• Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի ողջույնի և փակման խոսքերը՝ երիտասարդական հանդիպման մասնակիցներին

    Սիրելի՛ երիտասարդներ, դո՛ւք եք այս օրերի իրական հերոսները:


    2019թ.-ի հունվարի 26-ին Գյումրու «Հայ Կաթողիկե Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցում» անցկացված «Միանանք ԵՀՕ 2019-ին Պանամայում» խորագրով հոգևոր-մշակութային միջոցառմանը Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե երիտասարդաց խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի ողջույնի խոսքը.

     

    «Սիրելի՛ երիտասարդներ, բարի՛ օր:

    Ուզում եմ իմ ուրախությունն ու գոհունակությունն արտահայտել ձեզ հետ միասին այսօր այստեղ գտնվելու համար: Շնորհակալությո՛ւն, որ այստեղ եք և մեզ հետ միասին մասնակցում եք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից նախանշված և այժմ էլ Պանամայում ընթացող Երիտասարդաց Համաշխարհային 34-րդ հավաքին, որի բնաբանն է. «Ահա­ւա­սիկ ես մնում եմ Տի­րոջ աղա­խի­նը. թող քո խօս­քի հա­մա­ձայն լի­նի ինձ» (Ղուկ. 1:38):

    Լիահույս ենք, որ այս հանդիպումը կարող է նպաստել, որպեսզի ձեր տեղական մշակույթների հազարամյա հարստությունն ի սպաս բերելով՝ ևս մեկ անգամ խորհրդածեք և զորացնեք ձեր հավատքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի նկատմամբ:

    Ինչպես իր խոսքում ասել է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը. «Երիտասարդաց Համաշխարհային Օրերը խիզախների համար են, և ո՛չ այն երիտասարդների, ովքեր հարմարավետություն են փնտրում և ընկրկում դժվարությունների առաջ: Դե՛ ինչ, պատրա՞ստ եք ընդունել մարտահրավերը»:

    Սիրելի՛ երիտասարդներ, կրելով մեր անցյալի հիշողությունները՝ պետք է կարողանանք խիզախորեն առաջ քայլել և կառուցել մեր ապագան: Այսօրվա հանդիպումը հնարավորություն է ընձեռում խիզախորեն առերեսվելու  երիտասարդությանն ուղղված մարտահրավերներին և առաջ շարժվելու այն հույսով, որ հնարավոր է կառուցել ավելի արդար ու խաղաղ աշխարհ:

    Մի՛ հեռացեք ձեր հարազատ մշակույթներից ու արմատներից, մոտ եղե՛ք և միշտ հոգ տարե՛ք դրանց մասին, քանզի արմատներն են, որ սնուցում են, ուժ տալիս առաջ շարժվելու, բարգավաճելու և պտուղ տալու:

    Երիտասարդաց Համաշխարհային Օրը առաջին անգամ նշվել է Հովհաննես Պողոս Բ Սրբազան Քահանայապետի օրոք՝ 1986թ.-ի մարտի 23-ին՝ Ծաղկազարդի օրը և որպես բնաբան ընտրված էր հետևյալ պատգամը. «… պատ­րաստ եղէք հե­զու­թեամբ ու եր­կիւ­ղա­ծու­թեամբ պա­տաս­խան տա­լու ամէն մար­դու, ով կհար­ց­նի ձեր մէջ եղած յոյ­սի պատ­ճա­ռը» (Սբ. Պետրոս Ա Թուղթ, 3:15):

    1984թ.-ի ապրիլի 22-ին՝ Ծաղկազարդի տոնի օրը, աշխարհի տարբեր վայրերից 250 հազար երիտասարդներ, ընդունելով Հովհաննես Պողոս Բ Սրբազան Քահանայապետի հրավերը, հավաքվել էին Սուրբ Պետրոսի Հրապարակում՝ 1983թ.-ի Սուրբ Տարվա փակման արարողությանը մասնակցելու համար: Այս առթիվ երջանկահիշատակ Քահանայապետը նրանց է հանձնում խաչ, որն այս տարիների ընթացքում դարձել է Երիտասարդաց Համաշխարհային Օրերի խորհրդանիշը:

    Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Բ Սրբազան Քահանայապետը 1985թ.-ի մարտի 31-ին աշխարհի երիտասարդներին ուղղեց առաքելական մի թուղթ և նույն տարվա  դեկտեմբերի 20-ին հաստատեց «Երիտասարդաց Համաշխարհային Օրը»։ Այդ օրից ի վեր Կաթողիկե Եկեղեցու բոլոր թեմերի մեջ Երիտասարդաց Համաշխարհային Օրը սկսեցին նշել յուրաքանչյուր տարի Ծաղկազարդի տոնի օրը։ Թեև սրան զուգահեռ, յուրաքանչյուր երկու կամ երեք տարին մեկ անգամ վերոհիշյալ հանդիպումը ստանում է «միջազգային» հավաքի ձևաչափ և համայն աշխարհից երիտասարդներ են հավաքվում Սրբազան Քահանայապետի կողմից նախորոշված որևէ քաղաքում, որպեսզի միասին խորհրդածեն ու զեկուցեն իրենց հավատքի մասին և ունկնդրեն Սրբազան Հոր կողմից այդ առիթով իրենց ուղղված պատգամները։

