• Ի՞նչ է աշխատանքը՝ ըստ Եկեղեցու սոցիալական ուսմունքի

    Մաս 1, Հայկական Կարիտասի անձնակազմի հետ զրույցների համար


     

    Աշխատանքը ծառայություն է, որ կատարվում է հանուն Աստծու, մարդու և արարչագործության: Այսպիսին է աշխատանքի ընկալումը Եկեղեցու համար:

     

    Մենք բոլորս, որ աշխատում ենք Եկեղեցու առաքելության մեջ, մասնավորապես, հոգևոր, բարոյական կամ սոցիալական առաքելության դաշտում և ծառայում ենք մարդ անհատին՝ իր ֆիզիկական կամ սոցիալ-հոգեբանական խնդիրներով և կյանքի յուրահատուկ պայմանների մեջ, Տեր Հիսուս Քրիստոսի կողմից հրավիրված ենք մեր աշխատանքին նայելու Իր տեսանկյունից՝ որպես օրինակ ունենալով Իր կյանքը և առաջնորդվելով իր ուսուցումներով, որն այսօր Եկեղեցին մեկնաբանում է՝ ելնելով ժամանակակից կյանքի մարտահրավերներից և ժամանակակից լեզվով:

     

    Դեռևս Եդեմի պարտեզում Աստված Ադամին ու Եվային պատվիրեց խնամել և պահպանել Եդեմի պարտեզը (Ծննդ. 2, 15): Հետևաբար, աշխատանքը աստվածային պատվիրան է: Աստված ի սկզբանե կամեցավ, որ մարդն իր աշխատանքով նմանվի իր Արարչին, որ ստեղծեց ամբողջ տիեզերքը և արարում է մշտապես: Ուրեմն, աշխատանքը Աստծուն նմանվելու մի ճանապարհ է. մարդը ստեղծված է Աստծո պատկերով և նմանությամբ և կոչված է անդադար աշխատանքով և ինքնազարգացմամբ կատարյալ դարձնելու իր նմանությունը Արարչի հետ: Աշխատանքով նաև մարդը կոչված է հոգ տանելու արարչագործության մասին և ապահովելու համընդհանուր ներդաշնակությունը՝ Աստծո, մարդու և ամբողջ արարչագործության միջև: Ուրեմն, կարելի է ասել, որ աշխատանքը նաև մարդու կոչումն է: Աշխատանքը դիտարկում ենք լայն իմաստով՝ որպես տարատեսակ ջանադրություն՝ ինքնազարգացման և միջավայրի պահպանության, առավել կատարելագործման համար՝ համագործակցելով Արարչի հետ: Ուրեմն, շեշտենք ևս մեկ փաստ. աշխատանքը համագործակցություն է Աստծո հետ կամ համագործակցություն՝ աստվածային արարման մեջ ի շահ մարդու և տիեզերքի և ի փառս Աստծո:

     

    Մարդկային աշխատանքի ներդաշնակությունը աստվածային արարչագործության և արարածների հետ խախտվեց մարդկային մեղքի հետևանքով: Մարդու անկման հետևանքով երկիրն անիծվեց Աստծո կողմից. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն ծառի պտղից, որից միայն քեզ պատուիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին: Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը եւ դու դաշտային բոյսերով սնուես: Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետեւ հող էի եւ հող էլ կը դառնաս», Ծննդ. 2, 17-19: Այս անեծքի ամբողջ պատասխանատվությունը մարդու ուսերին է. այդքա՜ն կարևոր է մարդը ամբողջ արարչագործության մեջ՝ Աստծո առաջ, և մարդու յուրաքանչյուր արարք, բերանից դուրս ելած խոսք, հավատքը կամ անհավատությունը, Աստծո յուրաքանչյուր խոսքն ընդունելը կամ չընդունելը ահռելի մեծ կարևորություն ունի Աստծո առաջ և ամբողջ տիեզերքի կյանքի որակի համար: Մարդուն այսքան կարևորելու փաստը ապշեցնում է սաղմոսերգուին, որ բացականչում է. «Մարդն ի՞նչ է, որ յիշում ես նրան եւ մարդու որդին, որ այցելում ես նրան: Մի փոքր ցածր դասեցիր դու նրան հրեշտակների առջև, փառք ու պատուով պսակեցիր դու նրան, տէր կարգեցիր նրան քո ձեռքի գործերի վրայ, ամէն ինչ դրեցիր նրա ոտքերի առաջ» Սղմ. 8, 5-8:

