• Ի՞նչ է աղոթքը. մաս 3, հոգևոր կրթություն

    «Ինչու՞ էիք ինձ փնտռում, չգիտէի՞ք, թէ հօրս տանը պէտք է լինեմ (Ղկ. 2, 49)


     

    Հիսուսի աղոթքը

     

    Աղոթքի բնույթի կատարյալ բացահայտումը մեզ համար տրվեց Աստծո Խոսքի մարդեղությամբ: Աստծո Որդին դարձավ մարդ և աղոթեց մարդուն հասկանալի լեզվով և բառերով՝ սովորեցնելով թե ինչպես պետք է և կարելի է աղոթել: Եկեք նախ հասկանանք, թե ինչպես ինքը Հիսուս սովորեց աղոթել և ինչպես էր աղոթում անձնապես:

     

    Ավետարանները և Եկեղեցու ավանդությունը հուշում են, որ մանուկ Հիսուսը սովորել է աղոթել նախ իր մորից՝ Մարիամ Աստվածածնից, որ իր սրտում պահում էր Աստծո մեծագործությունների մասին պատմությունները և մտածում այդ մասին (Ղկ. 1, 49): Հիսուս սովորում էր աղոթել նաև հրեական ժողովարաններում և տաճարում: Բայց աղոթքը լսելուց և իր միջավայրից սովորելուց բացի, Հիսուս ուներ նաև աղոթքի ձգտման իր ներքին աղբյուրը, ինչի մասին վկայություն է տասներկուամյա Հիսուսի այն խոսքը, որ նա ասաց իր ծնողներին, երբ իրեն գտան Երուսաղեմի տաճարում. «Ինչու՞ էիք ինձ փնտռում, չգիտէի՞ք, թէ հօրս տանը պէտք է լինեմ (Ղկ. 2, 49): Հայր Աստծո տանը լինելու ցանկությունը խոսում է այն մասին, որ մանուկ Հիսուը զգում էր Աստծո ներկայության առանցքայի կարևորությունն իր կյանքում, Աստծո ներկայության մեջ մշտապես լինելու կարևորությունը՝ այն աստիճան, որ նա հոգ չէր անում, որ ծնողները կարող են առանց իրեն մեկնել Երուսաղեմից: Ուրեմն,  տասներկուամյա Հիսուսը հասկանում էր, որ ճշմարիտ աղոթքը սկսվում է Աստծո ներկայությունը վայելելու փափագից, Աստծո առաջ, Աստծո մոտ ապրելու ցանկությունից: Այստեղ նաև բացահայտվում է որդիական աղոթքը, որն Աստված ակնկալում է լսել իր բոլոր զավակներից: Հիսուս, որ Աստծո մարդացյալ խոսքն է, առաջինը աղոթեց որպես որդի՝ երկնավոր Հորը, որպեսզի իրենով և իր օրինակով յուրաքանչյուր մարդ արարած Աստծուն մոտենա որպես զավակ և Աստծուն համարի իր համար հայր:

     

    Ավետարանների դրվագները ցույց են տալիս, թե երբ և ինչպես էր աղոթում Հիսուս: Նա աղոթում էր իր առաքելության կարևորագույն պահերից առաջ, իր որոշումներից առաջ, օրինակ՝ իր մկրտության ժամանակ՝ Սուրբ Հոգին իր վրա իջնելուց և Հոր ձայնը երկնքից լսելուց առաջ: Սա իր առաքելության սկիզբն էր: Հիսուս աղոթում էր նաև իր պայծառակերպությունից առաջ, իր չարչարանքներից առաջ, խաչի վրա հոգին ավանդելուց առաջ: Հիսուս աղոթում էր նաև առաքյալներին ընտրելուց առաջ, Պետրոս առաքյալի հավատքի խոստովանությունից առաջ: Հիսուսի աղոթքը իր փրկագործական առաքելության հանգրվաններից առաջ նշանակում էր իր մարդկային կամքը լիակատար խոնարհությամբ և վստահությամբ հանձնել Հայր Աստծո գթառատ կամքին (հմմտ.՝Քրիստ. 2600): Հիսուսի աղոթքը տեսնելով է, որ Նրա աշակերտները ևս ուզում էին սովորել աղոթել և խնդրում էին սովորեցնել իրենց (Ղկ. 11, 1): Խորհրդածելով Հիսուսի աղոթքի մասին ավետարաններում՝ Հիսուսին հետևողը սովորում է աղոթել:

     

    Հիսուս հաճախ էր առանձնանում՝ աղոթելու համար, լեռան վրա, մանավանդ, գիշերով: Հիսուս իր մարդկային բնությամբ իր աղոթքի մեջ Հայր Աստծուն էր ներկայացնում ամբողջ մարդկային ցեղը և աղոթում էր բոլորի համար և բոլորի փոխարեն և մարդկությանը ընծայում էր Աստծուն: Ամոբղջ մարդկության այդ ընծայաբերումը աղոթքի մեջ շարունակվում է նաև այսօր՝ Սուրբ Պատարագի ժամանակ և միջոցով: Հիսուսի ներքին, ծածուկ աղոթքը արտահայտվում էր Նրա քարոզի և գործերի մեջ:

     

    Խորհրդածենք Հիսուսի մի քանի աղքթքների շուրջ: Մատթեոսի 11-րդ գլխում կա բառացի մեզ փոխանցված Հիսուսի հետևյալ աղոթքը. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ այս բանը ծածկեցիր իմաստուններից եւ գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին (հոգով աղքատներին): Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ», Մտթ. 11, 25-26: Այդ «այո՛»-ն արտահայտությունն է Հիսուսի ներքին խոր համաձայնությունը Հայր Աստծո կամքի հետ և արձագանքն է դեռսև իր ծնունդից առաջ Մարիամի ասած «այո»-ին՝ հրեշտակապետի ավետմանը: Հիսուս հետագայում իր լիակատար համաձայնությունը Տիրոջ կամքի հետ կարտահայտի նաև Գեթսեմանիի պարտեզում աղոթելիս՝ չարչարանքներից առաջ:

     

    Հիսուսի երկրորդ աղոթքը, որ պետ է դիտարկենք, մեզ փոխանցել է Հովհաննես ավետարանիչը՝ Ղազարոսին հարություն տալու դրվագում: Նախքան Ղազարոսին կյանքի վերադարձնելը Հիսուս աղոթեց. «Հա՛ր գոհութիւն եմ տալիս քեզ, որ լսեցիր ինձ», Յվհ. 11, 41: Աստված միշտ լսում է Որդու աղոթքները:

     

    Հիսուսի երկրորդ աղոթքը, որ պետք է դիտարկենք, մեզ փոխանցել է Հովհաննես ավետարանիչը՝ Ղազարոսին հարություն տալու դրվագում: Նախքան Ղազարոսին կյանքի վերադարձնելը Հիսուս աղոթեց. «Հա՛յր, գոհութիւ՛ն եմ տալիս քեզ, որ լսեցիր ինձ», Յվհ. 11, 41: Աստված միշտ լսում է Որդու աղոթքները: Հիսուս ավելացնում է. «Եւ ես գիտեի, որ դու միշտ լսում ես ինձ».սա նշանակում է, որ Հիսուս միշտ խնդրում է Հորը և վստահ է, որ Հայրը լսում է իրեն: Հիսուս աղոթում էր Գեթսեմանիի պարտեզում՝ իր չարչարանքներից առաջ: Այստեղ Հիսուսի աղոթքը լարված է, որովհետև Հիսուս գիտի, որ չարչարվելու է. «Նա տագնապի մէջ էր եւ ամբողջ հոգով էր աղօթում: Եւ նրանից արիւնը հոսում էր արեան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետնին թափուելով»: Հիսուս աղոթեց այսպես. «Հա՛յր, եթէ կամենում ես, այս բաժակն ինձնից հեռացրու՛, բայց ոչ թէ իմ կամքը, այլ քո՛նը թող լինի», Ղկ. 22, 42: Այստեղ երևում է տագնապալից, ծայրահեղ այս հոգեկան վիճակում անգամ Հիսուսի մարդկային կամքի լիակատար համաձայնությունը աստվածային կամքի հետ: Այստեղ է լիակատար սերն առ Աստված: Աղոթքի գագաթնակետը սա՛ է՝ մարդու լիակատար համաձայնությունը Աստծո հետ, որ կատարյալ ձևով կա միայն Քրիստոսի Անձի մեջ: Քրիստոսի այս աղոթքն է, որ փրկում է ամբողջ մարդկությունը: «Նա էր, որ մարմնի մէջ եղած իր օրերում աղօթքներ եւ պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով եւ արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահուանից: Եւ նա լսելի եղաւ իր բարեպաշտութեան համար», Եբր. 5, 7-8:

     

    Երբ մենք հետևում ենք Հիսուսին, թե ինչպես է նա աղոթում, մենք արդեն իսկ սովորում ենք աղոթել: Լեռան քարոզում Հիսուս երանի է տալիս հոգով աղքատներին, հեզերին, սրտով մաքուրներին. հենց այսպիսիներն են, որ կարող են անկեղծ աղոթել, որովհետև աղոթքը գալիս է մաքուր սրտից, Աստծով հարստանալու կարիքից, հեզությունից, խոնարհությունից: Հիսուս նաև շեշտում է եղբայրական սերն ու ներումը, հաշտությունը: «Եթէ սեղանի վրայ մատուցելու լինես քո ընծան եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի, քո ընծան թող սեղանի առաջ եւ գնա՛ նախ հաշտուիր քո եղբօր հետ եւ ապա ե՛կ քո ընծան մատուցիր», Մտթ. 5, 23-24:, և մեկ այլ տեղում. «Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ Երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները», Մրկ. 11, 25: Հիսուս պատվիրում է աղոթել նաև թշնամիների համար, օրհնել հալածողներին: Հիսուս շեշտում է անկեղծ, ոչ ցուցադրական աղոթքը. «Եւ երբ աղօթես, չլինես կեղծաւորների նման, որոնք սիրում ենք ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան…Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածուկ աղօթի՛ր քո Հօրը եւ քո Հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս», Մտթ. 6, 5-6: Հիսուս պատվիրում է ներանձնական, լուռ, միայն Աստծո հետ երկխոսության աղոթք անել: Սենյակը մեր սիրտն է, ուր պետք է ամփոփվենք աղոթելիս: Անկեղծ, ներամփոփ աղոթքը ենթադրում է նաև շաղակրատ չլինեն մեր խնդրանքների մեջ, բայց միշտ առատաձեռն լինել Աստծուն փառաբանելու, գոհություն մատելու մեջ. «Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որոնք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն: Արդ նրանց չնմանուէք, որովհետեւ ձեր հայրը գիտէ, թէ ձեզ ինչ է պէտք՝ նախքան, որ դուք նրանից մի բան ուզէք»: Հիսուս պատվիրում է մեզ նախ ձգտել Աստծո արքայությանը և արդարությանը, որ պետք է սկսվի մեր խոնարհությունից, ակեղծությունից, մեր մեղքերի համար ճշմարտապես զղջալուց և վստահ հավատքից: «Հավատքը որդիական համաձայնությունն է Աստծո հետ, ով վեր է այն ամենից, ինչ մենք հասկանում ենք կամ զգում ենք: Հավատքը մարդու համար հնարավոր դարձավ շնորհիվ Աստծո սիրեցյալ Որդու, որ մարդու համար բացեց ճանապարհը դեպի Աստված: Հիսուս պատվիրեց մեզ «փնտրել» ու «բախել», որովհետև Նա Ինքն է դուռը և ճանապարհը», Քրիստ., 2609, «…փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք եւ կը բացուի ձեզ համար, որովհետեւ ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտռում է, գտնում է եւ ով որ բախում է, բացւում է նրա առաջ», Ղկ. 11, 9-12:

     

    Հիսուս իր օրինակով մեզ սովորեցնում է որդիական համարձակությամբ, վստահությամբ և աղոթել Հորը՝ շնորհակալություն հայտնելով նախքան ստանալը. «Ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ», Մրկ. 11, 24: Եվ մեկ այլ տեղում ասում է. «Ամէն ինչ հնարաւոր է նրա համար, որ հաւատում է», Մրկ. 9, 23: Հավատքը, որը չի կասկածում զորեղ աղոթք է ծնում. «Եթէ Աստծու հանդէպ հաւատ ունենաք, ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ով որ այս լերանն ասի՝ ե՛լ եւ ծովն ընկիր, եւ իր սրտում չկասկածի, այլ հաւատայ, թէ ինչ որ ասում է, կը լինի, նա ինչ էլ ասի, կը կատարուի», Մրկ. 11, 22-23: Հավատքով կատարված աղոթքի զորությունը ոչ թե բառերի մեջ է, այլ՝ Աստխո կամքը կատարելու պատրաստակամության և վճռակամության մեջ. «Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, կը մտնի Երկնքի արքայութիւն, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ Երկնքում է», Մտթ. 7, 21:

     

    Հիսուս միշտ քարոզում էր, որ Երկնքի արքայությունը մոտեցել է և կոչ էր անում ապաշխարության, իսկ աշակերտներին պատվիրում էր նաև զգոն լինել աղոթքի մեջ և ասում. «Անդադար աղօթք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք», Ղկ. 22, 40:

     

    Կույս Մարիամի աղոթքը

     

    Սուրբ Կույսի աղոթքը մարդեղության խորհրդից առաջ, Ավետման ժամանակ, Հիսուսից հետո երկրորդ կարևորագույն օրինակն է Աստծո կամքի հետ մարդկային կամքի լիակատար ներդաշնակության, որի շնորհիվ տեղի ունեցավ մարդեղության խորհուրդը և հնարավոր դարձավ ամբողջ մարդկության փրկագործությունը: Հրեշտակի բերած ավետմանը, որ Աստծո կամքի հայտնությունն էր՝ բացարձակապես անըմբռնելի դեռատի կույսի համար, Մարիամը խոր հավատքով և վստահությամբ պատասխանեց. «Ահաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող լինի ինձ քո խոսքի համաձայն», Ղկ. 1, 38: Մարիամի այդ «թող լինի՛»-ն կամ գրաբար «եղիցի՛»-ն բացեց դուռը փրկության և եղավ օրինակելի մի աղոթք, որ մեջ խտացված է քրիստոնյայի կյանքի նպատակը՝ կատարել Աստծո կամքը և փափագել, որ այն միշտ կատարվի: Այն հիշեցնում է մեզ «Հայր մեր» տերունական աղոթքի բառերը. «Եղիցի՛ն կամք քո որպէս յերկինս եւ յերկրի»: Սա՛ է քրիստոնեական աղոթքի առանցքը, որի շուրջ պետք է զարգանա ամբողջ աղոթական կյանքը.նախ կամենալ, որ Աստծո կամքը կատարվի ամենուրեք՝ երկնքում և երկրի վրա, և ապա խնդրել հանապազորյա հացը, հանցանքների թողություն և պաշտպանություն չարից: Մարիամի այդ «եղիցի՛»-ն և հրեշտակի հետ երկխոսությունը, Սուրբ Հոգու զորությամբ հղիանալը և Քրիստոսին իր մեջ կրելը՝ որպես իր աղոթքի պարգև, այնքան կարևոր է փրկագործության պատմության մեջ, որ Աստվածամորն ուղղված ամենասիրելի աղոթքներից մեկը՝ Սուրբ Վարդարանի Հրեշտակային ողջույնը Մարիամին տրված հրեշտակի և Եղիսաբեթի ողջույնների, օրհնությունների վերստին արտասանությունն է՝ մարդու շուրթերով, որպեսզի Աստվածամոր հետ միասին և նրա բարեխոսությամբ, աղոթքի մեջ խոհրդածենք Փրկչի խորհուրդների մասին: Աստվածամոր մյուս հայտնի աղոթքը «Մեծածուսցէ» օրհներգությունն է, որը նաև ամբողջ Եկեղեցու օրհներգությունն է դարձել: Աշխարհաբար թարգմանությամբ այդ շնորհալի աղոթքը կարդում ենք այսպես.

     

    «Իմ անձը մեծարի Տիրոջը եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստուծով, որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ: Եւ ահա՛ բոլոր սերունդներն ինձ երանի կտան, որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ օգործեր արեց ինձ համար եւ նրա անունը սուրբ է: Նրա ողորմութիւնը սերնդե սերունդ իր երկիւղածների վրայ է: Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց, ցրեց ամբարտաւաններին՝ իրենց սրտի խորհուրդներով: Հզօրներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին: Քաղցածներին լիացրեց բարիքներով եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց: Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայելին, յիշելով իր ողորմութիւնները, ինչպէս ասել էր մեր հայրերին՝ Աբրահամին եւ նրա սերնդին յաւիտեան», Ղկ. 1, 46-55:

     

    Աղոթքը Եկեղեցու հիմնադրման առաջին օրերին

     

    Տեր Հիսուս Քրիստոս իր աշակերտներին սովորեցրեց, թե ինչպես պետք է աղոթել նախ Իր օրինակով, ապա տվեց «Հայր մեր» աղոթքը, ապա խոստացավ, որ կուղարկի Սուրբ Հոգին և նա ամեն բան կհիշեցնի ու կուսուցանի աշակերտներին: Սուրբ Հոգին Պենտեկոստեի օրը իջավ առաքյալների վրա և նրանց զորացրեց անհրաժեշտ աստվածային շնորհներով, որպեսզի ոչ միայն քարոզեին, ուսուցանեին և առաջնորդնեին Եկեղեցու առաջին հավատացյալներին, այլև աղոթեին և սովորեցնեին աղոթել: Գործք առաքելոցու կարդում ենք, որ Երուսաղեմում «հաւատացեալները հարատեւում էին առաքեալների ուսուցման, հաղորդութեան, հացի բեկման ու աղօթքների մէջ», Գրծք, 2, 42: Այդ աղոթքն էր, որ պահում ու սնուցում էր առաջին քրիստոնեական համայնքները, և այդ աղոթքի առանցքը Սուրբ Պատարագն էր՝ Սուրբ Հաղորդությունը: Աղոթքներն առաջին քրիստոնեական համայնքներում իրենց մեջ պարունակում էին առաջին հավատացյալների հավատքը, Սուրբ Գրքի, Քրիստոսի Ավետարանի մեկնաբանությունը, աստվածաբանությունը: Աղոթական ավանդությունները, Սուրբ Պատարահի կանոնը, Հավատամքը, որոնք ձևավորվեցին առաջին համայնքներում պահպանվեցին և հետագայում դարձան նաև Եկեղեցու աստվածաբանության հիմքը: Այդ աղոթքների ձևերը հասել են մինչև մեր օրերը և ձևավորել են քրիստոնեական պաշտամունքը: Աղոթքն է, որ մշտապես կենդանի, թարմ ու եռանդուն է պահում Եկեղեցին՝ որպես Կենդանի Աստծո ներկայության վկայություն:

     

    Աղոթքի տեսակները

     

    Աղոթելիս քրիստոնյա հավատացյալերն օրհնում են Աստծուն: Մարդու օրհնությունը իր արարչին արտահայտությունն է մարդու շնորհակալության և երախտագիտության՝ այն օրհնությունների և բարիքների համար, որոնք Աստված մարդուն բաշխում է ձրիաբար՝ որպես ընծա: Մարդն իր օրհնությունն Աստծուն աղոթքով տալիս է Սուրբ Հոգու առաջնորդությամբ և օրհնաբանական աղոթքը Որդու միջոցով հասնում է Հայր Աստծուն: Նույն Սուրբ Հոգու զորությամբ, Աստվածամոր բարեխոսությամբ և Միածին Որդու միոջով օրհնություն ենք խնդրում Հայր Աստծուց:

    Աղոթքի ավանդական ձև է երկրպագությունը, որի միջոցով հավատացյալն Աստծո առաջ ինքն իրեն ճանաչում է որպես Աստծո արարած՝ գիտակցելով իր փոքրությունն Արարչի առաջ, իր մեղքերը, իր կյանքի ուղղակի կախվածությունն Աստծուց և Ամենագութ Աստծո անսհաման սերն իր հանդեպ՝ որպես Արարչի պատկերով և նմանությամբ արարված, անկրկնելի, յուրահատուկ արժեքով օժված արարած: Երկրպագությունը սրտով և նաև մարմնի դիրքով խորնարհեցնում է մարդուն և արտահայտում մարդու սերն ու հարգանքն իր Արարչի առջև: Սուրբ Պատարագի ժամանակ միշտ ժողովուրդը հրավիրվում է երկրպագության. «Աստուծոյ երկրպագեսցու՜ք»:

     

    Աղոթքի ամենաինքնաբուխ և սովորական ձև խնդրական աղոթքն է, որի մեջ առավելապես գիտակցվում է մարդու կախվածությունը իր Արարչից: Նոր Կտարականում հաճախ ենք հանդիպում խնդրել, աղաչել, աղաղակել, համառորեն դիմել իմաստային բացատարություններին, բայց Քրիստոսի բարի լուրի և մեղքի ու մահվան հանդեպ հաղթանակի շնորհիվ քրիստոնյայի խնդրական աղոթքը միշտ ավելի մեծ վստահությամբ և հույսով լի աղոթք է: Այն ավելի շատ վստահությամբ լի սպասում է, քան թե ողբ ու լաց, ինչպես հին ուխտի ժամանակներում էր: Հիսուս տալիս է վստահության հիմքերը. ««Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթէ ձուկ ուզի, միթէ՞ ձկան փոխարէն օձ կտայ նրան, եւ կամ ձու ուզի, միթէ՞ կարիճ կտայ նրան…Ասում եմ ձեզ, խնդրեցէ՛ք եւ Աստծուց կը տրուի ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք եւ կը բացուի ձեզ համար, որովհետեւ ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտռում է, գտնում է եւ ով որ բախում է, բացւում է նրա առաջ», Ղկ. 11, 9-12:

     

    Խնդրական աղոթքի սկիզբը պետք է լինի Աստծուց ներում հայցելով՝ մեր մեղքերի համար՝ այն մաքսաորի նման, որ աղոթքի կանգնած չէր համարձակվում իր աչքերը բարձրացնել, այլ միայն ասում էր. « Տէ՛ր, ների՛ր ինձ՝ մեղավորիս»: Այսպիսի աղոթքը խոնարհեցնում է մարդու հոգին և պատրաստում օրհնություններ և շնորհներ ընդունելու, որոնք փոխում են մարդուն և վերստին վերադարձնում Հայր Աստծո և Որդու հետ երկխոսության մեջ: Ներման մասին աղոթքով ենք սկսում նաև Սուրբ Պատարագը:

     

    Քրիստոնեական խնդրական աղոթքը նախևառաջ Աստծուց խնդրում է Աստծո արքայության հաստատումը, ինչպես Հիսուս Ինքն է սովորեցնում, երբ ասում է, որ պետք չէ մտահոգվել այն մասին, թե ինչ պիտի ուտենք ակմ ինչ պիտի խմենք կամ հագնվենք. «Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորն Աստուած ձեզ աւելիով կտայ», Մտթ. 6, 33: Քրիստոնյաները անհատապես կամ հավաքականորեն՝ որպես Եկեղեցի, պետք է խնդրեն նաև Աստծո արքայության գալստյան և վերջնական հաստատման միջոցները, որպեսզի Եկեղեցին կարողանա իր առաքելությունը կատարել՝ որպես Քրիստոսի առաքելության շարունակություն: Երբ հավատացյալի աղոթքի գլխավոր խնդրանքը վերաբերում է Աստծո արքայության գալստյանը «Եկեսցէ՛ արքայութիւն քո, եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի», ապա մյուս բոլոր խնդրանքները, որոնք հոգևոր կամ նյութական կարիքի ծնունդ են, իմաստավորվում են և լսելի են դառնում Հայր Աստծո մոտ՝ Քրիստոսի անունով և միջնորդությամբ: Բայց երբ որ մարդ  հոգ չի անում Աստծո արքայության գալստյան, Եկեղեցու առաքելությանը իր աղոթքով օժանդակելու մասին, իր հոգևոր նկարագիրը ըստ Աստծո կամքի զարգացնելու մասին, նրա այլաբնույթ խնդրանքները հիմնազուրկ են, անարժեք, շահախնդիր և նյութապաշտական, առանց Աստծո կամքը հարգելու և միայն սեփական ցանկությունները առաջ մղելու մոլուցքի արտահայտություն, ինչն անընդունելի է Աստծո համար:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

    5 մարտի, 2019թ.

    Բավրա, Մեծ Սեպասար

Օրացույց

Օրացույց