    Երիտասարդաց միջազգային առաջին հավաքը տեղի ունեցավ 1987թ.-ի ապրիլի 11-12-ը Բուենոս Այրեսում և որպես բնաբան էր ընտրված. «Մենք ճանչցանք եւ հաւատացինք Աստուծոյ սէրը զոր ունի մեզի հանդէպ»։

    Հայ Կաթողիկէ Եկեղեցու երիտասարդները ևս իրենց մասնակցությունն են բերել Երիտասարդաց Համաշխարհային օրերին. առաջին անգամ՝ 1997թ.-ին Փարիզում, 2011թ.-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում, 2013թ.-ի Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում, ապա՝ 2016թ.-ին Կրակովում՝ 351 մասնակիցներով:

    Պանաման առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ այստեղից է սկսվել Ավետարանի տարածումը Ամերիկա մայրցամաքում:

    Սիրելի՛ երիտասարդներ, դո՛ւք եք այս օրերի իրական հերոսները: Մենք  մեծ սրտով ու գրկաբաց ենք ընդունում ձեզ, որպեսզի միասին կարողանանք կիսել Քրիստոսի Եկեղեցու նկատմամբ ունեցած ձեր հավատքը»:

     

    «Միանանք ԵՀՕ 2019-ին Պանամայում» խորագիրը կրող հոգևոր-մշակութային միջոցառման ավարտին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե երիտասարդաց խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վ. Հովսեփյանի ամփոփիչ խոսքը.

     

    «Դո՛ւք՝ երիտասարդներդ, կոչված եք մշտապես ուխտավորները լինելու կյանքի բոլոր ճանապարհներին: Ձե՛ր աչքերում է Եկեղեցին տեսնում իր արտացոլանքն ու առաքելությունը և պատրաստ է ձե՛զ հետ միասին դիմագրավելու ապագայի մարտահրավերներին, քանզի քաջ գիտակցում է, որ համայն մարդկությունը կարիքն ունի վերստին նորոգված ու երիտասարդական ավյունով լեցուն ոգու: Երիտասարդների այս ուխտագնացությունը մայրցամաքների, ժողովուրդների ու մշակույթների միջև եղբայրության և հույսի կամուրջներ է կառուցում:

    Ինչպես իր խոսքում նշում է Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը. «Տարեցտարի հաստատվում է այն կարծիքը, որ Երիտասարդաց Համաշխարհային Օրերը ոչ թե ավանդական ծեսեր են, այլ՝ նախորոշված միջոցառումներ, որոնք երիտասարդներին հնարավորություն են ընձեռում խոստովանելու և ցնծությամբ ազդարարելու Քրիստոսի հանդեպ օրեցօր զորացող հավատը»:

    Սիրելինե՛ր, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կոչ է անում ձեզ որպես օրինակ ունենալ Սուրբ Կույս Մարիամի կերպարը, քանզի Նա՝ բոլորիս Մայրը, սովորեցնում է մեզ նմանվել իրեն՝ չհեռանալ այն շնորհից, որ տրվում է մեզանից յուրաքանչյուրին, այլ՝ պահել սրտում, որովհետև Սուրբ Հոգու միջամտությամբ այն աճում և պտուղներ է տալիս: Այսպիսով, յուրաքանչյուրդ ձեր թերություններով ու թուլություններով հանդերձ՝ որտեղ էլ որ ապրեք՝ ընտանիքում, համայնքում, որևէ հասարակության, այս կամ այն խմբավորման մեջ, ուր էլ որ Նախախնամությունը ձեզ առաջնորդի՝ կրթական, աշխատանքի, ծառայության, թե հանգստի որևէ բնագավառ, այնուամենայնիվ, ձեր մեջ կրում եք վկայությունը Քրիստոսի: Հիշե՛ք, որ դուք երբեք մենակ չեք լինի: Դուք միշտ կվայելեք մեր Տեր Հիսուսի ընկերակցությունը: Մի՛ մոռացեք, որ Հիսուսն է կյանքի և ուրախության աղբյուրը, և նրա սերը մեր նկատմամբ այն էներգիայի աղբյուրն է, որը լիցքեր է հաղորդում մեր սրտերին և վառում մեր հավատը: Թո՛ղ որ սիրո և հավատի կայծերը երբեք չմարեն ձեր աչքերում:

    Նախ և առաջ, թո՛ւյլ տվեք առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանին, ում անմիջական նախաձեռնությամբ ու փափագով կազմակերպվեց այս միջոցառումը: Հատուկ շնորհակալություն հոգևոր դասին, երգչախմբի անդամներին, ինչպես նաև աշխատակազմին, կամավորներին, լրատվամիջոցներին և ձեզ՝ շատ սիրելի՛ երիտասարդներ: Շնորհակալությո՛ւն»:

     

     

Օրացույց

Օրացույց