     

    Մարդը չհասկացավ իր և իր պատասխանատվության ա՛յսչափ կարևորությունը և կործանեց սկզբնական ներդաշնակությունը, բայց, արտաքսված լինելով Եդեմի պատեզից՝ աշխատելու և երկիրը խնամելու պարտականությունը տարավ իր հետ որպես առավել ծանրացած մի խնդիր: Աշխատանքն ինքնին դարձավ ծանր հոգնություն՝ քրտինքով, տառապանքով, հուսահատություններով, բայց և բազում հաջողություններով ուղեկցվող մի պարտականություն: Եթե Եդեմի պարտեզում մարդը հոգ չէր անում վերաիմաստավորելու իր աշխատանքը, քանի որ այն առավել հեշտությամբ էր կատարվում՝ ընդհանուր ներդաշնակության մեջ, ապա երբ իր մեղքով կորցրեց այդ ներդաշնակությունը և փոխարենը ստացավ մեղքի հետևանքները՝ հիվանդությունները, ֆիզիկական թուլությունը, սահմանափակումները, մահը, ապա արդեն հարկադրված է մշտապես, ամեն վայրկյան վերաիմաստավորել իր աշխատանքը, հասկանալ այն այնպես, ինչպես Աստված է սահմանել և իր մտահորիզոնից չկորցնել սեփական աշխատանքի հոգևոր, բարոյական նպատակը, սիրել իր աշխատանքը, որպեսզի կարողանա հաղթահարել աշխատանքային ահռելի բարդությունները: Ինչը որ մարդը չկարողացավ գնահատել նախկինում, հիմա այլևս ստիպված է գնահատել, սիրել ու կատարելագործել, որովհետև ինքն իր և արարչագործության մասին հոգ տանելու աստվածադիր խնդիրը մնում է անփոփոխ (հմմտ.՝ Սոց. ուսմունք, 256):

     

    Սակայն, Եդեմի պարտեզից արտաքսվելուց հետո աշխատանքի ծանրությունը պատիժ չէ և ոչ էլ անեծք, այլ՝ մեղսագործության հետևանք, որը մարդը կոչված է հաղթահարել՝ աշխատելով իր գոյապահպանության համար, իր աշխատանքը կատարելով Աստծո տված բարոյական սկզբունքները պահելով և հետևելով Հիսուս Քրիստոսի օրինակին, որովհետև Հիսուսի Քրիստոսին հետևելո՛վ միայն մարդը կարող է դարձյալ վերականգնել աշխատանքի արժանապատվությունն ու ճշմարիտ իմաստը, նպատակը, որն է Աստծո հետ միությունը:

     

    Հիսուս մինչև երեսուն տարեկան խոնարհությամբ աշխատեց Սուրբ Հովսեփի արհեստանոցում և իր երեսի քրտինքով վաստակում էր իր հացը: Այսպես խոնարհությամբ և լռության մեջ աշխատելով՝ Հիսուս իր աստվածային անձով վերականգնեց աշխատանքի արժանապատվությունը և մեզ տվեց մի կատարյալ օրինակ և ուսուցում՝ առ այն, որ ցանկացած աշխատանք ունի իր ուրույն արժեքը՝ պայմանով, որ այն կատարենք՝ հարգելով սոցիալական և բնական միջավայրը, մարդու իրավունքներն ու արժանապատվությունը:  Հիսուս սովորեցնում էր, որ մարդը չպետք է դառնա իր ստեղծած նյութական արժեքների գերին, այլ պետք է մտածի նախևառաջ աշխատանքով իր հոգին փրկելու մասին: «Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ ամբողջ աշխարհը շահի եւ իր անձի կորցնի, որովհետեւ մարդ ի՞նչ ունի տալու իր անձի փոխարէն», Մրկ. 8, 36: Երկրային բարիքները ժամանակի ընթացքում հնանում են, մաշվում, քայքայվում, ցեց ու ժանգ փչացնում են դրանք, իսկ Երկնքում ունեցած գանձերը երբեք չեն կորում, այլ ապահովում են մարդուս մուտքը Երկինք. «Ուր որ ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն», Մտթ. 6, 19: Աշխատանքը չպետք է լինի մտահոգության, վախի առիթ. մարդ, ով անընդհատ տարված է այն մտքերով, թե ինչ պիտի ուտի կամ հագնի այսօր և վաղը, կարող է կորցնել ամենակարևորը՝ Աստծո արքայությունը. «Հոգ մի՛ արէք եւ մի ասէք, թէ ինչ պիտի ուտենք, կամ ինչ պիտի խմենք կամ ինչ պիտի հագնենք, որովհետեւ հեթանոսներն են այդ բոլորը որոնում. Քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է: Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ արդարութիւնը այդ բոլորը Աստուա ձեզ աւելիով կտայ», Մտթ. 6, 33:  Աստծո արքայությունը մեր մեջ է, մեր սրտերում, մեր մտադրությունների և նպատակների հիմքում, եթե բաց ենք Աստծո կամքի առաջ և ուզում ենք, որ Աստված իր զորությամբ ներկա լինի մեր կյանքում, թագավորի մեր սրտերում: Աստծո արքայությունը մարդու կողմից Աստծուն արժանի բացարձակ կարևորություն տալն է մարդկային կյանքում և նպատակների մեջ: Աստծո փառքը և Աստծո հետ մշտական միությունը պետք է լինի մարդու բոլոր ձգտումների, ջանքերի, աշխատանքի հիմնական շարժիչ դրդապատճառը և նպատակը, ճիշտ ինչպես Արարիչն Աստված մարդու և ամբողջ աշխարհի գոյության դրդապատճառն ու նպատակն է:

     

    Բայց ինչպե՞ս կարելի է աշխատանքը ծառայեցնել Աստծո փառքին: Սա է ամենակարևոր հարցադրումը:

     

    Դարձյալ Հիսուսն է, որ մեզ տալիս է այս հարցի պատասխանը և կատարյալ օրինակը: Նախ հարկավոր է ճիշտ հասկանալ մեր կյանքի, մերձավորի, բնական միջավայրի, նյութական բարիքների, մեր կարողությունների արժեքը և դրանք ընդունել որպես բացարձակ պարգևներ Աստծո կողմից, պարգևներ, որոնք մարդն իր ազատությամբ պարտավոր է օգտագործել ոչ միայն իր, այլև մերձավորի և ամբողջ արարչագործության շահի համար: Օրինակ, նյութական բարիքներ ստեղծելով՝ հարկավոր է միշտ դրանցից բաժին հանել աղքատներին: Բայց աշխատանքի տեսակները բազմազան են: Ստեղծվում են նաև հոգևոր արժեքներ, մատուցվում են ծառայություններ՝ բժշկական, սոցիալական, հոգեբանական, խորհրդատվական: Ավետարանացումը, Տիրոջ խոսքի քարոզը, աղոթքը՝ մերձավորի համար, եկեղեցական խորհրդակատարությունները ևս աշխատանք են: Հիսուս երեսուն տարեկանում, հյուսնի աշխատանքից հետո սկսեց Ավետարանի քարոզությունը, նա անխոնջ աշխատում էր՝ մարդկային հոգիները փրկելու, հիվանդներին բուժելու, մեղքի ու մահվան գերությունից ազատելու համար: Հիսուսի աշխատանքը գումար վաստակելու, իր կյանքի պայմաննեը բարելավելու համար չէր, այլ միայն ու միայն մարդուն օգնելու և Աստծուն փառավորելու համար: Հիսուս չէր աշխատում օրով ու ժամով, այլ՝ միշտ և առանց ժամանակը հաշվարկելու, ժամը փողի վերածելու: Հիսուս իր օրինակով սովորեցնում է, որ աշխատանքը իրականում պետք է լինի ծառայություն, որի ճշմարիտ հասցեատերն, ի վերջո, Աստված է: Ցանկացած աշխատանք քրիստոնեական իմաստով ծառայություն է, եթե նպատակը մարդու ամբողջական՝ հոգևոր, բարոյական և ֆիզիկական, զարգացմանը նպաստելն է, մարդու բնական միջավայրի կատարելագործումն է՝ հետևելով բնական, աստվածադիր օրինաչափություններին, մարդու բարեկեցության և միջավայրի պահպանությունն է՝ սիրո և հոգատարության հստակ, համարձակ քայլերով: Աշխատանքի բոլոր ոլորտներում մարդը կոչված է իր աշխատանքը կատարել՝ սիրո սկզբունքի հիման վրա: Իսկ սիրել պետք է նախևառաջ մարդուն՝ իր կարիքների մեջ, իր անսահման հոգևոր և բարոյական ներուժով, իր սահմանափակություններով և թուլություններով հանդերձ, որովհետև մարդն է արարչագործության գլուխգործոցը, որ կրում է Աստծո պատկերն ու նմանությունը: Մարդուն սիրելով միայն կարելի է նրան սովորեցնել սիրել, ներել, հավատալ, վստահել ինքն իրեն և իր Արարչին, ընկերոջը, վերականգնել մարդու արժանապատվությունը՝ որպես աստծո պատկերը կրող և սրբության կոչված արարած: Ուրեմն, խորքային իմաստով կարելի է ասել, որ սիրելը և սիրո գործեր կատարելն է, որ աշխատանքը դարձնում է ծառայություն:  Սիրելն է մարդու ամենակարևոր աշխատանքը. սիրել Աստծուն, սիրել մերձավորին և սիրել ինքդ քեզ՝ որպես Աստծո պատկեր սրբությամբ: Այս իմաստով, գերագույն օրինակը քրիստոնյայի համար մնում է Հիսուս Քրիստոսը, ում հետ միության մեջ է ամբողջանում սիրո գործերի քրիստոնեական իմաստը և նպատակը: Հիսուսի հետ միության մեջ լինելը, նրա քայլերին հետևելը հնարավոր է ճշգրիտ ձևով անել միայն Քրիստոսի մեկ և սուրբ Եկեղեցու մեջ լինելով, Քրիստոսին հավատացողների ընտանիքի մեջ և այդ ընտանիքի անդամների հետ միասին:

     

    Ըստ այդմ Հայկական Կարիտասի առաքելությունը առաջ է գնում և զարգանում է Աստծուն հաճելի և ընդունելի ձևով, քանի դեռ Եկեղեցու ընդհանուր առաքելության հունի մեջ է և արտահայտում է այդ առաքելության սոցիալական կողմը: Եկեղեցու առաքելության հունի մեջ ցանկացած աշխատանք պետք է ընկալվի որպես ծառայություն՝ հանուն մարդու կատարյալ կերպարի և, հետևաբար, ծառայություն Աստծուն:

     

    Այս տեսանկյունից դիտելով՝ Քրիստոսի կյանքի ուսումնասիրությունը, նրա մարդկային որակների ուսումնասիրությունը և ընդօրինակումը ամենամեծ աջակցությունն է Կարիտասի աշխատակցի համար, հատկապես, նրանց համար, ովքեր անմիջապես շփվում են աջակցության կարիք ունեցող անձանց հետ: Անշուշտ, աղքատներին, հաշմանդամներին, տարեցներին և այլ խոցելի խմբերին աջակցելու համար ժամանակակից աշխարհում անհրաժեշտ են ոլորտային մասնագիտական հստակ հմտություններ և փորձառություն, որոնք սակայն պետք է ուղղորդվեն և իմաստավորվեն Քրիստոսի հետ միությամբ, հանուն Աստծո սիրույն մերձավորին առավել օգտակար լինելու ներքին դիտավորությամբ, ավետարանի սկզբունքներով: Այլ խոսքով Եկեղեցու սոցիալական առաքելության մեջ աշխատողը՝ վճարվող թե կամավորական, պետք է զարգացած լինի համակողմանիորեն՝ որպես մարդ, մասնագիտորեն և հոգևոր նկարագրով՝ որպես իր մասնագիտական առաջընթացի միակ սկիզբ ու նպատակ ունենալով Քրիստոսին: Քրիստոսի մարդկային կենսակերպը նրա համար պետք է լինի գերագույն չափորոշիչը՝ որոշելու համար, թե այս կամ այն աշխատանքային սկզբունքը կամ մեթոդը ճշմարիտ է՝ հոգևոր, բարոյական, մարդու իրավունքների պաշտպանության և մարդ անհատի զարգացման, վերականգնողական ընթացքի իմաստով, թե շեղված է: Բայց Քրիստոսի կենսակերպը սառը օրենսդրական կամ մասնագիտական չափորոշիչ չէ, այլ օրինակ է, որ ոչ մի այն մեր աշխատանքը, այլ նախևառաջ մեր կյա՛նքը ձևավորենք ըստ Քրիստոսի կյանքի: Քրիստոսի աշխատանքը կամ ծառայությունը իրականում զուտ աշխատանք չէ, այլ ավելի ապրելակերպ, լինելության ձև՝ modus vivendi, հետևաբար, Կարիտասի աշխատակիցը կամ Եկեղեցում ծառայողը պետք է ինքն իր հանդեպ առավել պահանջկոտ լինի՝ ոչ միայն աշխատանքի ժամերին, այլև՝ աշխատաժամերից դուրս ևս, իր կենսակերպի մեջ, աղոթքի կյանքում, Եկեղեցու պաշտամունքային արարողություններին մասնակցելու մեջ, ներքին ձգտումների, աշխարհայացքի մեջ, երազանքների մեջ: Սա պետք է լինի ոչ թե վարչական պարտադրանքով, այլ՝ խորապես ներքին, բացարձակապես ազատ ընտրությամբ, բայց վճռական որոշմամբ, պետք է կախված չլինի նաև Կարիտասում կամ Եկեղեցու այլ սոցիալական հաստատության մեջ աշխատանք ունենալուց կամ չունենալուց, աշխատավարձի չափից, տնօրենի խստությունից, գործընկերների