«Ոչ մի տգեղ խօսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խօսքը, որ շինիչ է եւ օգտակար…», Եփ. 4, 29
Այսօր շարունակելու ենք խոսել ընկերության թեմայով: «Ո՞վ է իմ ընկերը» հարցին անցյալ հանդիպման ժամանակ փորձեցինք պատասխանել բարի սամարացու մասին առակով և, որպես առակի մեկնաբանություն, ասացինք, որ Հիսուս Քրիստոս Ի՛նքն է բարի սամարացին, որ մեզ համար ճշմարիտ ընկեր է, որ Իր կյանքը տվեց յուրաքանչյուրիս համար: Խոսեցինք նաև այն մասին, որ կոչված ենք հետևելու Հիսուսի օրինակին և սիրով լինել միմյանց նկատմամբ՝ հասկանալով, որ Հայկական Կարիտասի այս կենտրոնում կառուցում ենք մի գեղեցիկ ընտանիք, որն անհնար է անել առանց սիրո:
Բարի սամարացու օրինակով Հիսուս մեզ բացատրում է, որ «ընկեր» հասկացությունը վերաբերում է բոլորին և, հատկապես, նրանց, ովքեր մեր օգնության կամ ուշադրության կարիքն ունեն: Այս իմաստով, մարդուն վերաբերվել ընկերոջ նման՝ նշանակում է հոգ տանել մարդու մասին, սիրել, զոհաբերություն կատարել, նվիրել անշահախնդիր ձևով: Բայց այսպիսի վերաբերմունք որդեգրելու համար նախ անհրաժեշտ է, որ շրջապատի մարդկանց մեջ ընկեր փնտրելիս՝ նախ մե՛նք լինենք ընկեր ուրիշների համար՝ հետևելով Ավետարանի ոսկե օրենքին. «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, նոյնը եւ դուք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են օրէնքն ու մարգարէները» Մտթ. 5, 12: Մեզնից յուրաքանչյուրը նախ ի՛նքը պետք է հարգանքով, սիրով, ներողամիտ լինի դիմացինի նկատմամբ, որպեսզի ընդունվի որպես ընկեր կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ բարեկամ, այսինքն՝ բարին կամեցող: Կարող ենք օգտագործել նաև «մերձավոր» բառը, որ նշանակում է մերձ կամ մոտ լինել մարդուն: Հնարավոր չէ դիմացինին բարին կամենալ կամ լինել մոտ, մերձավոր, եթե մարդու հետ շփվելիս միայն քո սեփական շահն ու օգուտն ես փնտրում, կամ ուզում ես շահագործել դիմացինին ըստ քո քմահաճույքի, կամ չես հարգում նրա արժանապատվությունը, վերաբերվում ես ինչպես քեզնից ցածրի, չես ուզում հավասարը-հավասարի նման հարաբերություն զարգացնել նրա հետ, կարծում ես, որ դու մարդկային որակներով ավելի լավն ես, քան դիմացինը, որ դու միշտ ճիշտ ես, իսկ դիմացինը միշտ սխալ, չես կարող ընդունել, որ դիմացինն էլ կարող է ճիշտ լինել, իսկ դու երբեմն նաև սխալ:
Հիսուս լեռան քարոզի մեջ մարդկային հարաբերությունների կառուցման շատ հստակ և արմատական պատվիրաններ է տալիս: Ասում է. «Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր», որովհետեւ ով որ սպանի, ենթակայ կլինի դատաստանի: Իսկ ես ձեզ ասում եմ, թէ ամէն մարդ, որ բարկանում է իր եղբօր վրայ, ենթակա կը կլինի դատաստանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ հիմար, ենթակա կը լինի ատեանի, եւ ով որ իր եղբօրն ասի՝ ապուշ, ենթակայ կը լինի գեհենի կրակին» Մտթ. 5, 21-22: Հիսուս մեզ բացատրում է, որ մենք ոչ թե միայն սպանությունից պետք է հեռու մնանք, այլև՝ միմյանց վիրավորելուց, որոնք ևս կարող են սպանել մարդու հոգին, նվաստացնել արժանապատվությունը, հուսալքել, հասցնել բարոյական մահվան, կոտրել ինքնավստահությունը և այլ զանազան ծանր հոգեբանական, բարոյական խնդիրներ առաջացնել, որոնք կարող են հավասարազոր լինել սպանությանը: Հիսուս շատ հստակ և կտրուկ բառերով մեզ արգելում է վիրավորել դիմացինին, հիմքից արգելում է ատելությունը, բարկությունը, որ կարող է զանազան մեղքեր ծնել: Արգելում է նույնիսկ երբեմն այնքա՜ն անվնաս թվացող բառերը՝ «հիմար, ապուշ», որոնք երևի շատ հաճախ ենք օգտագործում առօրյայում, բայց չենք նկատում, թե ինչ հետևանքներ են ունենում մեր բարկությունից կամ արհամարհանքից ծնված այդ «սովորական» բառերը: Այդ վիրավորական բառերն ասում ենք ընտանիքի անդամներին կամ ընկերներին, մարդկանց, ում հետ հաց եք կիսում, շփվում եք ամեն օր նաև այս կենտրոնում: Վիրավորական այդ բառերը այնքան ծանր են, որ Հիսուս ասում է՝ գեհենի կամ դժոխքի կրակին կարժանանաք: Գեհենը միայն անդրաշխարհում չէ, այլ սկսվում է այն պահին, երբ փոխադարձ վիրավորական բառեր են հնչում, վեճ է սկսվում, հայհոյանքներ, բռնություն, ատելություն, ոխակալություն, չարախոսություն, բամբասանք, ստախոսություն. հենց այդ երևույթների մեջ է իրական դժոխքը: Դժոխքը Աստծուն մոռացած կյանքն է: Դժոխքը տիրում է մեր սրտերում, երբ այնտեղից դուրս են գալիս այդ բառերը: Հիսուս ասում է՝ մարդուն պղծում է ոչ թե այն ինչ ներս է մտնում բերանից, այլ՝ այն, ինչ դուրս է գալիս բերանից:
Հակոբոս առաքյալը մարդկային լեզվի մասին գրում է հետևյալը.
«Եթէ մէկը խօսքով չի մեղանչում, նա կատարեալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը։ Տե՛ս, թէ ինչպէս սանձեր ենք դնում ձիերի բերանը, որ նրանք մեզ հնազանդուեն. եւ նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։ Ահա՛ւասիկ եւ նաւերը. ի՜նչ հսկայ բաներ են, սաստիկ հողմերից քշւում են, բայց փոքր մի ղեկով ուղղւում են ո՛ր կողմը որ նաւավարի սիրտն ուզում է։ Այսպէս էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Ահա թէ մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում։ Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրաւութեան. մեր անդամների մէջ է հաստատուած լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը եւ կրակով վառում մեր ամբողջ կեանքը, բորբոքուած գեհենի կրակով։ Գազանների, թռչունների եւ սողունների ամէն տեսակ եւ ինչ որ կայ ծովի մէջ, հնազանդուած է եւ հնազանդւում է մարդկային բնութեանը, բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին եւ մահաբեր թոյնով լցուածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել։ Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հօրը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծուեցին Աստծու նմանութեամբ։ Նոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւններ եւ անէծքներ։ Եղբայրնե՛ր իմ, պէտք չէ, որ այդ այդպէս լինի: Միթէ մի աղբիւր նոյն ակից քաղցր եւ դառն ջուր կը բխեցնի՞», Յկբ. 3, 2-10:
Աստված լեզուն տվել է մարդուն ոչ թե մեղք գործելու համար, ոչ թե բամբասելու, հայհոյելու կամ անիծելու համար, այլ Աստծուն օրհնելու համար, մարդկանց և արարչագործությունը օրհնելու համար, ընկերոջը մխիթարելու, ոգևորելու, հույս տալու, հավատք ներշնչելու համար, սիրո բառեր ասելու համար, խաղաղություն տարածելու համար: «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծո որդիներ պիտի կոչուեն», Մտթ. 5, 9:
Պողոս առաքյալը եփեսացիներին գրում է.
«Ոչ մի տգեղ խօսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խօսքը, որ շինիչ է եւ օգտակար, որպէսզի շնորհով լցուի նա, ով այն լսում է: Եւ մի՛ տրտմեցրէք Աստծու Սուրբ Հոգին, որով կնքուեցիք՝ փրկութեան օրուայ համար: Ամէն դառնութիւն, բարկութիւն, զայրոյթ, աղաղակ եւ հայհոյութիւն թող վերանայ ձեզնից՝ իրենց չարութեամբ հանդերձ: Միմեանց հետ եղէ՛ք քաղցր, գթած՝ ներելով միմեանց, ինչպէս որ Աստուած ներեց մեզ Քրիստոսով…
Հեռու՛ ձեզնից զազրախօսութիւն կամ յիմար խօսք կամ խեղկատակութիւն, որ վայել չեն. այլ մանաւանդ գոհութիւն թող մատուցուի Աստծուն…
Լցուեցէ՛ք Հոգով, որպէսզի խօսէք միմեանց հետ սաղմոսներով, օրհներգութիւններով եւ հոգեւոր երգերով, որպէսզի երգէք եւ ձեր սրտերում սաղմոս ասէք Տիրոջը», Եփ. 4, 29-32; 4, 4; 4, 18-19:
Առակների գրքում հարուստ նյութ կա մարդկային լեզվի մասին.
«Արդարի շուրթերը կեանքի աղբիւր են, անօրէնների շուրթերը կփակուեն բռնութեամբ:
Ատելութիւնը հարուցում է վեճէր, բայց սէրը ծածկում է բոլոր մեղքերը:
Իմաստունները գիտելիք են հաւաքում, բայց հիմարի շուրթերը մոտալուտ մահ են:
Ով իր մէջ ատելութիւն է պահում, նրա շուրթերը ստում են, իսկ ով բամբասանք է տարածում, նա հիմար է:
Շատախօսութեամբ չես խուսափի մեղքից, իսկ ով զսպում է իր շուրթերը, ողջամիտ է:
Արդարի լեզուն ընտիր արծաթ է, ամբարիշտների սիրտը ոչնչութիւն է:
Արդարի շուրթերը հովւում են շատերին, իսկ հիմարները մեռնում են խելքի պակասից…
Արդարի շուրթերից իմաստութիւն է բխում, իսկ չարակամ լեզուն կը կտրվի:
Արդարի շուրթերը գիտեն, թե ինչ է բարին, իսկ ամբարիշտների շուրթերը գիտեն այլասերուածը: Առ. 10
Դատարկախօսը սրի նման խոցում է, իսկ իմաստունների լեզուն բուժում է:
Ճշմարտախօս շուրթերը միշտ կմնան, իսկ ստախօս լեզուն՝ միայն մի ակնթարթ: Առ. 12, 18-19
Աստծո առաջ զզուելի են ստախօս շուրթերը, իսկ ճշմարտախօսները հաճելի են Տիրոջը:
Ողջամիտ մարդը թաքցնում է իր գիտելիքները, իսկ հիմարների սիրտը հիմարութիւն է խօսում…
Արդարն իր մերձաւորին ճանապարհ է ցոյց տալիս, իսկ ամբարիշտների ճանապարհը մոլորեցնում է մերձաւորին: Առ. 12, 26
Հիմարի շուրթերին հպարտութեան գաւազանն է, իսկ իմաստունների շուրթերը պաշտպանում են իրենց տերերին: Առ. 14, 3
Բարկութիւնը կործանում է նաեւ ողջամիտներին: Խոնարհ պատասխանը ետ է դարձնում բարկութիւնը, իսկ վիրաւորական խօսքը գրգռում է բարկութիւնը…
Համեստ լեզուն կենաց ծառ է, բայց անսանձ լեզուն կործանում է ոգին: Առ. 15, 4
Բռնկուն մարդը կռիւ է գրգռում, իսկ համբերատարը հանդարտեցնում է կռիւը: Առ. 15, 18
Մարդու ուրախութիւնը իր շուրթերի պատասխանի մէջ է, եւ որքա՜ն լաւ է ժամանակին ասուած խօսքը:
Աստծո համար զզուելի են բոլոր նրանք, ովքեր մեծամիտ են սրտով: Առ. 16, 5
Երբ տեղի ենք տալիս մեր բարկությանը, նախանձին, ատելությանը, հաղթում է սատանան, իսկ Պողոսն ասում է. «Սատանային տեղի մի՛ տուէք…զօրացէ՛ք Տիրոջով եւ Աստծու սպառազինութիւնը հագէ՛ք, որպէսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին», Եփ. 6, 10-11:
Աստծու սպառազինությունը աստվածային շնորհներն են՝ Աստծո գերբնական զորությունները, կարողությունները, որոնք մարդն ընդունում է Աստծուց՝ որպես ձրի պարգև, իր հավատքի չափին համապատասխան: Հետևաբար, որպեսզի կարողանանք հետու մնալ սատանայի հնարանքներից և զսպված լինել, տիրապետել մեր սեփական անձին, սանձել մեր լեզուն, կառավարել մեր զգացմունքները, տեղի չտալ բարկությանը, ատելությանը, մենք կարիքն ունենք Աստծո զորության, առանց որի մենք կպարտվենք սատանային: Մարդն առանց Աստծո օգնության չի կարող պայքարել ոչ սատանայի և ոչ էլ իր սեփական թուլությունների և մոլուցքների դեմ: Հիսուս մեզ առաջարկում է հավատալ Իրեն, կատարել Իր պատվիրանները և աղոթքով աղաչել Աստծուն, որ զորացնի մեզ, պաշտպանի չարի հարձակումներից: Իսկ որպեսզի մեր աղոթքը ընդունելի լինի Աստծո առաջ պետք է աղոթել խոնարհությամբ՝ հասկանալով մեր մեղքերը, թուլությունները, ոչնչությունը Աստծո առաջ, պետք է ոչ թե արդարանալ Աստծո առաջ, ոչ թե մտածել, թե ես արդար եմ, դիմացինս՝ մեղավոր, այլ գիտակցել, որ ամենամեղավորը ե՛ս եմ, և ե՛ս կարիք ունեմ Աստծո օգնության, որ կարողանամ տիրապետել ինքս ինձ և օգնեմ դիմացինին՝ հասկանալ, որ ինքն էլ սխալվում է, կարողանամ խաղաղություն հաստատել, հաշտություն կառուցել, ներել: Խոնարհությունը սկսվում է այն վայրկյանին, երբ մտածում եմ, որ իմ պահվածքի՛ց է կախված խաղաղությունը իմ միջավայրում, որ իմ յուրաքանչյուր բառը, շարժումը վճռական նշանակություն ունի, շատ ծանրակշիռ է՝ նախևառաջ Աստծո համար: Մարդու յուրաքանչյուր բառն այնքան մեծ կարևորություն ունի Աստծո առաջ, որ նախքան իր փրկագործության ծրագիրը սկսելը, Աստված իր հրեշտակին ուղարկեց Կույս Մարիամի մոտ, որ նրանից համաձայնության խոսքը առնի: Միայն Մարիամի համաձայնությա՛մբ հնարավոր եղավ փրկագործությունը: Երբ Մարիամը հրեշտակին ասաց. «Թող լինի ինձ քո խօսքի համաձայն», հենց այդ վայրկյանին Աստծո Խոսքը բնակվեց և մարդկային մարմին առավ Մարիամի արգանդում, Աստված մարդացավ, որպեսզի փրկվի ամբողջ մարդկությունը: Հիշելով ավետման այս խորհրդավոր և պատմական դրվագը՝ ջանանք առավելագույն լրջությամբ վերաբերվել այն ամենին, ինչ կա մեր սրտի մեջ և թե ինչ բառերն են դուրս հորդում մեր շուրթերից: Ամեն մի բառն արտասանելուց առաջ եկե՛ք մի լավ մտածենք՝ հանդարտությամբ, աղոթքով, հավատով և ներքին խաղաղ ուրախությամբ, որ Աստծուց է գալիս և կարող է ուղղորդել մեր ամբողջ կյանքը: Եկե՛ք գիտակցենք, որ դիմացինին ասված մեր յուրաքանչյուր բառից է կախված և՛ մեր հոգու ընթացքը դեպի Երկինք կամ դժոխք, և՛ շրջապատի մարդկանց հոգեվիճակը և կյանքի որակը: Հիշեցե՛ք, որ ձեր կյանքի յուրաքանչյուր պահը թանկ է և անվերադարձ, «օգտագործեցե՛ք ժամանակը, քանզի օրերը չար են», ինչպես զգուշացնում է Սուրբ Պողոսը:
Տ. Հովսեփ Գալստյան
Հայկական Կարիտասի տարեցների ցերեկային խնամքի կենտրոն
27 մարտի, 2019թ.