• «Ի՞նչ է աղոթքը և ինչպե՞ս աղոթել». զրույցներ՝ հոգևոր կրթության համար

    «Աղոթքը Աստծո ծարավի և մարդու ծարավի հանդիպումն է». Օգոստինոս


    Զրույց Ա

     

    Ի՞նչ է աղոթքը

     

    Աղոթքը, ամենակարճ բացատրությամբ, մարդու խոսքն է՝ ուղղված Աստծուն: Բայց աղոթքը միայն պարզ խոսք չէ, աղոթքի մեջ արտահայտվում է մարդու հարաբերությունը Աստծո և հոգևորի հետ, աղոթքին մասնակից է դառնում մարդու ամբողջ էությունը, մտքերը, հոգին, մարմինը և, ամենակարևորը, սիրտը: Կարելի է ասել նաև, որ աղոթքը կենսաձև է, կյանքի հևք, նույնիսկ շնչառություն, առանց որի անհնար է պատկերացնել հավատացյալի կյանքը կամ հարաբերությունը Աստծո հետ: Աղոթքի մասին բացատրություններ կարող ենք գտնել Աստվածաշնչի մեջ, Եկեղեցու հայրերի գրվածքներում և Եկեղեցու վարդապետության մեջ: Մտքերը, բանաձևումները բազմազան են: Բայց ես որոշեցի այս հոգևոր զրույցները կազմակերպել՝ հետևելով Կաթողիկէ Եկեղեցու քրիստոնեականի  աղոթքի բաժնի շարադրության կառուցվածքին և դրանք հարստացնելով Եկեղեցու հայրերի մտքերով, սաղմոսներով և այլ աղոթքներով:

     

    Աղոթքը Աստծո պարգևն է մարդուն

     

    Աղոթելու կարողությունը կամ շնորհը Աստծուց է, Աստված է, որ մարդուն տալիս է այդ կարողությունը և ոչ թե մարդն ինքն իրենից է սկսում աղոթել: Աղոթքով Աստված մարդուն կանչում է իր հետ հարաբերության: Հովհաննեսի ավետարանում կարդում ենք մի դրվագ, որտեղ Հիսուս ճանապարհից հոգնած՝ նստում է մի ջրհորի մոտ և մի սամարացի կնոջից խմելու ջուր է խնդրում: Սամարացի կինը զարմանում է, որ հրեան սամարացուց ջուր է ուզում, իսկ Հիսուս պատասխանում է. «Եթէ դու գիտենայի՜ր Աստծո պարգեւները եւ թէ ով է, որ քեզ ասում է ինձ խմելու ջուր տուր, գուցէ ինքդ արդարեւ նրանից կուզեիր եւ նա քեզ կենդանի ջուր կը տար», Յվհ. 4, 7-10: Հիսուս Ի՛նքն է մարդուն փնտրում և գտնում այնտեղ ուր մարդը գալիս է ջուր խմելու՝ ջրհորի եզրին: Այլ խոսքով կարող ենք ասել, որ Հիսուս ծարավ է մեր աղոթքների, ծարավ է մարդու հետ երկխոսության, մարդու սիրո, անկեղծ խոսքերի, մարդու հետ զրույցի: Սուրբ Օգոստինոսն ասում է, որ աղոթքը Աստծո ծարավի և մարդու ծարավի հանդիպումն է, այսինքն՝ աղոթքը կառուցվում և զարգանում է, երբ մարդն ընդառաջ է գնում Աստծո ցանկությանը՝ մեզ հետ հաղորդակցվելու: Ուրեմն, նախ Աստվա՛ծ է ուզում, որ մենք աղոթենք Իրեն և մեզ տալիս է աղոթքի շնորհը: Աղոթքը մարդու պատասխանն է Աստծո հրավերին: Աղոթքն, ուրեմն, նախևառաջ Աստծո անսպառ աղբյուրի կենսատու ջրերից ըմպելու և հոգևոր, ֆիզիկական ուժերը վերագտնելու հնարավորություն է: Երեմիա մարգարեն փոխանցում է մեզ Աստծո խոսքը. «…չարիք գործեց իմ ժողովուրդը. ինձ՝ կենաց ջրի աղբիւրիս, լքեց եւ իր համար ծակ փոսեր փորեց, որոնք ջուր չեն կարող պահել», Երմ. 2, 13: Աղոթքը ոչ միայն և ոչ այնքան մարդու խնդրանքը Աստծուն ներկայացնելու համար է, այլ առավել՝ հենց աղոթելիս՝ Աստծո կենդանի ջուրն ըմպելու աստվածապարգև հնարավորություն: Երբ Հիսուս խաչի վրայից դարձյալ ծարաված՝ ջուր խնդրեց, զինվորները մի սպունգ թրջեցին քացախով և մոտեցրին նրա բերանին, որպեսզի կատարվի մարգարեությունը: Հիսուս այդպես էլ ծարավ մնաց այն խմելու ջրին, որ մենք պարտավոր ենք իրեն մոտեցնել այն ի սպառ սիրո և անսպառ կենդանի ջրի աղբյուրի դիմաց, որոնք Նա առաջարկեց և առաջարկում է մեզ՝ մեր փրկության համար և որպեսզի աշխարհը կյանք ունենա:

    Այս ի նկատի ունենալով՝ պետք է անդրադառնանք, թե ինչ ենք մեր աղոթքի մեջ մոտեցնում Հիսուսին՝ քացա՞խ, թե քաղցրահամ ջուր, ինչպիսի՞ն է մեր աղոթքը, ի՞նչ ենք խնդրում և ինչպե՞ս:

     

     Որտեղի՞ց է բխում աղոթքը

     

    Աստված է տալիս մեզ աղոթքի շնորհը, բայց որտեղի՞ց է բխում մարդու աղոթքը: Աստվածաշունչը ավելի քան հազար անգամ աղոթքի բխման վայրը համարում է մարդու սիրտը: Սբ. Գրիգոր Նարեկացին իր աղոթամատյանի աղոթքները սկսում է այսպես՝ «Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ»: Եթե մարդու սիրտը հեռու է Աստծուց, մարդու աղոթքն ի զուր է (Քրիստոնեական Կաթողիկէ Եկեղեցու, 2563): Սիրտը մարդկային էության ծածուկ կենտրոնն է, որը լրիվությամբ հասանելի չէ մարդու բանականության համար, միայն Աստված կարող է քննել մարդու սիրտը և ճանաչել և այն ճանաչել տալ նաև Իրեն վստահող մարդուն: Սիրտը որոշումների ընդունման վայրն է՝ մեր հոգեկան ունակությունների ամենախորքերում: Սիրտն է Աստծո և մարդու հանդիպման վայրը, այն Աստծո հետ ուխտ կնքելու վայրն է, հետևաբար կարող ենք ասել, որ աղոթքը նաև ուխտ կամ համաձայնություն է Աստծո հետ:

     

    Աղոթքը ուխտ է և հարաբերություն

     

    «Քրիստոնեական աղոթքը մի հարաբերություն է՝ հաստատված Աստծո և մարդու ուխտի վրա՝ Քրիստոսի մեջ: Այն Աստծո և մարդու միասնական գործն է և բխում է Սուրբ Հոգուց և մեզնից՝ ամբողջությամբ ուղղորդված դեպի Հայրը՝ մարդացյալ Աստծո Որդու մարդկային կամքի հետ միության մեջ» (Քրիստոնեական Կաթողիկէ Եկեղեցու, 2564):

     

    Աղոթքի կյանք ապրել՝ նշանակում է մշտապես և բնական ձևով լինել Աստծո ներկայության մեջ և Նրա հետ հաղորդության մեջ: Այդպիսի կենդանի հաղորդությունը հնարավոր է, որովհետև մկրտության շնորհիվ մկրտվողի էությունը միանում է Քրիստոսի Խորհրդավոր Մարմնի հետ և ապրում է Աստծո ներկայության մեջ, ավելին, Աստծո Հոգին սկսում է բնակվել մարդու սրտի մեջ: Իսկ աղոթքի կյանքը այդ ներկայության մշտական գիտակցությունը և Աստծո հետ զրույցն է դառնում: Մեր աղոթքը կոչվում է «քրիստոնեական», որովհետև այն հաղորդություն է Հիսուս Քրիստոսի հետ և զարգանում է Քրիստոսի Խորհրդավոր Մարմնի՝ Եկեղեցու մեջ (հմմտ.՝ Քրիստոնեական Կաթողիկէ Եկեղեցու, 2565): Հետևաբար, մենք կարող ենք ասել, որ աղոթում ենք Քրիստոսի հետ միասին և Նրա Խորհրդավոր Մարմնի մեջ և այդ Մարմնի անդամների հետ, այսինքն՝ Եկեղեցու բոլոր հավատացյալների հետ: Ուրեմն, աղոթքը խորքային և մաքուր հարաբերություն, հաղորդություն է նաև մերձավորների հետ, ովքեր աղոթում են այստեղ կամ աշխարհի որևէ ծայրում: Այսպիսով, աղոթքը հիմք է ընդհանուր միաբանության, համաձայնության, համերաշխության, ընդհանուր գոհության և սիրո, որի գերագույն օրինակը Քրիստոսի ինքնազոհ սերն է:

     

    Աստծո հրավերը աղոթելու, մարդը փնտրում է Աստծուն

     

    Մարդը միշտ փնտրում է Աստծուն: Մարդու այս փնտրտուքը հիմնված է այն ճշմարտության վրա, որ մարդս ստեղծված է Աստծո պատկերով և նմանությամբ: Թեև նմանությունը աղճատված է մեղքի հետևանքով, բայց պատկերը մնում է, այսինքն մարդս Աստծո նմանությամբ ստեղծված է որպես բանական էակ, ազատ կամքով և հավիտենական կյանքի փափագով: Իսկ հավիտենական կյանքը կարելի է գտնել միայն Աստծո մեջ: «Ու՞մ մօտ գնանք, դու ունես հաւիտենական կեանքի խօսքերը» (Յվհ. 6, 69), ասաց Պետրոսը Հիսուսին: Աստծուն փնտրելու այդ փափագի մասին վկայում են բոլոր կրոնները, բայց այդ ձգտումները յուրաքանչյուր ժողովուրդ իրականացնում է յուրովի՝ ըստ ուրույն մշակութային և էթնիկ միջավայրի: Անկախ նրանից՝ մարդը շարունակում է մինչև վերջ և ճիշտ ճանապարհով փնտրել Աստծուն, թե ոչ, Աստված Ի՛նքն է միշտ փնտրում մարդուն, ինչպես ասացինք ջրհորի դրվագի մասին խոսելիս և ճիշտ ինչպես Ադամին, հարցնում է. «Ու՞ր ես Ադամ…ու՞ր ես մարդ Աստծո»: Աստված մարդուն կանչում է Իր հետ հանդիպման՝ աղոթքի մեջ: Ուրեմն, երբ Աստված աստիճանաբար Ինքն Իրեն հայտնում է մարդուն և հենց մարդուն բացահայտում է մարդու համար, աղոթքը դառնում է հանդիպման վայր, փոխադարձ կանչի վայր և հնարավորություն, փոխհարաբերությունների դրամա, ինչպես բնորոշում է Կաթողիկէ Եկեղեցու քրիստոնեականը (Քրիստոնեական Կաթողիկէ Եկեղեցու. 2567):

     

    Տ. Հովսեփ Գալստյան

    Մեծ Սեպասար, Բավրա

    15 մարտի, 2019թ.

Օրացույց

Օրացույց