մասնագիտական կամ մարդկային որակներից, որովհետև Եկեղեցու կամ Կարիտասի առաքելության մեջ աշխատանքի անցնելիս մենք ստանձնում ենք այսուհետ և ընդմիշտ պատասխանատու լինել նախևառաջ Աստծո առաջ, Տեր Հիսուս Քրիստոսի առաջ, մեր խղճի առաջ, որ Աստծո ձայնն է մարդու սրտում: Աշխատանքի ընդունվելիս, հարցազրույցի ժամանակ այս ամենը չեն հարցնում, բայց պետք է միշտ գիտակցել, որ Եկեղեցում կամ Կարիտասում աշխատանքի անցնելիս, իրականում հանձն ես առնում աշխատել Աստծո մոտ և Աստծո համար, որովհետև աշխատում ես Աստծո զավակների համար և Աստծո պարտեզում, Քրիստոսի Խորհրդավոր Մարմնի մեջ՝ որպես գործուն անդամ, որի հաջողությունը, սրբությունը, սիրելու կարողությունը, նմանապես և հակառակը՝ անհաջողությունը, արատավոր կյանքը, անտարբերությունը, վեճեր հարուցելու մոլուցքը, միայն փողի մասին մտածելը անպայմանորեն ազդում են բոլոր անդամների միասնական ծառայության և հոգևոր նկարագրի վրա և, ի վերջո, Քրիստոսի Եկեղեցու անվան վրա, որովհետև Եկեղեցին հոգևոր իրողություն է, սրբության կրող, բայց այս աշխարհում ապրում և գործում է մարդկանց միջոցով, որոնց մեջ կան և սրբեր և մեղավորներ: Մենք պետք է միշտ հիշենք, որ մարդկային օրենքները, համընդհանուր հռչակված արժեքները հարգելը, առաջատար տեխնոլոգիաներից օգտվելը, ազատամիտ լինելը, առաջընթացին համաքայլ գնալը լավ է և անհրաժեշտ, բայց որպես քրիստոնյա առաքելության նվիրյալներ, մեզ համար ամենակարևորը պետք է միշտ մնա երկու հազար և ավելի տարիներ առաջ սիրո և արդարության համար մահապարտի խաչին գամված երեսներեքամյա Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, և նրա կտակած Ավետարանը, որը միշտ արդիական է, որովհետև Եկեղեցին միշտ կոչված է Սուրբ Հոգու առաջնորդությամբ նոր ժամանակների և նոր մարտահրավերներին համապատասխան լեզվով մեկնաբանել և բացատրել Քրիստոսի ուղերձը և սուրբ Ավետարանը:

     

    Ուրեմն, աշխատելիս նմանվել Քրիստոսին՝ նշանակում է նախ աշխատել խոնարհությամբ, աշխատանքը կատարել պատշաճ ձևով, յուրաքանչյուր աշխատանք համարել արժանապատիվ, աշխատել նվիրումով, առաքելության հստակ գիտակցությամբ, սիրել աշխատանքը, սիրել մարդկանց, ում հետ աշխատում ես և սիրել նրանց, ում համար աշխատում ես, պատրաստ լինել անել միշտ ավելին, քան պահանջվում է՝ ստեղծարարությամբ, հավատով, վստահությամբ, պատրաստ լինել միշտ ունեցածդ լավագույնը՝ ժամանակդ, գիտելիքներդ և հմտություններդ նվիրել՝ հանուն առաքելության և լավագույն արդյունքների: Հիսուս իր կյանքը տվեց՝ հանուն իր առաքելության:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

    28 մարտի, 2019

     

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments