՝ 1912թ-ին: Կաթողիկէ Եկեղեցու քրիստոնեականը, որը մշակվել է կարդինալ Յոզեֆ Ռատցինգերի գլխավորությամբ և հաստատվել է 1992թ.՝ Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ի կողմից, այլ բան է ասում. «Ինչ վերաբերում է այն երեխաներին, ովքեր մահացել են առանց մկրտության, ապա Եկեղեցին կարող է միայն նրանց վստահել Աստծո ողորմությանը, ինչպես որ անում է մահացած չմկրտված երեխաների թաղման ծեսի ժամանակ: Իրոք, Աստծո մեծ բարեգթությունը, Ով կամենում է բոլոր մարդկանց փրկությունը, և Հիսուսի սերը երեխաների հանդեպ, որոնց մասին Նա ասում է. «Թողե՛ք, որ երեխաները ինձ մոտ գան, մի արգելեք նրանց» (Մկ 10: 4), մեզ թույլ է տալիս հուսալ, որ առանց մկրտության մահացած երեխաների համար փրկության ճանապարհ գոյություն ունի»: Այսպիսով լուծումը Ավետարանում եղել է, սակայն մենք այն դարեր շարունակ չենք նկատել:
Կանանց հարցը Եկեղեցու պատմության մեջ
Եկեղեցին մեծ առաջընթաց է ունեցել կանանց հարցում: Կանանց իրավունքների և արժանապատվության ընկալումն աճում էր ժամանակին համընթաց, Պապ Հովհաննես 23-րդ Քահանայապետը ընդունեց այն որպես ժամանակի նշան:
Տիմոթեոսին ուղղված առաջին նամակում Պողոս Առաքյալը գրում է. «Կին արարածը թող ուսանի լռությամբ, կատարյալ հնազանդությամբ: Եվ ես թույլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խոսքով իշխի տղամարդու վրա, այլ թող լուռ մնա» (Ա Տիմ. 2,11–12): Միայն նախորդ դարի 70-ական թվականներին՝ Սուրբ Պողոս Զ-ի գահակալության ժամանակ, կանայք սկսեցին պապական համալսարաններում դասավանդել ապագա քահանաներին: Մենք մոռացել էինք, որ հենց կինն էր՝ Մարիամ Մագդաղենացին, ով առաջինը հայտնեց առաքյալներին՝ Հիսուսի Հարության լուրը:
…
Հռոմի Պապերի տառապանքը
Սրբերը միշտ կոչ են արել սիրել Սրբազան Քահանայապետերին, և սա Եկեղեցու հետ միասնական քայլելու պայման էր: 1912թ. դիմելով Առաքելական միության քահանաներին՝ Սուրբ Պիոս Ժ-ը, «հոգևոր վշտով համակված» պնդում էր. «Անհավատալի ու ցավալի է, որ կան քահանաներ, ովքեր նման խորհուրդի կարիք ունեն: Ցավոք, այս օրերին մենք գտնվում ենք դժվարին, ցավալի իրավիճակում և ստիպված ենք քահանաներին ասել. «Սիրեցե՛ք Հռոմի Սրբազան Քահանայապետին»: 1988թ. Ecclesia Dei ուղերձում Սբ. Հովհաննես Պողոս Բ-ը «մեծ ցավով» ընդունեց ապօրինի եպիսկոպոսական ձեռնադրության մասին լուրը՝ կատարված մոնսենյոր Լեֆեվրի կողմից, և հիշեցրեց. «Պետք է վիճելի համարել Ավանդույթի այնպիսի ընկալումը, որն իրեն հակադրում է Եկեղեցու ուսուցչական հեղինակությանը, որի պահապանը Հռոմի Եպիսկոպոսն է և եպիսկոպոսների ժողովը: Հնարավոր չէ հավատարիմ մնալ Սրբազան Ավանդույթին՝ խզելով եկեղեցական կապերը նրա հետ, ում հենց Տեր Հիսուս Քրիստոս՝ վստահեց Իր Եկեղեցում միասնության ծառայություն կատարելը՝ Պետրոս առաքյալի անձի միջոցով»:
2009թ. ուղերձում, որը վերաբերում է լեֆևրականներին, Բենեդիկտոս ԺԶ-ը ևս նույն վիշտը արտահայտեց. «Ես տխուր եմ այն փաստից, որ անգամ կաթողիկէները, ովքեր, ի վերջո, պետք է ավելի ճիշտ գնահատեին իրավիճակը, որոշեցին ինձ հարված հասցնել հարձակման պատրաստ թշնամանքի միջոցով»: Կաթողիկէն ոչ միայն երբեք չի կորցնում իր հարգանքը Պապի նկատմամբ, այլև սիրով է վերաբերում նրան՝ որպես Քրիստոսի Փոխանորդի:
Միասնության կոչ. միասին գնալ դեպի Հիսուս
Այսպիսով, Հիսուսին հավատարիմ մնալ՝ չի նշանակում կենտրոնանալ կոնկրետ որևէ տեքստի վրա՝ գրված երկու հազար տարվա պատմության մի որևէ ժամանակահատվաում, այլ նշանակում է հավատարմություն պահպանել Իր՝ Աստծո ժողովրդի նկատմամբ, որը միասնաբար գնում է դեպի Քրիստոս՝ Իր Փոխանորդի և առաքյալների հաջորդների հետ միասին: Ինչպես, որ Ֆրանցիսկոս Քահանայապետն ասաց Ամազոնի ավազանի հիմնախնդիրների վերաբերյալ Սինոդոսի ավարտին.
«Ինչպիսի՞ն էր այս Սինոդը: Սա Աստծուց շնորհված արիությամբ և սփոփանքով ամրապնդված համատեղ մի ճանապարհ էր: Մենք քայլում էինք՝ նայելով միմյանց աչքերի մեջ և լսելով միմյանց անկեղծորեն, չթաքցնելով դժվարությունները, գիտակցելով, թե որքա՜ն սքանչելի է միասնաբար ընթանալ առաջ՝ դեպի ծառայություն»:
Հեղինակ՝ Սերջո Չենտոֆանտի
Vatican News-ի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը