• Աստուած մեզ բաշխում է Իր կեանքը, չվատնե՛նք այն ի զուր. Անառակի կիրակի

    Եթե սիրում ենք Աստծուն, պէտք է պատրաստ լինենք կիսելու Նրա ուրախութիւնը, երբ տեսնում ենք, որ Աստծո կորուսեալ զաւակներից մէկը վերադառնում է…


    Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչւում է «Անառակի կիրակի»: Եկեղեցին մեզ այսօր հրաւիրում է խորհրդածելու Ղուկասի աւետարանում պատմուող յայտնի առակի մասին, որը մեզ առատ նիւթ է տալիս անդրադառնալու մեր մեղաւոր ընթացքին եւ Աստուծոյ անհուն ողորմութեանը, ստիպում է մեզ վերանայել մեր յարաբերութիւնը` թէ՛ Աստուծոյ եւ թէ՛ մերձաւորի հանդէպ:

     

    Կրտսէր որդին խնդրում է հօրը իրեն տալ ունեցուածքի իր բաժինը, եւ Հայրը բաժանում է իր որդիներին իր ունեցուածքը. գրաբար տէքստում գրուած է. «բաժանեաց նոցա զկեանսն» (բաժանեց նրանց կեանքը), Ղկ.,15,12, հունարէնը ունի bion, որ նշանակում է կեանք: Այս մարդն իր զաւակներին բաշխեց իր կեանքը, իր վաստակը: Քանի որ այս պատմութիւնը Յիսուս պատմեց, որպէսզի հնարաւորութիւն տա մտածելու Աստծոյ եւ մեղաւոր մարդու յարաբերութիւնների մասին, պատմութեան մէջ հօր կողմից իր կեանքը բաշխելը մեզ հուշում է, որ Աստուած եւս առաւելապէս, որպէս Հայր, մեզնից իւրաքանչիւրին բաժանում է Ի՛ր կեանքը, որ յաւիտենական կեանքն է, որից սկիզբ է առնում ամբողջ տիեզերքի կեանքը: Իւրաքանչիւր մարդ իր մօր արգանդում Աստծուց է ստանում իր կեանքը՝ որպէս նուէր եւ ապա ընդունում յաւիտենական կեանքն ունենալու իրաւունքը մկրտութեան սուրբ խորհրդի միջոցով: Աստուած մարդուն իր կեանքը շնորհելով, առատաձեռնորեն տալիս է նաեւ Իր աստուածային ներկայութիւնը, Իր պատկերն ու նմանութիւնը, Իր շնորհները, տաղանդները, իւրահատուկ մարդկային բնաւորութիւնը, կեանքի ուղեգիծը, որը մենք համարում ենք գենետիկայի ժառանգութիւն: Բայց Աստուած իւրաքանչիւր մարդ արարածի տալով իր շնորհների եւ պարգեւների մի մեծ հարստութիւն՝ կամենում է, որպէսզի մենք պատասխանատւութեամբ եւ երախտագիտութեամբ օգտագործենք եւ բազմապատկենք դրանք: Սուրբ Պողոսը կորնթացիներին հորդորում է զգոյշ լինել, որ չլինի թէ ի զուր ընդունած լինեն Աստծոյ շնորհը (Բ Կրնթ., 6, 1-2):

     

    Առակի կրտսէր որդին ի զուր վատնեց իր հօր կողմից իրեն շնորհուած կեանքը կամ Աստծոյ շնորհները, ապրեց հորից հեռու, փողի վերածեց ամէն ինչ, ապրեց անառակ կեանքով՝ բացարձակապէս չգնահատելով Աստծո կողմից իրեն շնորհուածի արժէքը: Նա հասել էր իր անկման վերջնակէտին, հատակին. նոյնիսկ խոզերն աւելի՛ պէտք էին մարդկանց, քան ինքը. «ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, եւ ոչ ոք նրան չէր տալիս», 15,16: Այս անառակ որդու նման այսօր մարդկութեան մի ճնշող զանգուած ապրում է Աստծուց հեռու, աւելորդ շռայլութեան, անառակութեան մեջ՝ իրենց աստուածատուր պարգեւները մսխելով՝ միայն աւելի շատ փող ունենալու եւ հաճոյքներին տրուելու համար: Բայց քանի՞սն են առակի կրտսէր որդու նման անդրադառնում, որ իրենք նոյնիսկ խոզերի՛ց էլ վատն են:

     

    Իր թշվառ վիճակին անդրադառնալիս՝ անառակ որդին հիշում է այն երանելի վիճակը, ինչից ինքն իրեն զրկեց՝ իր անմտութեան, հեշտասիրութեան պատճառով: Հիշեց, որ կա մի տեղ, ուր ինքը կարող է սիրված, գնահատուած լինել, որտեղ իրեն սպասող կա, որովհետեւ ծնողը միշտ սպասում է իր զաւակին: Նա հիշեց, որ իր հոր ագարակում վարձկաններն անգամ առատ հաց ունեն, իսկ ինքը սովամահ կորչում է: Ինքը, որ զաւակ է եւ ժառանգ, զրկուած է այդ հացից: Այսպէս, քրիստոնեաներ, ովքեր շարունակում են ապրել մեղքի ճահճում, զրկուած են Տիրոջ զօրացուցիչ ներկայութիւնից, որ մեզ տրւում է սուրբ խորհուրդների եւ առաւելապէս Սբ. Պատարագի ժամանակ՝ Տիրոջ Մարմնի եւ Արեան միջոցով: Իսկ նրանք, ովքեր գիտակցում են Տիրոջ ներկայութեան մեջ, Քրիստոսի Խորհրդաւոր Մարմնի մեջ՝ Եկեղեցում, լինելու կարեւորութիւնը, առատ Հաց ունեն, Հացը, որը կեանք է պարգեւում աշխարհին (Յվհ., 6):

     

    Իր վիճակի գիտակցութիւնը առակի կրտսեր որդուն տարաւ խորագոյն զղջման. նա հասկացաւ, որ միակ երջանկութիւնը ոչ թէ աշխարհի հաճոյքներն են, այլ՝ հօր մօտ ապրելը.

     

    «Վեր կենամ, գնամ իմ հօր մոտ եւ ասեմ նրան. Հա՛յր, մեղանչեցի երկնքի եւ քո առաջ: Այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ դարձրու՛ քո վարձկաններից մէկը»: Գրաբար տեքստում «վեր կենալ» արտայայտութեան փոխարէն գրուած է «յարուցեալ գնացից»:

    «Յարուցեալ» բառը քրիստոնեաներիս համար աւելի խոր իմաստ ունի, քան «վեր կենալը»՝ աշխարհաբար թարգմանութեան մէջ: Դա անկեալ վիճակից ազատագրուե՛լն է, հաղթե՛լն է սեփական թուլութեանը, հաղթելն է մեղքի գերութեանը, մահուանը, վերածնունդ է, նոր կեանք սկսելն է: Այս նոյն բառն է օգտագործւում մահուան հանդէպ Տիրոջ հաղթանակի համար՝ յարեաւ ի մեռելոց:

    Եւ երբ որդին յարուցեալ գնում է հօր մօտ, հայրը նրան տեսնում է՝ մինչ շատ հեռու էր: Հայրը սպասում էր իր որդու վերադարձին՝ նա՛խքան, որ որդին որոշում առաւ վերադառնալու: Այդպէս էլ Հայր Աստուած մշտապէս սպասում է իր հեռացած որդիների վերադարձին՝ անկախ նրանից՝ մենք որոշում ենք վերադառնալ իր գիրկը թէ ոչ: Եւ Ղուկասն ասում է, տեսաւ նրան Հայրը եւ գթաց, փաթաթուեց եւ համբուրեաց նրան: Որքա՜ն մեծ սէր ունի այս հայրը իր զաւակի հանդէպ, որը, սակայն, վատնեց իր ամբողջ ժառանգութիւնը, իր կեանքը, որ ստացաւ Հօրից: Այս Հայրը մեզ որոշ պատկերացում է տալիս Աստծոյ կերպարի մասին, բայց Աստուած շա՛տ աւելի ողորմած Հայր է: Նա շատ աւելի՛ է ուրախանում իր կորուսեալ որդիների վերադարձի համար, քան այս հայրը, որ հրամայեց պարարտ եզը մորթել, փոխել նրա նախկին պատմուճանը, տալ մատանի եւ կօշիկներ, այսինքն՝ վերադարձնել նրա կորսուած արժանապատւութիւնը: Մարդ, Տիրոջ մօտ վերադառնալով՝ վերականգնում է իր մարդկային արժանապատւութիւնը, իր ազատութիւնը, իր ճշմարիտ տեղը Աստծոյ առաջ եւ մերձաւորի մօտ, արարչագործութեան մէջ, վերագտնում է իր ներքին ներդաշնակութիւնը ինքն իր հետ եւ Աստծո հետ, արարչագործութեան հետ:

     

    Երկորդ կարեւոր կէտը, որ պէտք է անդրադառնանք՝ աւագ որդու դիրքորոշումն է եւ Հօր սէրը նաեւ նրա նկատմամբ: Աւագ որդին նախանձեց այն վերաբերմունքի համար, որ հայրը ցուցաբերեց իր եղբօր հանդէպ, որ հեռացել էր իր հայրական տնից, մինչդեռ ինքը քանի տարի էր ծառայում էր հօրը եւ երբեք, ասաց, պատուիրանները զանց չառաւ, իսկ հայրը մի ուլ իսկ չտուեց նրան: Ուշադրութիւն դարձնենք, որ գրուած է, թէ հայրը, դուրս գալով՝ աղաչում էր նրան: Մարդկայնօրէն եթէ մտածենք, հայրը չպէտք է սկսեր աղաչել որդուն, որ նախանձում էր եղբօրը, այլ պէտք է մնար իր հայրական դիրքում: Բայց սա Աստծո՛յ կերպարն է, որ երբէք չի դադարում տարբեր միջոցներով համոզել իւրաքանչիւրիս դարձի գալու: Աստծոյ համար մեզ հետ հարաբերութիւններում իւրաքանչիւրիս փրկութիւնը ամենակարեւո՛րն է. Աստուած մարդուն այնքան սիրեց, նոյնիսկ նրա մեղաւոր վիճակում, որ չխնայեց իր Որդուն անգամ, ուրեմն՝ Ինքն Իրեն երբէ՛ք չի խնայի՝ մեզ փրկելու համար: Հայրն ասաց իր աւագ որդուն. «Դու միշտ ինձ հետ ես, եւ ամեն ինչ որ իմն է, քոնն է, այլ դու պէտք է ուրախանայիր եւ ցնծայիր, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց»:

     

    Հետեւաբար, մենք էլ, եթէ մեզ համարում ենք Քրիստոսի աշակերտները, պարտաւոր ենք Հօր նման ուրախանալ, երբ տեսնում ենք, որ մեր կորուսեալ եղբայրներից, քոյրերից մէկը վերադառնում է Հօր մօտ: Երբ տեսնում ենք, որ մեղաւոր մէկը, դարձի գալով, և Սբ. Պատարագին մասնակցելով հաղորդւում է Տիրոջ Մարմնին եւ Արեանը, կամ արժանանում է նոյն պատուին, ինչ մենք ինքներս, որ տարիներ շարունակ եկեղեցում ենք եղել եւ ջանացել հաւատարիմ մնալ: Չպէտք է արգելք լինենք զղջացող որևէ մէկին, այլ հարկ է, որ աջակցենք, ուրախանանք, յիշելով, որ Աստուա՛ծ է ուրախանում նրա համար:

     

    Եթե սիրում ենք Աստծուն, պէտք է պատրաստ լինենք կիսելու Նրա ուրախութիւնը, երբ տեսնում ենք, որ Աստծո կորուսեալ զաւակներից մէկը վերադառնում է Հօր գիրկը՝ անկախ նրանից, թէ ինչ է արել այդ անձը նախկինում: Աստծո գիրկը միշտ բաց է իր բոլոր զաւակների համար, որովհետեւ Տէրն իր արեւը ծագեցնում է եւ բարիների եւ չարերի վրայ: Իւրաքանչիւր մարդ արարած Աստծոյ մի անկրկնելի ստեղծագործութիւն է, Աստծո պատկերի մի անկրկնելի դրոշմ, արտացոլում: Հետեւաբար, երբ մարդ անկեղծ զղջմամբ ջանք է գործադրում ինքն իր մէջ յստակեցնելու Աստծո պատկերը եւ նմանութիւնը, աւելի շատ սիրելու եւ ճանաչելու Աստծուն, ապա միայն պէտք է ուրախանալ եւ ցնծալ դրա համար եւ ոչ թէ նախանձել ու արգելք ստեղծել: Եթէ Աստուած հնարաւորութիւն է տալիս իւրաքանչիւրին, մենք էլ պէտք է ջանանք լինել Աստծո նման մեծահոգի, առատաձեռն, սիրենք եւ ողջունենք եւ ոչ թէ լինենք միայն հանդուրժող: Աւելին, մեր առաքելութիւնն է ջանադրաբար աշխատել, որ կարողանանք գոնէ մէկ մեղաւորի դարձի բերել, եւ երբ դա մեզ յաջողուի, կը կարողանանք ծածկել մեղքերի մի ամբողջ բազմութիւն, ինչպէս գրում է Յակոբոս առաքեալը (Յկբ. 5, 20):

     

    Ի վերջո, յիշե՛նք որ մեր հանդէպ Աստծո ողորմածութիւնը կախուած է նրանից, թէ արդեօ՞ք մենք պատրաստ ենք լինել ողորմած ուրիշների հանդէպ. «Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն կը գտնեն» Մտթ. 5, 7: Ամեն:

     

    Տ. Յովսէփ քհնյ. Գալստյան

    16 մարտի, 2019.

Օրացույց

Օրացույց