• «Եկե՛ք սկսենք առ Աստված դարձի ճամփորդությունը». Ֆրանցիսկոս Քահանայապետի զատկական ուղերձը՝ Առաջնորդ Հոր նախաբանով

    «Որով­հե­տեւ արարածները մեծ ակն­կա­լու­թեամբ սպա­սում են Աստծոյ որ­դի­նե­րի յայ­տ­նու­թեա­նը» (Հռոմ. 8:19):


    Նախաբան

     

    Սիրեցեա՛լ եղբայրներ ի Քրիստոս, նուիրեա՛լ քոյրեր եւ պատուակա՛ն ու խորապէ՛ս հաւատավոր զաւակներ,

     

    Ոչ առ ի պարտականութիւն, այլ հայրական եւ քրիստոնէական սիրուց մղուած՝ ուզում եմ մի անգամ եւս ձեզ հետ կիսել խորհրդածութիւններս Մեծ Պահքի օրերին ընդառաջ՝ առ ի պատրաստութիւն մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան:

     

    Իւրաքանչիւր տարի Աստուած իր նախախնամութեամբ մեզ է ընձեռում Մեծ Պահքի այս շրջանը, որի սկզբնապատկերը եւ ակունքը մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի՝ անապատի մէջ ապրած քառասնօրեայ   ծոմապահութիւնն է,  որը մեզ համար հանդիսանում է «դարձի ճանապարհ», ինչպէս ասում է Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը այս տարի պատրաստուած եւ արդեն իսկ ներկայացուած իր Քառասնորդաց շրջաբերականի մէջ:  Սրբազան Քահանայապետը, մեզ հետ կիսելով իւր խորհրդածութիւնները եւ սիրոյ իղձերը, ասում է. «Եկե՛ք այս ուղին՝ «ապաշխարութեան ուղին», անցնենք խոնարհութեամբ, ողորմածութեամբ, ծոմապահութեամբ եւ աղօթքներով:

     

    Թող որ ողորմածութեան կրակը երբեք չմարի մեր սրտերում, թող Քրիստոսի լոյսը ցրի մեր սրտի եւ մտքի խաւարը, թող որ Ամենազօր Աստծոյ սէրն ու օրհնութիւնը միշտ ուղեկից լինեն բոլորիս:

     

    Այո, սիրելի՛ հոգեւոր քոյրեր ու եղբայրներ եւ հարազատ հաւատաւոր զաւակներ, խորապէս համոզուած եմ, որ եկեղեցւոյ կողմից մեզ ընձեռնուած ապաշխարութեան սրբարար ընթացքը մեզ խրախուսում եւ անվերապահօրէն առաջնորդում է դէպի մեր Փրկիչը՝ Յիսուս Քրիստոսը։

     

    Այս խորհրդածութիւններով առլցուած՝ հաւաստիացնում եմ ձեզ, որ իմ ամենօրեայ աղօթքները, զրկանքները, ցաւերը ձեր դիտաւորութեանն եմ նուիրում:

     

    Թող ամենաբարի Աստուծոյ անսպառ սէրը եւ անչափելի ողորմութիւնը հովանի լինեն ամէնքիդ: Առանձնաբար մօտենալով իւրաքանչիւրիդ՝ Բարձրեալից հայցում եմ տարեցներին երկար կեանք, հիւանդներին՝ քաջառողջութիւն, անքակտելի սուրբ պսակով միացած զոյգերին, մանաւանդ, նորապսակներին՝  հաւատարմութիւն եւ երջանկութիւն, անշուշտ, ընտանեկան սրբութեան մէջ, իմ շատ սիրելի երիտասարդներին՝ վեհանձնութիւն ու քաջութիւն՝ քրիստոնեայ ինքնութեան համաձայն ապրելու եւ վկայելու, եւ ի վերջոյ, լուսեղէն մեր մանուկներին՝ ապահով եւ անաղարտ կեանք՝ բարեկիրթ եւ քրիստոնեայ հասարակութեան եւ սուրբ ընտանիքների մէջ:

     

    Վերջապէս, սիրով ձեզ եմ ներկայացնում Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի՝ 2019 թուականի Մեծ Պահքի պատգամը:

     

    Մաղթանքս է, որ Քահանայապետի պատգամը, ապաշխարութեան օրերին ընդառաջ, սնուցող աւիշ դառնա իւրաքանչիւր հավատացեալի հոգուն եւ սրտին եւ, մանաւանդ, Զատկական Սուրբ Պատարագին ընդառաջ՝ լավագոյն պատրաստութիւն՝ Ամենասուրբ Հաղորդութեանը մոտենալու եւ այն սրբութեամբ ճաշակելու:

     

     

    ՌԱՓԱՅԷԼ ԱՐՔԵՊՍ. ՄԻՆԱՍԵԱՆ

    Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Կապադովկեան Կեսարիոյ Հայոց

    Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց

     

     

     

    ՆՈՐԻՆ ՍՐԲՈՒԹԻՒՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻ

    2019Թ. ՄԵԾ ՊԱՀՔԻ ՊԱՏԳԱՄԸ

     

    «Որով­հե­տեւ արարածները մեծ ակն­կա­լու­թեամբ սպա­սում են Աստծոյ որ­դի­նե­րի յայ­տ­նու­թեա­նը» (Հռոմ. 8:19):

     

    Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր,

     

    Ամէն տարի Մայր Եկեղեցու միջոցով Աստուած «մեզ է շնորհում ուրախութեամբ լի այս ժամանակաշրջանը, երբ պատրաստւում ենք նորացուած մտքով ու սրտով տօնելու զատկական խորհուրդը…, յիշելով այն կարեւոր իրադարձութիւնները, որոնք մեզ նոր կեանք պարգեւեցին Քրիստոսի մէջ» (I Մեծ Պահքի Նախաբան): Այսպիսով, մենք կարող ենք ճամփորդել Զատկից դէպի Զատիկ՝ փրկագործութեանն իրագործմանն ընդառաջ, որն արդէն իսկ ընդունել ենք Քրիստոսի զատկական խորհրդի շնորհիւ, «որով­հե­տեւ յոյ­սով փր­կուե­ցինք» (Հռմ. 8:24): Փրկագործութեան այս խորհուրդը, որն արդէն իսկ գործի է դրուած մեր երկրային կեանքի ընթացքում, զարգացող գործընթաց է, որը նաեւ ընդգրկում է պատմութիւնը եւ ամբողջ արարչագործութիւնը: Ինչպէս ասում է Սուրբ Պօղոսը. «որով­հե­տեւ արարածները մեծ ակն­կա­լու­թեամբ սպա­սում են Աստծոյ որդի­նե­րի յայ­տ­նու­թեա­նը» (Հռոմ. 8:19): Այս տեսլականով ցանկանում եմ առաջարկել ձեզ մի քանի խորհրդածութիւն՝ ուղեկցելու մեզ դարձի ճամփորդութեան ընթացքում՝ գալիք Մեծ Պահքի օրերին:

     

    1.Աստծոյ արարածների փրկագործությունը

     

    Ծիսական տարուայ գագաթնակէտը՝ Քրիստոսի չարչարանքների, մահուան եւ յարութեան Զատկական Եռօրեայի տօնակատարութիւնը, ամէն տարի մեզ կոչ է անում սկսել պատրաստութեան ճամփորդութիւնը՝ այն գիտակցութեամբ, որ Քրիստոսի պատկերին  նմանուելը (հմմտ.՝ Հռմ. 8:29) Տիրոջ ողորմածութեան անգին նուէրն է մեզ:

     

    Երբ ապրում ենք որպէս Աստծոյ փրկագործուած զաւակներ, առաջնորդւելով Սուրբ Հոգով (հմմտ. Հռմ. 8:14) և ունակ ընդունելու եւ հնազանդուելու Աստծոյ օրէնքին՝ սկսած այն օրէնքից, որը գրուած է մեր սրտերում եւ բնութեան մէջ, ապա, արարչագործութիւնը եւս շահում է, որովհետեւ մենք համագործակցում ենք արարչագործութեան փրկագործութեան մէջ: Ահա՛ թէ ինչու է Սուրբ Պօղոսն ասում, որ արարածները մեծ ակն­կա­լու­թեամբ են սպա­սում Աստծոյ որդի­նե­րի յայտնութեանը, այլ խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր վայելում են Յիսուսի զատկական խորհրդի շնորհը, կարող են ունենալ այդ շնորհի կենսագործումը նաեւ մարդկային մարմնի փրկութեան մէջ: Երբ Քրիստոսի սէրը փոխակերպում է սրբերի կեանքը՝ էութեամբ, հոգով եւ մարմնով, նրանք փառաբանում են Աստծուն: Աղօթքի, խորհրդածութեան եւ արուեստի միջոցով նրանք այդ փառաբանութեան մէջ ընդգրկում են նաեւ այլ արարածների, ինչպէս տեսնում ենք հիանալի կերպով արտայայտուած Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցու «Արարածների երգում» (հմմտ.՝ Laudato Si’, 87): Այնուամենայնիւ, այս աշխարհում մեղքի եւ մահուան բացասական զօրութիւնը մշտական սպառնալիք է՝ փրկագործութեան պտուղ ներդաշնակութեան համար:

     

    2.Մեղքի կործանարար զօրութիւնը

     

    Իսկապէս, երբ ձախողւում ենք ապրել որպէս Աստծոյ զաւակներ, ապա, յաճախ, կործանարար վարք ենք դրսեւորում ինչպէս մեր մերձաւորների եւ այլ արարածների նկատմամբ, այնպէս էլ ինքներս մեր, քանի որ մենք սկսում ենք քիչ թէ շատ գիտակցուած կարծել, թէ կարող ենք նրանց օգտագործել ինչպէս կամենանք: Ապա յաղթում է անժուժկալութիւնը, սկսում ենք ապրել մի կեանքով, որը դուրս է գալիս թոյլատրելի այն սահմաններից, որոնք դրուած են մեր մարդկային կեցության եւ բնութեան կողմից: Մենք տեղի ենք տալիս այն անսահմանափակ ցանկութիւններին, որ Իմաստութեան Գիրքը բնորոշ է համարում անհաւատներին, ովքեր գործում են՝ առանց Աստծոյ կամ ապագայի մասին մտածելու (հմմտ. 2:1-11): Եթէ շարունակ չձգտենք դէպի Զատիկ, դէպի Յարութեան հեռանկար, ապա կյաղթի այն մտածելակերպը, որն արտայայտուած է «Ես ուզում եմ ամէն ինչ եւ ուզում եմ հենց հիմա» եւ «Չափից աւելին երբեք բաւարար չէ» կարգախօսներում:

     

    Ինչպէս գիտենք, բոլոր չարիքների արմատը մեղքն է, որն իր առաջին իսկ յայտնութեամբ խախտել է մեր հաղորդությունը Աստծոյ, ուրիշների եւ արարչագործութեան հետ, որին իւրայատուկ կերպով կապուած ենք մեր մարմնով: Աստծոյ հետ հաղորդութեան այս խզումը վտանգում է նաեւ մեր ներդաշնակ փոխյարաբերութիւններն այն շրջապատի հետ, որտեղ կոչուած ենք ապրելու, այնպէս, որ պարտէզը վերածուել է անապատի է (հմմտ. Ծննդ. 3:17-18): Մեղքը մարդուն տանում է այն կարծիքին, թէ ինքն է արարչագործութեան աստվածը, բացարձակ տէրը եւ օգտագործի այն ոչ թէ Արարչի նպատակի համաձայն, այլ՝ իր սեփական շահերի համար՝ ի վնաս այլ արարածների:

     

    Երբ մոռացված է Աստծոյ օրէնքը՝ սիրոյ օրէնքը, ապա թոյլի նկատմամբ ուժեղի առալեւութեան օրէնքը յաղթում է: Մեղքը, որը թաքնուած է մարդու սրտում (հմմտ՝. Մրկ. 7:20-23) ձեւափոխւում է ընչաքաղցութեան եւ յարմարաւէտութեան անզուսպ հետապնդման, ուրիշների եւ նոյնիսկ սեփական անձի բարօրութեան մասին մտահոգութեան պակասի: Սա հանգեցնում է Աստծոյ արարածների շահագործմանը՝ ինչպէս մարդկանց, այնպէս էլ շրջակայ միջավայրի՝ անհագ ընչաքաղցութեան պատճառով, որը իւրաքանչիւր ցանկութիւն դիտարկում է որպէս իրաւունք եւ վաղ թէ ուշ իր ճիրաններում ոչնչացնում բոլորին և ամէն ինչ:

     

    3.Զղջման եւ ներման բուժիչ ոյժը

     

    Արարչագործութիւնն անյապաղ կարիքն ունի Աստծոյ զաւակների յայտնութեան, նրանց՝ ովքեր դարձել են «նոր արարածներ»: «Իսկ եթէ մէ­կը Քրիս­տո­սի մէջ է, նա նոր արա­րած է. քանզի հի­նն ան­ցաւ, եւ հի­մա ամէն ինչ նոր եղաւ» (2 Կորնթ. 5:17): Իսկապէս, նրանց յայտնութեան շնորհիւ արարչագործութիւնն ինքը կարող է տօնել Զատիկը՝ բացուելով նոր եր­կնքի ու նոր եր­կրի առջեւ (հմմտ.՝ Յյ­տ­ն. 21:1): Զատկի ճանապարհը պահանջում է, որ զղջման, դարձի եւ ներման միջոցով, նորոգենք մեր երեսն ու հոգին՝ որպէս քրիստոնեաներ, որպէսզի կարողանանք լիովին ապրել զատկական խորհրդի առատ շնորհը:

     

    Այս «մեծ ակնկալութիւնը», արարածների այս սպասումը իր բաղձանքին կհասնի Աստծոյ զաւակների յայտնութեամբ, այսինքն, երբ քրիստոնեաներն ու բոլոր մարդիկ վճռականօրէն կըմտնեն «երկունքի ցաւի» մէջ, որը պտուղն է դարձի: Մեզ հետ միասին իւրաքանչիւր արարած կոչուած է առաջ շարժուելու «այն յոյ­սով, որ ստեղ­ծուած­ներն իրենք էլ ազատուեն ապա­կա­նու­թեան ծա­ռա­յու­թիւ­նից՝ Աստծոյ որդինե­րի փառ­քի ազա­տու­թեանը հաս­նե­լու հա­մար» (Հռմ. 8:21): Մեծ Պահքի շրջանը դարձի գալու այս ճանապարհին խորհրդաւոր նշան է: Սա հրաւէր է քրիստոնեաներին մարմնաւորելու զատկական խորհուրդը որոշակի կերպով՝ իրենց անձնական, ընտանեկան եւ հասարակական կեանքում, նախ եւ առաջ պահքի, աղօթքի եւ ողորմութեան միջոցով:

     

    Պահեցողութիւն՝ նշանակում է սովորել փոխել մեր վերաբերմունքն ուրիշների եւ Աստծոյ իւրաքանչիւր արարածի նկատմամբ, հրաժարուել սեփական ագահութեանը յագուրդ տալու համար ամէն ինչ «յօշոտելու» գայթակղութիւնից եւ պատրաստ լինել տառապելու յանուն սիրոյ, որը կարող է լցնել մեր սրտերի դատարկութիւնը:

     

    Աղօթքը մեզ սովորեցնում է հրաժարուել կուռքերին երկրպագելուց եւ մեր «ես»-ի ինքնաբաւութիւնից եւ ընդունել, որ կարիքն ունենք Տիրոջ եւ Նրա ողորմածութեան:

     

    Ողորմութեան միջոցով խուսափում ենք ինքներս մեզ համար ամէն բան կուտակելու խելացնորութիւնից՝ ելնելով այն երեւակայական համոզմունքից, թէ կարող ենք ապահովագրել ապագան, որը մեզ չի պատկանում: Ողորմութեամբ վերագտնում ենք Աստծոյ ծրագրի ուրախութիւնը՝ ամէն մի արարածի եւ մեզանից իւրաքանչիւրի համար, որը Նրան, մեր եղբայրներին ու քոյրերին եւ համայն աշխարհը սիրելն է, եւ այդ սիրոյ մէջ մեր իրական երջանկութիւնը գտնելը:

     

    Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր, արարչագործութեան անապատում Աստծոյ Որդու անցկացրած քառասնօրեայ «պահոց» շրջանը նպատակ ուներ այդ անապատը վերստին վերածելու Աստծոյ հետ հաղորդութեան այն պարտէզին, ինչպիսին կար մինչեւ առաջին մեղքը (Մրկ.1:12-13, Ես. 51:3): Թո՛ղ որ այս տարի Մեծ Պահքի ճանապարհը մեզ տանի այդ նոյն ուղով՝ Քրիստոսի յոյսը հասցնելով նաեւ Տիրոջ ստեղծած իւրաքանչիւր արարածի, «այն յոյ­սով, որ ստեղ­ծուած­ներն իրենք էլ ազա­տուեն ապա­կա­նու­թեան ծա­ռա­յու­թիւ­նից՝ Աստծոյ որ­դի­նե­րի փառ­քի ազա­տու­թեանը հաս­նե­լու հա­մար» (Հռմ. 8:21): Եկէ՛ք թոյլ չտանք, որ շնորհի այս շրջանն ապարդիւն անցնի: Եկէ՛ք հայցենք Տիրոջ օգնութիւնը, որպէսզի Նա մեզ օգնի կանգնել իրական դարձի ճանապարհին: Եկէ՛ք թողնենք մեր եսասիրութիւնն ու եսակենտրոնութիւնը եւ դառնանք դէպի Յիսուսի Զատիկը: Եկէ՛ք կանգնենք կարիքի մէջ գտնուող մեր եղբայրների ու քոյրերի կողքին՝ նրանց հետ կիսելով մեր հոգեւոր եւ նիւթական բարիքները: Այսպիսով, իրապէս ընդունելով Քրիստոսի յաղթանակը մեղքի եւ մահուան հանդէպ, այդ յաղթանակի փոխակերպող ոյժը կըցոլացնենք նաեւ Աստծոյ ստեղծած իւրաքանչիւր արարածի վրայ:

     

    Վատիկան, 4 հոկտեմբերի, 2018թ.

    Տօն Սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզեցու

     

Օրացույց

Օրացույց